Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Ամենադժվարին ճանապարհը Քրիստոսին հետևելու ճանապարհն է

Ամենադժվարին ճանապարհը Քրիստոսին հետևելու ճանապարհն է
21.01.2014 | 11:02

Երբ մարդ ընդունում է քրիստոնեական հավատքը, Աստծուց ստանում է հավիտենական կյանքի պարգևը: Հավատքը կյանք է, և կյանքը պետք է ապրել, այլ ոչ թե պարզապես հավատալ: Ապրել հավատքով, նշանակում է ընթանալ ըստ Սուրբ Հոգու: Սբ. Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված իր նամակի 8-րդ գլխում հանգամանալից կերպով բացատրում է, թե ինչպիսին պետք է լինի քրիստոնյայի կյանքի ճանապարհը: Նա բացատրում է, որ հրեական օրենքը դատապարտում է: Օրենքը մեզ մահապատժի է ենթարկում, որովհետև ինչքան էլ ջանադիր փորձենք, չենք կարող բավարարել օրենքի բոլոր պահանջները: Օրենքն ասում է. «Եվ քո Տեր Աստծուն պետք է սիրես քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ և քո ամբողջ զորությամբ» (Բ Օր. 6.5, Մրկ. 12.30): Ո՞վ կարող է լիովին հնազանդվել այդ պատվիրանին, ոչ ոք: Օրենքն ասում է. «Մի ցանկացիր» (Ել. 20.17, Հռ. 7.7): Ո՞վ կարող է ամբողջովին հնազանդվել այդ պատվիրանին. ոչ ոք: Մեր սիրտն ու էությունը ավելի արագորեն հավանություն են տալիս մեր մեղանչական բնության ցանկություններին, քան պատվիրաններին: Ինչպե՞ս կարող ենք մենք երբևէ արդար համարվել Աստծո առջև: Չենք կարող. արդարացնելու փոխարեն օրենքը մեզ մահվան է դատապարտում: Առաքյալը հռոմեացիներին ուղղված նամակի 8-րդ գլխում տալիս է պատասխանը, թե մարդ ինչպես կարող է խուսափել դատապարտությունից ու մահից. «Այլևս ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, որոնք Քրիստոս Հիսուսի մեջ են»: Եթե մենք Քրիստոսի մեջ ենք, այսինքն` եթե հավատում ու ընդունում ենք Հիսուս Քրիստոսին ու թույլ ենք տալիս, որ Սուրբ Հոգին ուղղորդի մեր արարքները դեպի Աստծուն հաճելի ճանապարհները, ապա դատապարտության և մահվան վտանգի մեջ չենք լինի: Իսկ եթե Քրիստոսի մեջ չենք, ապա մեղքի ու մահվան մեջ ենք մնում:
Հավատացյալներն արդար են համարվում ոչ թե իրենց արդարության հիման վրա, այլ Քրիստոսի: Նրա մեջ մեղք չկար (Եբր. 4.15): Նա լիովին կատարեց ամբողջ օրենքը: Այդ անելով` նա իր վրա վերցրեց մեր մեղքերի պատիժը, որին պիտի արժանանայինք: Օրենքն այլևս չի կարող պատժել մեզ: Քրիստոս իր վրա էր վերցրել այդ պատիժը: Նա մեր փոխարեն մահապատիժն ընդունեց: Հետևաբար այլևս դատապարտություն չկա մեզ համար, այսինքն` նրանց համար, ովքեր Քրիստոսի մեջ են: Այնուամենայնիվ, մենք` հավատացյալներս, ազատված ենք դատապարտությունից, բայց մեղքը դեռ մնում է մեր կյանքում: ՈՒստի մենք մեղավոր ենք մեղքի պատճառով, որից ծնվում են բացասական պատճառներ և հետևանքներ, ու արժանանում ենք պատժի: Սակայն եթե զղջում ու ապաշխարում ենք մեր մեղքերի համար, Աստված մեզ ներում է:
Իր ուղերձներում սբ. Պողոսն «օրենք» բառը գործածում է կոնտեքստային համապատասխան տարբեր իմաստներով: Սովորաբար «օրենք» բառը նշանակում է հրեական օրենք, այն օրենքը, որն Աստված տվեց Մովսեսին, որպեսզի նա այն հանձնի հրեաներին: Բայց երբեմն օրենքն ունի այլ իմաստ. առաքյալն այն օգտագործում է «սկզբունք» կամ «կանոն» նշանակություններով (ինչպես` Հռ. 7.21, 23): Նախքան Սուրբ Հոգու մեր մեջ գալը, միայն մեղքի և մահվան օրենքը կար մեր կյանքում: Երբ Սուրբ Հոգին եկավ մեր մեջ, այդ հին «մահվան և մեղքի» օրենքը փոխարինվեց կյանքի` Հոգու օրենքով և իշխանությամբ: Հրեական օրենքը, որ մարդկանց դատապարտում է մահվան, նրանց դնում է մահվան և մեղքի օրենքի ներքո: Քրիստոսի Սուրբ Հոգին մեզ ազատեց մահվան և մեղքի օրենքից: Սուրբ Հոգին մեզ ազատում է ոչ միայն հանցանքի ու մեղքի պատժից, այլև մեղքի զորությունից և իշխանությունից (Հռոմ. 6.14):
Մարդու մեղանչական էության պատճառով օրենքն անկարող էր մարդկանց արդարացնել և փրկել: Հրեական օրենքը միայն բացահայտում էր մեղքը, բայց չէր կարող օգնել մարդուն, որ մեղքին հաղթի: Այն, ինչ անկարելի էր օրենքի համար, այսինքն` մեզ ազատելը մեղքի ու մահվան օրենքից, կատարեց Աստծուց ուղարկված Որդին (Քրիստոս): Աստված Քրիստոսին աշխարհ ուղարկեց մեզ մեղքի ու մահվան օրենքից ազատելու համար, ինչը հրեական օրենքը չէր կարողանում անել:
Այնուամենայնիվ օրենքը տրված է Աստծո կողմից, որը տրվեց հրեաներին: Հետևաբար այն ճիշտ ու արդար օրենք է և դրան պետք է հնազանդվել: Քրիստոս լիովին կատարեց օրենքի ողջ արդարությունը` արդար պահանջները: Օրենքը պահանջում է, որ մարդիկ ապրեն միանգամայն արդար կյանքով, Հիսուս լիովին բավարարեց այդ պահանջը: Օրենքը պահանջում է, որ մեղքը պատժվի մահվամբ: Հիսուս իր խաչի մահով լիովին կատարեց նաև այդ պահանջը: Նա ապրեց և մեռավ այն նպատակով, որ օրենքի արդար պահանջները լիովին կատարվեն մեր մեջ: Մենք չէինք կարող այդ պահանջները կատարել, և ահա Հիսուս դրանք կատարեց մեզ համար (Մատթ. 5.17, Հռոմ. 3.31):
Ինչպե՞ս կատարվեցին օրենքի պահանջները: Պատասխանը հետևյալն է. երբ Հիսուս իր վրա վերցրեց մեր մեղքն ու պատիժը, նա միաժամանակ մեզ տվեց իր արդարությունը. արդարություն, որը բավարարում է օրենքի պահանջները (Բ Կորնթ. 5.21):
Ովքե՞ր ընդունեցին Քրիստոսի արդարությունը: Քրիստոսի արդարությունն ընդունեցին ոչ թե նրանք, ովքեր ընթանում են ըստ մեղանչական էության, այլ, անշուշտ, նրանք, ովքեր ընթանում են ըստ Հոգու:
Ընթանալ ըստ Հոգու, նշանակում է, երբ հավատում ենք Հիսուս Քրիստոսին, Սուրբ Հոգին ներկա է մեր կյանքում և մեզ նոր իղձ, նոր զորություն է տալիս Աստծուն հնազանդվելու համար: Մենք նորից ծնվում ենք Հոգու միջոցով` նոր հոգևոր կյանք ընդունելով Քրիստոսի մեջ: Միայն մեր մեջ եղող Սուրբ Հոգու օգնությամբ կարող ենք լիովին բավարարել օրենքի արդար պահանջները: Միայն Հոգու օգնությամբ կարող ենք արդար կյանք վարել: Ասել, թե Քրիստոս արդար է, բավական չէ մեզ համար: Հոգու միջոցով Քրիստոսի արդարությունը պետք է հայտնվի մեր կյանքում: Ահա թե ինչ է նշանակում ընթանալ ըստ Հոգու:
Ըստ Հոգու ընթանալ նշանակում է մեր կամքը հանձնել Հոգուն, սակայն եթե ուշադիր լինենք, ապա շատ դեպքերում խոսքով ասում ենք` թող լինի քո կամքը, սակայն մեր սրտի ու մտքի ցանկություններում հակառակվում ենք և մեր մեղանչական էության ցանկությունները կատարում: Ընթանալ հակառակ Հոգու, նշանակում է ընթանալ ըստ մեր մեղանչական էության: Նշանակում է ապրել ըստ մեր մեղավոր ցանկությունների ու մտքերի (Գաղ. 5.19-21):
Մենք չենք կարող միաժամանակ ապրել և՛ ըստ մեղանչական էության, և՛ ըստ Հոգու: Մենք պետք է ընթանանք կամ մեկով, կամ մյուսով (Գաղ. 5.16-18, 24-25):
Ինչպես կարող ենք ասել` մենք ապրո՞ւմ ենք ըստ Հոգու, թե՞ ոչ: Մենք դա կարող ենք ասել ըստ մեր մտքերի ուղղվածության: Եթե մեր մտքերն ուղղված են դեպի մեղսալից երևույթները, ինչպես օրինակ` մեղավոր ցանկություններ, հպարտություն, փառք, ապա մենք ընթանում ենք ըստ մեր մեղանչական էության և ոչ թե ըստ Հոգու: Բայց եթե մտածում ենք Հոգու բաները, օրինակ` արդարություն, սեր, խոնարհություն, ինքնատիրապետում, ապա կարող ենք վստահ ասել, որ մենք ընթանում ենք ըստ Հոգու: Եկեք ամեն մեկս մեզ հարց տանք, թե ինչի՞ն է մեր միտքը սևեռված:
Մեղավոր մարդու խորհուրդը մահ է: Երբ մեր մտքերին մեր մեղավոր մարմինն է հսկում, արդյունքը մահ է: Մինչդեռ Հոգու խորհուրդը կյանք է` հավիտենական կյանք և խաղաղություն (Հռոմ. 7.5, 8.13, Գաղ. 6.7-8):
Մեղավոր մարդու խորհուրդը` մեղանչական էության հսկողության ներքո գտնվող միտքը կամ խորհուրդը, թշնամի է Աստծուն: Աստծուց բաժանումը հենց այնպես բան չէ, այն գործնականում Աստծուն հակադրվելն է (Հակ. 4.4): Այն հրաժարվում է ենթարկվելուց Աստծո օրենքին: «Աստծո օրենք» եզրը չի նշանակում հրեական օրենք, այլ ավելի ճիշտ` Աստծո կամքի արտահայտություն և իրագործում:
Եթե մեղանչական էության հսկողության ներքո ենք, իր կարևորությունը կորցնում է, թե ինչքան շատ ենք բարեպաշտական սովորույթներին հետևում, բարի գործեր կատարում, քանի որ չենք կարող Աստծուն հաճելի լինել ըստ էության մնալով մեղքի մեջ:
Այսօր շատ քրիստոնյաներ շարունակում են ներքին պայքարն ունենալ իրենց հոգևոր և ոչ հոգևոր էությունների միջև: Շատերի կյանքը չի պատշաճում այն բնութագրմանը, որը Սբ. Պողոսի կողմից տրված է Հռոմեացիս 8-րդ գլխում, դրան հակառակ` այն համապատասխանում է Հռոմեացիս 7-րդ գլխում տրված բնութագրմանը: Հռոմեացիս 8-րդ գլխում տեսնում ենք, որ սբ. Պողոսն ազատված է մեղքի և մահվան օրենքից: Նա ընթանում է ըստ Սուրբ Հոգու, քանի որ իր ներաշխարհում «հին մարդու» և «նոր մարդու» միջև պայքարում հաղթել է նոր մարդը. «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը: Եվ հիմա ինձ է սպասում արդարության պսակը, որը որպես հատուցում, ինձ պիտի տա Տերը` արդար Դատավորը, այն օրը, և ոչ միայն ինձ, այլև բոլոր նրանց, որ սիրեցին նրա հայտնվելը» (Բ Տիմ. 4.7):
Արդ, եկեք մենք էլ հեռանանք Հռոմեացիս 7-րդ գլխի պայքարից և մտնենք 8-րդ գլխի հաղթանակի մեջ: Եկեք մարմնավոր, ոչ հոգևոր քրիստոնյա չմնանք: Ավելին, եկեք Սուրբ Հոգուն հնազանդվող և նրանով առաջնորդվող քրիստոնյաներ լինենք:
Եթե Քրիստոս կատարելապես մեր մեջ է, ապա մեր հին և մեղավոր անձը մեռած է: Մեր հին անձը մեռած է մեղքի համար, բայց մեր նոր անձը կենդանի է արդարության համար:
Քրիստոնյաները ոչ մի պարտավորություն չունեն իրենց մեղանչական մարմնի հանդեպ, ընդհակառակը մենք պարտական ենք Քրիստոսին: Քրիստոս է վճարել մեր «պարտքը», որ պարտական էինք մեր մեղքի պատճառով: Հետևաբար Քրիստոսին ենք պարտական և ոչ թե աշխարհին: Պարտական լինել Քրիստոսին, նշանակում է ջանք գործադրել ընթանալու համար ըստ Հոգու: Պարզապես մտածել, եթե հավատամ Քրիստոսին, ապա փրկված եմ կամ ինքնաբերաբար կփրկվեմ, ապա սբ. Պողոսն 8-րդ գլխում այլ պատասխան է տալիս, թե ճիշտ է, մենք նախ պետք է հավատանք Քրիստոսին, բայց դրանից հետո Սուրբ Հոգու օգնությամբ պետք է սպանենք մեղավոր մարմնի գործերը: Միայն այս բանն անելով ենք ապրելու, այսինքն` փրկվելու: Ինչո՞ւ է այդպես, որովհետև մենք պետք է ապրենք կամ ըստ մեղանչական մարմնի, կամ ըստ Հոգու, մենք չենք կարող ապրել երկուստեք: Եթե ապրենք ըստ մեղավոր մարմնի, կմեռնենք. դա հավաստի է: Սակայն որպեսզի ապրենք ըստ Հոգու, մենք պետք է մեր հավատքն արտահայտենք հավատքի գործերով (Հակ. 2.14-26): Սուրբ Հոգու օգնությամբ պետք է սպանենք մեղավոր գործերը: Սա մի կարևոր հանգամանք է: Քրիստոսին հետևելը հեշտ չէ: Որոշ մարդիկ սխալմամբ կարծում են, թե պարտավոր չենք բարի գործեր կատարել կամ եկեղեցական կանոններին հետևել ու հնազանդվել: Նրանց կարծիքով, եթե մենք մեղք գործենք, չպետք է անհանգստանանք դրա համար, քանի որ ինքնաբերաբար կներվենք: Այս վկայությունները ճշմարիտ չեն: Ամենադժվարին ճանապարհը Քրիստոսին հետևելու ճանապարհն է: Ինչո՞ւ, որովհետև Քրիստոսին հետևելու համար պետք է սպանենք մեղավոր մարմնի ցանկություններն ու գործերը: Դա այնքան էլ դյուրին չէ, բայց նոր հոգևոր կյանք ունենալու համար մեր մեղանչական էությունը պետք է խաչվի ու մեռնի (Հռոմ.6.6): Որպեսզի սպանենք մեր մարմնի գործերը, նախ պետք է մահվան մատնենք մեր մեղավոր ցանկությունները, քանի որ մեր գործերը մեր ցանկությունների արդյունքն են (Հակ.1.14-15): Մենք ոչ միայն այլևս մեղք չպետք է գործենք, այլ մեղք գործելու մասին անգամ չպետք է մտածենք: Մենք հոգևոր պետք է լինենք ոչ միայն արտաքուստ, այլև ներքուստ: Մենք պետք է «սպանենք» մեր սրտի և մտքերի ծածուկ մասերը, այն տեղերը, որտեղ մեղք է ծնվում: Սա Քրիստոսի հետ խաչակից լինելու իմաստներից մեկն է (Հռոմ.6.6, 12, Կողոս. 3.5, Գաղ. 5.17, 24):
Հնարավոր չէ ապրել ըստ Հոգու և միաժամանակ շարունակել մեղավոր գործերը: Եթե մենք չենք հեռանում կամ ջանք չենք գործադրում հեռանալ մեղավոր գործերից, ապա Սուրբ Հոգին մեր մեջ չէ, և մենք Քրիստոսին չենք պատկանում: Եվ եթե Քրիստոսին չենք պատկանում, ուրեմն փրկությունը չենք ընդունել: Սակայն պետք է հիշենք մի կարևոր հանգամանք. մեղավոր գործերից հեռու մնալու համար անհրաժեշտ է օգնություն ստանալ Սուրբ Հոգուց: Մենք առանց Սուրբ Հոգու չենք կարող այդ բանն անել: Սուրբ Հոգին միշտ մեզ հետ է` պատրաստ օգնելու, արդար կյանքի առաջնորդելու: Ահա սա է Հռոմեացիս 8-րդ գլխի ուրախալի լուրը:

Պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1424

Մեկնաբանություններ