Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Սադհու Սունդար Սինգհ

Սադհու Սունդար Սինգհ
01.11.2013 | 11:21

«Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ յետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կ’ընդունի կենաց լոյսը» (Հովհ. 812):
Կենաց Լույսի տարածմանն էր ի վերուստ կոչված 1889 թվականին Հնդկաստանի Ռամբուր քաղաքում հարուստ ագարակատեր, Սինգհերի հայտնի տոհմի շառավիղ Սերդար Շեր Սինգհի ընտանիքում ծնված Սունդար Սինգհը: Նա հինգ եղբայրներից կրտսերն էր և բարեպաշտ մոր անմիջական դաստիարակության ներքո մեծանում էր Սինգհերի ավանդույթներով:
Սունդար Սինգհը վաղ պատանեկությունից ոչ միայն ծանոթ էր կրոնական հիմնական ուսմունքներին, այլև քաջատեղյակ էր Բհագավագիտային, Վեդաներին, Ղուրանին: Տասը տարեկան հասակում քրիստոնյա միսիոներների հիմնադրած դպրոց հաճախելու ընթացքում ծանոթանում է նաև Աստվածաշնչին: ՈՒ թեև Աստվածաշունչը նրան այնքան էլ չի հետաքրքրում (կարծում էր, թե այն սուտ է), բայց և այնպես շարունակում է հաճախել դպրոց, քանի որ, աստվածաշնչյան ուսուցումներից բացի, միայն այդ դպրոցում էին այլ գիտելիքներ տալիս:
Տասնչորս տարեկանում՝ սրբակյաց մոր մահից հետո, Սունդարը կորցնում է հոգու խաղաղությունը և հայտնվում հավատի խոր ճգնաժամի մեջ: Նա գոհացում չէր գտնում ո՛չ կրոնական ուսմունքներում, ո՛չ կրթության և ո՛չ էլ առավել ևս երկրային բարիքների մեջ: Նա սկսում է շարունակ ծաղրի ու անարգանքի ենթարկել դպրոցի ուսուցիչներին ու միսիոներներին: Մի օր բոլորի ներկայությամբ նույնիսկ պատառ-պատառ է անում և այրում Աստվածաշունչը:
Այլևս չկարողանալով տանել իր վիճակի թշվառությունը՝ Սունդարը որոշում է վերջ տալ կյանքին: Եվ ահա 1904 թ. դեկտեմբերյան մի գիշեր արթնանում է առավոտյան ժամը հինգին մոտակայքով անցնող գնացքի տակ նետվելու անհողդողդ որոշմամբ: Սինգհերի սովորույթի համաձայն` սառը լոգանք է ընդունում, ապա ծնկի իջնում աղոթելու՝ խնդրելով, որ եթե Աստված գոյություն ունի, եթե Նա լսում է իրեն, ապա հայտնվի և ցույց տա ճշմարիտ ճանապարհը: Աղոթքն ավարտելուց հետո, երբ արդեն մոտենում էր գնացքի անցնելու ժամը, սենյակը լցվում է փառքով, և երևում է Տիրոջ լուսեղեն կերպարը: «Նրանից կենարար սիրո պայծառ լույսի շողեր էին հորդում այնպիսի զորությամբ, որ թափանցում և ողողում էին հոգիս»,- ասում է Սունդարը: Տեսիլքից հետո նա լսում է անցնող գնացքի ձայնը և հասկանում, որ ծնվել է վերստին ու լցվում է քրիստոնյա դառնալու և Քրիստոսին հետևելու հաստատակամությամբ: Հայրը, երբ իմանում է որդու քրիստոնյա դառնալու մտադրության մասին, սկզբում խնդրում, ապա նաև սպառնում է՝ ընտրած ճանապարհից նրան հետ դարձնելու նպատակով: Եվ երբ հասկանում է, որ որդին անդրդվելի է, նրան վտարում է հայրական տնից:
Տասնհինգամյա պատանին, ունենալով ընդամենը մի ծածկոց, Աստվածաշունչը ձեռքին շրջեց և Կենդանի Աստծու կենսապարգև խոսքը տարածեց ողջ Հնդկաստանում: Իր քարոզչական քսանհինգ բեղուն տարիներին նա հասցրեց լինել և քարոզել Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի մի շարք երկրներում, Ամերիկայում և Ավստրալիայում:
Վերջին անգամ Սունդարին տեսնում են 1929 թ. նոյեմբերին՝ Աստվածաշունչը ձեռքին հերթական անգամ Տիբեթ բարձրանալիս. գնում էր լեռնային հեռավոր գյուղերը։
Տերն ասում է. «Ոչ ոք ճրագ չի վառի եւ կաթսայի տակ չի թաքցնի կամ մահճի տակ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի ովքեր մտնեն, լոյսը տեսնեն» (Ղուկ. 816):
Օրերս «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հիմնադիր, գործարար Բարսեղ Բեգլարյանի անձնական նախաձեռնությամբ և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակվեց Սադհու Սունդար Սինգհի հայերեն թարգմանված «Տիրոջ ոտքերի մոտ» լուսառաք գիրքը՝ հնարավորություն ստեղծելով այն դնելու ավելի բարձր աշտանակի վրա և տեսանելի դարձնելու մեր ժողովրդի ավելի շատ հավատավոր զավակների: Գրքում Տիրոջ և աշակերտի միջև տեղի ունեցող հարց ու պատասխանի միջոցով անչափ նրբորեն և մեղրանուշ լեզվով շոշափվում ու մեկնվում են այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են Աստծո ներկայության դրսևորումը, մեղքը և փրկությունը, դրախտը և դժոխքը, խաչը և տառապանքի խորհուրդը, աղոթքի նշանակությունը, ծառայության իրական իմաստը: Գիրքն ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ, և նրանք, ովքեր կկարդան ու կհավատան գրքում բացահայտված ճշմարտություններին, կարծում եմ՝ կապրեն երանության աննկարագրելի զգացողությունը: Գիրքը նկարազարդված է Մայիս Մխիթարյանի «Հիսուսի պայծառակերպությունը» խորախորհուրդ կտավով՝ ներդաշնակորեն զուգորդված լինելով բովանդակության հետ: Գիրքը կարելի է ընթերցել www.tirojvotqerimot.com-ում և մեր կայքում` հետևյալ հղումով:


Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3103

Մեկնաբանություններ