Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Մեր փրկության ավետիսը մահվան իշխանությունից

Մեր փրկության ավետիսը  մահվան իշխանությունից
29.03.2013 | 12:20

Ահա և սրտի ու հոգու ուրախության օրվան էլ հասանք, քանզի յուրաքանչյուր քրիստոնյայի հոգու տոնակատարությունն է այն, քանզի ինքը միայն գիտի, թեկուզ և ենթագիտակցական ոլորտներում, որ սուրբ Զատիկը նաև իր փրկության ավետիսն է մահվան իշխանությունից։

Չնայած շատերս ենք լսել Զատիկ բառը, բայց քչերը գիտեն դրա իմաստն ու արմատը։ Փորձենք հնարավորինս լրացնել այդ բացը։
Զատիկ բառն առաջին անգամ գործածվել է այն ժամանակ, երբ Տերն Իսրայելի ժողովրդին դուրս էր հանում մահաբեր Եգիպտոսից. «Տերը Եգիպտացիների երկրում խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց. «Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարվա առաջին ամիսը լինի: Դու խոսի՛ր իսրայելացի ողջ ժողովրդի հետ ու ասա՛. «Այս ամսի տասներորդ օրը ամեն մարդ թող մի ոչխար առնի ըստ իր ընտանիքի՝ ամեն մի տան համար մեկ ոչխար: Եթե մի ընտանիքի անդամները այնքան քիչ են, որ չեն կարող մեկ ոչխար ուտել, ապա ընտանիքի մեծը, ըստ ընտանիքի թվի, թող միանա իր հարևանի կամ ընկերոջ հետ, և յուրաքանչուրը թող ստանա ոչխարի համապատասխան բաժինը: Ձեր այդ ոչխարը որևէ պակասություն թող չունենա, լինի արու, մեկ տարեկան ու անարատ: Այն կարող է գառ կամ ուլ լինել: Այն կպահեք մինչև այս ամսի տասնչորսերորդ օրը, և իսրայելացիները այն թող մորթեն երեկոյան: Թող վերցնեն նրա արյունից ու քսեն այն տան դռան սեմին երկու տեղ ու դռան շրջանակի վերևը այն տան, որտեղ այն ուտելու են: Այդ գիշեր թող ուտեն կրակի վրա խորոված միսը, այն թող ուտեն բաղարջ հացով ու դառն խոտերով: Դրանք հում կամ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով: Կուտեք նաև ոչխարի գլուխը, ոտքերն ու փորոտիքը: Առավոտյան դրանից ոչինչ թող չմնա: Ոչխարի ոսկորները մի՛ ջարդեք, այլ, ինչ ավելանա դրանից, կրակով կայրեք: Եվ կուտեք այսպես. ձեր գոտիները թող ձեր մեջքին լինեն, ձեր կոշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին: Արագ կուտեք, որովհետև Տիրոջ զատիկն է: Այդ գիշեր Ես պիտի անցնեմ Եգիպտացիների ամբողջ երկրով և պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկրի բոլոր արու առաջնածիններին՝ թե՛ մարդկանց, թե՛ անասունների: Եգիպտացիների բոլոր աստվածներից վրեժ պիտի լուծեմ, որովհետև Ե՛ս եմ Տերը: Եվ նշված արյունը այն տների վրա, ուր ուտելու եք, թող ձեզ նշան լինի: Ես, տեսնելով այդ արյունը, պիտի խնայեմ ձեզ, և ձեր գլխին չեն իջնի մահաբեր այն հարվածները, որոնցով պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկիրը: Այդ օրը ձեզ համար հիշարժան թող լինի, և դուք, իբրև Տիրոջ տոն, այդ օրը տոնեցե՛ք սերնդեսերունդ: Դա, իբրև կարգ, հավիտյան կտոնեք» (Ելք 1.1-14)։
Ինչպես կարդացիք, ստրկացնող Եգիպտոսի գերությունից դուրս գալու համար երկու պայման էր պետք. զոհաբերված գառան արյունը դռան սեմերին քսել, իսկ երկրորդը՝ այն ուտել. սա` Հին ուխտի ժամանակներում։
Հիմա գանք մեր օրերը, ավելի շուտ` քրիստոնեական ակունքներին։ Երբ Սուրբ կույս Մարիամից ծնվեց աշխարհի Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, բացի Տիրամորից ու Հովհաննես Մկրտչից, ոչ ոք չգիտեր այդ ծածկված խորհուրդը, որ Նա հենց այն զատկական Գառը պետք է լիներ, Որի զոհաբերությամբ ու Նրա թափված Արյան միջոցով յուրաքանչյուր մարդ կարող էր ազատվել այս աշխարհի իշխանի՝ սատանայի (որ փարավոնի խորհուրդը ունի) գերությունից։ Այդպես էլ ասաց Հովհաննես Մկրտիչը, երբ տեսավ Հիսուսին. «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1.29)։
Երբ մեր Տերը հոժարեց Խաչը բարձրանալ կամավոր զոհաբերությամբ, դրանով իսկ կատարվեց մարդկության ազատագրումը մեղքի ու մահվան իշխանությունից, քանի որ մեղքի վարձքը մահ է, իսկ Հիսուսի զոհաբերությունը և Նրա թափված Արյունը հատուցումն էր մարդկության բոլոր մեղքերի համար։
Բայց եթե մարդը շարունակում է մեղքի լայն ճանապարհով քայլել, սիրտն աշխարհի զեխ ցանկություններով գիրացնել, մոռանալով Եկեղեցի տանող ճանապարհը, կիրակնօրյա օրհնության Սուրբ պատարագները, հոգին մաքրող աղոթքները, եթե դեռ սիրտը փակ է աղքատների ու նեղյալների հանդեպ, ուրեմն այդպիսին մեր սուրբ նախնիների օրհնանքից զրկել է իրեն։ Իսկ եթե հոգին ներսում եռքի ալիքներ է բարձրացնում ու օր առաջ ուզում է մեղքերի քավություն գտնել, նշանակում է` Տիրոջ կենարար խոսքը սկսել է հոսել նրա երակներով:
ՈՒրեմն ելի՛ր ու կանգնի՛ր մեռելների միջից, քանզի քո լույսը եկել է, զատվի՛ր դժոխքի ճանապարհը բռնած մեղսասեր հոգիներից ու կանչիր այն ՄԵԿԻ անունը, որ քեզ համար խաչվեց ու հարություն առավ, և աղոթիր, ասելով. «Մեղա՜, մեղա՜ քեզ, Տեր, մեր հայրերի ու իմ գործած մեղքերի համար, այժմ սովորեցրու ինձ ընթանալ ճշմարտության, արդարության ու սիրո ճամփաներով»:
Այնժամ դու էլ սրբերի հետ լիասիրտ կգոչես.
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Եվ կլսես ի պատասխան.
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։
Որպես վերջաբան գրվածքի, մի որոշ տեղեկություն էլ կարդանք Զատկի օրվա վերաբերյալ։
Ըստ Ավետարանի` Հիսուսի խաչելությունը կատարվեց Նիսան (ապրիլ) ամսին, երբ հրեական բաղարջակերաց տաղավարահարաց օրերն էին, այսինքն` զատկական Պասեքի գառը ուտելու ժամանակ, որը, ըստ ավանդության, տեղի էր ունենում Նիսան ամսվա 14-ին: Հնում, երբ Քրիստոսի հիմնած Եկեղեցին դեռևս հրեական սովորույթներով էր առաջնորդվում, Զատիկը տոնում էին հենց այդ օրը՝ Նիսանի 14-ին։ Բայց հետագայում, երբ Եկեղեցին կազմավորվեց ու զորացավ, նախնի եկեղեցու առաջնորդները՝ եպիսկոպոսները, որոշեցին, քանի որ Հիսուսը հարություն առավ մեկշաբթի օրը, որը հետագայում կոչվեց տերունական օր կամ կիրակի, ապա զատիկը պետք է տոնեն հենց այդ օրը, այսինքն` Նիսան ամսվա առաջին լիալուսնի օրվա հաջորդ կիրակի օրը։
Մեր առաքելական եկեղեցին այդպես էլ առաջնորդվում է հնուց և անփոփոխ է պահում առաքելական այդ հաստատված կանոնը։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ