Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Հաղթության և հավիտենական կյանքի խորհրդանիշը

Հաղթության և հավիտենական  կյանքի խորհրդանիշը
16.05.2014 | 10:48

Մեր կյանքում մշտապես լինում են հրաշքներ, սակայն նույնիսկ այդ հրաշքները տեսնելով` շարունակում ենք ապրել այն առօրյայով, որն ինքնակենտրոն է և առնչվում է մեր անձնական խնդիրներին: Այնուամենայնիվ Արարիչը հարկ եղած դեպքում բացահայտում է հրաշքների երկնային տեսիլքները` աշխարհի առօրյայի մեջ մխրճված մարդկանց աչքերը բացելով և պատգամելով չմոռանալ հոգևոր կյանքի կարևորության մասին: Սույն իրողությունները մարդկանց ևս մեկ անգամ կոչում են հոգևոր արթնության` վկայակոչելով այս աշխարհի ժամանակավոր լինելու հանգամանքը և պատասխանատու լինելու կատարած արարքների, գործերի համար, որպեսզի աստվածային դրոշմի լույսն արտացոլվի մեր ժամանակավոր անցած ուղու վրա և անսահման տիեզերքում ուղեկցի մեզ դեպի Երկնավոր Հոր թագավորությունը` ստանալու համար հավիտենական երջանկության պարգևները: Աստվածային ուղեցույցի հաղթության նշաններից է Սուրբ Խաչի երևման տեսիլքը:

Քրիստոնյայի կյանքում այն էական նշանակություն ունի, որովհետև հաղթության և հավիտենական կյանքի խորհրդանիշն է: Հռոմեական կայսրության ժամանակ խաչը մահապարտներին անարգելու և նախատելու համար էր: Խաչում էին միայն ստրուկներին, հանցագործներին, որոնք հռոմեական քաղաքացիություն չունեին, ինչպես, օրինակ` սբ Պետրոս առաքյալին խաչեցին, որովհետև հրեա էր և հռոմեական քաղաքացիություն չուներ, իսկ սբ Պողոս առաքյալին չխաչեցին, այլ գլխատեցին, քանի որ Հռոմեական կայսրության քաղաքացի էր: Խաչելությունը ոչ միայն անպատվաբեր մի վախճան էր համարվում, այլև հին աշխարհի ամենադաժան պատիժներից մեկն էր: Դատապարտյալին գամում էին խաչին` ենթարկելով զանազան մարմնական խոշտանգումների: Մահապարտը երկար տանջվելուց հետո ավանդում էր հոգին: Այդ ժամանակներում այդ գործիքը մահվան խորհրդանիշն էր: Սակայն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը խաչափայտի վրա փրկեց մարդկությանը, և եթե մինչև Քրիստոսը խաչն անարգանքի և նախատինքի նշանն էր, ապա Տիրոջ խաչելությամբ այն դարձավ կյանքի խորհուրդ: Քրիստոսն իր փրկագործության խորհրդով խաչը վերածեց հաղթության նշանի: Եվ այս գիտակցությամբ է, որ սբ Պողոս առաքյալն ի լուր բոլորի ազդարարում է. «Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. 6.14): Տերունական նշանը քրիստոնյաների համար պարծանքների պարծանքն է ու Աստծո անսահման սիրո արտահայտությունն է անկյալ մարդու նկատմամբ: Անհավատ ու Քրիստոսին չընդունող մարդկանց համար խաչի վրա Քրիստոսի այս զոհողությունն անիմաստ և անհասկանալի է թվում, բայց մեզ համար, որ մեր սրտերի մեջ ընդունել ենք Հիսուս Քրիստոսին, խաչը դարձել է փրկության գրավականը: Որոշ աղանդներ, մասնավորաբար ներկայումս «Եհովայի վկաները», ամեն ինչ անում են, որ քրիստոնեական խաչի նշանը եղծեն, այլափոխեն, որովհետև, փոխելով հաղթության խորհրդանշանը, փոխում են նաև բովանդակությունը և իմաստը՝ աննկատելիորեն մարդուն շեղելով քրիստոնեական դավանանքից ու Քրիստոսից: Նրանք փորձում են մարդկանց հավատացնել, որ Քրիստոսը խաչվել է ոչ թե մեր պատկերացրած խաչի վրա, այլ սյունի, գերանի վրա: Սակայն փաստերն այլ բան են վկայում, այստեղ միայն հիշատակենք Ավետարանից այն հատվածը, երբ առաքյալները հավաքված էին և դռները փակել էին, Հիսուսը հայտնվում է իրենց: Թովմաս առաքյալը այնտեղ չի լինում: Երբ այդ մասին պատմում են Թովմասին, նա ասում է. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի տեղը և իմ մատները մեխերի տեղը չդնեմ… չեմ հավատա» (Հովհ. 20, 25): Այստեղ ուշադրություն պետք է դարձնել մեխ «բառի» թվի վրա. այն հոգնակի է: Այսինքն` խոսքը մեկ մեխի մասին չի եղել: Ավետարանիչը, ով վկա է եղել խաչելությանը, օգտագործում է «մեխ» բառը հոգնակի թվով, քանի որ հակառակ դեպքում` ցցի վրա գամելու պարագայում, նա կօգտագործեր «մեխ» բառը եզակի թվով: Ինչպես ներկայումս «Եհովայի վկաներն» է մարդկանց փորձում մոլորեցնել, 4-րդ դարում ստեղծվել էր նմանօրինակ իրավիճակ, երբ արիոսականությունը ջանք էր գործադրում գլուխ բարձրացնելու և քրիստոնեական աշխարհում իշխող դիրք գրավելու: Սակայն 351 թ. մայիսի 7-ին երկնքում երևում է Փրկչի խաչի նշանը` տարածվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Այս դեպքին ականատես են լինում ոչ միայն Երուսաղեմի մեջ բնակվող քրիստոնյաները, այլև տարբեր դավանանքների ու կրոնների պատկանող մարդիկ: Խաչի պայծառ երևումից նույնիսկ արեգակն է մթագնում: Բոլորը շտապում են եկեղեցի՝ գոհություն հայտնելով Բարձրյալին, այս մեծ շնորհին արժանացած լինելու համար: Երկնային հրաշքի շնորհիվ շատերը հավատում են Հիսուսին, մկրտվում սուրբ Կյուրեղի ձեռքով` անդամագրվելով Քրիստոսի Եկեղեցուն: Սույն դեպքի առթիվ Կյուրեղ հայրապետը նամակ է գրում Բյուզանդիայի Կոստանդին կայսրին, որ Մեծն Կոստանդիանոսի որդին էր: Նամակում պատմում է Երուսաղեմի խաչի երևման մասին` հորդորելով, որ վերջինս հաստատ մնա իր քրիստոնեական ճշմարիտ հավատի մեջ, ինչպես նաև հավատարիմ նիկիական դավանությանը և հրաժարվի արիոսականներին պաշտպանելուց: Այս թուղթը 5-րդ դարում թարգմանվում է հայերեն և ընթերցվում է տոն օրվա առավոտյան ժամերգության ավարտին` կատարվող անդաստանից առաջ: Հայ առաքելական սուրբ եկեղեցին Խաչի տոնը նշում է տարին չորս անգամ: Սուրբ խաչի առաջին և ամենամեծ տոնը «Խաչվերացն» է, որը տոնում ենք սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի օրը: Երկրորդ տոնը կոչվում է «Գյուտ Խաչի», երրորդն այս տոնն է, որը կոչվում է «Երեւման Սրբոյ Խաչին» և տոնվում է Ս. Զատկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը, իսկ չորրորդը կոչվում է «Վարագա Սուրբ Խաչի» տոն: Այս տարի Սուրբ Խաչի երևման տոնը նշվում է մայիսի 18-ին: Վերոհիշյալ տոնը մշտապես նշելով` եկեղեցին ամբողջ մարդկությանը հիշեցնում է Քրիստոսի անսահման սիրո ու մահվան հանդեպ տարած հաղթության մասին, ինչպես ասում է Հովհաննես Ավետարանիչը. «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3.16):


Տպագրության պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ