Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Սուրբ Պետրոս առաքյալի գահակալ 266-րդ պապը

Սուրբ Պետրոս առաքյալի  գահակալ 266-րդ պապը
19.03.2013 | 12:00

2013-ի մարտի 13-ին, Հռոմի Վատիկանում, Բենեդիկտոս 16-րդի հրաժարականից հետո ընտրվեց սուրբ Պետրոս առաքյալից հաշված 266-րդ պապը՝ արգենտինացի 76- ամյա Խորխե Մարիո Բերգոլիոն։ Կարծես թե եկեղեցական գահակալական մի սովորական հերթափոխություն կատարվեց, բայց ինչո՞ւ էին աշխարհի լրատվամիջոցները այդքան բուռն ու սևեռուն քննարկում հերթական պապի ընտրության հարցը։ Եթե ընթերցողը հիշում է, մեր թերթի փետրվարյան համարներից մեկում գրեցինք այդ մասին, բայց նորից վերհիշենք, քանի որ հենց այս պապի մասին էր, որ 11-րդ դարում մարգարեացել է իրենց կաթոլիկ Մաղաքիա եպիսկոպոսը, որպես վերջին պապ` Վատիկանի սուրբ Պետրոսի գահի վրա։ ՈՒ նույնիսկ ասել էր, որ նրա անունը Պետրոս կլինի, ու այդ պատճառով բոլորի ուշադրությունը սևեռված էր հենց Պետրոս անունով սևամորթ կարդինալի թեկնածության վրա։ Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, որ շատերի համար անսպասելի ընտրություն կատարվեց, այն էլ ոչ Եվրոպայից (մինչ այդ ընտրված բոլոր 265 պապերը եվրոպացի են եղել), այլ հարավամերիկյան մայր ցամաքից, որտեղ այժմ ավելի շատ կաթոլիկ քրիստոնյաներ կան, քան մնացած մայր ցամաքներում։
Անցած շաբաթ իմ ծանոթ քրիստոնյաների հետ քննարկում էինք, թե ինչո՞ւ չկատարվեց Մաղաքիա եպիսկոպոսի մարգարեությունը, և իսկապե՞ս այս ընտրվածը Հռոմի վերջին պապն է։ ՈՒ եկանք այն եզրակացության, որ հերթական անգամ մենք Աստծո գործերից շատ անտեղյակ ու հեռու ենք, ինչպես Աստվածաշունչն է ասում. «Մեր միտքը Աստծո մտքից հեռու է այնքան, ինչքան երկիրը երկնքից»։ Բայց, որպես բանական արարածներ, համենայն դեպս, մի քանի հետևություններ արեցինք` մեր իմացած տվյալներից ելնելով։ Նախ, եթե այս նորընտրյալ պապը իսկապես ուզեր իրեն վերապահված իրավունքով վերցնել Պետրոս անունը, ապա ողջ աշխարհը կընկներ աներևակայելի ալեկոծությունների հորձանուտը, մանավանդ կաթոլիկ դավանանքի քրիստոնյաներն ահաբեկված կսպասեին աշխարհի մոտալուտ կործանմանը, ու այդպիսով Հռոմը կդառնար աշխարհի ալեկոծությունների հերթական հոգևոր կենտրոնը, ինչպես նրա նախկին կայսրերի կողմից, որը խիստ անցանկալի երևույթ կլիներ բոլոր քրիստոնյա պետությունների համար։ Իսկ որ այս պապը նախընտրեց Ֆրանցիսկոս Ա անունը, դա էլ է հատկանշանական, քանզի սուրբ Ֆրանցիսկոս Ասիզացին եղել է խիստ խոնարհ ու անընչասեր մի վանական, ով արժանացել է իր մարմնի վրա Հիսուսի հինգ վերքերը կրելու վիրակրության մեծ պատվին։ Եվ կա ավանդություն, որ երբ Ֆրանցիսկոս Ասիզացին ոտքով Հռոմ է գնում իր մի քանի վանական եղբայրների հետ ու ներկայացնում այդ ժամանակվա Հռոմի պապին, նա այդ պարզ վանականների զրույցի ժամանակ լցվում է նրանցից դուրս հորդող Սուրբ Հոգու զորությամբ, ու խոնարհաբար ծնկի է գալիս Ֆրանցիսկոսի առջև ու համբուրում նրա մերկ ոտքերը. հիրավի, Հիսուսի երկնային խոնարհությունը ոչ պակաս խոնարհությամբ կրող մահկանացուին պատվող արժանի Հռոմի պապ։ Իսկ այս նորընտիր պապի մասին նույնպես վկայում են, որ խիստ ժուժկալ անձնավորություն է, որ իբր իր կերակուրը ինքն է պատրաստում, այցելում է որբ ու անդամալույծ երեխաների, երբեմն էլ` լողացնում նրանց, ու նույնիսկ լուսանկար կա, որ նա կռացած համբուրում է անդամալույծ մանչուկներից մեկի ոտքը։ Նաև ասում են, որ նա, հրաժարվելով արքեպիսկոպոսական ծառայողական լիմուզինից, հասարակական տրանսպորտով է երթևեկում, ու, ըստ մեր ունեցած տվյալների` կոչ է արել թուրքերին ընդունելու Հայոց ցեղասպանության փաստը, և այլ շատ բարի բաներ։
Իհարկե, մարդու մասին բարի վկայությունը լսելը լավ է, բայց մեր Տեր Հիսուսը բոլորիս խորագիտություն է սովորեցրել, ասելով. «Ծառն իր պտուղներից ճանաչեք»։ Գեղեցիկ ու տերևախիտ ծառեր շատ ենք տեսել, որոնք ընդամենը ստվեր կարող են տալ մարդկանց, իսկ ահա բարի, օգտակար ու քաղցր պտուղներ ոչ բոլորն են տալիս. ուրեմն սպասենք այս 266-րդ պապի կողմից քրիստոնյա աշխարհին հրամցվելիք ապագա պտուղներին։
Պատմությունից հայտնի է մեկ այլ «բարի» վկայություն ունեցող Հռոմի Դիոկղետիանոս կայսրի մասին, ով, Ներոն կայսրից հետո, ամենաշատ հալածանքներն իրականացրեց քրիստոնեական եկեղեցու դեմ։ Այդ կայսրի «պտուղներից» էր նաև մեր Հռիփսիմյանց ու Գայանյանց կույսերի փախուստը նրա օրոք և նահատակությունը Հայաստանում` Տրդատ թագավորի կողմից։ Իսկ այդ կայսեր մասին իր ժամանակակիցները գրում էին, որ նա մեղմաբարո անձնավորություն էր, իր սեփական բոստանում բանջարեղեն ու մանավանդ կաղամբի գլուխներ էր սիրում աճեցնել, սնվում էր հենց իր աճեցրածով, բայց այդ հոբբի-նախասիրությունը չէր խանգարում, որ այդ նույն ժամանակ նրա հրամանով հազարավոր քրիստոնյաների գլուխներ թռչեին` կաղամբի գլուխներից առավել անարժեք համարվելով։
«Իրատես de facto»-ի փետրվարյան համարում գրել էինք, որ նախկին պապ Բենեդիկտոս 16-րդը հասցրեց իր գահակալության ժամանակ «արձակման» կոնդակներով հրեաներին անպարտ դարձնել Հիսուսի Արյան մեղքից, մեկ ընդհանրական համաշխարհային իշխանության հաստատման, ու, վերջապես, մեկ ընդհանրական տարադրամային միավոր ընդունելու կոչ անել։ Սա համաշխարհային գլոբալիզացման ամենաուղիղ ճանապարհն է, որ կարելի էր մտածել։
Այնպես որ, նորընտիր պապը, սուրբ Ֆրանցիսկոսի բարեխոսական օգնությամբ, մեծ շտկումներ ունի անելու նախկինի սխալները շտկելու ուղղությամբ, եթե հասցնի։
Իսկ որ այս Հռոմի պապի գահակալության ժամանակ շատ պղտոր ու ալեկոծ հորձանքներ կանցնեն մարդկության գլխով, դա երևում է առանց մարգարեական ներթափանցում ունենալու, քանզի եվրոպական համարյա բոլոր երկրներն իրենց իշխանության պատիվն ու թագը դրել են սատանայի կճղակների տակ, անարգել թույլատրելով պղծահամասեռամոլներին ամուսնանալ ու դեռ անմեղ երեխաներ որդեգրել որպես «ընտանիքի» հերթական զոհ։ Իսկ որ կաթոլիկ եկեղեցին այդ ազատամոլության հարցում անմասն չէ, դա արդեն շատերին է հայտնի, քանզի մանկապղծության բազմաթիվ բացահայտումներ են եղել նրանց եկեղեցականների վերաբերյալ։ Իսկ դրանից առավել մեծ մեղք, կարծում եմ, աշխարհում դեռ գոյություն չունի, քանզի Տեր Հիսուսն է զգուշացրել այդ մասին. «Ով Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը: Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով. գայթակղություններ պետք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթեոս 18. 6-7):
Մենք էլ աղոթենք, որ նորընտիր պապի ժամանակներում չգա Տիրոջ ասած «Վա՜յ աշխարհին…» Աստծո վճիռը։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ