Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ես դուռն եմ

Ես դուռն եմ
10.05.2013 | 23:48

Հանդիպումներ Հիսուսի հետ Գալիլեայում

Սկսեմ Գալիլեայի ծովակից, ջուրը թափանցիկ է այնքան, որ երևում են ձկները: Պարզ է, թե ինչու այստեղ ձկնորս են եղել բոլորը: Նավով շրջապտույտը Գալիլեայի ծովակի վրա, որ իրականում լճակ է ու շատ նման է քնարի, չափազանց կարճատև էր ջուրն զգալու համար: Ջուրը ոչ միայն թափանցիկ էր, այլև տաք ու փափուկ: Իսկ քարերը, որ հավաքեցի ափից, սև էին: Ամբողջ երեք տարի Հիսուսը Գալիլեայում քարոզչությամբ է զբաղվել, և բարի ու սիրալիր գալիելացիները նրան ընդունել են հարազատի պես: Չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ եթե Երուսաղեմը Գալիլելայում լիներ, պատմությունն այլ ընթացք էր ունենալու: Պարզապես այստեղ բոլորովին այլ Իսրայել է: Գալիլեայի ծովակի ափերին պահպանել են Հիսուսի բազում սրբավայրեր: Նախ՝ Երանիների լեռան եկեղեցին: Կարապետ սարկավագը երանիները համեմատում է պատվիրանների հետ, ու հորդորում սիրել: Երանիները իսկապես էլ պատվիրանների մի քիչ ավելի ընդարձակ մեկնաբանությունն են, որ բացատրում են ինչ անել ու ինչ չանել: Իսկ եկեղեցին համախմբում է ամենատարբեր մարդկանց ու նրանց հոսքը Հիսուսի ոտնահետքերով չի դադարում: Ես, իհարկե, վստահ չեմ, որ ուխտագնացությունը հավատի վկայություն է, որովհետև Հիսուսին հավատալու համար բոլորովին պարտադիր չէ տեսնել այն տունը, ուր նա ապրել է կամ այն այն տունը, ուր նա հարսանիքում պակասած գինին մոր խնդրանքով ավելացրել է՝ ջուրը գինիացնելով, այն վայրը, որտեղ նա երկու նկանակ հացով ու երկու ձկով հինգ հազար մարդու է կերակրել: Ես նաև վստահ չեմ, որ ուխտագնացությունը հավատն ամրապնդում կամ հզորացնում է: Բայց լիովին վստահ եմ, որ բոլոր այս օրերին Երուսաղեմում, Բեթղեհեմում, Գալիելեայում, Թաբոր լեռան վրա, Հորդանան գետում, Մեռյալ ծովում, Տիբերիայում, Կանայում, ամենուր, ու եղել ու չենք եղել, մեզ հետ են եղել լույսն ու աղը: Իսկ դա հենց այնպես ու պատահաբար չի տրվում: Պատվիրաններն ու երանիները, որ հիմքերի հիմքում են, մինչև հիմա էլ չեն դարձել կենսակերպ, որովհետև մարդիկ իրենց գոյության սկզբից մինչև այսօր չեն կարողանում հաղթահարել վախը, ապրելու վախը, ու ամեն ինչ անում են պաշտպանվելու համար իրենց նմանից, ու նրանք բոլորը ստեղծված են Աստծո պատկերով ու նմանությամբ: Ընդամենը այդքանը, հոգով նրանք շատ հեռու են իրենց պատկերից ու Աստծո նմանությունից:
Տաբղայի հինգ հազարի կերակրման եկեղեցին ևս շատ գեղեցիկ ու փոքրիկ կառույց է՝ համարյա զբոսաշրջային թեմաներով, եկեղեցու շուրջբոլորը բացօթյա խորաններ են, որտեղ իրենց ազգակիցներին բազմալեզու զբոսավարները անդուլ ու անդադրում պատմում ու պատմում են Հիսուսի կյանքը, իսկ նրանք լսում են, լսում, հետո նկարվում համարյա ամեն քարի ու ամեն ծառի հետ:
Կափառնայումը Տիբերիական ծովակի ափին է: Այստեղ Հիսուսը հանդիպեց Անդրեասին, որ ձկնորս էր ու կանչեց նրան, Անդրեասը իր հետ բերեց ձկնորս եղբորը՝ Պետրոսին ու Հիսուսը նրանց կոչեց հետայսու ոչ թե ձկներ, այլ մարդկանց հոգիները որսալ: Հիսուսը Կափառնայումում ապրում էր Պետրոսի զոքանչի տանը: Կափառնայումը պահպանում և Պետրոսի, և իր զոքանչի տունը: Ու էլի մի քանի տներ, որտեղով անցել է պատմությունը: Տխուր պատմությունը՝ Հիսուսի համբարձումից հետո նրա աշակերտները վերադառնում են իրենց նախկին կյանքին ու անգամ Պետրոսը նորից ձեռքն է առնում ուռկանը: Եվ պետք էր Հիսուսի վերադարձը, որպեսզի նրանք համոզվեին, որ պատմությունը նոր միայն պիտի սկսվի ու առաջին անգամ իրենք պիտի լինեն ԱՌԱՋԻՆ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Տիբերիա
Հ.Գ.-Իսկ վաղը մեկնում ենք Թել Ավիվ, ուրեմն՝ Յաֆֆա և Նիկողայոսի Հայոց վանքը: Թել Ավիվ, այսինքն՝ Միջերկրական ծով, և դա բոլորովին այլ պատմություն է, եթե ընդհանրապես իմաստ ունի պատմությունը մասնատել, ինչպես իմաստ ունի համարել, թե տարբեր գրողներ դարեր շարունակ գրել են տարբեր գրքեր, գուցե ընդհանրապես գրողը մեկն է ու գրվողն էլ մեկ գիրք է:

Դիտվել է՝ 1717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ