Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Վեհին վայել արարք

Վեհին վայել արարք
12.11.2013 | 00:27

1975 թվականն էր: Վազգեն Վեհափառի մոտ իբրև քարտուղար աշխատում էի ավելի քան հինգ տարի (Վեհափառի թույլտությամբ 1970-1972 թվականներին երկու տարի կամավոր մեկնեցի զինվորության խորհրդային բանակում ծառայելու համար): Արդեն ամուսնացել էի և մեկ տարի էր, որ ձեռնադրվել էի ամուսնացյալ քահանա: Ապրիլի 30-ն էր: Վեհափառն ինձ ասաց, որ հաջորդ օրը` մայիսի 1-ին, հակառակ որ տոնական օր էր, լինեմ տեղում (մայիսի 1-ին Երևանի հրապարակում մեծ շքերթ էր լինում և հազարավոր քաղաքացիներ մասնակցում էին այս շքերթին, որը լինում էր նաև զինվորական կամ աշխատանքային), քանի որ հյուրեր պիտի ունենար և, բացի դրանից, անհետաձգելի գործեր կային անելիք իր հետ: Անկեղծ ասած, երեցկնոջ հետ ծրագրել էինք գնալ Երևան` տոնական օրը այնտեղ անցկացնելու համար: Վեհափառին մերժել անկարելի էր, համաձայնեցի և հաջորդ օրը` մայիսի 1-ին, եկա Վեհարան: Սովորականի պես Վեհափառը նստած էր ընդունարանի սրահում մի քանի երիտասարդ վարդապետների հետ ու թեյ էր խմում: Մոտեցա և նրա աջը համբուրեցի: Պատահեց անսպասելին. թեյը բաժակից, որը Վեհափառը բռնել էր աջ ձեռքով, թափվեց նրա վրա: Բարեբախտաբար այն շատ տաք չէր և այնքան էլ վնաս չհասցրեց: Օրվա սկիզբը ինձ համար բարենպաստ չէր: Երիտասարդ վարդապետները սկսեցին ծիծաղել վրաս, քանի որ նրանց հետ մենք տարեկիցներ էինք, մի տարբերությամբ, որ նրանք կուսակրոն հոգևորականներ (այսինքն` ոչ ամուսնացյալ հոգևորականներ էին, իսկ ես` ամուսնացյալ): Ես այն ժամանակ ընդամենը 25 տարեկան էի:
Քիչ անց Վեհափառն ինձ ասաց, որ գնամ իր հետ: Նա գնաց իր ննջասենյակի և ճաշասենյակի կողմը, ես էլ հետևեցի նրան: Վեհափառը ինձ ցույց տվեց մի մեծ բյուրեղապակյա աղբաման, որը նվիրված էր Բելգիայի հայերի կողմից և նրա վրա ներքևում արձանագրություն էլ կար: Աղբամանը իմ ծանրությունից ավելի էր, քանի որ ես շատ նիհար էի: Նա ինձ ասաց, որ ես այդ աղբամանը վերցնեմ և տանեմ աշխատասենյակի կողմը, ուր առաջ դրված էր եղել, թե ինչո՞ւ էին բերել ննջասենյակի կողմը, չգիտեմ, ու ինքը վերադարձավ աշխատասենյակ` շարունակելու իր զրույցը երիտասարդ վարդապետների հետ:
Ճիշտը եթե խոստովանեմ, այդ օրերին հայրս ինձ համար մի լավ կոշիկ էր կարել (հայրս հիանալի կոշկակար էր, սակայն հազվադեպ էր կոշիկ կարում իր ընտանիքի անդամների համար. Ժողովուրդը մի լավ խոսք ունի, ասում է. «Կոշկակարի տղան կոշիկ չունի»: Փորձված խոսք է) փայլուն երեսով: Ես շատ էի սիրում այդ կոշիկը: Միայն թե այն մի անհարմարություն ուներ. մարմարի վրա սահում էր: Պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը. աղբամանը` ծանր, ես` թեթև, այն թեքությամբ մի կերպ գրկած բերում էի դեպի աշխատասենյակի կողմը: Ովքեր Վեհարանում եղել են, կհիշեն, որ ճաշասենյակից դեպի աշխատասենյակ կամ գլխավոր ընդունարանը մինչև երկու դռները գորգապատ են, սակայն դրանց առջև մարմարե հատակը բաց էր: Ես հաջողությամբ աղբամանը գրկած մոտեցա առաջին դռանը և… կոշիկներս սահեցին ու ինձ դավաճանեցին. ես սահելով կորցրի հավասարակշռությունս, աղբամանի ներքևի մասը պոկվեց ու դղրդալով ընկավ մարմարի վրա և կտոր-կտոր եղավ: Մյուս մեծ մասը մնաց ձեռքերիս մեջ: Աղմուկն այնքան մեծ էր, որ ամբողջ Վեհարանը թնդաց. ես շվարած ու շփոթված կանգնած էի կոտրված աղբամանի մեծ մասը ձեռքերիս մեջ: Պարզվում է, որ աղբամանը երկու մասից է եղել, որը ես չգիտեի, և Վեհափառն էլ ինձ չէր զգուշացրել այս մասին: Վեհափառը աղմուկը լսելով արագ եկավ, տեսավ աղբամանի փշուրները, իմ շփոթված, շվարած և վախվորած տեսքն ու առանց մի բառ իսկ արտասանելու գնաց իր ննջասենյակի կողմը, մտավ այնտեղ և մի քանի րոպե չերևաց: Թե նա իր սենյակում ինչպիսի ապրումներ ունեցավ, ինչ արեց, չեմ կարող ասել, բայց ավելի հանգստացած մի քանի րոպեից վերադարձավ: Այդ պահին Վեհարանում էր գտնվում, երևի իմ բախտից էր, վանքի ատաղձագործը, որը նկարները շրջանակների մեջ էր դնում: Նա եկավ, տեսավ ու Վեհափառին ասաց, որ աղբամանի ներքևի մասը կարող է փայտից պատրաստել ու հնարավոր կլինի վերևի մասը տեղավորել նրա վրա և այդպես դնել ընդունարանում: Աղբամանի մյուս կեսը զգուշությամբ մի կերպ հասցրինք ընդունարան, որից հետո Վեհափառն ինձ ասաց. «Հայր Հովսեփ, (Վեհափառը ինձ տեր Հովսեփի փոխարեն հայր Հովսեփ էր ասում, քանի որ միշտ իր մտքում ինձ վարդապետ էր պատկերացնում) այսօրվա համար այսքանը բավական է, կարող ես տուն գնալ»: Ներքուստ ես ուրախացա, որ նեղ վիճակից դուրս եմ եկել և արագ, առանց ժամանակ կորցնելու (շատ հնարավոր էր, որ Վեհափառը փոշմաներ ու խոսքը հետ առներ) արագ նրա ձեռքը համբուրեցի ու դուրս եկա: Տարիներ հետո հասկացա, թե ինչպիսի մեծահոգություն ցուցաբերեց Վազգեն Վեհափառը այդ պահին, երբ տեսավ կոտրված բյուրեղապակյա աղբամանի մի մասը, համբերությամբ կարողացավ զսպել իր զայրույթը և իր հանդիմանությամբ չվիրավորեց իմ սիրտը: Գուցե դա ինձ համար ճակատագրական լիներ: Ո՞վ գիտի: Իրապես սա Վեհին վայել արարք էր: Հավերժական լույս քո հոգուն, սիրելի Վեհափառ։

Տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ