Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Կանանց դերն ազգապահպանման գործում ավելին է, քան կարծում ենք

Կանանց դերն ազգապահպանման  գործում ավելին է, քան կարծում ենք
05.04.2013 | 11:00

«Ավետում» բառը, անշուշտ, բոլորիս է հայտնի, թեկուզ «Ավետարան» բառից, որ բարի լուր է նշանակում։ Բայց ես կասեի` ամենաբարի լուր, որ երբևէ կարող է յուրաքանչյուր մահկանացու ադամորդի լսել, քանզի այդ ավետման մեջ կյանք կա, որովհետև առաջին ավետիսը Մարիամ կույսը ստացավ Գաբրիել հրեշտակից, քանզի նա պիտի հղիանար ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին ծներ։ Ավետման այս տոնի առթիվ մեկ անգամ ևս փաստենք. կանանց շատ կարևոր դեր է հատկացրել մեր բոլորի Արարիչ Տերը տվյալ ազգի ինքնության և հարատևման գործում։ Չզարմանանք, կանանց դերն ազգապահպանման գործում ավելին է, քան մենք կարծում ենք։

Աստվածաշնչում բազում են այն սրբուհիները, որոնց միջոցով օրհնվել են ազգովին։ Աբրահամ նահապետի կինը՝ Սառան, այնքան գեղեցիկ էր, որ նույնիսկ թագավորներն ու փարավոններն էին ցանկանում նրան կնության առնել, բայց նա մինչ ի մահ ամուսնուն հավատարիմ մնալով, նրան խոնարհաբար ասում էր` տե՛ր իմ, քանզի լավ գիտեր, որ կնոջ գլուխը տղամարդն էր, կարգված Աստծուց։ Այդ պատճառով Տերը նրան չմոռացավ և իննսուն տարեկան հասակում առաջին զավակը պարգևեց՝ Իսահակին, որով պիտի օրհնվեին աշխարհի բոլոր ազգերը, քանզի այդ սերնդից Հիսուսը պիտի ծնվեր։
Մյուս հերոսուհին գեղեցկուհի Հուդիթն էր, որը երբ լսեց, որ անօրենները շրջապատել են Երուսաղեմը, գեղեցիկ հագուստներով զգեստավորվելով, քաջաբար մինչև թշնամու բանակ գնաց ու իր ազգը փրկեց կործանումից, կտրելով զորավար Հողոփեռնեսի գլուխը, ով սպառնում էր կործանել հրեա ազգը։
Նման ազատարար հերոսուհի կին դարձավ նաև Էսթեր թագուհին, երբ, իմանալով իր ազգին սպասվող վտանգի մասին, համարձակվեց թագավորի մոտ գնալ, լավ իմանալով, որ առանց հրամանի թագավորի առջև ելնող ամեն ոք, ով ուզում է լինի, իսկույն գլխատվում է։ Բայց այդ ընտիր և ազգասեր կինը չվախեցավ մահից, ապավինեց Աստծո զորությանը, հրեաներին խնդրելով երեք օր ծոմապահություն անել և աղոթել, որ թագավորի առջև շնորհք գտնի։ Եվ այդպես էլ եղավ. նա ստացավ խնդրածից ավելին, և ամբողջ հրեա ազգը փրկվեց ոչնչացումից։
Բայց այդ բոլոր սրբուհիների մեջ, անշուշտ, առավել երանելի է Մարիամ Աստվածածինը, ով Իր սրբասուրբ որովայնում Սուրբ Հոգուց անախտաբար հղացավ աշխարհի Փրկչին՝ Աստծո Որդուն՝ Հիսուսին։
Տեղին է մտաբերել, որ հրեական օրենքով, երբ նշանված կինը մինչ ամուսնությունը հղիանում էր, նրան քարկոծելով սպանում էին որպես անառակի և անբարոյականի, որովհետև դրանով իսկ ազգին անարգանք է բերել` պղծվելով ապօրինի կենակցությամբ։ Բայց Մարիամ կույսը հավատով ապավինելով իր Տեր Աստծուն, խոնարհաբար պատասխանեց ավետաբեր Գաբրիել հրեշտակին. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո կամքի համաձայն լինի ինձ» (Ղուկաս 1.38)։
Հայոց ընտիր դուստրերից հիշենք քրիստոնեական աշխարհի առաջին կին նահատակին՝ Սանդուխտ կույսին։ Լինելով արքայադուստր, Հիսուսի փրկարար ավետիսը լսելուց հետո, ոչինչ համարեց արքայական հարստությունն ու շքեղությունը և խոնարհաբար, համեստ հագուստներ կրելով, աշխատում էր իր երկնավոր Փեսային՝ Հիսուսին հաճելի լինել ու Նրա վկան լինել հայոց հեթանոս ազգի մեջ։ Բայց դիվամոլուցք ոխով լցված նրա կռապաշտ հայրը՝ Սանատրուկը, չխնայեց իր դեռատի դստերը, նաև բազմաթիվ քրիստոնյաների, և Տիրոջ առաքյալ սուրբ Թադեոսի հետ բոլորին նահատակեց։
Իսկ ինչո՞վ ընդօրինակելի չեն Գայանյանց ու Հռիփսիմյանց սուրբ կույսերը, մանավանդ սուրբ Հռիփսիմեն, ով մերժեց Տրդատ արքայի առաջարկը, որպեսզի հայոց թագուհի դառնա, ու նահատակվեց երեսունյոթ կույս միանձնուհիների հետ։
Ով չի կարդացել ու հիացել Վարդան Մամիկոնյանի դստեր՝ սրբուհի Շուշանիկի վարքով։ Նա մեր սուրբ հավատի համար վեց տարի շղթայակապ, քուրձերի ու ցնցոտիների մեջ, լոկ հացով ու ջրով տանջահար է եղել իր չորս զավակների հոր՝ Գուգարաց դաժան բդեշխի ձեռամբ, որը, ուրանալով Քրիստոսի լույս հավատը, ընդունում է կրակապաշտական կրոնի մոլորությունը։
Տեղին է նաև նշել, որ խաչակիրների ժամանակ Երուսաղեմն ունեցել է երեք հայուհի թագուհի, որոնցից ամենահայտնին Մելիսանտն էր, որի իշխանությունը տևեց ուղիղ 30 տարի: Այդ հայարմատ դուստրը 1129 թվին ամուսնացել է ֆրանսիացի կոմս Ֆուլք Անժուի հետ, որը Երուսաղեմի գահ բարձրացավ 1131-ին: Ֆրանսիացի խաչակիր և պատմաբան Գիյոմ Տյուրենացին այսպես է նկարագրում Մելիսանտին. «Գեղեցիկ, իմաստուն, քաղցր, գթասիրտ և առաքինի հայուհին այնքան հարգի ու սիրելի էր իր ամուսնուն, որ նա առանց կնոջ խորհուրդների ոչինչ չէր ձեռնարկում, իսկ բարձրաստիճան հյուրերի ընդունելություններն առանց իր սիրելի տիկնոջ ներկայության չէին կայանում»:
Ավելացնենք, որ այս առաքինաշատ թագուհու ջանքերով է վերակառուցվել Երուսաղեմի սուրբ Հարության այժմյան տաճարը, որտեղ գտնվում է մեր Տիրոջ սրբասուրբ Գերեզմանը։
Եվ այլ շատ օրինակներ ունենք հայոց պատմությունից, բայց ափսոս, որ միայն պատմության էջերում են մնացել, քանզի այժմյան հայոց դուստրերը կարծես թե մոռացել են, թե ովքեր են իրենք, և ինչ ընտրագույն ազգի առաքինի կանանց դասին են պատկանում։ Այո՛, այս բառը համարձակաբար եմ գրում, որովհետև մի ժամանակ մեր ազգը մերձակա հարևանների համար իսկապես թե՛ քաջության, թե՛ առաքինության օրինակ է եղել, ինչը խիստ պատվական է նաև մեր Տիրոջ մոտ, ինչպես և գրված է Սուրբ գրքում. «Կանա՛յք, թող ձեր արտաքինը զարդարված չլինի հյուսքերով ու ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով, այլ սրտի ներսի մարդը՝ հեզ ու հանդարտ հոգու անեղծությամբ, ինչը շատ ավելի արժեքավոր է Աստծո առջև»։
Վերջում խոսքս ուղղում եմ մեր ազգի այն դուստրերին, ովքեր, անարգելով Աստծո խոսքն ու մեր սուրբ նախնիների տված օրինակները, մեղանչում են մինչ օրինական ամուսնական անկողին մտնելը, և արդեն պղծված վիճակում եկեղեցի են գնում, որ սուրբ պսակադրության օրհնության արժանանան, մի՞թե կարծում են` փեսացուին խաբելով, Աստծուն էլ կարող են խաբել. իհարկե ո՛չ։ Հաստատ իմանանք, որ նման ընտանիքն արդեն մեղքի ապականության վիրուսով է վարակված, ու դրա ապագան ավազի վրա շինված տան նման է, և առաջին իսկ ընտանեկան փորձությունից պիտի փլվի։ Հետևաբար, զղջումով ու խոստովանության ապաշխարությամբ մաքրվեք մեղքերից ու անօրենություններից։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ