Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Պիտի վերադառնա նույն մարմնով ու զատի ցորենը որոմից

Պիտի վերադառնա նույն  մարմնով ու զատի ցորենը որոմից
30.05.2014 | 10:46

Աշխարհի բոլոր կրոններն ունեն իրենց հիմնադիրները՝ Կրիշնա, Բուդդա, Մուհամեդ և այլն: Նրանց հետևորդները, ի նշան հարգանքի, երբեմն-երբեմն երկրպագության են գնում իրենց առաջնորդների շիրիմներին և… կանգ առնում հավիտենական պատնեշի առջև, քանզի մահվան վարագույրը նրանց բաժանում է միմյանցից: Իսկ ոսկորներով լեցուն անկենդան գերեզմանները հաստատում են Արարչի խոսքը՝ ուղղված ադամորդիներին. «Հող էիր, հողին պիտի վերադառնաս»: Դարերի ընթացքում հաճախ «իմաստուն» համարվածները ցանկացան խուսափել Աստծու կամքից և զմռսեցին իրենց թանկագին մեռելներին: Զո՛ւր ջանքեր: Պողոս սրբազան առաքյալը դրանց «ծեփած գերեզմաններ» անվանեց: Մահվան անկուլ երախը ծեփո՞վ պիտի փակես, ով խղճուկ արարած:

Բայց գիտցի՜ր, ով մարդ, որ մահվան վարագույրը արդեն պատռվել է Կյանքի զորությամբ, խաչյալ և հարուցյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից, ով Իր մահով հաղթեց մահին: Եվ նույն Պողոս առաքյալը հաղթանակած աղաղակել է. «Ո՞Ւր է, ով մահ, քո խայթոցը, ո՞ւր է, ով գերեզման, քո հաղթությունը» (Ա. Կորնթ. 15. 55): Իսկ եթե ուզում ես այցելել Քրիստոսի գերեզմանին և երկրպագել նրան, ապա անիմաստ է ցանկությունդ: Այն դատարկ է դեռ այն ժամանակվանից, երբ քեզ նման մի քանի հոգի նույնպես ուզեցին մահվան երրորդ օրը գնալ գերեզման և տեսան. «Քարը գերեզմանից մի կողմ է գլորված: Ներս մտնելով՝ Հիսուսի մարմինը չգտան: Եվ մինչ նրանք այդ բանի համար տարակուսանքի մեջ էին, ահա երկու մարդիկ լուսափայլ հանդերձներով երևացին նրանց: Եվ երբ կանայք զարհուրեցին և իրենց երեսները գետին խոնարհեցին, այն մարդիկ ասացին նրանց. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարյավ» (Ղուկաս 24. 2-5):
Եվ Հիսուսը քառասուն օր բազում ապացույցներով երևաց յուրայիններին, վկայեց Աստծու արքայության մասին և Իր վերջին հորդորները տվեց՝ ասելով. «Ինձ համար վկաներ լինեք Երուսաղեմում և ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում մինչև երկրի ծայրերը»: Երբ այս բաներն ասաց, մինչ նրանք նայում էին, համբարձվեց: Մի ամպ նրանց աչքերից ծածկեց: Երբ աչքերը երկինք հառած նայում էին նրա հետևից, ահա երկու ճերմակ հանդերձներով մարդիկ նրանց մոտ կանգնեցին և ասացին. «Ով գալիլեացիներ, ինչո՞ւ եք կանգնել և երկինք նայում, այս Հիսուսը որ ձեր միջից երկինք համբարձվեց, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրան երկինք գնալիս» (Գործք առաքելոց 1. 8-11):
Այո՛, հիմա մեր Տերը մեզ հետ չէ, Նա փառքով համբարձվեց այս մեղավոր աշխարհից, բայց մեզ որբ չի թողել, ինչպես ոմանք են կարծում, այլ Հոր աջ կողմում նստած բարեխոսում է Իրեն հավատացողների համար, մինչև այն օրը, երբ երկնքում կհնչի ազդարարության փողի ձայնը, քանզի Նա նորից է գալու երկիր, բայց այս անգամ որպես ահեղ ու անաչառ դատավոր, որպես մաշող կրակ, ինչպես և գրված է. «Բայց այդ օրերին արեգակը պիտի խավարի, ու լուսինը իր լույսը պիտի չտա: Եվ աստղերը երկնքից պիտի թափվեն, ու երկնքի մեջ զորությունները պիտի շարժվեն: Այն ժամանակ Մարդու Որդուն պիտի տեսնեն ամպերով եկած, մեծ զորությունով ու փառքով: Այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հավաքի իր ընտրյալներին չորս կողմերից, երկրի ծայրերից մինչև երկնքի ծայրերը» (Մարկոս 13. 24-27):
Հիմա խոսքը քեզ է ուղղվում, սիրելի ընթերցող հայորդի: Հավատա, որ նա պիտի գա ու չպիտի ուշանա: Բա՛ց քո սրտի դռները և ընդունիր նրան որպես ահեղ Դատավոր: Այսօր, քանի ժամանակը քո ձեռքում է, մի արհամարհիր նրա անչափ քաղցրությունն ու համբերությունը, այլ քննիր քո անձը և տե՛ս՝ ինչպե՞ս ես քո տեր Աստծուն դիմավորելու, որպես Տեր ու Փրկի՞չ, թե՞ որպես ահեղ ու անաչառ Դատավոր: Իմաստուն եղի՛ր և կյանքը ընտրի՛ր, որպեսզի ապրես:

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ
ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ
Բարձրանանք մտովի Երուսաղեմի ամենախորհրդավոր գեղեցիկ վայրը՝ Ձիթենյաց լեռը: Բարձունքի ճիշտ գագաթում մի անշուք կառույց կա, որը ո՛չ եկեղեցի է, ո՛չ էլ մզկիթ, բայց և այնպես, դա ճիշտ այն երկրային վայրն է, որտեղ վերջին անգամ կանգնեցին մեր Տիրոջ սուրբ ու ծակված ոտքերը: Եվ Ղուկաս ավետարանիչը` այդ օրվա կենդանի վկան, այսպես է նկարագրում եղածը. «Աշակերտները մոտենալով, հարցրին նրան և ասացին. «Տե՛ր, այս ժամանակո՞ւմ է, որ վերահաստատելու ես Իսրայելի թագավորությունը»: Հիսուսն ասաց նրանց. «Ձեզ տրված չէ իմանալ ժամերն ու ժամանակները, որ Հայրը հաստատեց Իր իշխանության մեջ, այլ երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, զորություն պիտի առնեք և Ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք առաքելոց 1.5):
Երբ այս խոսքերն ասաց, մինչ նրանք դեռ նայում էին, երկինք վերացավ, և ամպը Նրան ծածկեց նրանց աչքերից: Եվ նրանք մինչ իրենց աչքերը հառած նայում էին Նրա երկինք գնալուն, ահա նրանց երևաց սպիտակ զգեստների մեջ երկու մարդ, որոնք ասացին. «Ո՞վ գալիլեացիներ, ինչո՞ւ կանգնած նայում եք երկնքին, այդ Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք Նրա երկինք գնալը» (Գործք. 1.6-11): Եվ ըստ մարգարեության՝ Հիսուսը երկրորդ գալուստի ժամանակ նորից Իր ոտքերը համբարձման տեղում պետք է կանգնեն, իսկ այդ տեղը կոչվում էր. «Համբարձման եկեղեցի», և գրում եմ անցյալ ժամանակով, որովհետև այն այլևս չկա:
Այդ տեղն այժմ արաբներով է բնակեցված, իսկ կողքին մզկիթի աշտարակն է տնկված: Այս նվիրական վայրում մենք նույնպես իրավունքներ ունենք, բայց այն կորցնելու եզրին ենք: Ինչո՞ւ, որովհետև ինչպես Կայենը նախանձից սպանեց իր Աբել եղբորը, այդպես էլ քրիստոնյա եղբայրները, այսինքն՝ հույներն ու լատինները, տեսնելով, որ մի ժամանակ Համբարձման լեռան վրայի սրբատեղը պատկանում էր միայն հայերին, սկսեցին քաղաքական խարդավանքներ և ուժի լծակները գործադրել: Իսկ պատմությունը այս է: Խաչակիրների տիրապետությունից հետո՝ 1187 թ. Երուսաղեմի իշխանությունը նորից անցնում է մահմեդականների ձեռքը, և Քրիստոսի Համբարձման եկեղեցին հերթական անգամ ավերվում է, բայց Տիրոջ ոտնատեղերը կրող քարի վրայի մատուռ-եկեղեցին, որը մոտ յոթ մետր տրամագծով ութանկյուն մի կառույց է, մնում է:
Այս եկեղեցին հայոց սեփականությունն էր, բայց հայտնի չէ՝ որ դարից: Մեզ մոտ մնացել է սուլթանների հրամանագիրը, որով արգելվում էր վանքին կից որևէ տուն շինել: Բայց մահմեդական իշխանություններն այս անգամ էլ հայոց միաբաններին բռնի արտաքսում են և, վանքը ավերելով, կողքին մզկիթ են սարքում: Սուլթան Ահմեդ Ա-ի օրոք հայերը նորից կարողանում են արտոնագիր ստանալ, բայց ընդամենը պարիսպը վերականգնելու համար:
1833 թվականի երկրաշարժը վնասում է Քրիստոսի ոտնատեղերի եկեղեցին, և լատինները ինքնագլուխ որոշում են նորոգել այն, բայց հայերն ու հույները արգելում և դատի են տալիս: Դատավարության ժամանակ հայերը մյուսների հետ ներկայացնում են իրենց արտոնագրերը, և ատյանը, վավերական ճանաչելով մեր փաստաթղթերը, 1836 թ. որոշում է միայն հայերին թույլատրել նորոգություն անելու և օժանդակ սենյակներ կառուցելու: Իսկույն գործի լծվելով՝ մերոնք սկսում են շինարարությունը, և ավարտից հետո Տիրոջ ոտնատեղերի մատուռում գրեթե ամեն օր պատարագ էին մատուցում: Լատիններն ու հույները չէին կարողանում հաշտվել, որ այդ սրբատեղը վերջապես անցել է քրիստոնյաների ձեռքը: Սկսում են բողոքել Կ. Պոլիս ու Եգիպտոս և, մարդ ուղարկելով, գերմանացի և ռուս դեսպանների միջոցով գանգատվում իրենց պետությունների ղեկավարներին, թե հայերը իբր արգելում են իրենց պաշտամունքը կատարել այդ սրբատեղիում: Եվ նույնիսկ թուրք դատավորներին սուտ վկայություններ էին տալիս, որ այդ հողերը մահմեդականների կալվածքներ են եղել, ուստի պետք է հայերի ձեռքից խլել: Եվ, ի վերջո, երկար ու տհաճ քաշքշուկներից հետո որոշվում է հայերի կառուցած սենյակները քանդել, իսկ Քրիստոսի ոտնատեղերի վրա կառուցված մատուռի զբաղեցրած հողատարածքը հանձնել մուսուլմաններին: Շինությունները քանդելու ժամանակ լատիններն ու հույները թմբուկներով ու ծնծղաներով, բահ ու բրչով օգնում էին թուրքերին, որ հայերի քրտինքով երեք տարում շինած սրբատեղերը քանդեն, հողին հավասարեցնեն (շինարարությունը 3150 նապոլեոն ոսկի էր արժեցել, չհաշված դատավարության ժամանակ ծախսված գումարները): Տերը թող մեր եղբայր քրիստոնյաներին ողորմի, իսկ մեզ էլ համբերություն տա՝ սիրով տանելու մեր տկար դավանակիցների ոչ քրիստոնեավայել արարքները: Եվ այդ չարաբաստիկ ժամանակներից ի վեր, Համբարձման տեղի սրբավայրը այդպես էլ մնացել էր, մինչև 1999 թվականը: Բայց ավա՜ղ, մեր ունեցած փոքրիկ հողակտորը, որտեղ ընդամենը մի սենյակ ունեինք պատարագին նախապատրաստվելու համար, այլ խոսքով ասած, քրիստոնեական աշխարհի այս սուրբ վայրում ունեցած այդ միակ տեղը Համբարձման լեռան գագաթին, նույնպես կորսվելու վտանգի տակ է: Արաբներն էլ, օգտվելով առիթից, որ այդ տարածքում միայն իրենք են ապրում, ու ոչ մի հրեա կամ այլազգի չկա, «զոռբայությամբ» ջարդում են մեր սենյակի դռները ու միջի եղած իրերը դուրս նետում: Երբ բողոքեցինք տեղի իշխանություններին, գործը ավելի սուր ընթացք ստացավ, և այդ ընտանիք-ցեղախումբը, որի միայն տղամարդկանց քանակը հարյուրից անցնում է, գիշեր-ցերեկ հերթապահում էին այնտեղ, որ մեզնից մարդ չմոտենա: Եվ երբ մի քանի շաբաթ առաջ այնտեղ էինք գնացել, տեսանք, որ մեր դռան վերևում կիսալուսնի նշանն են տնկել ու առջևի մասում սրբատաշ քարերով շրջանաձև հրապարակ են սարքել:
Ըստ իս՝ վե՛րջ. այլևս Տիրոջ Համբարձման ոտնատեղերի վրա աշխարհի քրիստոնյաներս իսպառ կորցրինք մեր ունեցած իրավունքի վերջին հետքերը ևս, մինչև որ Տերն Իր օրհնյալ ոտքերով նորից կկանգնի այդ տեղում, որտեղից համբարձվեց երկինք, ինչպես մարգարեացել է Զաքարիան. «Այն օրը Նրա ոտքերը պիտի կանգնեն Ձիթենյաց լեռան վրա` Երուսաղեմի դիմաց, արևելյան կողմը» (Զաք. 14.4)։ Եվ Նա ամեն մեկին իր վարձքը կտա՝ ըստ կատարած գործերի, սկսելով Իր ծառաներից, քանզի գրված է նաև, որ դատաստանը Աստծո տնից պետք է սկսվի: Այս բոլոր տխուր դեպքերի աղբյուրը եղբայրական սիրո բացակայությունն էր, քանզի որտեղ չկա լույս, այնտեղ խավարն է իշխում, նմանապես, որտեղ չկա սեր, այնտեղ թշնամությունն է գործում, որից օգտվում են սատանան և իրենները:
Իսկ որ այս սուրբ վայրում դարերով Տիրոջ ընտիր ծառաները փառավորել են Աստծուն և հավատարիմ մնացել իրենց ուխտին, երևում է թեկուզ այս մի սրտառուչ ավանդությունից: Համբարձման լեռան վրա կուսանոց է եղել: Երբ 614 թ. պարսիկները հարձակվում են սուրբ քաղաքի վրա, այս վանքն էլ են մտնում, այնտեղ գտնվող մոտ հարյուր կույսերին իրենց խուցերից դուրս քաշում, բաժանում իրար մեջ և սկսում լլկել: Մի երիտասարդ պարսիկի բաժին ընկած կույսն ասում է. «Ով երիտասարդ, մի՛ դիպչիր իմ կուսությանը, և ես քեզ մի սրվակ յուղ կտամ. երբ քսես վրադ, ուր էլ որ լինես, սուրը չի խոցի քեզ»: Եվ ավելացնում է. «Եթե ուզում ես համոզվել, քսիր պարանոցիդ, ու ես սրով հարվածեմ»: Երիտասարդն ընդունում է առաջարկը և, յուղի սրվակը բացելով, ասում. «Նախ ես քո վրա կստուգեմ ասածիդ ճշտությունը. վերցրու և քսիր այն քո պարանոցին»: Կույսը, որն ամբողջ սրտով հենց այդ էր փափագում, եկեղեցու օրհնված յուղով իսկույն ուրախությամբ օծում է իր պարանոցը և հոժարությամբ գլուխը իջեցնում անօրենի սրի տակ: Սա էլ ամբողջ թափով հարվածում է սրով, և կույսի գլուխը կտրվում է: Տեսնելով այդ՝ պարսիկը զարմացած է մնում կույս նահատակի խորագիտության վրա և բացականչում է. «Այս աղջիկը հոգին ավելի էր սիրում, քան իր մարմինը»: Մյուս կույսերը, քաջալերվելով իրենց քրոջ արիությունից, նույնպես տարբեր ձևերով նախընտրում են մահը, քան անօրեններից պղծվելը:
Իսկ ըստ հին սուլթանական օրենքի, մինչև այսօր էլ մեզ և հույներին տարին երկու անգամ իրավունք է տրված Համբարձման տեղում սուրբ պատարագ մատուցել, իսկ մնացածներին՝ միայն մեկ անգամ: Այդ օրը բոլոր եկեղեցիները պարսպապատ բակում, ամեն մեկը իրեն հատկացված բաժնում, բացօթյա վրաններ են կանգնեցնում, և ամեն մեկը իր համար առանձին պատարագներ է մատուցում: Այստեղ, այդ սուրբ օրը, աշխարհի այլ վայրում չկրկնվող տխուր մի պատկեր է բացվում. բակի ձախ կողմում, պատկառելի մի տարածքում հայերն են «վրանավորվում», կողքի մի փոքրիկ հատվածում՝ ղպտիները, նրանց կողքին նույնչափ էլ ասորիները, իսկ աջ կողմում, ավելի ընդարձակ տարածքում՝ հույները: Եվ մոտավորապես նույն ժամին չորս տեղում էլ սկսվում են պատարագները՝ ամեն մեկն իր լեզվով, իր ծեսով: Եվ տեսնելով ու լսելով այդ բոլորը՝ հոգիդ տակն ու վրա է լինում, որ եղբայրական եկեղեցիներն այն օրին են հասել, որ Տիրոջ Համբարձման օրը պառակտված ու օտարացած, տարբեր վրանների մեջ, բաց երկնքի տակ են տոնում, դրանով իսկ հայտնապես զանց առնելով զմիմյանս սիրելու Տիրոջ պատվիրանը:
Բայց դուրս գանք այս ճնշող միջավայրից: Բացի այդ օրերից, այստեղ արաբներն են «արածում», որովհետև Տիրոջ ոտնահետքերը տեսնելու և համբուրելու համար բոլոր այցելու և զբոսաշրջիկ քրիստոնյաները պարտավոր են արաբներին վճարել՝ յուրաքանչյուրը մեկ դոլար: Այո՛, այդպես է. երբ եղբայրները կռվում են, օգտվում են թշնամիները:
Բայց մենք այդ ամենին ի հեճուկս, սպասում ենք երկինք համբարձված մեր Տիրոջը, Ով պիտի վերադառնա նույն մարմնով ու զատի ցորենը որոմից:


Պատրաստեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ