ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեք»

«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ  սիրեցի, դուք էլ միմյանց սիրեք»
20.05.2014 | 10:43

Եկեղեցու մեծագույն վարդապետներից մեկը` սբ Հովհան Ոսկեբերանը, մեծ ներդրում ունի հոգևոր գրականության անդաստանում, հատկապես սուրբգրային մեկնությունների մեջ: Նրա բարոյախրատական ճառերը մշտապես եղել են արժեքավոր և ոգեշունչ: Խոսել է նաև սիրո մասին, ներկայացրել, թե այս աշխարհում ինչ կարևոր իմաստ ու նշանակություն ունի սերը դեպի ընկերն ու մերձավորը, ցույց տվել, որ ընկերոջ հանդեպ սերն արդեն իսկ մեծագույն իմաստներից մեկն է կյանքում: Ներկայացնենք ընթերցողին 4-րդ դարից հնչող նրա պատգամն ու ապրումը սիրո վերաբերյալ, որն արդիական է նաև ներկայիս ժամանակների համար:
Մարդասեր Աստված մեր, կամենալով ամենքիս կապել փոխադարձ կապերով, ով սիրելինե՛ր, մարդկանց գործերում այնպիսի օրենքներ հաստատեց, որ մեկի օգուտը մշտապես միանում է մյուսի օգուտին: Այսպես, երկրագործը այնքան հատիկ չի ցանում, որքան իրեն պետք է, այլապես նա վաղուց կկործաներ և՛ իրեն, և՛ ուրիշներին, ապա թե զինվորը իրեն վտանգի է ենթարկում ոչ այն բանի համար, որ փրկի միայն ինքն իրեն, այլ որ անվտանգ դարձնի նաև քաղաքները, և առևտրականը այնքան չի բերում, ինչքան իրեն պետք է, այլ այնքան, որ ուրիշներն էլ ունենան:
Եթե մարդիկ այդպիսի անհրաժեշտության առջև չդրվեին, ապա չէին ցանկանա մերձավորների օգուտը, այդ պատճառով Աստված ամեն ինչ այդպես առնչակցեց և թույլ չտվեց օգուտին հասնել այլ կերպ, եթե ոչ ուրիշների օգուտը նկատի ունենալով:
Այլ ճանապարհով անկարելի է նաև փրկվել, և եթե դու անգամ վարժվում ես բարձրագույն իմաստասիրությամբ, ուրիշների` կործանվողների նման, ապա Աստծո առաջ ոչ մի շնորհ չես ունենա: «Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ,- ասում է Աստծո առաքյալը,- իմ այս մարմինը մատնեմ այրման, բայց սեր չունենամ, ոչինչ չեմ շահի» (Ա Կորնթ. 11, 3):
Եվ եթե դու ցանկանում ես իմանալ, թե ինչ զորություն է ձեռք բերում նա, ով հրապուրում է եղբայրներին, թեպետ երբեմն` նաև անհավատներին, կամ նրան, ով խոնարհ է, խաղաղ, վարքով հաճելի, ապա լսիր, թե ինչ է ասում նույն այդ երանելի Պողոսը` գալով անհավատ դատավորի մոտ. «Ինձ երանելի եմ համարում, քանի որ այսօր քո առաջ եմ պատասխան տալու» (Գործք 26, 2): Սա նա ասում է ոչ նրան շողոքորթելու նպատակով, ամենևին ո՛չ, այլ ցանկանում է այդպիսի խոնարհությամբ հասնել օգտակարության: Մասամբ նա դրան հասավ. նա, ով մինչ այդ համարվում էր ամբաստանյալ, հմայեց դատավորին, և այդ հաղթության մասին բոլորի ներկայությամբ հստակորեն վկայում է ինքը` հմայվածը, ասելով. «Քիչ է մնում` ինձ էլ համոզես, որ քրիստոնյա դառնամ» (Գործք, 26, 28): Իսկ Պողո՞սը: «Կխնդրեի Աստծուն, որ վաղ թե ուշ, ոչ միայն դու, այլև բոլոր նրանք, որ այսօր ինձ լսում են, լինեն այնպիսին, ինչպիսին ես ինքս եմ» (Գործք, 26, 29): Արդ, եթե նա այդքան մեծ բան է պահանջում, իսկ մենք նույնիսկ փոքրը չենք պատկերացնում, ապա մենք արժանի կլինե՞նք որևէ ներողամտության: Եվ մի կարծիր, թե ուրիշի օգնության կարիքն ունենալը նսեմացուցիչ է. դա Աստծո անճառելի իմաստնության գործն է: Եթե մենք միմյանց կարիքն ունենք և անգամ փոխադարձ օգնության անհրաժեշտությունը մեզ չի միացնում ընկերական կապերով, ապա, եթե մենք ինքներս կարողանայինք բավարարել մեր կարիքները, արդյոք անսանձ գազանների չէի՞նք նմանվի: Զորությամբ և անհրաժեշտությամբ է Աստված մեզ հաշտեցրել իրար հետ, և մենք ամեն օր առնչվում ենք միմյանց: Եթե Աստված քանդեր այդ հանգույցը, ո՞վ կփնտրեր մերձավորի բարեկամությունը: Հենց այդ պատճառով է Աստված մեզ տվել մեկ բնակատեղի` այս աշխարհը, բոլորիս համար վառել է մեկ լուսատու` արևը, մեզ վրա տարածել է մեկ արյուն` երկինքը, և մեզ պարգևել է մեկ սեղան` հողը: Հարուստին Նա ավելին չի տվել կամ ավելի արժեքավորը, իսկ աղքատին` քիչ և պակաս արժեքավոր, որպեսզի մեր միջև լինի լիակատար և անտրոհելի միասնություն, և որպեսզի ոչ ոք չկարողանա ասել` այս մեկը ինձ ո՛չ ընկեր է, ո՛չ հարազատ, ո՛չ մերձավոր, և ես նրա հետ ընդհանուր բան չունեմ, ապա ես ինչպե՞ս կարող եմ գնալ նրա մոտ կամ ինչպե՞ս կարող եմ նրա հետ զրուցել:
Փողի մասին խոսելիս մենք գովաբանում ենք նրան, ով ոչինչ պարտք չէ, վասն սիրո խոսելիս, մենք փառաբանում և հարգում ենք նրանց, ովքեր մշտապես պարտապան են: Հաստատվենք այս ճշմարտությամբ և միանանք իրար. և եթե որևէ մեկը կամենա բաժանվել, ինքդ մի բաժանվիր և մի ասա այդ սառը խոսքերը. եթե սիրում է ինձ, ես էլ նրան եմ սիրում, իսկ եթե ինձ չի սիրում աջ աչքը, ապա կհանեմ: Ընդհակառակը, եթե նա չի կամենում սիրել, ապա նրան ավելի մեծ սեր ցույց տուր, որպեսզի նրան գրավես, չէ՞ որ այն քո մի մասն է: Եթե ինչ-որ հանգամանքների բերումով մասը բաժանվում է մարմնից, ապա մենք ամեն ինչ անում ենք, որ նրան վերստին միացնենք մեզ, և հատուկ հոգածություն ենք ցուցաբերում նրա հանդեպ: Եվ քո պարգևն ավելի մեծ կլինի, եթե դու հրապուրես սիրել չցանկացողին: Եթե խնջույքին Աստված հրամայում է կանչել նրանց, ովքեր չեն կարող հատուցել մեզ, որպեսզի ավելանա վարձատրությունը, ապա առավել ևս պետք է անի ընկերության մասին դատելիս: Նա, ով քեզնից սիրված լինելով, փոխադարձում է սերդ, ապա դրանով արդեն իսկ շնորհ է անում քեզ, իսկ նա, ով, քեզնից սիրված լինելով, քեզ չի սիրում, ապա իր փոխարեն քեզ է Աստծուն պարտապան դարձնում: Եվ բացի այդ, երբ նա քեզ սիրում է, փոքր-ինչ ջանք է պահանջում, իսկ երբ չի սիրում, ապա քո օգնության կարիքն ունի: Երբ մենք բարեհաճ չենք ինչ-որ մեկի հանդեպ, ապա նրա ընկերակցության կարիքը չունենք, թեպետ նա մեծ ու հռչակավոր մարդ է, սակայն երբ ինչ-որ մեկին ջերմագին և անկեղծորեն սիրում ենք, ապա թեկուզ և մեր սիրելին փոքր ու չնչին մարդ է, մեզ համար մեծ պատիվ ենք համարում այն սերը, որ նա ներշնչում է մեզ: Եթե դու անկարող ես եղբորդ պետքն ունենալ, ապա ունակ կլինե՞ս երբևէ ճիշտ օգտվել ուրիշներից: Դու ցանկանո՞ւմ ես, որ քո մասին վատ չխոսեն: ՈՒրեմն, ինքդ ուրիշների մասին վատ մի արտահայտվիր: ՈՒզում ես, որ քեզ գովաբանե՞ն: Դու էլ ուրիշներին գովաբանիր: ՈՒզում ես, որ քեզ գթա՞ն: Դու էլ գթառատ եղիր: ՈՒզում ես, որ քեզ ներե՞ն: Ներիր նաև ինքդ: ՈՒզում ես, որ քեզ չկողոպտե՞ն: Դու էլ մի կողոպտիր: Մերձավորներին հարկ է վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում ենք, որ նրանք վերաբերվեն մեզ: Ինչպես հոգուն առանց մարմնի մարդ չես անվանի, այնպես էլ` մարմինն առանց հոգու, ճիշտ այդպես նաև սերն առ Աստված, եթե չի ուղեկցվում առ մերձավորը սիրով: ՈՒզում ես ինչ-որ մեկին ծառայե՞լ: Չեմ առարկում. բայց թող որ դա ուրիշին դառնություն չպատճառի: Չէ՞ որ դրա համար չեն մեզ ուսուցիչներ տրված, որպեսզի թշնամանք ունենանք միմյանց հանդեպ, այլ որպեսզի բոլորս մի միություն կազմենք: Ինչո՞ւ ես դու մենակ: Ինչո՞ւ շատ ընկերներ ձեռք չես բերում: Ինչո՞ւ չես դառնում սիրո արարիչ: Ինչո՞ւ չես հաստատում բարեկամություն` առաքինության այդ մեծագույն փառաբանումը:
Նման այն բանին, որ չարերի հետ համաձայնելը առանձնապես բարկացնում է Աստծուն, այնպես էլ բարիների հետ համաձայնությունը ուրախացնում է Նրան: Եթե խաղաղարարը Աստծո որդի է, ապա որքան առավել է նա, ով բարեկամներ է արարում: Եթե սոսկ հաշտեցնողը կոչվում է Աստծո որդի, ապա ինչ պարգևի է արժանի նա, ով հաշտեցնում է բարեկամներին:
Սատանան դրդում է մեզ բոլորի հետ թշնամանալ, Աստված մեզ հրամայում է բոլորին բարեկամ համարել և սիրել. առաջինը, բևեռելով մեզ անցավորին և կավին (այսպիսին է հարստությունը), չի թողնում փոքր-ինչ շունչ քաշել անգամ գիշերները, իսկ Նա, ազատելով մեզ այդպիսի ավելորդ և աննպատակ հոգսից, պատվիրում է հարստություն դիզել երկնքում և ոչ թե ուրիշներին նեղություն պատճառելու գնով, այլ սեփական առաքինությամբ. առաջինը, այդքան չարչարանքներից ու դառնություններից հետո ոչ միայն չի կարող պաշտպանել մեզ, երբ մենք այն աշխարհում պատիժներ ենք կրում և Աստծո օրենքները չպահպանելու պատճառով տառապանքների ենթարկվում, այլև ավելի է բորբոքում կրակը, իսկ Նա` պատվիրելով մեզ մի ըմպանակ սառը ջուր տալ, թույլ չի տալիս, որ մենք նույնիսկ այդ չնչին ողորմության համար զրկվենք պարգևներից, և դա անում է մեծ առատաձեռնությամբ: Այդքանից հետո ծայր խելագարություն չէ՞ չսիրել այդքան հեզաբարո և այդքան առատ բարիքներ ունեցող Տիրոջը, և ստրկանալ այդքան երախտամոռ և դաժան տիրակալին, ով ոչ այստեղ, ոչ էլ այնտեղ որևէ օգուտ չի բերում իրեն հնազանդվածներին և հավատարիմներին:
Ո՛վ սիրեցյալներ, ոչինչ չի կարող համեմատվել համախոհության հետ. ըստ այդմ մեկը կարող է հավասար լինել շատերին: Եթե, օրինակ, միաբան լինեն երկուսը կամ տասը, ապա մեկը դադարում է մեկ լինելուց, այլ նրանցից յուրաքանչյուրը տասնապատիկ շատ է, և դու տասի մեջ կգտնես մեկին, իսկ մեկի մեջ` տասին: Եթե նրանք թշնամի ունեն, նա արդեն հարձակում է գործում ոչ թե մեկի վրա, և, պատահում է` պարտվում է այնպես, ասես հարձակվել է տասի վրա: Եթե մեկը աղքատանում է, նա չքավորության մեջ չէ, որովհետև չունևոր փոքր մասը հատուցվում է ունևոր մեծով: Նրանցից յուրաքանչյուրն ունի քսան ձեռք, քսան աչք և նույնքան ոտք, ամեն մեկն ունի տասը հոգի, որովհետև նա ամեն ինչ անում է ոչ միայն իր անդամներով, այլև մյուսների: Եթե նրանք լինեին հարյուր, նույնը կլիներ: Միևնույնը կարող է լինել և՛ Պարսկաստանում, և՛ Հռոմում, ու ինչ չի կարող անել բնությունը, անում է սիրո ուժը: Եթե նա ունի հազար կամ երկու հազար բարեկամ, հապա մտածիր, թե որքան կմեծանա նրա ուժը: Իսկապես հրաշք է մեկը հազար դարձնելը: Արդ, ինչո՞ւ ձեռք չենք բերում սիրո ուժը և ապահովում մեր անվտանգությունը: Մինչև ե՞րբ մեզ պիտի սահմանափակենք մեկով կամ երկուսով: Նա, ով ունի բազմաթիվ բարեկամներ, թեկուզ և աղքատ լինի, հարուստներից ավելի հարուստ է. ինչ չի հանդգնի ասել իր համար, նրա փոխարեն կասեն բարեկամները, ինչ չի կարող ձեռք բերել իր համար, ձեռք կբերի մյուսների շնորհիվ: Հնարավոր չէ որևէ չարիք պատճառել նրան, ով շրջապատված է այդքան զինակիրներով. այդքան զգոն չեն թագավորի թիկնապահները, որքան սրանք: Նրանք պաշտպանում են կարիքից և վախից, իսկ սրանք` կամավորությամբ և սիրով: Ընդ որում, թագավորը երկյուղում է իր պահապաններից, իսկ նա, ով բարեկամներ ունի, նրանց ավելի է վստահում, քան ինքն իրեն: Եվ, բացի այդ, կա՞ այնպիսի պատ` այդքան անկործանելի, այդքան վիթխարի քարերով ամրակուռ, թշնամիների համար այդքան անմատչելի, միաբանությամբ այդքան համախումբ, ինչպես իրար սիրողների միությունը: Այն սատանայի դավադրության խափանումն է, և միանգամայն բնական:
Իրար հետ միասնաբար ըմբոստանալով սատանայի դեմ` այդպիսի մարդիկ անպարտելի են նրա խորամանկություններից և կարողանում են կանգնեցնել սիրո հոյակապ տաճարը: Եվ ինչպես քնարի լարերը թեպետ բազմաթիվ են, սակայն գործում են համաձայնությամբ ու հնչում են չափազանց հաճելի ձայնով, ճիշտ այդպիսի համաձայնությամբ միավորվածներն արձակում են սիրո քաղցրահունչ բարբառը: Ո՛չ, չէ՞ որ սիրուց ավելի քաղցր բան չկա: Ինչե՜ր չի անի անկեղծ ընկերը: Ի՜նչ հաճույքներ չի պատճառի նա, ինչպիսի՜ օգուտներ, ի՜նչ ապահովություն: Հազարավոր գանձեր էլ ցուցանես, մեկ է, ոչինչ համեմատելի չէ իսկական ընկերոջ հետ: Նման այն բանին, որ փայլ ունեցող մարմիններն իրենց փայլն են տարածում շրջակա միջավայրի վրա, այդպես և ընկերները. ուր էլ լինեն, ամենուր շռայլում են իրենց բարեհաճությունը: Այդու, լավ է բնակվել խավարում, քան ապրել առանց ընկերների: Տենդն այդպես չի վառում մարմինը, որքան սիրելիից բաժանումը` հոգին: Սիրո կիրքն այնպիսին է, որ հարկադրում է մեզ ամեն օր պատկերացնել մեր սիրելիներին, երբ նրանք մեզ հետ չեն, այլ բացակայում են. այն սիրածի հոգին շեղում է աչքի առաջ ներկա բոլոր դեմքերից և կապում միայն սիրելիի հետ:
Եթե օգտվելով ուժեղ մարդկանց սիրուց` մենք ահազդու ենք դառնում բոլորի համար, ապա ավելին ենք` Աստծո սերն ունենալով: Եվ եթե հարկ լինի այդ սիրո համար վճարել դրամով կամ մարմնով, կամ թե` անգամ հոգով, մենք ոչինչ չենք խնայի: Չէ՞ որ բավարար չէ սոսկ խոսքերով հայտնել մեր սերը, այլ հարկ է այն ապացուցել նաև գործով, ինչպես և Նա առ մեզ ունեցած սերը լոկ խոսքով չապացուցեց, այլև գործով: Եթե երևելի մարդկանց տան ծառան բարեգործություն է անում, իսկ իրականում ոչ թե իր ինչքով է բարի գործ կատարում, այլ տիրոջ ունեցածով և միևնույն ձևով օգտվում է և՛ իր, և՛ տիրոջ ունեցածից, ապա ինչու այդ ծառաներից շատերը ավելի երկյուղում են դրանից, քան տիրոջից և եթե ի հետևանս դրա քամահրում են իրենց ինչքը, մինչդեռ իրականում չեն քամահրում այն, այլ ավելին են ստանում, ապա առավել ևս նույնը կատարվում է հոգևոր գործերում: Այդ պատճառով պետք չէ հոգ տանել վասն սեփական շահի, որպեսզի իսկապես հոգ տանենք առ այն, այլ պետք է քամահրենք, որպեսզի ունենանք: Եթե մենք արհամարհում ենք այն, Աստված հոգ է տանում, որ ունենանք, իսկ եթե ինքներս հոգ տանենք, Աստված կարհամարհի: Սիրողին պետք է այնպես սիրել, որ նրանից հոգին խնդրելու դեպքում, եթե հնարավոր լինի, նա չմերժի, որովհետև անկեղծ ընկերոջից թանկ բան չկա: Տեսնելով սիրելիին` սիրողը ուրախանում և հալվում է հիացմունքից, հյուսվում նրա հետ հոգու անխզելի հյուսվածքով, որ անճառելի հաճույք է պատճառում: Եթե լոկ նրան հիշելիս նրա հոգին աշխուժանում է և թևավորվում, ամեն օր տեսնելով` նա չի հագենում, նա ոչինչ չունի, որ չպատկանի ընկերոջը, նա նրան ցանկանում է այն նույնը, ինչ կցանկանա իրեն:
Ես մի մարդ գիտեի, որը, սուրբ այրերից խնդրելով ընկերոջ համար, հորդորում էր աղոթել նախ նրա, այնուհետև իր համար: Գիտեմ և Պողոսին, որ առանց խնդրելու էլ պատրաստ էր հոգին տալու և սիրելիների համար դժոխք նետվելու: Հրաբորբոք սիրտը պետք է այնպես սիրի, որ սիրվողին թվա, որ ոչ թե սիրելին է քեզ պարտապան, այլ դու ես նրան պարտապան այն բանի համար, որ նրա նման պարտապան ունես: Սիրողը կամենում է ոչ միայն ինքը հրամայել, այլև իրեն հրամայեն, նա ավելի է ուրախանում, երբ իրեն հրամայում են, քան երբ ինքն է հրամայում: Սիրողը կամենում է ավելի շատ տալ, քան ստանալ, ցանկանում է, որ ընկերն իրեն պարտք լինի, քան ինքը պարտք լինի ընկերոջը: Սիրողը ցանկանում է և՛ բարեգործություն անել սիրելիին, և՛ չի ցանկանում բարեգործ երևալ, ցանկանում է և՛ բարեգործության մեղավորը լինել, և՛ չի ցանկանում դրա մեղավորը լինել:
Ես ձեզ խնդրում եմ իմ ասածներից չհասկանալ պարզապես ընկերներ, որոնք խնջույքի մասնակիցներ են և ընկերներ են կոչվում սոսկ անվանաբար. ով ընկեր ունի, որի մասին ես եմ խոսում, նա կհասկանա իմ ասածները: Ընկերը իսկական կյանքից քաղցր է: Ահա թե ինչու շատերը ընկերոջ կորստից հետո չեն ցանկանում այլևս ապրել: Ճշմարիտ եմ ասում, ընկերը տենչալի է լույսից: Մեզ համար ավելի լավ է, որ արեգակը մարի, քան զրկվենք ընկերներից: Շատերը, որոնք թեպետ տեսնում են արևը, մնում են խավարում, իսկ ով բազում ընկերներ ունի, նա չի կարող որևէ վիշտ ունենալ: Սակայն եթե որևէ մեկի ընկերությունը քեզ վնասում է, հեռացրու նրան քեզնից: Եթե մենք հաճախ հեռացնում ենք մեզնից մեր այս կամ այն մարմնամասերը, որոնք անհուսալի հիվանդ են և վնասում են մյուսներին, ապա նույնը կարելի է անել նաև ընկերների դեպքում: Ոչինչ այնքան վնասակար չէ, որքան վատ ընկերակցությունը: Այն, ինչ ի վիճակի չէ անել անհրաժեշտությունը, հաճախ կարող է անել բարեկամությունը` ինչպես վնասակար, այնպես էլ օգտակարության տեսակետից:
Քանի որ սովորաբար մենք սիրում ենք նրանց, ում համար բարի գործ ենք կատարում, իսկ բարերարություն ստացողները բարեկամաբար են տրամադրված բարերարների հանդեպ, ապա հաստատելով բարեկամության միությունը` Աստված այդպիսի օրենք դրեց: Եվ որպեսզի դուք իմանաք, թե ինչքան մեծ և կարևոր է այդ առաքինությունը, ապա այն արտահայտենք խոսքով, քանի որ այն որևէ տեղ չի երևում գործով, և մտովի պատկերացնենք, թե ինչ բարի գործեր կկատարվեին, եթե այն ամենուր առատ լիներ:
Չէ՞ որ այդ ժամանակ ո՛չ օրենքների, ո՛չ դատարանների, ո՛չ պատիժների, ո՛չ մահապատժի, ո՛չ էլ որևէ նման բաների կարիք կլիներ:
Իրոք, եթե բոլորը սիրեին և սիրված լինեին, ապա ոչ ոք ոչ մեկին չէր նեղացնի. սպանությունները, հայհոյանքը, պատերազմները, բարկությունը, հափշտակումները, շահախնդրությունները և բոլոր մյուս արատները կանհետանային, և չարը միայն անվանապես գոյություն կունենար: Դա չեն կարող անել անգամ հրաշքները, հակառակը` անզգույշ մարդկանց կհասցնեն փառասիրության և ամբարտավանության: Եվ ահա թե որն է զարմանալին սիրո մեջ. այնժամ, երբ բոլոր բարիքները միահյուսված են չարի հետ, օրինակ, ընչազուրկը, հաճախ նկատի ունենալով իր աղքատությունը, հպարտանում է, ճարտարախոսը արատավորվում է փառասիրությամբ, խոնարհը, հենց այն պատճառով, որ այդպիսին է, հաճախ հոգու խորքում ինքն իրեն փառաբանում է, մինչդեռ սերն ազատ է այդպիսի արատներից, որովհետև ոչ ոք երբեք չի մեծամտանա սիրած էակի հանդեպ:
Եվ պատկերացրու, թե սերը եզակի չէ, և բոլորը միատեսակ են սիրում, և այդժամ կտեսնես սիրո ուժը: Ի միջի այլոց, եթե հարմար է, սկզբում պատկերացրու մեկ սիրողի և մեկ սիրվածի, ճիշտ այնպիսի սիրողի, որ իսկապես սիրում է: Այդպիսի մարդը երկրի վրա կապրի այնպես, ինչպես երկնքում` ամենուր վայելելով խաղաղություն և իր համար անհամար պսակներ հյուսելով: Այդպիսի մարդը իր հոգին անարատ կպահի և՛ նախանձից, և՛ բարկությունից, և՛ զրպարտանքից, և՛ հպարտությունից, և՛ փառասիրությունից, և՛ չարակամությունից, և՛ սիրուն անարժան բոլոր բաներից, և՛ արատներից:
Նման այն բանին, որ ոչ ոք իրեն չարիք չի պատճառում, այդպիսի մարդը նույնը չի անի իր մերձավորին: Եվ այդպիսին լինելով` նա կքայլի երկրի վրա` կանգնելով Գաբրիելի կողքին: Ահա թե ով է նա, ով սեր ունի: Իսկ նա, ով նշաններ է ստեղծում և իմացությամբ կատարյալ է, սակայն զուրկ է սիրուց, թեկուզև հազարավոր մեռյալների է հարություն տվել, ոչ մի օգուտ չի բերի` լինելով բաժանված բոլորից և Աստծո արարածներից որևէ մեկի հետ միություն չկազմելով: Այդ պատճառով և Քրիստոս ասաց, որ առ Ինքն իսկական սիրո նշանը մերձավորի հանդեպ սերն է: Եթե, ասում է, սիրում ես ինձ, Պետրոս, «ավելի, քան դրանք, արածացրու իմ ոչխարներին» (Հովհ. 21, 15-17): Տեսնո՞ւմ ես, որ այստեղ Նա վերստին հասկացնում է, որ սերն ավելին է, քան նահատակությունը: Եթե մեկն ունենա սիրելի որդի, որի համար պատրաստ է անգամ հոգին տալու, իսկ որևէ մեկը սիրի հորը, սակայն ուշադրություն չդարձնի որդուն, ապա նա խորապես կդառնացնի հորը, այնքան, որ իր նկատմամբ էլ սեր չի զգա` ի հետևանս որդու նկատմամբ եղած արհամարհանքի: Եթե այդպես է հոր և որդու վերաբերյալ, ապա առավել ևս` Աստծո և մարդկանց վերաբերյալ, որովհետև Աստված բոլոր հայրերից սիրառատ է: Ահա թե ինչու ասելով` «Այս է մեծը և առաջին պատվիրանը. պիտի սիրես քո Տեր Աստծուն», ավելացրեց` «և երկրորդը,-առանց ընդմիջման շարունակելով. սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. 22, 37-39): Եվ տես, որ Նա գրեթե նույն խստապահանջությամբ կամենում է այս պատվիրանի կատարումը: Աստծո մասին Նա ասում է` «քո ամբողջ սրտով», իսկ քո մերձավորի մասին` «ինչպես քո անձը», որ համազոր է քո ամբողջ սրտով արտահայտությանը: Եթե դա ճշտությամբ կատարվեր, ո՛չ ծառա կլիներ, ո՛չ ազատ, ո՛չ ղեկավար, ո՛չ ենթակա, ո՛չ հարուստ, ո՛չ աղքատ, ո՛չ փոքր, ո՛չ մեծ, երբեք հայտնի չէր լինի նաև սատանան, չեմ ուզում այդպես ասել, բայց եթե դրա նման մեկը լիներ, կամ եթե սատանաների թիվը անհամար լիներ, նրանք ոչ մի զորություն չէին ունենալու սիրո տիրապետության դեպքում: Իրոք, չոր խոտն ավելի հեշտ կդիմանա կրակին, քան սատանան սիրո բոցերին: Սերը պինդ է պատից, ամուր է պողպատից, և եթե դու ուրիշ ամուր նյութ ցույց տայիր, սիրո ամրությունը կգերազանցեր նաև դրան: Նրան չեն կարող հաղթել ո՛չ հարստությունը և ո՛չ էլ աղքատությունը, ավելի ճիշտ կլինի ասել` չէին լինի ո՛չ աղքատություն, ո՛չ ավելորդ հարստություն, եթե սեր լիներ, կունենայինք և՛ դրանից, և՛ մյուսից միայն լավը, որովհետև վերջինից կունենայինք առատություն, իսկ առաջինից` անխռովություն, և ո՛չ հարստության հոգսը կունենայինք, ո՛չ աղքատության կարիքավորությունը: Սակայն ի՞նչ կարող եմ ասել սիրո օգուտների մասին: Մտածիր, թե ինքնին ինչ մեծ բարիք է սերը, ինչ ուրախություն է պարգևում և ինչ երանություն է հոգուն հաղորդում: Հենց այդ է սիրո յուրահատուկ առավելությունը։

Հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 2638

Մեկնաբանություններ