Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Սրտապնդվեցե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»

«Սրտապնդվեցե՛ք,  ես եմ, մի՛ վախեցեք»
26.03.2013 | 12:17

«Նավակը ցամաքից մղոններով հեռացել էր` դես ու դեն քշվելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր: Եվ գիշերվա ուշ ժամին Հիսուս եկավ նրանց մոտ` քայլելով ծովի վրայով: Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրա քայլելիս, տագնապահար եղան և ասացին. «Ինչ-որ ուրվական է» ու սարսափից աղաղակեցին: Հիսուս իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդվեցե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք» (Մատթ. 14:24-33):
Աշակերտները ճանաչում էին Հիսուսի ձայնը, բայց դեռ չէին ուզում հավատալ, որ Նա է: Հնարավոր էր, որ, ինչպես պատկերն էր երևում նրանց աչքին, այնպես էլ ձայնը կարող էր լսելի լինել նրանց ականջներին: Բոլորը շփոթության և տատանման մեջ էին. արդյոք իսկապես Հիսո՞ւսն էր երևացողն ու խոսողը, թե ինչ-որ երևութական խաբուսիկ մի բան: Պետրոսը, որն այսպիսի առիթներով խիզախորեն առաջ էր նետվում, ասում է. «Տեր, եթե Դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»: Հիսուսի դրական պատասխանը ստանալով` Պետրոսը փորձում է Հիսուսին ընդառաջ գնալ քայլելով ջրերի վրայով, սակայն Նրան չհասած սկսում է սուզվել, որովհետև վախենում էր ալիքների փոթորկոտ վիճակից: Հիսուս, որ Իր առաքյալների հավատն էր փորձում, տեսնելով Պետրոսի վտանգավոր վիճակը, անմիջապես ձեռքը երկարացնում ու բռնում է նրան: Ջրից դուրս հանելով` մեր Տերն ասում է. «Թերահավատ, ինչո՞ւ վախեցար»: Ապա նավակը նստելով` սաստում է ալիքներին և ամեն ինչ հանդարտվում է:
Առանց Աստծու իմաստություն գոյություն չունի, Նրանից անկախ ճշմարիտ գիտություն չկա: Մարդկային գիտությունը ոչ միայն վստահելի չէ, այլև կործանարար է` եթե գործածվի անկախ Աստծուց, առանց Նրա երկյուղի: Աշխարհի մեծագույն փորձանքները, կործանումներն ու ցավերն ընդհանրապես մարդու գիտության պատճառով են եղել: Ոչ մի բան աշխարհին այնքան վնաս չի պատճառել, որքան մարդը, որովհետև նա մտածել, ապրել ու գործել է առանց Աստծու երկյուղի:
«Վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր Նրա պատվիրանները. ահա այս է մարդն ամբողջովին. որովհետև Աստված պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց կատարած թաքուն գործերի համար` լինեն դրանք չար, թե բարի» (Ժող. 12:13):
Մարդը ինչո՞ւ պիտի վախենա իր Հորից: Այս է անընդունելին: Աստված արդյոք սարսափելի, հարվածող, պատժող կամ մարդասպան մե՞կն է: Մենք մեր ծնողներից վախենո՞ւմ ենք: Ո՛չ, հակառակը, սիրում ու հարգում ենք: Աստված մեր Հոգևոր Հայրն է: Բոլորս էլ լավ գիտենք, որ Նա բարի է և ամբողջովին լցված է սիրով: ՈՒրեմն, ինչպես սիրում ու հարգում ենք մեր ֆիզիկական ծնողներին, նույնպես և առավելաբար պիտի սիրենք ու հարգենք մեր Հոգևոր ծնողին` Աստծուն: Նա արժանի է մեր սիրուն և հարգանքին: Եթե «վախենալ» բառը փոխարինենք «հարգել, պատկառել» կամ «ակնածել» բառերով, այն ժամանակ կհասկանանք, թե մարդը Աստծուն հարգելով ու սիրելով կարող է սանձել անմարդկային արարքները: Սպանություն, հափշտակություն, գողություն և կամ այլ տեսակի գազանային արարքների պարագայում, ժողովուրդը դրանք կատարողների համար օգտագործում է հետևյալ արտահայտությունը. «Աստծուց չե՞ն վախենում» կամ «Աստծու վախը չունե՞ն իրենց սրտում»: Անշուշտ, կան նաև դրան հակառակ պարագաներ, երբ արդար ու մաքուր մարդիկ մերժում են իրենց առաջարկված անազնիվ գործերը. «Ես Աստծուց վախենում եմ» կամ «Աստված կա վերևում» և այլն: Աստծուց վախենալ նշանակում է երկյուղածությամբ մոտենալ Նրան, պատկառանք ունենալ Նրա ներկայությունից, մեծարել ու փառավորել Նրան: Իրականության մեջ Աստծուց վախենալ նշանակում է ոչ միայն հավատալ Նրա գոյությանը երկնքում, այլև Նրա ներկայությանը երկրի վրա: Աստծուց վախ ունեցողը ունի իմաստությունը իր կյանքը միշտ իր երկնավոր Հոր հետ տեսնելու, ապրելու և վստահությամբ ու քաջությամբ ասելու. «Տերն է իմ լույսն ու կյանքը, ումի՞ց վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ումի՞ց ես դողամ» (Սաղմոս 26:1):
Կան մարդիկ, ովքեր օրենքը չեն սիրում և չեն ուզում գործադրել, որովհետև ավելի խավարն են նախընտրում իրենց մութ և անազնիվ գործերը կատարելու համար: Իսկ օրենքը սիրող մարդիկ, ընդհակառակը, նախընտրում են լույսը, որպեսզի իրենց բարի ու արդար գործերը երևան: Օրենքը կիրառող երկրներն ավելի շուտ են ծաղկում և կարգ ու կանոնի մեջ մտնում: Ով օրենքը չի հարգում, անկանոն և անկարգապահ մարդ է:
Հիշեք, որ անպայման ոստիկանը կամ հսկիչը չպետք է մեզ հուշի, թե օրենքը չի կարելի խախտել, պետք է լավ հասկանանք, որ Աստծու աչքերն ամենուրեք մեզ են նայում, եթե շեղվենք Իր ճշմարիտ ճանապարհից, անարդար ու անազնիվ գործեր կատարենք, մեկ է, ուր էլ որ լինենք, փախուստ չկա, պատասխան պիտի տանք դրանց համար:
Հետաքրքիր վիճաբանություն է տեղի ունենում երկրի ու երկնքի միջև, թե ո՛վ ավելի շատ առավելություններ ունի, որոնք մարդկանց կարող են հաճույք պատճառել, որպեսզի նրանք ոչ մեկից չվախենան և այդ գեղեցկությունները վայելելով, մոռանան ամեն տեսակի անարդար գործեր կատարել:
Վեճը վերջանում է հաշտությամբ` փոխադարձաբար իրար առավելություններն ու գեղեցկություններն ընդունելով: Երկինքը խոնարհվում է դեպի երկիր, և երկիրը բարձրանում է դեպի երկինք` լեռների սպիտակափառ գագաթներով գրկում են իրար ու սիրո համբույր տալիս:
Նախ` պիտի աշխատենք մեր հոգիները մաքրել ու խաղաղեցնել ու երբ լսենք Տիրոջ ձայնը, թե` «Սրտապնդվեցե՛ք, քաջալերվեցեք, Ես եմ, մի՛ վախեցեք», պատրաստ լինենք, որովհետև Հիսուս չեկավ վախեցնելու, այլ տեր կանգնելու նրանց, ովքեր հավատացին Իրեն: Ամեն:

Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3470

Մեկնաբանություններ