ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

Սուրբ Սարգիս զորավարի և նրա որդի Մարտիրոսի վարքը

Սուրբ Սարգիս զորավարի և նրա որդի Մարտիրոսի վարքը
14.02.2014 | 12:02

Փետրվարի 15-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է իր ամենասիրելի սրբերից մեկի՝ սուրբ Սարգիս զորավարի հիշատակի տոնը, որը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրամանով հայտարարվել է նաև Երիտասարդների օրհնության տոն։
Նախ կարդանք մի կարճ վկայություն սուրբ Սարգսի վարքի մասին։ Նա պատմական Հայաստանին սահմանակից Կապադովկիայի Կեսարիա քաղաքից էր։ Որպես շնորհալի մի այր, եռում էր Աստծո Հոգով, քանզի քրիստոնյա էր և Աստծուն սիրում էր իր ամբողջ սրտով: Նա զորացած էր սուրբ Հոգով և սիրելի էր Աստծուն ու ինչ գործ որ ձեռնարկեր, Աստված նրան հաջողություն էր պարգևում:
Արքունիքի հրամանով նա կարգված էր որպես զորական՝ Կապադովկիայում գտնվող թագավորի մյուս զորքերի հետ: Բարբարոսների դեմ մղված ճակատամարտերի մեջ գերազանց էր իր զինվորականներից: Եվ նրա կատարած քաջագործությունների արձագանքը հասնում է թագավորի ականջին:
Երբ Աստծո այս սքանչելի այրը այսպիսի մեծապատիվ ճոխության և իշխանության հասավ, նա դրանք չէր օգտագործում նյութական շահի և սնոտի փառքի համար, այլ հոգևոր և աստվածահաճո գործերին էր ծառայեցնում: Շրջում էր իր իշխանության տակ եղող քաղաքներում, գյուղերում և նահանգների զանազան գավառներում, մաքրում նրանց կռապաշտությունից: Արգելում էր կուռքերի առջև զոհերը, և ամենքի առջև բացում էր աստվածգիտության ուղին, որն անձամբ քարոզում էր սուրբ Հոգու անխափան իմաստությամբ, որովհետև քաջահմուտ էր Հին և Նոր կտակարաններին:
ՈՒ այսպես շատ տարիներ սրբությամբ և արդարությամբ ապրելով` մեծ անուն է շահում և թագավորի կողմից նորանոր պարգևների արժանանում: Աստված իր հզոր Աջով պաշտպանն էր նրա:
Սակայն բարուն թշնամի բանսարկուն շատ էր նախանձում ու բարկանում, տեսնելով երանելի Սարգսի հաջողությունները: Ջանում էր զանազան փորձություններով խափանել Սարգսի հոգևոր առաջադիմությունը, սակայն այդ նրան չէր հաջողվում, քանի դեռ հավատի սյունը՝ Կոստանդիանոս կայսրը ողջ էր: Սակայն երբ նրան հաջորդեց չարաբարո Հուլիանոսը, որ մականվանված էր ուրացող և ապստամբ սուրբ հավատի դեմ, որը դևի չարության անոթ եղավ, եկեղեցու խաղաղությունն ալեկոծեց, միտք անելով՝ կա՛մ Քրիստոսին հավատացողներին կռապաշտ դարձնել, կա՛մ ամբողջությամբ բնաջնջել:
Այս իրողությամբ շատ ուրախացան մնացած մոլի կռապաշտները և սկսեցին հալածել հավատացյալներին: Քանդում ու ավերում էին եկեղեցիները և հալածում նրա պաշտոնյաներին: Դարձյալ վերաշինում էին ավերված մեհյանները և ստիպում էին բոլորին, որպեսզի Հուլիանոսի հրամանով կուռքերին զոհեր մատուցեն: Այդ պատճառով էլ բազմաթիվ քրիստոնյա եկեղեցականներ, զինվորականներ և ռամիկներ նահատակվեցին զանազան տանջանքներով: Շատերն էլ հայրենի գավառներից փախուստի դիմեցին դեպի օտար երկրներ:
Տեսնելով այս ամենը, քաջ Սարգիսը մտատանջվում է, թե ի՞նչ է Աստծո կամքը, որպեսզի ըստ այնմ գործի: Եվ ահա Հիսուսը, տեսիլքի մեջ երևալով, ասաց. «Ժամանակը հասել է, ո՛վ Սարգիս, որ հեռանաս քո երկրից, ազգիցդ, ինչպես Աբրահամ նահապետը, և գնաս այն երկիրը, որ քեզ պիտի ցույց տամ: Այնտեղ է, որ պետք է ստանաս քրիստոնեության հաղթական պսակը»:
Այդ ժամանակ հասկացավ բարեհաղթ զորավար Սարգիսը, թե այս է տեսիլքի մեջ իրեն ցույց տրված ժամանակը: Ապա թողնելով Կապադովկիայի մեջ ունեցած իր հայրենի ժառանգությունը, իշխանական ճոխությունները, փառքը, բազմաթիվ զորքերի հրամանատարությունը և առօրյա կյանքի բոլոր վայելքները, ըստ այն պատվերի, որ տվել էր Տերը մեծատունին, ու վաճառելով իր ստացվածքները՝ բաշխեց կարոտյալներին, և այս ձևով թեթևանալով երկրավոր նյութերի ծանրություններից, սրանց փոխարեն առնելով Քրիստոսի Խաչը, գնաց իր Փրկչի հետևից:
Իր հետ էր նաև որդին, որը մորից որբ էր, և որ հետո իր վարքով ստացավ Մարտիրոս անունը: Նա պակաս չէր իր հոր առաքինություններից թե՛ մարմնավոր քաջագործություններով, թե՛ հոգու առաքինությամբ:
Այնուհետև ճանապարհը շարունակելով՝ ուղևորվեցին Հայաստան և ապաստանեցին Տիրան արքայի մոտ, որը որդին էր Խոսրովի՝ Տրդատի որդու: Հայոց արքան մեծ պատվասիրությամբ հյուրընկալեց քաջ Սարգսին և մի որոշ ժամանակ իր մոտ պահեց։
Իսկ ուրացող Հուլիանոսը անհամար զինվորներով շարժվեց դեպի Պարսկաստան: Նախ՝ հասնելով Անտիոք, չարչարեց այնտեղի քրիստոնյաներին: Եվ երբ նրա անգթության ու բռնության համբավը տարածվեց շատ տեղեր, սաստիկ վախը պատեց բոլորին, այդ պատճառով էլ շատերը փախչում էին և թաքնվում խոր ձորերի և ժայռերի ծերպերի մեջ:
Այս լուրերը հասան նաև Հայաստան և այնտեղ էլ սկսեցին վախենալ ամբարիշտի գալուստից։ Նույնիսկ Տիրան արքան երկյուղեց իր մոտ պահել բարեպաշտ Սարգսին, մտածելով, որ գուցե Հուլիանոսը տեղեկանա և իրենից պահանջի զորավարին, որ հրաժարվելու դեպքում՝ խռովություն կծագի հոռոմների և իր երկրի միջև: Ապա խորհուրդ է տալիս Սարգսին հեռանալ այստեղից և դիմել պարսից Շապուհ արքային:
Սարգիսը մեկնեց Հայաստանից և որդու հետ գնաց Պարսկաստան: Լսելով, որ Շապուհ արքան Տիզբոնից ելել և Խորասան է անցել, ինքն էլ գնաց այնտեղ` թագավորին դիմավորելու:
Արքան մեծ պատիվներով ընդունեց նրան և նշանակեց իր զորքի գլխավորներից մեկը: Տեղյակ լինելով նրա քաջության և հավատարմության մասին, բազմաթիվ գնդեր դրեց նրա տրամադրության տակ: Զորավար Սարգիսը մասնակցեց բարբարոսների դեմ մղված բազմաթիվ պատերազմներին և բոլորի մեջ էլ Աստված նրան հաջողություն շնորհեց: Այդ պատճառով էլ թագավորի ու իր մեծավորների սիրելին դարձավ: Իսկ երանելին այս հաղթանակները ոչ թե իր անձին, այլ Աստծո զորությանն էր վերագրում:
Շուտով լուր տարածվեց, թե Տաճկաստանի թագավորը կամ մեծ նախարարը ապստամբելով պարսիկների դեմ, բազմաթիվ զորքերով եկել, հասել է պարսից սահմանը և պետք է ավերի և ասպատակի ողջ երկիրը: Այդ պատճառով մեծաքանակ զորք տալով Սարգսին՝ ուղարկեցին տաճիկների վրա:
Նրա զորքը, հարձակվելով թշնամիների վրա, ավերեց նրանց բանակը. շատերին սպանեցին, մնացածներին հալածեցին:
Թշնամի զորքերի բազմությունները մասերի բաժանված, ուզում էին գունդ¬գունդ հարձակվել այն գավառի վրա, որը գտնվում էր Սարգսի պաշտպանության ներքո: Բայց ամենքն էլ խարխափելով, մառախլապատ ճանապարհներին մոլորվելով, չէին կարողանում հասնել իրենց նպատակադրված վայրը: Դրանից հետո ցիրուցան լինելով` չէին կարողանում իրար գտնել: Իսկ եթե հանկարծ իրար էին գտնում, պատմում էին միմյանց անմարմին զորքերի տեսիլքների մասին, և նրանց ձայնը, որ ասում էր, թե «Մի՛ հանդգնեք պատերազմել Աստծո ծառայի՝ սուրբ Սարգսի դեմ, եթե ոչ ամենքդ էլ կկորսվեք»:
Սուրբն այս ամենը տեսնելով և լսելով, փառք էր տալիս ամենազոր Աստծուն և իր զինվորներին հավաքելով բանակատեղում, ասում էր նրանց.
-Տեսնո՞ւմ եք Բարձրյալի բազուկը. մե՛ծ է Տերը, և մե՛ծ են Նրա սքանչելիքները: Եկե՛ք, եղբայրներ, փառք տանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ Իր ողորմությունը ցույց տվեց իր ծառաներին և Իր զորությունը՝ մեր հակառակորդներին:
Իսկ զինվորները, ճշմարիտ հավատի մեջ զորացած, աղաղակում էին և ասում.
-Մե՜ծ է քրիստոնյաների Աստվածը և անչափելի է Նրա զորությունը: Այսուհետ հավատում ենք ամենասուրբ Երրորդությանն ու մեկ Աստվածությանը, որ քարոզեց Սարգիսը:
Դրանից հետո շատերը մկրտվեցին քահանաների ձեռքով և բոլորն էլ երկրպագում էին Աստծուն և ուրախանում էին սրբի վարդապետությամբ:
Իսկ բանսարկու սատանան զինվորներից ոմանց դրդեց, որոնք դեռևս մնացել էին պարսկական մոլար աղանդի մեջ, մատնել սրբին: Նրանք գնալով Շապուհ թագավորի մոտ՝ ասացին.
-Արքա՛, Սարգիսը ապստամբեց ձեր աստվածների և ձեր դեմ: Նա Հիսուս Նազովրեցու մասին քարոզեց և համայն զորքը ապստամբեցրեց, տանելով իր մոլորության հետևից: ՈՒ նաև համաձայնություն է կնքել հռոմեացիների հետ:
Արքան մարդ ուղարկեց և զորավար Սարգսին իր մոտ բերել տվեց։
-Բարի է գալդ, ո՛վ հավատարիմ և իմաստունդ իմ զորագլուխների մեջ: Մեծամեծ պարգևներ պետք է ստանաս մեզնից, մեր հանդեպ ցուցաբերած անբասիր ծառայությանդ համար: Այդ պատճառով մեր թագավորությունը քեզ պիտի բարձրացնի և բոլոր զորքերի վրա զորագլուխ դարձնի՝ քո խոհեմության ու իմաստության համար:
Նույն ժամանակ նրան շնորհվեցին բազմաթիվ նվերներ:
Իսկ սուրբ Սարգիսը այս խոսքերից չխաբվեց, ոչ էլ ճշմարտությունից խոտորվեց՝ մեծ խոստումների պատճառով։
Եվ այդ օրերին եկավ նրանց աստվածների տոնը: Թագավորից հրաման ելավ, որ բազմությունը հավաքվի ատրուշանների մոտ, որտեղ կրակ պետք է վառեին՝ ըստ պարսկական օրենքի: Այնտեղ էին նաև տասներկու կուռքերի արձանները:
Նույն հանդեսին կանչվեց և Սարգիսը` իր պատվական զորականների ու որդու հետ:
Երանելին հասկանալով, որ ժամանակը մոտեցել է Աստծո համար պատերազմելու, աղոթքի կանգնեց ու ասաց.
-Տեր Աստված, Քեզ հուսացողների Փրկիչ, որ խոստացար ծառաներիդ և ասացիր. «Երբ ձեզ դատավորների առջև հանեն, հոգ մի արեք, թե ինչ պետք է պատասխանեք, որովհետև Ե՛ս պիտի տամ ձեզ խոսք և իմաստություն, որին չպիտի կարողանան ընդդիմանալ ձեր հակառակորդները»: Արդ, երբ այս հանդեսի մեջ բերանս բացեմ, ինձ խոսելու շնորհ տուր և զորացրու ինձ, որ համբերեմ չարչարանքներին ու մահվանը, որոնք պիտի կրեմ հանուն Քո սուրբ Անվան: Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն:
Նույն աղոթքը անում էր պատանի Մարտիրոսը, միանալով հորը: Եվ նույն հոգով սպառազինված պատրաստվում մտնելու նահատակության ասպարեզ:
Թագավորը տեսնելով նրան, բարձրաձայն աղաղակեց.
-Սարգի՛ս, իմ պատվական զորապետ, արի մեզ հետ տաճար մտիր և բոլորիս նման կրակին զոհ մատուցիր և որպես աստվածասեր խունկ ծխիր աստվածների առջև: Այսպիսով քո հանդեպ չարախոսողները ամոթապարտ կլռեն ու դու առավել ևս փառքով կպայծառանաս:
Սուրբ Սարգիսը պատասխան տվեց և ասաց.
-Ես ճշմարիտ Աստծուն եմ իմ անձը ամբողջովին զոհ մատուցում, նույնը և Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, Որն ինձ սիրելու համար խաչվեց: Քո կուռքերը ես գիտեմ և կրակին աստված ասել չսովորեցի: Ես պաշտում եմ կրակի և արևի Արարչին ու երկրպագություն եմ անում Նրան, Ով երկինքն ու երկիրը ստեղծեց ու միջի բոլոր արարածներին: Ով կենդանի ու հավիտենական թագավորն է: Որին և դու՝ ով թագավոր, պարտավոր էիր երկրպագություն անել և Նրան փառավորել, եթե իմաստություն ունենայիր, և ոչ թե նյութեղեն արարածներին, որոնք Նրա ձեռքով են ստեղծված, կամ անշունչ արձանները, որոնք մարդկանց կողմից են շինված, իբրև աստվածներ:
Թագավորը այս լսելով` ասաց.
-Հիմա հայտնի դարձավ քո մոլորությունը, ով հիմարությամբդ լցված: Դու ինքդ քեզ զրկում ես այն բոլոր բարիքներից, որ մտադրված էինք անել քեզ համար: Դու քո սերը կապեցիր մի հրեայի, որն Իր մեղքերի համար խաչվեց:- Եվ ուրիշ շատ այլ բառերով հայհոյում էր Քրիստոսին և ասում.- Մի՛ շատախոսիր, այլ վախեցի՛ր աստվածներից և զո՛հ մատուցիր նրանց:
Իսկ երանելին չկարողանալով համբերել, լիքը բերանով թքեց ամբարիշտի դիմաց՝ նախատելու համար նրա անօրեն կռապաշտությունը: Եվ սուրբ Հոգուց զորություն առնելով` ասաց.
-Չեմ վախենում ո՛չ քեզնից, ո՛չ էլ քո կուռքերից, ո՛չ էլ պետք է պաշտեմ այդ գարշելիներին, այլ սուրբ և ճշմարիտ Աստծուն, Որի դեմ անզոր են հայհոյողների շրթունքները:
Սաստիկ բարկանալով, Շապուհը հրամայեց քարով խփել նրա բերանին ու կապել երկաթե կապանքներով և քարշ տալ փողոցներով, մինչև որ սրբի կողերի կաշին քերթվի:
Եվ քաշողները ասում էին սրբին.
-Սարգիս, իրապե՞ս լքեցիր մեր աստվածներին ու պաշտամունքները և հետևեցիր օտար Աստծուն, որին կոչում եք Հիսուս Քրիստոս: Ի՞նչ է քո մտքինը, Սարգիս, ասա մեզ:
Առաքինի նահատակն ասաց նրանց.
-Լա՜վ, ցույց տվեք ինձ ձեր կուռքերը, որպեսզի տեսնեմ նրանց զորությունը, ես ձեզ պիտի ցույց տամ իմ Աստծո զորությունը:- Երբ մարդիկ այս լսեցին, շատ ուրախացան և թագավորին լուր տվեցին:
-Հրամայիր,- ասացին,- որպեսզի գա և մեր աստվածներին երկրպագություն անի:
Եվ մեծամեծներից ոմանք թագավորի հրամանով եկան, իրենց հետ բերելով զորագլխին՝ զորքերի հետ: Կանգնեցրին Սարգսին և Մարտիրոսին տասներկու կուռքերի առջև:
-Թողեք մոտենամ ձեր աստվածներին:
Իսկ մյուսները կարծում էին, թե ուզում է երկրպագություն անել և թույլ տվեցին:
Իսկ նա սրտի մեջ աղոթելով Տիրոջը` օգնության կանչեց, խաչակնքեց և իր սիրտը ճշմարտությամբ զորացնելով՝ հանեց ձեռքի և պարանոցի շղթաները և նրանցով հարվածեց կուռքերի ծնկներին ու անմիջապես բոլորը խորտակվեցին, փշրվեցին ու ցիրուցան եղան։
Եվ ասաց նրանց.
-Ո՛վ անմիտներ, ահա ձեր պաշտած բաները փշրվեցին, և կրակը, որին երկրպագում էիք, ցնդելի ծուխ է:
Եվ երբ մոգերն ու այնտեղ գտնվող հեթանոսները այս ամենի ականատեսը եղան, բարկությամբ դեպի սուրբը շարժվեցին և նրան բռնելով՝ սկսեցին այս ու այն կողմ քարշ տալ և աղաղակում էին, թե պիտի սպանեն նրան:
Անօրենների այս բուռն հարձակման պատճառով սպանվեց նրա Մարտիրոս որդին, գործով արժանի լինելով վկայի անվան, պսակակից լինելով նախապես Քրիստոսի համար զոհված վկաներին:
Բայց սուրբ Սարգսի վրա նույն ժամանակ ձեռք չբարձրացրին, որովհետև արքունական զորքն էլ զարհուրած դողում էր նրանից ու սպասում էին թագավորի հրամանին:
Թագավորն ասաց.
-Եթե դու չես վախենում, որ աստվածները քեզ կմեռցնեն, ուրեմն ես քեզ շղթաներով կապել կտամ, ապա կհրամայեմ սպանել:
Սուրբը պատասխանեց.
-Ես ամեն ժամանակ պատրաստ եմ մեռնելու իմ անմահ Տիրոջ համար, Որն ինձ անմահություն պիտի տա: Իսկ քո աստվածները Քրիստոսի քաջ և անհաղթ վկան, որը գերագույնը հանդիսացավ բոլոր թագավորներից և իշխաններից, որ պարտության մատնեց աշխարհի իշխանին՝ սատանային:
Եվ արքան հրամայեց, որ քաղաքից դուրս հանելով` սպանեն նրան:
Դահիճները նրան առնելով, բռնությամբ տարան մինչև մահվան վայրը: Նրա հետ էին գնում նաև մեծ բազմությամբ հեթանոսներ:
Կռապաշտները, որոնք նրա դեմ ոխ ունեին բագինները կործանելու համար, քաշկռտում ու չարաչար տանջում էին և եղունգներով նրա մարմինը քերթում:
Իսկ երանելին, արհամարհելով տանջանքները, ստեպ-ստեպ աղոթք էր անում.
-Հայր մեր, որ երկնքում ես ու երկրի վրա, մի՛ մատնիր մեզ փորձության, այլ ազատիր չարից:
Ամբողջ ճանապարհի ընթացքում այս աղոթքն էր անում, հիշելով Աստծո զորությունն ու Նրա Աջը, որով փրկեց արդարներին և աստվածապաշտներին երևելի ու աներևույթ թշնամիների ամեն տեսակի փորձություններից և վտանգներից, ու զորացրեց առաքյալներին և վկաներին ճշմարտությունը քարոզելու ժամանակ: Նույն զորությունն էր խնդրում Հզորից և իր անձի համար:
-Մի՛ հեռանա քո ծառայից, ով Տեր Հիսուս Քրիստոս, Ամենակալ, սուրբ քաղցր, բարերար, որ մերձ ես Քեզնից վախեցողներին և հայտնվում ես Քեզ փնտրողներին:
Երբ հասան այն վայրը, որ կոչվում է Սալեր, սուրբը կանգ առավ: Որովհետև այնտեղ պետք է կատարվեր իր վախճանը:
Եվ ձեռքերը վեր տարածելով՝ բարձր ձայնով ասաց.
-Տեր Աստված, որ արժան ես անում ինձ մեռնելու Քո սուրբ Անվան համար, լսիր Քո ծառայի աղաչանքը: Ընդունիր նաև ինձ նրանց հետ, որոնք սիրեցին Քո գալստյան օրը և Քեզ մասնակից եղան Խաչի և մահվան չարչարանքներով: Եվ եթե չարից խաբվելով մեղք եմ գործել մանկությունիցս մինչ հիմա, կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ, լվա՛, մաքրիր ինձ ողորմությամբդ՝ իմ արյան հեղմամբ: Իսկ Քեզ հավատացողներին, որոնք կհիշեն ինձ, առ Քեզ իմ բարեխոսությամբ խնդրում եմ մեղքերի թողություն տուր և յուրաքանչյուրին հոգևոր ու մարմնավոր վտանգներից փրկություն և ախտերի բուժում: Դևերի հալածանքներից ազատագրում ու հիվանդություններից բժշկություն: Պատերազմների մեջ հաղթություն, բանտից ու կապանքներից արձակում: Չար ծառայությունից՝ ազատություն, խռովություններից՝ խաղաղություն: Նեղություններից՝ անդորրություն, ճանապարհորդներին պաշտպանություն: Ծովի վրա ալեկոծվողներին՝ հանդարտություն: Երաշտի ժամանակ՝ անձրևների լիություն ու առատ պտղաբերություն: Կարկտաբեր ու ցրտաբեր օդի սաստկության դադարում, մորեխների և զեռունների, որոնք Քո բարկության պատճառով մարդկանց վրա որպես պատուհաս են գալիս՝ հալածում: Եվ նրանք, որ նվիրական ընծաներով մեր հիշատակը կկատարեն, թող ընդունվի որպես անուշ հոտ։ Եվ Քո գիրկն ընդունիր և վարձատրիր բյուրապատիկ բարություններով՝ այստեղ և հանդերձյալում: Եվ ընդունի՜ր իմ հոգին արդարների օթևանում՝ հավիտենական հանգստի համար և Քեզ փառք հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղոթքն ավարտելուց հետո, հանկարծ երկնքից մի հրեշտակ իջավ սրբի մոտ, ձեռքում բռնած լուսապայծառ պսակը և ասաց.
-Քրիստոսի քաջ նահատակ, զորացի՛ր, մի՛ վախեցիր նրանցից, որ մարմինդ են սպանում, որովհետև քեզ համար բացվեց երկնքի արքայության դուռը: Եվ ինչ խնդրեցիր Աստծուց, շնորհվեց քեզ: Եվ հավատացյալների կատարած խնդրանքները պիտի կատարվեն Աստծո կողմից:
Բազմությունը, տեսնելով Աստծո հրեշտակին և ձեռքի մեջ լուսեղեն պսակը, հիացած աղաղակում էր, ասելով.
-Մեծ է քրիստոնյաների Աստվածը և, Նրանից զատ, ուրիշ Աստված չկա:
Դրանից հետո սուրբ Սարգիսը ծնկելով դեպի արևելք, խաչակնքեց և պարանոցը խոնարհեցնելով դահճի սրի առաջ, ասաց.
-Տե՜ր Հիսուս, ընդունիր իմ հոգին:
Եվ դահիճը սրով կտրեց երանելու գլուխը:
Այդ ժամանակ երկնքից ձայն լսվեց, որ ասում էր.
-Վայելչորեն կատարեցիր ճգնությունդ, ո՛վ սուրբ Սարգիս, ուրեմն եկ ու բոլոր սրբերի հետ ժառանգիր հավիտենական հանգիստը:
Գիշերը հավատացյալներից ոմանք գալով, վերցրին սուրբ Սարգսի մարմինը և տարան զգուշությամբ թաղեցին Սարգսի զավակի՝ սուրբ Մարտիրոսի մոտ:
Սուրբ Սարգիսը իր մահկանացուն կնքեց Քրիստոսի 361 թվականի սկզբին:
«Հայսմավուրքը»՝ սրբերի հիշատակարանը, հետևյալն է գրում. «Սուրբ Սարգիսը մահացավ Մազանդարան կոչված վայրում, Դաղման քաղաքի մոտ: Հավատացյալները սուրբ Սարգսի մարմինը առնելով, տարան Համիան քաղաքը: Ապա Մեսրոպ մեծ վարդապետը գալով՝ առավ սրբի մարմինը և բերեց Հայաստան և ՈՒշի գյուղում պատվով թաղեց: Ապա նույն տեղում հռչակավոր վանք շինեց, որ մինչև այսօր մնում է (այժմ դժբախտաբար այն կիսավեր ու խոնարհված վիճակում է - հեղ.):


Քաղեց և հրապարակման պատրաստեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հ. Գ.- Ըստ Հայ առաքելական տոնացույցի, սուրբ Սարգսի տոնին նախորդում է սբ. Գրիգոր Լուսավորչի հաստատած հնգօրյա Առաջավորաց պահքը, որը ժողովուրդը թյուրիմացաբար համարում է սբ. Սարգսի պահք։ Այդ օրերին մեր ժողովուրդը, մանավանդ երիտասարդները, տոնի նախօրյակին աղի բլիթներ ուտելով աղոթում են, որ իրենց ապագա զույգին գտնեն։ Դա ժողովրդական ավանդությունից է գալիս ու երբեմն այդ որպես գուշակության միջոց են օգտագործում, որը խոտելի է համարվում քրիստոնեության մեջ ու ճշմարիտ հավատի հետ ոչ մի առնչություն չունի, քանի որ Աստված սիրում է բոլորին և կատարում է բարի խնդրանքները, եթե այդ մասին աղոթքները կատարվում են հավատով։

Դիտվել է՝ 2602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ