ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«Ով որ բարձրացնում է իր անձը` կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը` կբարձրացվի»

«Ով որ բարձրացնում է իր անձը` կխոնարհվի,  և ով որ խոնարհեցնում է իր անձը` կբարձրացվի»
19.03.2013 | 11:28

Ճաշու Ավետարանից վերցված այս խոսքերը Ղուկասի Ավետարանի 14-րդ գլխի 11-14 համարներից է:
Հիսուսի այս արտահայտությունը կարծես ոչ թե երկու հազար տարի առաջվա, այլ այսօրվա համար ասված լինի, որովհետև ամեն մարդ` փոքր թե մեծ, հարուստ թե աղքատ, կին թե տղամարդ, փորձում է ինքն իրեն բարձրացնել, իր «ես»-ը առաջ քաշել` առանց հաշվի առնելու արժանավո՞ր է, թե՞ ոչ:
Այս առակով Հիսուս փորձում է խոնարհ լինելու դաս տալ փարիսեցիներին: Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ մի օր, երբ Հիսուս ճաշի էր հրավիրված փարիսեցու տանը, նկատում է, որ ժամանող հյուրերը փորձում էին սեղանի պատվավոր, վերևի աթոռները գրավել: Նա պատկերավոր մի առակով սովորեցնում է նրանց, որ երբ խնջույքի են հրավիրվում, գլխավոր աթոռները չգրավեն, որովհետև, երբ իրենցից ավելի պատվավոր հյուրեր ժամանեն, տանտերը ստիպված պիտի լինի նրանց սեղանի ներքևի աթոռներին նստեցնելու, այն ժամանակ ամոթով պիտի մնան: Ընդհակառակը, եթե սկզբից նրանք ներքևի աթոռների վրա նստեն և ապա տանտիրոջ կողմից հրավիրվեն սեղանի վերևի աթոռներին նստելու, իրենց խոնարհությամբ ներկաների մեջ հարգված անձեր պիտի հանդիսանան (հմմտ. Ղուկաս 14:8-11):
Հետաքրքիր է` թե ինչո՛ւ Հիսուս խոսեց այս մասին, ի՛նչ ցանկացավ և հատկապես ինչի՞ վրա ուզեց կենտրոնացնել հրավիրյալների ուշադրությունը:
Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց երկու առաքինությունների վրա.
ա) խոնարհության,
բ) անշահախնդիր հյուրասիրության, ուրիշներին հարգելու և պատվի արժանացնելու վրա` նրանց ուրախացնելու նպատակով:
«Խոնարհվիր, որպեսզի բարձրանաս». սքանչելի նշանաբան է: Երբ մի ուրիշը քեզ բարձրացնում է, դու ավելի մեծ պատվի ես արժանանում, քան երբ դու ինքդ ես քեզ փորձում բարձրացնել: Մեծության արժանի է այն մարդը, որը գիտի խոնարհ լինել:
Եկեք կարդանք այսօր հրատարակվող նոր գրքերը, թերթենք հայախոս և այլ լեզուներով տպվող անթիվ ու անհամար թերթերը, ի՞նչ կտեսնենք: Դժբախտաբար, ուսումնասիրելով դրանք` կհասկանանք, թե ինչքա՜ն հեռու ենք գնացել այն պատմական ու փառավոր օրերից, երբ սուրբ Մեսրոպ Մաշտոցի նման մի համեստ վարդապետ, սուրբ Սահակ կաթողիկոսի պես մի ժրաջան առաջնորդ, Վռամշապուհ թագավորի պես հավատով ու ազնիվ հայորդի, թարգմանիչ վարդապետների նման խոնարհ սպասավորներ հոգևոր հեղափոխություն կատարեցին մեր ժողովրդի ու եկեղեցու կյանքում: Նրանք գիտեին, թե Աստված ինչպիսի՜ շնորհներ էր պարգևել իրենց, և ճաշկերույթին կանչվող մարդկանց պես ցանկություն չունեին բարձր տեղ նստելու, այլ խոնարհաբար, լուռ, անաղմուկ, առանց սպասելու որևէ գնահատանքի և պատվի, նույնիսկ ավելիով կատարեցին իրենց հրաշալի գործերը: Փա՜ռք ու պատիվ նրանց հիշատակին:
Պողոս առաքյալը խրատելով հրավիրում է ընթանալ ճշմարիտ կյանքի ճանապարհով. «Հագե՛ք, ուրեմն, գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն` հանդուրժելով միմյանց, ներելով միմյանց» (Կող.3:12-13):
Հետաքրքիր է իմանալ «Մեծամիտ Տասնապետի» պատմությունը. «Տարիներ առաջ Միացյալ Նահանգների մի նավահանգստում խարիսխ նետած բեռնատար նավի վրայից զինվորները հսկայական գերաններ էին դուրս բերում: Տասնապետը, ձեռքերը կանթած, աջ ու ձախ հրամաններ էր արձակում, երբեմն զայրացած հայհոյում էր զինվորներին: Բեռնակիր զինվորները, մի մեծ գերան երկու ծայրերից բռնած, փորձում էին ցամաք իջեցնել, բայց չէր հաջողվում: Իսկ տասնապետը շարունակում էր գոռալ ու հայհոյել: Այդ ժամանակ մի անցորդ, նկատելով ծանր վիճակը, մոտենում է նրան ու հարցնում.
-Ըստ երևույթին գերանը շատ ծանր է, Դուք ինչո՞ւ չեք օգնում այն իջեցնել:
Տասնապետը արհամարհանքով նայում է մարդուն ու ասում.
-Պարոն, ես տասնապետ եմ, իսկ եթե շատ եք մտահոգված զինվորների կացությամբ, համեցե՛ք, ինքնե՛րդ օգնեք նրանց:
Անցորդը, առանց որևէ պատասխանի, մոտենում է զինվորներին, բռնում է գերանի մի ծայրից ու դժվարությամբ դուրս բերում նավից: Ապա քրտնած մոտենում է տասնապետին ու ասում.
-Պարո՛ն տասնապետ, ահա՛ իմ հասցեն: Խնդրում եմ նման դեպքերում ինձ կանչեք, ես ամենայն սիրով Ձեզ և Ձեր զինվորներին օգնության կգամ:
Տասնապետը հետաքրքրությունից դրդված կարդում է թղթի վրայի գրված հասցեն և ապշում: Նա Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնն էր…»:
Ահա ձեզ խոնարհության մի գեղեցիկ օրինակ:
Սակայն այս ժամանակավոր կյանքում, խոնարհությունը իբրև զգեստ հագնելուց ավելի, պետք է դրանով ապրել: Կյանքի այս ձևը մարդու առաջ բացվող մարտահրավերներից մեծագույնն է: Իզուր չի ասված. «Խոնարհությունը աստվածային է»: Այս խոսքը երկու իմաստ ունի. նախ` խոնարհվելը սովորական մի գործ չէ ու ամեն մարդու բան էլ չէ, այլ առանձնահատուկ ներքին ուժ է պահանջում, և երկրորդ` խոնարհությունը մարդուն նմանեցնում է Իր իսկ Ստեղծողին` Արարիչ Աստծուն:
Խոնարհության մի այլ լավագույն օրինակ է մեր եկեղեցու հայրերից` Հովհան Օձնեցի կաթողիկոսի մասին այս պատմությունը. «7-րդ դարում Հայաստանը գտնվում էր Արաբական խալիֆայության տիրապետության տակ: Հարկերը շատ ծանր էին, ու ժողովուրդը դժվարանում էր վճարել: Հովհան Օձնեցի կաթողիկոսն իր ժողովրդին այս վիճակից ազատելու համար, տեսակցություն է խնդրում ամիրապետից: Արաբ խալիֆը, որը լսել էր Վեհափառի իմաստության, մանավանդ արտաքին գեղեցկության մասին, սիրով համաձայնում է ընդունել նրան: Վեհափառը գնում է նրա մոտ մեծ շքախմբով` սուրբ Պատարագի շքեղ հագուստներով, մորուքի վրա ոսկե փոշի ցանած: Տեսակցության ընթացքում արաբ խալիֆը, որ քիչ թե շատ ծանոթ էր Հիսուս Քրիստոսին ու գիտեր Նրա հեզ և խոնարհ լինելու մասին, կաթողիկոսի ուշադրությունը հրավիրում է այս պարագայի վրա: Վեհափառի խնդրանքով բոլոր ներկաները դուրս են գալիս վրանից ու կաթողիկոսը մերկանում է իր փառահեղ զգեստներից։ Խալիֆն ապշած տեսնում է, որ Վեհափառն իր մերկ մարմնի վրայից հագել է մազից հյուսված կոշտ մի զգեստ, որի պատճառով նրա մարմնից արյուն էր հոսում: Արաբ խալիֆը, ի պատիվ Հայոց Հայրապետի հեզության, խոնարհվում է նրա առաջ և պատիվներով ճանապարհում նրան: Թեպետ նա արտաքինով հպարտ էր երևում, բայց ներքնապես Հիսուսի նման խոնարհ սիրտ ուներ»:
Պետրոս առաքյալն ասում է. «Խոնարհվեցե՛ք ուրեմն Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի Նա ձեզ բարձրացնի ժամանակին» (Ա. Պետրոս 5:6):
Փորձենք նմանվել և խոնարհության օրինակ վերցնել մեր Սրբազան հայրերից: Ամե՜ն:

Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3600

Մեկնաբանություններ