Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Սուրբ հաղորդության խորհուրդը

Սուրբ հաղորդության խորհուրդը
26.03.2013 | 12:14

Վերջապես Մեծ պահքի ավագ շաբաթին էլ հասանք։ Թե ով ինչպես կարողացավ պահել այն, Աստված գիտի, բայց քանի որ արդեն հասել ենք այս կարևոր օրերին, ապա լավ կլինի նաև իմանանք, թե այդ պահեցողության նպատակը որն է եղել։
Հիսուսն Իր երկրային վերջին շաբաթվա ընթացքում բնական է, որ ամենակարևորները պիտի կատարեր, ու դրանից մեկն էլ ավագ հինգշաբթի օրվա վերջին ընթրիքն էր, երբ նա Իր տասներկու առաքյալների հետ Զատկական վերջին ընթրիքին նստեց։ Այդ պատճառով էլ մեր Հայ առաքելական եկեղեցին այդ օրը սուրբ Պատարագ է կատարում` վերհիշելով վերջին ընթրիքի հոգևոր խորհուրդը։
Իսկ դա հրեական օրենքի համաձայն էր, որովհետև դարեր առաջ Աստված Մովսեսի միջոցով հրամայեց, որ Եգիպտոսի բոլոր անդրանիկներին զարկող մահաբեր հրեշտակի հարվածից ազատվելու համար յուրաքանչյուր հրեա ընտանիք պարտավոր է մեկ տարեկան արու և անարատ գառ մորթել ու նրա արյունն իրենց տան դռան սեմին քսել, իսկ գառան միսը կրակի վրա խորովել և ուտել բաղարջ, անթթխմոր հացով ու դառը խոտերով, այն էլ միայն Մովսիսական օրենքի համաձայն թլպատվածները։ Եվ այդ գիշեր Տիրոջ մահաբեր հրեշտակն անցավ ամբողջ Եգիպտոսով մեկ, ու փարավոնի տնից սկսած զարկեց բոլոր այն տների ընտանիքների արու առաջնածիններին՝ անդրանիկներին, որտեղ գառան արյունը չկար քսված դռան սեմերին։ Դրանից հետո զարհուրած փարավոնը ստիպված թույլ տվեց, որ հրեաները դուրս գնան Եգիպտոսից։
Սա առաջին Զատիկն էր, որը Աստծո հրամանով դարձավ օրենք Իսրայելի ժողովրդի համար մինչև Հիսուսի ժամանակները։ Եվ ահա մեր Տերը, որպես հրեա մոր՝ Մարիամի զավակ, ամեն տարի մասնակցում էր զատկական այս խորհրդին, մինչև այն օրը, երբ իր առաքյալների հետ վերնատանը վերջին ընթրիքին նստեց։ Իսկ հիմա պիտի կարդաք մի բանի մասին, ինչը յուրաքանչյուր մկրտված քրիստոնյայի համար ամենակարևոր ու կենսական խորհուրդն է, որ նա պետք է կատարի, բայց շատերի անգիտության պատճառով այն կամ արհամարհվում կամ էլ անտեսվում է։ Ավետարանն այդ մասին գրում է. «Երբ երեկո եղավ, տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել»։
Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց, տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ Մարմինը»։ Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար» (Մատթեոսի Ավետարան 26.26-28)։ Եվ վերջում ավելացրեց. «Այս արեք Իմ հիշատակի համար»։
Իսկ մինչ այդ Հիսուս Իր քարոզներից մեկում ասել էր հրեաներին. «Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։ Այս է երկնքից իջած Հացը, որպեսզի ով որ սրանից ուտի, չմեռնի։ Ես եմ կենդանի Հացը, որ երկնքից է իջած, թե մեկն այս Հացից ուտի, հավիտյան կապրի, և այն Հացը, որ Ես կտամ, Իմ Մարմինն է, որը Ես կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհաննես Ավետարան 6.49-52)։ Ահա այդ Զատկական վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսը իրագործեց հենց այդ խոսքերն ու Իր Մարմնի փոխարեն անթթխմոր բաղարջ հացը տալով, իսկ Իր Արյան փոխարեն՝ անապական Գինին։ Սա կոչվում է սուրբ Հաղորդություն, որը բոլոր առաքելահիմք եկեղեցիների յոթ խորհուրդներից մեկն է ու ամենակարևորը, քանզի ինչպես նորածինը չի կարող առանց մոր կաթի ապրել ու մեծանալ, այդպես էլ քրիստոնյան` առանց սուրբ Հաղորդության։ Այդ պատճառով մկրտությունից ու սուրբ Մեռոնով դրոշմվելուց հետո յուրաքանչյուր քրիստոնյա ընդունում է քահանայի ձեռքից իր առաջին սուրբ Հաղորդությունը, իսկ երբ մկրտվողը դեռ կաթնակեր է, սուրբ Հաղորդությունը միայն դիպցնում են երեխայի շուրթերին, ապա տալիս նրան կերակրող մորը։
Սուրբ Հաղորդության նշխարքը՝ ցորենի պարզ հացը՝ մինչ սրբագործությունը ընդամենը անթթխմոր հաց է, որը թխվում է սուրբ Պատարագի օրը և Խաչի կնիքով դրոշմվում։ Արարողության ժամանակ աղոթքներով ու Սուրբ Հոգու միջոցով այն հրաշապես փոխակերպվում է Հիսուս Քրիստոսի Մարմնի, իսկ գինին, որ պատրաստում են անպայման որթատունկի, այսինքն` խաղողի բերքից, նույնպես փոխակերպվում է Հիսուսի Արյան. եկեղեցին այն անվանում է Գոյացափոխություն։ Սա այն հրաշքի նորոգումն է, որ Հիսուս Քրիստոսը կատարեց` վերջին ընթրիքի ժամանակ հացն ու գինին Իր երկրպագելի Մարմնին ու Արյանը փոխարկելով։ Ամբողջ արարողությունը, որտեղ կատարվում է այդ ամենը, կոչվում է սուրբ պատարագ, կամ անարյուն զոհաբերություն։ Այդ սրբագործությունը կատարվում է միայն օծյալ քահանայի միջնորդությամբ և աղոթքներով, որի ընթացքում նա երիցս կրկնում է. «Երկրպագում, աղաչում ու խնդրում ենք Քեզնից, բարերար Աստված, առաքիր Քեզ մշտնջենակից և էակից Սուրբ Հոգիդ մեր և մեր առջև դրված այս ընծաների վրա։ Որով օրհնելով այս հացը, այն ճշմարտապես դարձրու մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի օրհնյալ Մարմինը։ Եվ գավաթն այս ստուգապես դարձրու մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի օրհնյալ Արյունը։ Որպեսզի այս ամենը լինի մեզ՝ մերձեցողներիս անդատապարտություն, մեղքերի քավության և թողության համար»։ Իսկ վերջում ավելացնում է. «Ճաշակենք սրբությամբ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի սուրբ և պատվական Մարմնից ու Արյունից, որ, իջնելով երկնքից, բաշխվում է մեր մեջ։
Սա՛ է կյանքը, հույսը, հարությունը, մեղքերի քավությունն ու թողությունը»։
Եթե ընթերցողը ծանոթ է Աստվածաշնչին, ապա կհիշի, որ Ադամն ու Եվան Եդեմում մեղանչելուց հետո դուրս վտարվեցին դրախտից, որովհետև Կենաց, այսինքն` Կյանքի ծառը կար այնտեղ, որի պտուղը եթե հանկարծ նրանք ուտեին, ապա հավիտյան մեղավոր կմնային։ Ահա Աստված Հիսուսի զոհաբերությամբ վերականգնեց Կենաց ծառի պտղի ճաշակումը ադամորդիներիս համար, որը ոչ այլ ինչ է, քան անձամբ Հիսուսը՝ Խաչի վրա կախված։ Այսինքն, Տիրոջ Խաչը դարձավ հենց այն Կենաց ծառը, իսկ պտուղը՝ Հիսուս Քրիստոսը, ՈՒմ Մարմնի և Արյան ճաշակումով մենք Կյանքի անմահությունն ենք ընդունում։
Եվ այսպես, սուրբ Հաղորդությունը մեր հոգու ճշմարիտ կերակուրն է, որ «Հայր մեր» աղոթքի ժամանակ ասում ենք՝ տուր հանապազօր հացը մեզ այսօր, որ պահում և աճեցնում է հոգու կյանքը, ինչպես նյութական հացն է պահում մարմնի կյանքը։
ՈՒ քանի որ այս եկող կիրակին արդեն Հիսուսի հարության սուրբ Զատիկն է լինելու, ապա հիշեցնենք, որ դրան հաջորդող կիրակիներն էլ իրենց անուններն ունեն, և առաջին կիրակին կոչվում է Կրկնազատիկ, և Տերն Իր սրբերից մեկի միջոցով հորդորել է, որպեսզի այդ կիրակի յուրաքանչյուր քրիստոնյա խոստովանությամբ սուրբ Հաղորդություն ընդունի, քանզի այդ կիրակին նաև Ողորմության կիրակի է կոչվում։
Իսկ Պողոս առաքյալը սուրբ Հաղորդության խորհրդին ի միջի այլոց մոտեցողներին զգուշացրել է. «Ով որ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակն անարժանորեն, պարտական պիտի լինի Տիրոջ Մարմնին և Արյանը: Թող մարդ նախ ինքն իրե՛ն փորձի և ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից, որովհետև ով ուտում է և խմում անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը: Դրա համար իսկ ձեր մեջ բազում հիվանդներ և ցավագարներ կան, և շատերն էլ մեռած են. որովհետև, եթե մե՛նք մեզ քննեինք, ապա չեինք դատապարտվի»։ (Ա. Կորնթացիներին 11. 27 – 31):
ՈՒրեմն, երեքօրյա պահեցողությամբ ու անպայման խոստովանությամբ հնարավորինս մոտենանք սուրբ խորհրդին, իսկ եթե ոչ, գոնե սուրբ Պատարագի օրը ծոմ բերանով գնանք։ Ամուսնացածները սուրբ Հաղորդությունից առաջ երեք օր զերծ մնան սեռական հարաբերությունից, իսկ կանայք իրենց ամենամսյա անմաքրության օրերին նույնպես պետք է զերծ մնան սուրբ Հաղորդությունից։ Իսկ հիվանդներին ու տկար մեծահասակներին, որոնք չեն կարող առանց մի որևէ բան ուտելու դիմանալ այդ մի քանի ժամը, թույլատրվում է մի քիչ սնունդ ընդունել, որպես դեղամիջոց։ Այս ամենը մարմնավոր պատրաստության մասին էր, իսկ առավել կարևոր է հոգևոր պատրաստությունը, որի մասին նաև Տերը զգուշացրեց. «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր» (Մատթեոսի Ավետարան 5.23): Այսինքն, ոխ ու անհաշտություն, կամ թշնամություն ու աններողամտություն չունենանք միմյանց հանդեպ, որպեսզի անդատապարտությամբ մոտենանք սուրբ ու ահավոր խորհրդին, այսինքն` ապաշխարության և սիրո հոգով։
Եվ այս ամենը կատարելուց հետո Հովհաննես Ոսկեբերանի հետ մենք էլ աղոթենք այսպես. «Տեր Աստված իմ, գոհանում, մեծարում և փառավորում եմ Քեզ, որովհետև ինձ՝ անարժանիս, այսօր ինձ արժանի արեցիր հաղորդակից լինելու Քո Աստվածային ահավոր խորհրդին՝ անարատ Մարմնիդ և պատվական Արյանդ։ Այդ ամենի համար Քեզ փա՜ռք ու գոհություն, ամեն»։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ