Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Տեր, անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռը

Տեր, անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռը
05.02.2014 | 16:07

ԱՄԷ հայ համայնքը հունվարյան վերջին օրերին առիթ ունեցավ վայելելու Ամենայն հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի ներկայությունը: Այցելության առաջին օրերին նա հանդիպել էր Շարժայի հայ համայնքին: Մինչ այս այցելությունը նա մեկ անգամ էլ էր այցելել Շարժա և Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Այս անգամ ևս կաթողիկոսը տպավորված էր ցուցաբերված ջերմությամբ և հոգատարությամբ: Ամենայն հայոց կաթողիկոսը և ՀՀ Ազգային ժողվի նախագահը ԱՄԷ էին ժամանել Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան Բին Մուհամադ Ալ Քասիմիի հրավերով: Հյուրերը ցանկություն էին հայտնել իրենց այցելության ընթացքում հանդիպելու նաև Աբու Դաբիի հայ համայնքին և հետևելու Աբու Դաբիում կառուցվող Սբ.Նահատակաց հայկական եկեղեցում ընթացող շինարարական աշխատանքներին: Մայրաքաղաքում հայ համայնքի հետ հանդիպումը կայացավ ՀՀ դեսպանությունում, որտեղ նրանց դիմավորեցին աղ ու հացով: Հանդիպման սկզբում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին ողջունեց Աբու Դաբիում և Քաթարում կաթողիկոսական փոխանորդ հոգեշնորհ Տեր Մեսրոպ վրդ. Սարգիսյանը և նրանց փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ողջույնները: Իսկ հետո ՀՀ դեսպան Գ. Ղարիբջանյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի ելույթներին հաջորդեց Գարեգին Երկրորդի հայ համայնքին ուղղված խոսքը. «Մեզ համար մեծ գոհունակություն է տեսնել աշխուժացող համայնքային կյանքը ԱՄԷ-ում և մեր եկեղեցու արդյունավետ առաքելությունը հավատավոր մեր զավակների կյանքից ներս»: Այս առումով նա բարձր գնահատեց տարիներ շարունակ ԱՄԷ-ում հոգևոր ծառայություն մատուցող Արամ քհն. Տեյրիմենճյանի ներդրումը, հույս հայտնելով, որ կաթողիկոսական փոխանորդ Մեսրոպ վրդ. Սարգիսյանի նշանակումից հետո նրա առաջնորդության ներքո առավել պիտի շենանա ու բարգավաճի հայ համայքը. «Դուք պիտի կարողանաք ձեր ինքնությունն այստեղ զորավոր պահել՝ կրթելով ձեր զավակներին ազգային ոգով, հայրենասիրկան շնչով»: Այս գործում նաև կարևորեց ՀՀ դեսպանության դերը. «Այդ առաքելության իրականացման համար դուք ունեք նաև մեկ այլ պարգև՝ ՀՀ դեսպանությունը: Դեսպանության առկայությունը սփյուռքի հայ գաղթօջախներում ոչ միայն հպարտությամբ է լցնում յուրաքանչյուր հայորդու հոգին, այլև ապահովության զգացում է փոխանցում, որ ինքն ունի հովանավոր պետություն, որ ինքն ունի հայրենիք, որն իր կողքին է, հետաքրքրված է իրենով, իր շահերն է ներկայացնում և պաշտպանում այն երկրներում, ուր ապրում են մեր ժողովրդի զավակները»: Կաթողիկոսը հայ համայնքին մաղթեց, որպեսզի յուրաքանչյուրն իր հոգում միշտ սիրով և հաստատուն կերպով կրի, պահպանի լույս պատկերը հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, որոնց հովանու ներքո միայն հայ ժողովուրդը առաջընթաց կապրի և իրականություն կդարձնի իր բոլոր իղձերը. «Հայրենիքով է պայմանավորված մեր ազգի հարատևությունը»: Հանդիպման ընթացքում Գարեգին Երկրորդն իր եղբայրական ողջույնները Արամ Ա կաթողիկոսին փոխանցելուց հետո անդրադարձավ անցյալ տարի տեղի ունեցած Հայ առաքելական եկեղեցու կարևոր իրադարձություններին և առանձնացրեց Եպիսկոպոսական ժողովը, դրա ընթացքում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասմանը վերաբերող քննարկումներին: Կաթողիկոսը վստահեցրեց. «Մեր համատեղ առաքելությունը չի սահմանափակվելու միայն ցեղասպանության զոհերի սրբադասման հռչակումով: Այն մշտական պետք է լինի ազգային, եկեղեցական կյանքը զորացնելու, բարեփոխելու և մեր ժողովրդի զավակների հավատը մեր հայրենիքի սրբազան ժառանգության ամուր հիմքերի վրա կառուցելու գործում, որպեսզի այդ հավատով զինված ու զորացած մեր զավակներն ի վիճակի լինեն հաղթահարելու իրենց անձնական և համայնքային կյանքում առաջացող բոլոր դժվարությունները»: Նա համայնքին հորդորեց ամուր գամված մնալ ազգային ավանդույթներին և Հայ առաքելական եկեղեցուն. «Թող տիրոջ օրհնությունը միշտ լինի ձեզ հովանի և ուղեկից ձեր կյանքի ընթացքում: Մենք վերադառնալու ենք Մայր Աթոռ Սբ. Էջմիածին՝ մեր հոգում և աղոթքներում կրելով ձեզ»:

Պետք է ասել , որ ԱՄԷ հայկական կառույցներն իսկապես փորձում են իրենց գործունեությամբ համայնքի ամդամներին ավելի մոտեցնել ազգային ավանդույթներին, եկեղեցուն։ Կաթողիկոսի ացելությանը համընկավ աշուղական երեկո-ընթրիքը, որը կաթողիկոսական փոխանորդ հոգեշնորհ Տեր Մեսրոպ վրդ. Սարգիսյանի հովանավորությամբ կազմակերպել էր Համազգային «Մուշեղ Իշխան» մեկուսի մասնաճյուղի վարչությունը: Երեկոյին հրավիրված էին ժողովրդական և աշուղական երգիչ Կարմեն Աճեմյանը և քամանչահար աշուղ Մխիթար Քեթցյանը:
Իսկ այդ երեկոյից մի քանի օր առաջ Օհաննեսյան միօրյա վարժարանում հոգաբարձուների խորհրդի հրավերով հյուրընկալվել էր Երևանի պետական տիկնիկային թատրոնը՝ Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» ներկայացումով: Ի դեպ, մեծ հանդիսավորությամբ նշվեց Հովհ. Թումանյանի 145-ամյակը:
Ազգայինը պահպանելը, իհարկե, առօրյա խնդիր է համայնքի համար: Սակայն համայնքի նոր սերունդը դեռ պետք է մուտք գործի ԱՄԷ կյանք և կարողանա դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին: Այս նպատակով էր կազմակերպվել կիրակնօրյա վարժարանի աշակերտների հանդիպումը Ցոլակ Բասմաճյանի հետ, որը փոքրիկների հետ զրուցում էր ժամանակի կառավարման մասին և բացատրում , թե ինչպես պետք է իմաստալից ծախսել Աստծո տված ժամանակը: Վերհիշելով հունվար ամսվա համայնքային իրադարձությունները և եզրափակելով դրանց ցանկը՝ չմոռանանք Աբու Դաբիում կայացած Սուրբ Ծննդյան բազմամարդ երեկոն , որին ներկա էր Մեսրոպ վրդ. Սարգիսյանը: Տոնական երեկոյի ընթացքում նա անդրադարձավ օրվա խորհրդին, ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև համայնքային խնդիրների վրա՝ նկատի ունենալով համայնք-եկեղեցաշինություն, համայքն-պատարագների մասնակցություն, համայնք-դպրոց, համայքն-ազգային կյանք հարաբերությունները: Շնորհակալություն հայտնեց այն հայորդիներին, ովքեր Աբու Դաբիում կառուցվող հայկական եկեղեցու հիմնադրման օրվանից հետևողականորեն մասնակցում են եկեղեցաշինությանը, նաև հորդորեց համայնքի անդամներին հետևել նրանց օրինակին և ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել այդ գործում, երեխաներին ավելի մեծ ոգևորությամբ տանել հայկական վարժարան, ավելի ակտիվ մասնակցել Սբ. Նիկողայոս եկեղեցում հայ համայնքի համար մատուցվող պատարագներին: Իր խոսքի ավարտին նա բոլորին մաղթեց Սուրբ Ծննդի և Աստվածահայտնության տոնի խորհրդավոր լույսով ողողել իրենց կյանքը և նոր էջ բացել՝ մոռանալով հակասությունները, վիրավորանքները, տխրությունը, և նոր էջը գրել «ոսկե մելանով»:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ