Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Երկնքի արքայություն. Որտե՞ղ է այն գտնվում

Երկնքի արքայություն. Որտե՞ղ է այն գտնվում
18.02.2014 | 10:30

Ավետարանում կարդում ենք, թե խնդրեք Աստծո Արքայությունը, և ձեզ ավելիով կտրվի: Բազմաթիվ մարդկանց այս խոսքերը կարող են թվալ որպես վերացական մի պատգամ, որը կարող է համահունչ լինել որևէ մտահայեցողական փիլիսոփայության հետ:
Խնդիրն այն է, երբ հոգևոր խոսքերն ու պատգամները առարկայական ու պարզունակ պատկերացումների սահմաններում են դիտարկվում, տվյալ հոգևոր պատգամի նպատակը դառնում է անհասկանալի: Շատերն Աստծո կամ Երկնքի Արքայությունը կարող են պատկերացնել իբրև գեղեցիկ մի վայր, ուր կյանքը նկարագրված է երկրային վայելքների ու բնության գեղատեսիլ պատկերներով: Միևնույն պարզունակությունն առկա է նաև դժոխքի և դրախտի նկարագրություններում, որտեղ վերմարդկային չափանիշներից դուրս իրականությունները հաճախ հասկանում են վառվող կաթսաների մեջ տանջվող կամ գեղեցիկ պարտեզներում կյանքը վայելող դրվագներում, երբ իրականում հոգեղեն աշխարհում նման առարկայական, նյութական երևույթներ գոյություն չունեն: Այս ամենը գալիս է նրանից, որ մարդիկ խորությամբ չեն ընկալում հոգեղեն աշխարհի խորհուրդները և դրանք նույնացնում են երկրային կյանքի պատկերների հետ: Իրականում ո՛չ դրախտում, ո՛չ էլ դժոխքում չեն գործում նյութական կյանքի օրենքներն ու իրողությունները: Դրանք այլ իրականություն են՝ հոգեղեն և երկրային կյանքի երևակայությունից դուրս տիեզերական անսահման մի աշխարհ: Բայց մեր խնդիրը այդ հոգեղեն իրականությունները նկարագրելը չէ, այլ ընկալել Աստծո արքայության խորհուրդը և որտեղ է այն: Հովհաննես Մկրտիչը քարոզում էր, որ Երկնքի Արքայությունը մոտեցել է (Մատթ.3.2): Հրեաները սպասում էին, թե մարգարեությունները շուտով կիրականանան և իրենք կազատագրվեն Հռոմեական կայսրության տիրապետությունից: Կհաստատվեն Դավթի երկրային նախկին հզոր թագավորությունն ու թագավորական իշխանությունը, որն իրենց ժողովրդին կբերի բարեկեցություն և երջանկություն: Սակայն Հիսուս պատասխանեց Պիղատոսի հարցին, որ իր թագավորությունն այս աշխարհից չէ (Հովհ. 18.36): Մարդկանց մի մասն էլ կարծում է, թե երկնքից այն պիտի իջնի: Այդուհանդերձ այդ հույսը մշտապես առարկայական կերպով տեսնելու նյութական աշխարհում ապրող մարդու համար մնում է նրա մեջ: Մի պատմության համաձայն, թե ինչպես մի ուխտավոր կարողանում է հասնել մի աննկարագրելի գեղեցիկ պարտեզի, սակայն որոշ ժամանակ անց իր հոգու խորքում սկսում է տխրել և իր ուսուցչին հարցնում է, թե ինչու է ինքն իր հոգու խորքում դատարկություն զգում, քանի որ հասավ իր նպատակին՝ գտավ այդ գեղեցիկ պարտեզը՝ արքայությունը, որ մանկուց երազում էր տեսնել: ՈՒսուցիչը պատասխանում է, թե դեռ չես գտել Երկնքի Արքայությունը, եթե գտնեիր, նույնիսկ անապատի մեջ էլ լինեիր, երջանիկ կլինեիր: Հռոմեացիներին ուղղված նամակի մեջ սուրբ Պողոս առաքյալն ասում է, որ Աստծո Արքայությունը ուտելիք և ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով (Հռոմ. 14.17): Արդ, տեսնում ենք, որ Աստծո Արքայությունը առաքյալը նույնացնում է արդարության, խաղաղության և խնդության հետ, այլ ոչ թե, օրինակի համար՝ տարբեր մրգատու ծառերով լցված մի պարտեզի հետ: Այս ամենը հասկանալու համար մարդ պետք է ընկալի կյանքի գլխավոր նպատակի իմաստը, թե կյանքի իսկությունն ինչի մեջ է: Այդ բոլորը բխում են մի հիմնակետից կամ աղբյուրից՝ աստվածային սիրուց: Եվ արդարության, և խաղաղության, և խնդության աղբյուրն աստվածային սերն է: Եթե մարդը լցված է լինում աստվածային սիրով, նա լցված է լինում խնդությամբ, խաղաղությամբ և արդարությամբ: Իսկ Աստվածային սիրո հաղորդակցությունը Աստծո հետ լինելն է: Ահա թե ինչու է Ղուկասի Ավետարանում Հիսուս ասում, թե Աստծո Արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս և թե ահավասիկ այստեղ է կամ այնտեղ է, որովհետև ահա Աստծո Արքայությունը ներսում, ձեր մեջ է (Ղուկ.17.20-21): Հիսուս խոսում է իր մասին, այն մասին, որ Աստծո Արքայությունը ձեր մեջ է, բայց դուք չեք տեսնում, այլ այն հեռու-հեռավոր վայրերում եք փնտրում: Աստծո Արքայություն, որը մարդկանց հոգիներում է, սրտերում ու մտքերում: «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ»,- ասում է սբ. Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 3.16-17):
Երբ մարդիկ հասկանան, որ Երկնքի Արքայությունը Աստծո հետ լինելն է ու աստվածային սիրո հիմնակետում լինելը, կընկալեն Քրիստոսի խոսքերը, թե նախ խնդրեցեք Աստծո Արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը ձեզ ավելիով կտա, որովհետև աստվածային սիրով լցված անձը մշտապես լցված է լինում անսպառ աստվածային լույսով ու էներգիայով և գործում է բոլոր իրադրություններում: Նա փայլում է, ինչպես լույսը (Մատթ. 13.43), կարողանում է իրականացնել աստվածահաճո բոլոր նպատակները, ձեռք բերում շատ ավելին: Նա այլևս չի մտահոգվում վաղվա օրվա համար, որովհետև իրապես զգում է Աստծո հաղորդակցությունն ու ներկայությունը և լուսավոր կյանքի լիությունը: Ավետարանում Հիսուս պատկերավոր նկարագրում է, թե Երկնքի Արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որ մի մարդ գտնելով նորից թաքցնում է և ուրախությունից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և այդ արտը գնում (Մատթ. 13.44): Ժամանակը հոսում է, իսկ դրա հետ էլ այն, ինչ ստեղծում ենք կամ կորցնում, և մնում է միայն այն, ինչը ստեղծված է աստվածայինով ու նրանից բխող սիրով: Ինչպես դատարկ բաժակի, այդպես էլ մարմնավոր կյանքի մեջ ոչինչ չկա, սակայն երբ բաժակը լցվում է ջրով ու մարդու ծարավը հագեցնում ու նրան գոհունակություն պարգևում, իսկ մարդն էլ Աստծուն փառք տալիս, այդպես էլ, երբ կյանքը լցվում է սիրով, անցողիկն ու ժամանակավորը դառնում են իմաստալից ու անժամանակ, քանի որ մարդ լցվում է Սուրբ Հոգու խնդությամբ ու սիրով: Կիրիլ պատրիարքն ասում է, որ Աստծո Արքայությունն ստեղծվում է մարդկային եղբայրական հարաբերությունների հիման վրա: Դրա համար էլ սատանան` մարդկային ցեղի թշնամին, ստի, նախանձի և կասկածների որոմներ է սերմանում այդ հարաբերությունները խաթարելու, մարդկանց միմյանց դեմ հանելու, նրանց միջև բախումներ հրահրելու համար: «Երկնքի արքայությունը,- ասում է Մատթեոս ավետարանիչը,- նմանվեց մի թագավորի, որ իր որդու համար հարսանիք արեց: Եվ ուղարկեց իր ծառաներին` հրավիրվածներին հարսանիքի կանչելու… Եվ ծառաները ճանապարհների վրա ելնելով` հավաքեցին բոլոր նրանց, ում գտան…» (Մատթ. 22.2-3,10): Եվ, իրոք, այդ Արքայության մուտքը բոլորի առջև բաց է: Հարսանեկան խնջույքի սրահի դռները բաց են յուրաքանչյուրի համար, և այդ Արքայությունն սկսվում է այստեղ, երկրի վրա, չնայած դրա լիակատար իրականացումն արդեն կապված է այլ իրողության` մարդկային պատմության վախճանի հետ:
Ի վերջո, անսահման հավերժության մեջ այս աշխարհի ակնթարթներն իմաստավորվում են երկնքից ցողված հավերժության կաթիլներով, և ով ձեռքը պարզում է, ու այդ կաթիլները հանգրվանում են իր ձեռքի ափի մեջ, նրա կյանքում արդեն իսկ ամեն ինչ նոր է դառնում։

Հրապարակման պատրաստեց Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 3929

Մեկնաբանություններ