Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Անքննելի են գործերն Աստծո

Անքննելի են գործերն Աստծո
08.11.2013 | 11:03

Որ կա Աստված, նույնիսկ աֆրիկյան հետամնաց ցեղերը գիտեն, բայց չեն ճանաչում ճշմարիտ Աստծուն, և փոխարենը կուռքերի ու կենդանիների են պաշտում: Իսկ ի՞նչ ասենք կոմունիստական անաստված տարիների մարդկանց մասին, երբ նույնիսկ չէին հավատում, որ Աստված կա: Աթեիստական այդ տարիներին շատերը համակերպվեցին հոգու խավարին ու տրվեցին կյանքի մարմնավոր ընթացքին, բայց գտնվեցին ոմանք, որ սրտերում ընդվզեցին անաստվածության գաղափարի դեմ ու ամեն առիթով Աստծո գոյության վկայություններ էին փնտրում, ու գտնում էին, քանի որ Աստված խոստացել է. «Ով փնտրի, նա կգտնի»:

Հիշում եմ, երբ նոր էր փլուզվել անաստված խորհրդային կայսրությունը, այդ ժամանակ Ամիրյան փողոցում հոգևոր գրքերի գրախանութ բացվեց: Մի օր, երբ այցելեցի այդ գրախանութ, վաճառողուհիներից մեկն ասաց. «Այստեղ 90 տարեկան մի զառամյալ մարդ է եկել, Աստծուն է փնտրում ու ասում է. «Եթե Աստված կա, օգնե՛ք ինձ, որ գտնեմ»: Մենք ինչ-որ գիտեինք՝ ասացինք, ու առաջարկեցինք, որ Ավետարան կարդա, բայց ինքը չի կարողանում կարդալ, ու էլի համառում է, որ օգնենք Աստծուն գտնի, ու արդեն չգիտենք՝ ինչ ասենք, եթե կարող ես, խոսիր նրա հետ»: Նա աղանդավորների տարբեր խմբեր էր այցելել Աստծուն փնտրելու, բայց նրանք չէին կարողացել օգնել, ու հագուստ և ուտելիք էին առաջարկել, սակայն նա մերժել էր դրանք, ու համառորեն միայն Աստծուն էր փնտրում: Հասկացա, որ այս մարդուն Իր մոտ կանչելուց առաջ Իրեն փնտրելու շնորհ է անում, որ պատրաստ լինի վերադարձին:
Հիշեցի, երբ կոմունիստական տարիների անմիտ ընթացքին տրված, այսինքն՝ մարմնա-անասնական կյանքով էի ապրում, այսինքն` առանց հավիտենական կյանքի մասին գիտության, որպես արդյունք, ստամոքսի խոց վաստակեցի: Տարիներով դրա ձեռքը տառապում էի, գիշեր-ցերեկ, իսկ ավելի շատ գիշերները, երբ է՛լ առավել էին սրվում ցավերս: Այդ տառապալից գիշերներին ես շատ բան ունեի մտածելու, քանի որ սկսել էի հասկանալ՝ ինչ-որ բան այն չէ իմ կյանքում: ՈՒ երկար խորհելուց հետո հասկացա, որ ես անարգել մարմնիս ցանկություններին եմ տրվել. է՛լ ծխել, է՛լ խմել, է՛լ չգիտեմ ինչ, ու հիմա դրա պտուղներն եմ հավաքում: Չնայած, ըստ իս, հոգևոր կողմն էլ չէի անտեսում, այսինքն՝ գրականությունը, փիլիսոփայությունը, արվեստը իմ կյանքում կարևոր տեղ են զբաղեցրել, բայց և այնպես հասկանում էի, որ էլի ինչ-որ բան է պակասում, քանի որ ներսումս անբացատրելի դատարկություն էի զգում, բայց չգիտեի, թե այն ինչով լցնեմ: ՈՒ քանի որ Աստված Իրեն փնտրողներին է փնտրում, Իր զարմանալի հնարներով «կորսված ոչխարիս» էլ գտավ ու Իր փարախը՝ եկեղեցին տարավ: ՈՒ հասկացա, որ այդ ներքին դատարկությունը հոգուս ճիչն է եղել իր մասին նույնպես հոգալու, ու իրական հոգևոր կերակրով սնելու համար: Ասում եմ իրական, քանի որ կոմունիստական մոլորությունների ժամանակ, մեզ բոլորիս ապուշի տեղ դրած, շնչավոր՝ բանական կերակուրը, այսինքն՝ արվեստն ու գրականությունը, ասել կուզի՝ մշակութային արժեքները որպես հոգևոր սնունդ էին հրամցնում անաստվածացած մեր սերնդին: ՈՒ երբ մի օր մի բանուկ փողոցով քայլելիս, մռայլված հոգուս անդունդի խավարից երկնքին նայելով, աղաղակեցի. «Տե՜ր Աստված, եթե այս կյանքը գերեզմանով է վերջանալու, ու իմ միջի գեղեցիկ երազների հետ որդերի կերակուր եմ դառնալու, հենց հիմա հետ վերցրու տվածդ այս կյանքը»: Կարծես հոգիս ճչում էր ու կանչում Արարիչ Հորը, քանզի ես այնքան հավատով էի խնդրում, որ կարծում էի, թե հենց հիմա, տեղում կմեռնեմ, ու վերջ: Բայց շուտով Աստծո զարմանալի այցելության միջոցներով ես իմացա, որ մեզ ընձեռված այս կյանքը ընդամենը մի կարճ ժամանակ է, որ Հիսուսին ճանաչելով, Աստծո խոստացած հավիտենական Արքայությունը ժառանգենք: Դրանից հետո, այն ժամանակվա համար բավականին մեծ գումարով, իմ մեկ ամսվա աշխատավարձով Աստվածաշունչ ձեռք բերեցի, որն այդ ժամանակ Բեյրութից եկող մեր հայրենակիցներն էին բերում, ու սկսեցի անհագ կերպով Աստծո Խոսքը կլանել: Եվ այդ կենարար Խոսքից իմացա, որ մարդը կենդանի հոգի ունի, ինչն ամենահիմնական արժեքն է մեր մեջ, քանի որ այն հավիտենական է, իսկ մարմինը ժամանակավոր է՝ հողից ծնված, հողին վերադարձող: ՈՒ սկսեցի ծարաված անհագի նման Աստվածաշունչ կարդալ, պատարագների մասնակցել, սուրբ Հաղորդությամբ սնել հոգիս, որից հետո, հետզհետե ներքին խաղաղություն իջավ վրաս, ինչը փնտրում էի ողջ կյանքում:
ՈՒ գրախանութում կանգնած, ես հասկացա, որ այս զառամյալ մարդուն միայն Աստծո հավիտենական խոսքերը կարող են օգնել, ու ներքին կարճ աղոթքից հետո, դիմեցի նրան.
«Հայրի՛կ, ինչ-որ հիմա կասեմ, իմ կամ մարդկային խոսքեր չեն, այլ այն Աստծո, ՈՒմ դու փնտրում ես: Նա ասել է Ավետարանով. «Ով փնտրի Ինձ, նա կգտնի անպայման»:
Իհարկե, ես Ավետարանի խոսքը մի փոքր պարզեցված փոխանցեցի նրան, որ ընկալելի լինի այս մեկ դար ապրած ու մտքով արդեն մանկացած մարդուն, ով իսկապես մանկական միամտությամբ էր Աստծուն փնտրում: ՈՒ ամեն ինչ տեսած ու լսած այս մարդը, երբ լսեց Աստծո խոսքը, ասաց.
-Եթե ասողն Աստվածն է, ուրեմն կգտնեմ,- ու այլևս հարցեր չտվեց:
Երբ դուրս եկանք գրախանութից, որ ուղեկցեմ մինչև կանգառ, մի փոքր հարցուփորձ արեցի իր անցած կյանքից, ու նա այս զարմանալի վկայությունը տվեց. «Ես Սուրբ Երկրի՝ Իսրայելի ծնունդ եմ, Երուսաղեմից ոչ հեռու Յաֆֆայում եմ ծնվել: Երբ պատերազմից հետո կոմունիստ ագիտատորները եկան մեզ մոտ ու քարոզում էին մեզ՝ հայերիս, որ վերադառնանք Սովետական Հայաստան, այնտեղ դրախտի նման կապրենք, ես ոգևորվեցի նրանց խոսքերից ու ինքս էլ դարձա մի ագիտատոր, և առաջին նավերից մեկով հարյուրավոր հայեր բերեցինք Հայաստան: Բայց շատ չանցած բոլորս էլ հասկացանք, որ մարդկային խոսքերից ենք խաբվել ու շեն տուն-տեղ թողնելով, եկել ենք այս թշվառ հայրենիքը: Ես, որ այդ կոմունիստ չեկիստների հետ մտերմացել էի, մի օր նրանց դիմեցի. «Ձեր ասածներն իրականությանը չեն համապատասխանում. ինչո՞ւ խաբեցիք մեզ»: Նրանք խստությամբ պատասխանեցին. «Եթե ուզում ես ապրել, լեզուդ ատամիդ տակ պահիր: Մի գործ կտանք, մեզ հետ համագործակցելով քեզ լավ կլինի, որովհետև մեզ շատ օգնեցիր, ու մեզ քեզ նման մարդիկ են պետք»: Ես ասացի. «Չեմ ուզում, եթե մի անգամ խաբեցիք, ուրեմն էլի կխաբեք: Բայց քանի որ ես էլ եմ մեղավոր այդ մարդկանց գաղթելու համար, լեզուս ատամիս տակ կպահեմ մինչև կյանքիս վերջը»: ՈՒ մի հողամաս տվեցին Արեշում, և կամաց-կամաց մի տուն սարքեցի, ու հիմա, այսքան տարիներ հետո, չգիտեմ ինչու, միայն քեզ եմ ասում այս մասին, երևի արդեն վերջս եկել է»: Այդ քչախոս ու ժայռաբեկորի նման կարծր մարդուց այս խոստովանությունը լսելն ինձ համար շատ անսպասելի էր: Ցտեսություն ասելուց հետո դեռ երկար նայում էի մաշված վերարկուով ու մորթե փափախի ականջները մինչև ուսերն իջեցրած, մեկդարյա կյանք ապրած, քոթուկի պես դեռ պինդ մարդու հետևից, ու զարմանում էի Աստծո անիմանալի գործերի վրա, հավատալով, որ ներքին ազնվությունը պահած ու կոմունիստների կեղծավորութունը մերժած և մեկ դար ապրած այս մարդն անպայման Աստծուն գտած պիտի վերադառնա մեզ բոլորիս սիրող Հոր երկնային տուն:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ