Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Եվ նշանը տրվեց

Եվ նշանը տրվեց
31.01.2014 | 10:57

Ավետարաններում Հիսուս Քրիստոսի մանկության մասին սակավ տեղեկություններ են պահպանված: Թեև որոշ պարականոն ավետարանների հեղինակներ ծավալուն ներկայացրել են Նրա մանկությունը՝ նկարագրելով մանուկ Հիսուսի բազմաթիվ հրաշագործությունները, այդուհանդերձ այդ ամենը սոսկ երևակայական ստեղծագործություններ են, այլ ոչ հավաստի պատմական փաստեր: Նույնիսկ կարծիքներ են հնչում, թե մանուկ հասակում Քրիստոս ճանապարհորդել է դեպի Հնդկաստան, Տիբեթ և այնտեղ ուսանել գերբնական կարողությունների գաղտնիքները, իսկ ավետարանները չեն արձանագրել Հիսուսի կյանքի այս շրջանը։ Այդպիսի տեղեկատվությունը նույնպես թյուր և ոչ ճշմարիտ է: Պարզապես Երկնավոր Հայրը չի կամեցել հայտնել այդ ժամանակահատվածում Աստծո Որդու փառքն ու առաքելությունը, և Նա մեծացել է՝ չտարբերվելով սովորական երեխաներից: Նրա երկրային կյանքի այդ շրջանի սովորական ընթացքի մասին խոսում է նաև Կանա քաղաքում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած առաջին հրաշքը, ուր Հիսուս վկայակոչում է, որ իր ժամանակը դեռ չի հասել (Հովհ. 2.4):
Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական Ալեքսանդր Մենը իր «Մարդու Որդին» գրքում գեղեցիկ և պատկերավոր նկարագրում է Հիսուսի մանկությունը՝ հիմնվելով ավետարանական և պատմական փաստերի վրա: Ներկայացնենք այն ընթերցողին՝ լույս սփռելով Նրա մանկության կյանքի դրվագների վրա:
«Երբ Հերովդեսի մահվան լուրը հասավ Եգիպտոս, ատաղձագործ Հովսեփը, վստահ լինելով, որ վտանգն անցել է, պատրաստվեց հայրենիք վերադառնալու: Սակայն նա վախենում էր Արքեղայոսի հետապնդումներից, ուստի չվերադարձավ Բեթղեհեմ, այլ գերադասեց բնակություն հաստատել հյուսիսում, Նազարեթ ոչ մեծ քաղաքում, որտեղ ժամանակին ապրում էր Մարիամի հետ: Այդ ժամանակներում Գալիլիան խիտ բնակեցված մարզ էր, իսկ աշխարհագրական դիրքը դարձրել էր այն բաց՝ աշխարհի բոլոր կողմերից փչող հողմերի համար: Այստեղից մոտիկ էին Փյունիկիան, Ասորիքը, Արաբիան, Բաբելոնը և Եգիպտոսը: Հեթանոսների կղզիները և Եվրոպայի բոլոր հռչակված երկրները երևում էին Արևմտյան ծովի ջրերից: Հարթավայրերում ծածանվում էին Հռոմի դրոշները... Փարավոնները և Պտղոմեոսը, Էմիրները և Արշակունիները, դատավորները և հյուպատոսները, բոլորը պայքարում էին այդ գողտրիկ մարզին տիրելու համար: Այստեղ են փայլփլել ամաղեկացիների գեղարդները, հողը ցնցվել՝ Սեզոստրիսի մարտակառքերի դղրդյունից, այստեղով են անցել մակեդոնական հոծաշարք փաղանգները, այստեղ են լսվել հռոմեական լայնաշեղբ սրերի շաչյունները, վիճակված էին այստեղ հնչելու խաչակիրների աղաղակները, Անգղիայի և Գաղիայի հրետանու թնդյունները: Թվում էր, որ Իզրեէլ այդ հարթությունում բախվում են Եվրոպան և Ասիան, հուդայականությունը և հեթանոսությունը, բարբարոսությունը և քաղաքականությունը, Հին և Նոր ՈՒխտերը, անցյալի պատմությունը և գալիքի հույսերը:
Ըստ որում, Նազարեթը մի կողմ էր ընկած պատմության այդ տարանցիկ ճանապարհներից և ավետարանական դարաշրջանում համարվում էր խուլ, հետամնաց բնակավայր: Նույնիսկ ասացվածք կար. «Հնարավոր է Նազարեթից լավ բան»: Եվ, ասես այն բանի համար, որպեսզի հերքվեն մարդկանց բոլոր գնահատականները, հենց այդ աղքատիկ փոքր քաղաքը դարձավ Քրիստոսի «ծննդավայրը», նրանում անցավ Նրա կյանքի մեծ մասը: Համարյա 30 տարի Նա անցավ նրա քարքարոտ փողոցներով և կածաններով բարձրացավ մերձակա բլուրները: Քչերը գիտեին Նրա ծննդի իրական տեղի մասին, բայց նույնիսկ նրանք, ովքեր լսեցին այդ մասին, անվանեցին Նրան Հանոցրի, Նազովրեցի: Եթե մենք կարողանայինք հայտնվել այդ տարիների Նազարեթում, ապա կտեսնեինք լեռան վրա ցրիվ եկած, խաղողի այգիներով և ձիթենյաց պուրակներով եզերապատված, տափակ տանիքներով շուրջ հարյուր սպիտակ տներ: Զառիվայր բարձունքներից բացվում է գեղազմայլ համայնապատկեր՝ կապույտ լեռնապարեր, կանաչ դաշտավայրեր, ցանած արտեր, որոնց վրա, հավանաբար, մեկ անգամ չէ, որ հանգչել է Հիսուսի հայացքը:
Այդ ժամանակներից շատ բան է փոխվել, բայց Գալիլիայի բնությունը մնացել է համարյա այնպիսին, ինչպիսին երկու հազար տարի առաջ էր: Ճանապարհորդները միաձայն հաստատում են, որ Նազարեթը և իր մերձակայքը սրբազան երկրի անկրկնելի անկյունն են, այն անվանում են «լեռնային վարդ» և «երկրային դրախտ»: Բարձրություններում օդը մաքուր է և թափանցիկ: Ձմեռային անձրևներից հետո Նազարեթի բլուրները վերածվում են պարտեզի, այն պատվում է ամենանուրբ երանգների բազմապիսի ծաղիկներով՝ շուշան, լեռնային կակաչներ, ծափկոտրուկներ: Հիսուսը սիրում էր ծաղիկներ: Նա ասում էր, որ դրանց հետ չի կարելի համեմատել անգամ Սողոմոն թագավորի զարդերը: Գարնանը Նազարեթի դաշտերը խլացնում է արտույտների դայլայլը, հեռուներում տարածվում է տատրակների ղունղունոցը, երկնքի թանձր կապույտում սահուն ճախրում են հավալուսնների, թոնձերի երամները: Թռչունները, ինչպես և ծաղիկները, Քրիստոսի խոսքերում դարձան հոգու կերպեր, որոնք իրենց հույսը դրել են Աստծո վրա: Նա օրինակ էր բերում դա ունայնահոգ և բազմահոգս մարդկանց: Գալիլիացիները առողջ, ուժեղ, անմիջական մարդիկ են և իրենց ժամանակի մեծ մասը զբաղված են գյուղատնտեսությամբ: Նրանք աճեցնում են խաղող, թուզ, ձիթենի, մարգագետիններում արածեցնում են այծեր և ոչխարներ, մշակում են դաշտերը: Նազարեթի կանայք առավոտյան կժերով գնում էին աղբյուր, որը մինչև այսօր էլ տարածքին ջուր է մատակարարում: Այդտեղ ջրի է գնացել Կույս Մարիամը: Ջրհորը հիմա էլ կրում է Նրա անունը: Ինչպե՞ս է նա ապրել Նազարեթում: Ինչպե՞ս է ապրել Հիսուսը: Պարականոն լեգենդները պատմում են այդ տարիների մասին շատ մանրամասներ: Բայց մենք չենք կարող դրանք համարել արժանահավատ, թեկուզ հենց այն պատճառով, որ դրանք ավետարանական ոգու հետ գտնվում են կտրուկ հակասության մեջ: Մատթեոսը և Ղուկասը, անդրադառնալով Քրիստոսի այդ շրջանի կենսագրությանը, գերադասում էին զուսպ լակոնիզմը և ասում էին միայն այն մասին, ինչը իրենց քաջ հայտնի էր:
Պարականոնների հայտնած միայն երկու փաստն է թվում վստահություն ներշնչող: Դրանք հավաստում են, որ Հովսեփը մահացել է, երբ Հիսուսը տասնինը տարեկան էր: Լեգենդները սովորաբար հակված են խորհրդանշային թվեր բերելու: Հիսուսին Իր հասարակական ծառայությունների ժամանակ անվանում էին «Մարիամի Որդի», իսկ դա նշանակում է, որ Հովսեփն արդեն կենդանի չէր: Համաձայն այլ ավանդազրույցի, դեռահաս Հիսուսը ոչխար էր արածեցնում: Նրբերանգները, որով համակված են Նրա առակները հովիվների մասին, անուղղակիորեն հաստատում են այդ: Բոլոր դեպքերում, նազարեթցի Պարմանին մշտապես տեսնում էր իրենց հոտը հոգատար հսկող մարդկանց: Տեսել էր Նա նաև որթատունկերը կապող խաղողագործների, սերմնացանների՝ գարնանային հանդերում, մանգաղով հասկերը հնձող հնձվորների: Ավելի ուշ այդ տեսարանները որպես պատկերներ են ծառայելու Նրա առակների համար: Դրանք մեզ տեղափոխում են գալիլիական խաղաղ գեղջկական աշխարհը, որը պատանի տարիքից շրջապատել էր Հիսուսին: Շաբաթ օրերին Հովսեփի ընտանիքը գալիս էր Նազարեթի աղոթատուն՝ սինագոգ, որտեղ ժողովուրդը լսում էր Սուրբ գրքերը և ռաբբիների զրույցները: Կարդացողը բարձրաձայն արտասանում էր փառաբանությունը, իսկ ներկաները կրկնում էին նրան: Հիսուսը սիրում էր անկեղծ հավատի այդ արտահայտությունները, և հետագայում Նրա քարոզներում մեկ անգամ չէ, որ կհնչեն պատանի տարիներին Նազարեթում իր լսած աղոթքների արձագանքները: Բայց ճիշտ չէր լինի նկարագրել Գալիլիայի կյանքը անխռով հովվերգական տեսքով: Այնտեղ էլ էին կրքերը եռում, այնտեղ էլ էին երազում ազատության մասին: Ժողովուրդը գտնվում էր երկակի, նույնիսկ եռակի ճնշման տակ: Հարկահավաքները ուժով խլում էին նրանցից կայսերական տուրքերը, Երուսաղեմը վերցնում էր իր տասանորդը, իսկ տեղացի կալվածատերերը ուղղակի կեղեքում էին գյուղացիներին: Բայց և այնպես, մարդիկ հավատում էին, որ վաղ թե ուշ կհաղթանակի արդարությունը: Մարգարեների գրքերը, որոնք կարդացվում էին սինագոգներում, և ձեռքից ձեռք անցնող վախճանաբանական գրությունները հին աշխարհի մոտալուտ վախճանի հույս էին ներշնչում:
Պարականոնների հեղինակները ժլատ չեն գտնվել այն հրաշքները նկարագրելիս, որոնցով մանկուց իբր Հիսուսը ապշեցնում էր բոլորին: Բայց ավետարաններից երևում է, որ այդ ժամանակ ուրիշ մարդկանց համեմատությամբ Նա ոչնչով հանդես չէր բերում գերազանցություն, այլ ընդհակառակը, կարծես թե թաքցնում էր օտար մարդկանցից Իր գաղտնիքը: Միայն մեկ անգամ Նա ծնողներին հասկացրեց, որ պատկանում է ոչ թե իրենց, այլ ուրիշ, բարձրագույն աշխարհի: Դա տեղի ունեցավ Զատկի օրերին, հավանական է, ոչ շատ առաջ գալիլիական խռովությունից: Ինչպես և բոլոր բարեպաշտ հրեաները, Հովսեփն ամեն տարի գնում էր Երուսաղեմ տոնակատարության: ՈՒխտագնացություն չէր պարտավորեցվում կանանց, բայց Մարիամը սիրում էր Տաճարը և միշտ այցելում էր սուրբ քաղաքը: Երբ իր Որդին հասավ կրոնական չափահասության, Նա Նրան տարավ Իր հետ: Այդ օրերին դեպի մայրաքաղաք տանող ճանապարհներին ձգվում էին մարդկանց խայտաբղետ շարանները, իսկ հովիտների վրա հնչում էր սաղմոսների երգեցողությունը: Երուսաղեմ էին եկել հազարավոր ուխտավորներ, պահակախմբերը դժվարությամբ էին կարգուկանոն պահպանում: Տաճարի առջևի հրապարակը ողողված էր խուռներամ մարդկանցով, անընդհատ զոհաբերություններ էին արվում, իսկ երեկոյան ընտանիքները հավաքվում էին տներում տոնական հացկերույթի: Հանդիսության ավարտից հետո Հովսեփն ու Մարիամը վերադարձի ճանապարհը բռնեցին: Նրանք քայլում էին հարազատների և հարևանների հետ, այդ պատճառով էլ առաջին պահին նրանց չէր անհանգստացնում Հիսուսի իրենց մոտ չլինելը: Իսկ երբ արդեն հասկացան, որ Նա մնացել է քաղաքում, խուճապահար շտապեցին Երուսաղեմ: Անհանգիստ ժամանակներ էին, Մարիամի սիրտը ճմլվում էր սարսափից: Մարդկանցով լեփ-լեցուն քաղաքում Որդուն գտնելը հեշտ չէր:
Հովսեփն ու Մարիամը երկար շրջեցին փողոցներում, մինչև եկան Տաճարն օղակող սրահներից մեկը: Այնտեղ, սովորաբար, ժամանակն աստվածաբանական զրույցներով և մեկնություններով էին անցկացնում օրենքի վարդապետները և դպիրները: Մայրը նրանց մեջ տեսավ Հիսուսին: Նա նստել, լսում էր գիտնականների խոսքերը և հարցեր էր տալիս նրանց: Սուրբ գրոց գիտակները հիացել էին իրենց դպրոցներում չուսանած անհայտ գալիլիացի պատանու «բանականությամբ և պատասխաններով»։
-Որդի՛ս,- բացականչեց Մարիամը,- այս ի՞նչ արեցիր դու մեզ, ահավասիկ հայրդ և ես տագնապած Քեզ էինք փնտրում:
-Ինչո՞ւ էիք ինձ փնտրում,- պատասխանեց Հիսուսը,- չգիտեիք, որ Ես Հորս տանը պետք է լինեմ:
Թվում էր, թե Նա անակնկալ կերպով դարձավ հեռավոր ու առեղծվածային, և Նրա բառերը ծնողների մեջ շփոթմունք առաջացրին: Նրանք չհասկացան, թե Նա ինչ նկատի ունի: Բայց և այնպես, Հիսուսը անմիջապես վեր կացավ և հետևեց նրանց: Մի անգամ ոչ երկրային ճառագայթը փայլատակեց ամպերի տակից և թաքնվեց: Նա նորից սովորական երեխա է, ուրիշ երեխաների նման: Երուսաղեմի արկածից հետո Հիսուսը, ավետարանիչների բառերով, «հնազանդ» ապրում էր ծնողների մոտ, «զարգանալով իմաստությամբ, հասակով և շնորհով Աստծու ու մարդկանց առջև»: Մարիամը «պահպանում էր Իր սրտում» կատարվող մարգարեության այդ առաջին նշանը: Հիսուսը, ունենալով կրոնական հակում, Իր հասակակիցների նման կրթություն չստացավ աստվածաբանական դպրոցում: Նա դարձավ ատաղձագործ ու որմնադիր և Հովսեփի մահից հետո մորը պահում էր Իր ձեռքի աշխատանքով: Ղուկաս Ավետարանիչն ասում է, որ շրջապատի մարդիկ սիրում էին Հիսուսին: Բայց նրանց համար Նա լոկ գյուղական պատանի էր, չնայած հնարավոր է, մի քիչ տարօրինակ, որը հաճախ թաղվում էր Իր՝ շրջապատին անհաղորդ խոկումների աշխարհը: Հիսուսին մոտիկից իմանալով, առնչվելով Նրա հետ համարյա ամեն օր, Նազարեթի բնակիչները չնկատեցին Նրա մեջ ոչինչ գերբնական: Երբ Նա սկսեց քարոզել Աստծո Թագավորություն, դա նրանց հանկարծակիի բերեց, հարուցելով անկեղծ զարմանք: Ըստ երևույթին, համերկրացիների շարքում Նա չուներ վստահելի ընկերներ: Նրանցից ոչ մեկը, բացի երկու-երեք կնոջից, չհետևեցին Հիսուսին: Նազարեթցիների անվստահությունը ապշեցնում էր Իրեն՝ Քրիստոսին:
Նրա խոսքերով՝ նրանք հաստատեցին «Մարգարեն ընդունելի չէ իր գավառում» առածը: Մարիամը և Իր Որդին քաղաքում շատ հարազատներ ունեին՝ Մարիամի քույրը իր ընտանիքով, Հիսուսի զարմիկները և զարմուհիները: Սակայն այդ մարդիկ ևս մեծ մասամբ մնացին հոգեպես Նրանից հեռու: Նրանց անձուկ աշխարհը սահմանափակվում էր իրենց փողոցով, տնով, աշխատանքով: Ավելի ուշ, իմանալով Կափառնայում Հիսուսի քարոզչության և գործերի մասին, Նրա եղբայրները անհանգստացան և որոշեցին, որ Նա խենթացել է: Հիսուսի հոգեկան միայնությունն են արտացոլում նաև Ավետարաններում գրի չառնված Նրա խոսքերը. «Նրանք, ովքեր Իմ կողքին էին, Ինձ չհասկացան»: Միակ մոտիկ էակը մնացել էր Մայրը: Ավետարանիչները քիչ են խոսում Նրա մասին, բայց եթե նույնիսկ նրանք Մարիամի մասին ոչ մի խոսք էլ չասեին, դա չէր նվազեցնի Փրկչի Մոր մեծությունը: Նրա աչքի առաջ Նա մեծացավ: Նա է տվել Նրան առաջին մայրական դասերը: Նրանում կատարվող հրաշքի միակ վկան էր Նա: Մարիամին հայտնված էր, որ Իր Որդին Տիրոջ Օծյալն է, բայց մեզ համար հիմա դժվար է հասկանալ, թե ինչքան շատ հոգեկան ուժեր էին պետք, որպեսզի պահպանվեր այդ հավատը, չէ որ մենք նայում ենք ուրիշ հեռադրությունից: Եթե պատկերացնենք Նազարեթի ամենօրյա կյանքը, ապա կարելի է կռահել, որ ավետումից մինչև Հարությունը Մարիամը անցել է փորձությունների երկար ճանապարհ: Մարդկանց հոգիների նուրբ գիտակ Ֆրանսուա Մորիակը փորձ է արել տեսնելու այդ ճանապարհը: «Երեխան դարձավ պատանի, հասուն մարդ: Նա մեծ չէր: Նրան չէին անվանում Բարձրյալի Որդի, Նա գահ չուներ, այլ լոկ մի փոքրիկ աթոռակ աղքատ հյուղակի օջախի կողքին: Մայրը կարող էր կասկածներ ունենալ, բայց ահա Ղուկասի վկայությունը. «Եվ Մարիամը այս բոլոր բաները պահում էր իր մեջ և իր սրտում խորհում»: Նա պահպանել էր մարգարեություններն Իր սրտում և այդ մասին չէր ասել ոչ մեկին, անգամ իր Որդուն»: Յուրաքանչյուր անհատի լինելություն, և հատկապես անսովորներինը, միշտ առեղծվածային է, առավել ևս՝ մեզ չի տրված Հիսուսի հոգու գաղտնիքների մեջ թափանցել: Կարող էինք իմանալ՝ ինչի մասին էր մտածում Նա արհեստանոցում աշխատելիս, ինչի մասին էր աղոթում: Մի բան էր միայն թվում անվիճելի. Նա ազատ էր բախումներից, որոնք մանկական տարիներից անհանգստացնում են մարդուն, Նրա վրա իշխանություն չունեին դիվային տարերքները: Եթե անգամ Նա ներքին ողբերգություն ունենար, ապա այն ծնված պետք է լիներ մենակությունից, խղճահարությունից, աշխարհի չարի հետ առնչվելու ցավից, այլ ոչ թե մեղքի տանջանքներից և մութ բնազդների դեմ տարած պայքարից: Այդ մասին է վկայում այն ամենը, ինչը հայտնի է Հիսուսի բնավորության մասին: Անգամ քրիստոնեության հանդեպ թշնամաբար տրամադրված այնպիսի գիտնական, ինչպիսին Դավիթ Շտրաուսն է, Ավետարանների երկարատև ուսումնասիրություններից հետո ընդունել է, որ Հիսուսի ոգու ներդաշնակությունը ոչ թե ներքին ճգնաժամերի արդյունք էր, այլ Նրանում լցված ուժերի բնական բացահայտման արդյունք: «Բոլոր բնավորությունները,- գրել է Շտրաուսը,- մաքրագործվել են պայքարով կամ ուժեղ ցնցումներով, օրինակ՝ Պողոսը, Ավգուստինոսը, Լյութերը պահպանել են այդ պայքարների անջնջելի հետքը: Նրանց կերպարը տոգորված է ինչ-որ դաժանությամբ, կտրուկությամբ, մռայլությամբ: Նման ոչ մի բան չկա Հիսուսի մեջ: Նա մեր առաջ կանգնում է միանգամից որպես կատարյալ բնավորություն, ենթարկված միայն իր սեփական օրենքին, ճանաչելով և հաստատելով Իրեն Իր գիտակցության մեջ, կարիք չունենալով փոխվելու և նոր կյանք սկսելու»: Նրա մեջ չկար մեղքի զգացում, որը հատուկ է յուրաքանչյուր սրբի, չկար ոչինչ թերարժեք: Թող որ Նա նույնիսկ մնար հաճախ չհասկացված և միայնակ, դա չէր մթագնում Նրա հոգու պայծառությունը: Հիսուսը մշտապես Նրա հետ էր, ՈՒմ անվանում էր Իր Հայրը: Հավանաբար, աշխատանքից ազատ ժամերին, Հիսուսը, ինչպես և հետագայում քարոզչության տարիներին, սիրում էր առանձնանալ մարդկանցից հեռու բնության մեջ, որտեղ խաղաղ լռության ծոցում հնչում էին Նրա մեջ Երկնի ձայները: Այնտեղ, Նազարեթի բլուրների վրա, աննկատ որոշարկվում էր աշխարհի ապագան...
Այդ ժամանակ ո՞վ կարող էր իմանալ այդ մասին: Հռոմեացի քաղաքագետները չէին ենթադրում, որ կգա մի օր, երբ իրենց սերունդները ծնկի կգան Ատաղձագործի առաջ՝ հեռավոր արևելյան պրովինցիայից: Նազարեթում արտաքուստ ամեն ինչ թվում էր, թե ընթանում է անփոփոխ: Սակայն Հիսուսի կյանքի երկարատև նախապատրաստական փուլը մոտենում էր իր ավարտին: Նա արդեն երեսունին մոտ էր, լեցուն հոգեկան և մարմնական ուժերով: Նա արդեն սպասում էր նշանի, որպեսզի աշխարհում գցի Բարի լուրի առաջին սերմը: Եվ նշանը տրվեց»:


Տպագրության պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ