ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

Մի բաց աչք միշտ հետևում է քեզ

Մի բաց աչք միշտ հետևում է քեզ
23.05.2014 | 11:22

Ինչո՞ւ են մարդիկ այսքան դաժան ու անխնա իրենց շրջապատի, այն միջավայրի նկատմամբ, որտեղ ապրում են:
Ո՞վ, ինչո՞ւ է ջարդել այս աղբարկղը, արմատախիլ արել կոկոններով ծաղկի թուփը: Ո՞Ւր է անհետացել նստարանի կողատախտակը: Հուշաղբյուրի կողքի գարշահոտությունը բնության քմահաճույքի հետ հաստատ կապ չունի, ոչ էլ կարկուտն է ջարդել կողքի տաղավարի երկաթաճաղերը:
Ո՞վ և ինչո՞ւ է ջարդել փոքրիկ տնկին կամ կեղևից զրկել ու չորացման դատապարտել հսկա ծառի բունը: Բանը հաճախ հասնում է նաև անհետացող արձանների, վնասվող գերեզմանների…
Հարցերի շարան` մայրաքաղաք Երևանից Ապարանով Ալավերդու ճանապարհին: Բացահայտումներ երեք-երեքուկես ժամվա ընթացքում և ինչուներ ամբողջ կյանքի ու նաև ապագայի համար:
Արդեն քանի օր է` աչքիս առաջ է մայրաքաղաքի Հայկ Նահապետի արձանի առջևի կանգառում գեղեցիկ ձևավորված նստարանին VKH+Ani=Y փորագրությունը: Տեսնես ո՞վ է այդ Անին, տեսնես գիտի՞, թե իրեն ու մոդայիկ անգլերենը ինչքան է սիրում VKH-ն:
Մանկավարժները սիրում են կրկնել, որ այս ամենը դաստիարակության պակասից է, ու ամբողջ մեղքը բարդում են ծնողների ու շրջապատի վրա: Ընդդիմադիր քաղաքական գործիչները կնշեն աղքատությունն ու սոցիալական կարիքը, որ մարդկանց անողոք է դարձնում հասարակական բարիքների նկատմամբ, անտարբեր` իր երկրի ու քաղաքի հանդեպ: Հայատյացները կասեն, որ ազգի բացասական որակներն են պատճառը` «Ազգ չենք, էլի», հայասերները կհակադարձեն` «Բոլոր ազգերի մեջ էլ դա կա»: Հոգեբանները կասեն` «Ագրեսիայի հիմնական պատճառը սիրո պակասն է», իսկ հոգեբան Հրաչյա Ամիրյանը հիշեցնում է, որ կա երկու տեսակի կրթություն. մեկը սովորեցնում է վաստակել, մյուսը` ապրել:
Վաստակածը, կարծես, քո անձնական գույքն է, ու դա չես փչացնում, չես կեղտոտում: Ապրելը` արդեն ուրիշ է, հանրային է:
Որդին կարող է ջարդել քաղաքի ավտոկանգառը, իսկ նույն ժամին մայրը կամ հայրը դիմեն քաղաքապետարան ու պահանջեն, որ նորոգվի իրենց շենքի տանիքը, ասֆալտապատվի բակը, մոռանալով, որ մեկ ուրիշն էլ թրջվում է իրենց որդու ջարդած ավտոկանգառում կամ թե փորձում է օգտվել օրեր առաջ իր տեսած գեղեցիկ աղբարկղից ու քաղաքապետից պահանջում է վերականգնել այն: Գուցե կապն անմիջական չէ, բայց խորհելու համար մեջբերում եմ Հրաչյա Ամիրյանի առակներից մեկը. «Մի անգամ մի ֆերմերի էշն ջրհորն ընկավ: Նա սարսափելի գոռոց արձակեց` օգնություն կանչելով: Ֆերմերը վազելով մոտեցավ և սրտնեղությունից ձեռքերն իրար զարկեց. «Հիմա սրան ինչպե՞ս դուրս հանեմ էստեղից»: Այդժամ իշուկի տերը մտածեց. «Իմ էշը ծեր է, նրան արդեն քիչ է մնացել ապրելու, իսկ իմ ջրհորն արդեն լրիվ չորացել է: Ես վաղուց էի պատրաստվում հողով ծածկել այն և նոր տեղում նոր ջրհոր փորել: ՈՒրեմն ինչո՞ւ հիմա չանեմ դա»: Նա իր բոլոր հարևաններին կանչեց, որպեսզի օգնեն հողով փակել ջրհորը: Բոլորը վերցրին բահերը ու եռանդով սկսեցին հող լցնել ջրհորի մեջ: Էշը անմիջապես հասկացավ, թե ինչն ինչոց է: Եվ հանկարծ, համընդհանուր զարմանք հարուցելով, սսկվեց: Մի քանի անգամ բահով հող նետելուց հետո ֆերմերը որոշեց նայել, թե ներքևում ինչ կա: Նա տեսածից ապշել էր. էշը իր մեջքին ընկնող ամեն մի հողաշերտ թափ տալով ցած էր գցում վրայից և ոտքով կոխկրտում: Շատ շուտով, ի զարմանս բոլորի, էշը երևաց վերևում և ցատկելով դուրս թռավ ջրհորից»:
Կարծում եմ` արժե խորհել ճակատագրի, սիրո պակասի և ապրելու արվեստի մասին, և ամեն անգամ, երբ ճակատագրի հեգնանքով հողաշերտ ընկնի քեզ վրա, այդ թվում` վատ արարք կատարելու մոլուցքը ծանրանա քո մեջ, երբ հանրային սեփականությունը դառնա օտար, թափ տուր վրայիդ հողաշերտը, վեր բարձրացիր դեպի մարդավայել ապրելու արվեստը և հիշիր, որ միայն այդպես կարող ես դուրս գալ ամենախոր ջրհորից:
Թափ տուր քեզ ու բարձրացիր։
ՈՒ նաև հիշիր, որ հանրային ունեցվածքը փչացնելու համար դու կարող ես ոչ միայն պարսավանքի ենթարկվել, զրկվել հարգանքից, որոշակի օժանդակությունից, այլև կարող ես պատժվել այնպես, ինչպես պատժվում են մարդու կյանքի ու սեփականության նկատմամբ ոտնձգություն կատարողները: Իբրև պատիժ` քեզ կարող են նաև պարտավորեցնել վերականգնելու ուրիշների ու հանրային սեփականությանը պատճառած վնասները: Դու պարտավոր ես նաև հիշել, որ մի բաց աչք միշտ հետևում է քեզ։


Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ