ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նախնի եկեղեցին նրա օգնությամբ մեծամեծ հաղթանակներ է տարել թե՛ հոգևոր, թե՛ նյութական ոլորտներում

Նախնի եկեղեցին նրա օգնությամբ մեծամեծ հաղթանակներ է տարել թե՛ հոգևոր, թե՛ նյութական ոլորտներում
15.03.2013 | 12:20

Այս սրբի մասին գրում ենք մեր ընթերցողների խնդրանքով։ ՈՒ քանի որ պահքի այս օրերին, ուտել¬չուտելուց, որովայնային խնդիրներ լուծելուց զատ, կան նաև հոգևոր խնդիրներ, ապա կարծում ենք, որ սրբերի վարքին ծանոթանալն առավել կօգնի մեր հոգևոր վիճակը քննելու ներքին խնդիրներում։

Սուրբ Նիկողայոսի վարքաբանությունը քրիստոնյաներին ծանոթ է վաղուց։ Նախնի եկեղեցին նրա օգնությամբ մեծամեծ հաղթանակներ է տարել թե՛ հոգևոր, թե՛ նյութական ոլորտներում։ Մի զարմացեք, որ ասացի նաև նյութական, որովհետև Աստծո սրբերն անհրաժեշտության դեպքում միջամտում են նաև նյութական հարցերում։ Մանավանդ սուրբ Նիկողայոսը, ով հայտնի դարձավ իր բարեգործական քրիստոնեավայել վարքով։ Նրա վարքաբանական վկայությունն այս մասին գրում է. «Սուրբ Նիկողայոսի ծնողները՝ Ֆեոֆանն ու Նոննան, 3-րդ դարում ապրում էին Փոքր Ասիայի Պատարա քաղաքում (այժմ` Թուրքիայի տարածքում)։ Նրանք աչքի էին ընկնում բարեգործական ողորմությամբ և, չունենալով իրենց զավակները, օգնում էին աղքատ ընտանիքների երեխաներին։ Աստվածաշնչյան բարեպաշտ ամուսինների նման, նրանք չէին դադարում խնդրել Աստծուն իրենց ժառանգ պարգևելու համար, խոստանալով նրան նվիրաբերել Աստծո ծառայությանը։ Տերը լսեց նրանց աղաչանքները, և լսելի եղավ, ու շուտով մի արու զավակ ունեցան, անունը դրեցին Նիկողայոս, որ թարգմանվում է՝ ժողովրդին հաղթող։ Նրա անունը հետագայում իսկապես համապատասխանեց իր ապրած կյանքին, քանի որ ժողովուրդներից շատերը չարացան ու հալածեցին նրան Քրիստոսի անվան համար, բայց Աստծո սուրբը Տիրոջ զորությամբ հաղթող դուրս եկավ»։
Վկայաբանությունը մանուկ Նիկողայոսի մասին պատմում է, որ նա միայն մոր աջ կրծքից էր կաթ ուտում, այն էլ` օրը մեկ անգամ, բացի չորեքշաբթի և ուրբաթ օրերից (այսինքն` եկեղեցում ընդունված պահքի օրերին հրաժարվելով)։ Այդ տարօրինակություններն արդեն մանուկ հասակից ապացուցում էին ապագա սրբի հաղթական ընթացքը մեղքի ու սատանայի դեմ։ Պատանի հասակում մեծանալով բարեպաշտ քրիստոնյա ծնողների խրատների ու Սուրբ գրքի անդադար ընթերցանությամբ, նա իրեն պատրաստում էր Աստծո ընտիր զինվորը դառնալու։ Այդ ժամանակներում Պատարա քաղաքի եկեղեցու եպիսկոպոսը Նիկողայոսի քեռին էր։ Եվ երբ ժամանակը գալիս է, Նիկողայոսի ծնողներն իրենց զավակին հանձնում են Աստծո ծառայությանը եկեղեցում։ ՈՒ քեռին, տեսնելով նրա ջանքն ու սերը Աստծուն ծառայելու հարցում, մարգարեաբար ասում է. «Ահա՛ եղբայրներ, տեսնում եմ երկրի համար ծագող նոր արևի, որ կդառնա շատ ժողովուրդների օգնական սուրբը և կլինի թշվառների մխիթարությունը»։ Որ իսկապես այդպես էլ եղավ, հաստատում է նրա հետագա կյանքը մինչև մեր օրերը։ Օրինակ, ուղղափառ դավանանքում սուրբ Նիկողայոսը գերադասելի սրբերից է, ինչպես մեզանում սուրբ Սարգիսն ու սուրբ Գևորգը, մանավանդ ռուսների համար նա առաջին տեղում է բոլոր սրբերից, սուրբ Նիկոլայ անվամբ, և բոլոր եկեղեցիներում, ամենաշատը սուրբ Տիրամորից հետո, մոմավառությունը կատարվում է սուրբ Նիկոլայի սրբապատկերի առջև։ Եվ դա հենց այնպես չէ, որովհետև ռուսական սրբերի վարքաբանական գրականության մեջ սուրբ Նիկողայոսի միջոցով կատարված հրաշքներն իրենց քանակով ու որակով գերազանցում են մնացած սրբերի հրաշքները։
Քաջ գիտենալով, որ աղքատին ողորմություն անողն անձամբ Հիսուսին է տալիս և այդպիսով իր գանձերը երկինք է տեղափոխում, նա բարեպաշտ ծնողների վարքն ընդօրինակելով, մեծ աղքատասեր է դառնում։ Պատմում են, որ Պատարայում երեք գեղեցկուհի աղջիկ ունեցող մի մարդ էր ապրում, ով ժամանակին հարուստ էր, բայց աղքատանալով հասավ այն վիճակին, որ որոշեց ծայրահեղ քայլի դիմել՝ աղջիկներից մեկի գեղեցկությունը վաճառքի հանել սովից չմեռնելու համար։ Սուրբ Նիկողայոսը, որ արդեն քաղաքի եկեղեցու եպիսկոպոսն էր դարձել և աչալուրջ հովվի նման հսկում էր իր հոտի անդամներին, իմանալով այդ մասին, որպես իսկական քրիստոնյա, որպեսզի ձախ ձեռքը չիմանա, թե աջն ինչ է անում, իմա` գաղտնաբար, որոշեց օգնել այդ հուսահատ քայլին պատրաստվող մարդուն, և գիշերով, որ ոչ ոք չտեսնի, վերցնելով ոսկով լի քսակը, կեսգիշերին մոտեցավ նրա տանը, բացեց պատուհանը, քսակը ներս գցեց ու, կամացուկ փակելով, հեռացավ։ Առավոտյան արթնանալով, հայրը նկատեց ոսկով լի քսակը։ Չհավատալով իր աչքերին, հասկացավ, որ Աստված Իր ծառաներից մեկի միջոցով գաղտնաբար օգնության ձեռք է մեկնել։ Նախ փառաբանեց Աստծուն, ապա օրհնեց ողորմություն անողին։ Իսկ այդ գումարը բավական եղավ, որ նա իր ավագ դստերն ամուսնացնի։ Սուրբ Նիկողայոսը տեսնելով, որ իր օգնությունը բարի պտուղ տվեց, շուտով որոշեց երկրորդ քսակը տանել այդ մարդու տուն։ Առավոտյան աղջիկների հայրը դարձյալ գտնելով քսակը, հասկացավ, որ Աստված շարունակում է Իր օգնությունը մյուս աղջկան նույնպես խայտառակ թշվառությունից փրկելու, ամուսնացնում է նաև երկրորդին։ ՈՒ հասկացավ, որ սկսած գործն Աստված անավարտ չի թողնի, ամեն գնով ուզում էր իմանալ, թե ում ձեռքով է նա այդ ողորմությունն ուղարկում։ ՈՒ երբ նա մի գիշեր լսեց պատուհանի փեղկի ձայնը, հասկացավ, որ Տիրոջ ծառան է այցելել, իսկույն վեր թռավ և տեսնելով իրենց եպիսկոպոս Նիկողայոսին, նրա ոտքերն ընկավ ու շնորհակալությամբ լի խոսքերով և արցունքներն աչքերին, փորձում է համբուրել նրա ոտքերը։ Սուրբը բարձրացրեց նրան` ասելով. «Աստծուն շնորհակալ եղիր ու Նրանից գոհացիր աղոթքով, ես ընդամենը Նրա անպիտան ծառան եմ»։
Հետագայում քրիստոնեական աշխարհը Նոր տարվա նվերները մանուկներին սուրբ Նիկողայոսի նման գաղտնապես է անում։ Եվ Ձմեռ պապն էլ հենց այդպես էլ կոչվում է՝ Սանտա Կլաուս, որ թարգմանվում է սուրբ Նիկողայոս։
Երբ ինձ հանձնարարվեց գրել այս սրբի մասին (ընթերցողների խնդրանքն էր), անկեղծ ասած, ուրախացա։ Նշեմ, որ ուղիղ քառասուն տարի առաջ ինքս էլ ոչինչ չգիտեի նրա մասին։
Մի անգամ աշխատանքի բերումով գործուղում էի գնացել Օդեսա։ Տեղի հայերից լսելով, որ կիրակնօրյա «տալկուչկա» է գործում, հենց առաջիկա կիրակի օրն էլ գնացի։ Այս ու այն կողմ շրջելով` ակնահաճո ոչինչ չգտա։ Ինձ հետաքրքրեց հնաոճ իրեր վաճառող մի մարդ։ Նրա մոտ տեսա մի սրբապատկեր։ Չգիտես ինչու, այն հրապուրեց ինձ։ Ես այդ ժամանակ այնքան էլ քրիստոնեավայել ողջախոհ կյանքով չէի ապրում։ Շատերի նման մոմ ու մատաղից այնկողմ չէր անցնում իմ հավատը։ Գինը համապատասխանում էր գրպանիս պարունակությանը։ Ես գնեցի այն։ Ասեմ, որ Օդեսան սովետների երկրի ամենահայտնի պոռնկատուն-քաղաքն էր, որ դեռ կիսահավատ երիտասարդիս համար լի էր բազմաթիվ գայթակղություններով։ Մեղքի ջրհորն ընկնելու առիթները բազմազան էին, բայց զարմանալիորեն, անտեսանելի մի զորությամբ ազատվում էի այդ որոգայթներից ու չէի հասկանում, թե ով է կանգնած թիկունքիս։ Երբ բարեհաջող և մարմնով ու հոգով չպղծված, ի վերջո, տուն վերադարձա, սրբապատկերը պատին ամրացրի ու երբեմն-երբեմն դիմում էի այդ սրբին, դեռ չիմանալով նրա անունը։ Իսկ երբ սկսեցի «խորանալ» քրիստոնեական իմացության մեջ, կարդացի սուրբ Նիկողայոսի մասին, հասկացա, թե հենց նա է ինձ այդ պղծված Օդեսայում «մաքուր» պահել։
Շուրջ քսան տարի առաջ, մութ ու ցուրտ, անհաց տարիներին, իմ հայրենակից ծանոթներից մեկը, որ Ղազախստան էր գնացել, ինձ էլ հրավիրեց որոշ ժամանակ այնտեղ ապրելու։ Տեղի հայերից մեկը, ով մի ժամանակ Չինաստանում էր բնակվել, հետևյալ վկայությունը պատմեց սուրբ Նիկողայոսի մասին։ Չինաստանի Խարբին քաղաքում շատ ռուսներ կային, որոնք քրիստոնեական եկեղեցի էին կառուցել սուրբ Նիկողայոսի անունով ու մուտքի դռան վրա էլ նրա սրբապատկերը նկարել։ Տեղի բնակիչները միշտ համոզվել են, որ ռուսներն իրենց նեղությունների ու փորձությունների ժամանակ սուրբ Նիկոլայ անունով ինչ¬որ «աստծու» են դիմում և ազատվում նրա միջոցով։ Մի անգամ էլ չինացի մի ձկնորս, երբ նավակով բաց ծով էր դուրս եկել, հանկարծահաս փոթորկից չխեղդվելու համար իր իմացած չինական աստվածներին է դիմում, բայց ապարդյուն, իսկ երբ հուսահատված կանչում է ռուսների Նիկոլայ «աստծուն», հանկարծ մի անտեսանելի զորություն նրան ապահովաբար մինչև փրկարար ափն է հասցնում։ Դրանից հետո նա պատմում է իր հայրենակիցներին ռուսների այդ «աստծո» հրաշագործ զորության մասին, ու շատերը հավատալով գալիս են եկեղեցի, որ իրենք էլ քրիստոնյա դառնան։ Նրանց այնտեղ բացատրում են, որ իրենց Աստծո անունը Նիկոլայ չէ, այլ Հիսուս Քրիստոս, Ով Հայր Աստծո Որդին է, որ աշխարհ է եկել մեղավորներին փրկելու համար, ու մինչև մարդ Սուրբ Հոգով ավազանում չմկրտվի, չի կարող այդ Աստծո Թագավորությունը մտնել։ Իսկ սուրբ Նիկողայոսն ընդամենը Նրա ծառաներից մեկն է։ Նրանք էլ, լսելով, որ քրիստոնյաների Աստվածն այնքան զորեղ է, որ նման հրաշագործ ծառաներ ունի, զարմանում ու փառաբանում են այդ Աստծուն և Իր Որդուն։ ՈՒ դրանից հետո շատ խարբինցի չինացիներ մկրտվում են ու դառնում քրիստոնյաներ։
ՈՒ որպես տեղեկություն ընթերցողներին ասենք, որ վիճակագրական վերջին տվյալների համաձայն` այժմ աշխարհում ամենաշատը տեղացի ժողովուրդներից Աֆրիկայում ու Չինաստանում են քրիստոնեություն ընդունում։ Չինաստանում այսօր շուրջ 70 միլիոն քրիստոնյա կա։
Սուրբ Նիկողայոսի օգնական բարեխոսությունը լինի ամենքիս հետ, ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ