Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Խաչհամբույրի» դառնությունը

«Խաչհամբույրի» դառնությունը
01.02.2013 | 13:24

Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին անբաժան է պետությունից բոլոր այն բարդություններում և դժվարություններում, որոնք ծառացած են երկրի առջև։ Այսինքն` զուգահեռ ընթացք է, բազում են խոչընդոտները, արգելափակոցները, որոնք կամ պիտի հաղթահարել, կամ շրջանցել, կամ էլ հաշտվել դրանց գոյությանը։ Այս ճշմարտությունը հիշեցնելով ընթերցողին` անցնենք բուն խնդրին։

Փաստ է, դաժան և վարկաբեկիչ. Հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատարիմ հետևորդներս դեպքից դեպք բավականին ճնշիչ հոգեվիճակում ենք հայտնվում` տեսնելով հոգևոր դասի այս կամ այն ներկայացուցչի այս ու այն արարքը, որ դուրս է բարեպաշտության և ողջախոհության հանրածանոթ սահմաններից, որոնք ուղենշվել և փորձությունների են դիմակայել տասնյակ դարեր։ Անշուշտ, եզակի են այն սպասավորները` պարզ մի քահանա, թե տիտղոսափայլ մի եպիսկոպոս, ովքեր իրենց ձեռնարկներում զարմանալիորեն աշխարհիկ են։ Եվ բավականին հաջողակ, թերևս նաև մրցունակ են շատ այլ աշխարհիկ դասի զանցառու պետերի համեմատությամբ։
Հոգևոր հոր ներկայությունը մեր սեղանին` ուրախության, թե տխրության, հրաշալի նշան է, որ ժողովուրդը էապես ունի եկեղեցու կարիքը, հանձին քահանայի ներկայության։
Արարատյան դաշտի գյուղերից մեկում էի նախորդ աշնանը։ Հանգուցյալի հուղարկավորության արարողությունը գյուղի ավանդույթների համաձայն էր, ազգականների նեղ շրջանակից բացի, ներկա էին հարևանները, որոնք էլ կարգավորում էին ինչ-ինչ խնդիրներ։ Անկասկած առաջացան տարակարծություններ, սակայն քահանայի հրավերն արարողությանը և նրա ներկայությունը հոգեհացին` անբեկանելի էին։ Քահանան ղեկավարեց հոգեհացի սեղանը։ Սեղանակիցներն ունկնդիր էին նրա խոսքին ոչ ըստ հավուր պատշաճի։ Ի խորոց սրտի։ Սակայն երկու երիտասարդի տրամադրություններում ինչ-որ կանխակալ բան կար։ Պարզվեց, արարողությունը սպասարկելու հրավերը սահուն փոխվել է բանակցության, և քահանան պահանջել էր 20 հազար դրամ, մերժելով 10 հազար դրամի առաջարկը, այսպիսով անտեսելով պատվիրան և պարտավորություն։ Մի խոսքով` խնդիր է հրապարակում, որ պահանջում է մեր ավագ երեցների լրջագույն միջամտությունը։

Վերջին տարիներին ևս մեկ ավանդույթ է վերականգնվում, երբ հանգուցյալը վերջին գիշերը եկեղեցում է հանգրվանում, հոգեհանգստի արարողությունը եկեղեցում քրիստոնեավայել, հրաշալի ձև է։
Առաջին նման դեպքը, եթե չի դավաճանում հիշողությունս, կապված է Հրանտ Մաթևոսյանի հետ. նրա աճյունը կառավարության որոշմամբ նախ դրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Երևանում մի քանի եկեղեցի են օժտված նման իրավասությամբ. Սբ. Հակոբը` Քանաքեռում, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցին և Սբ. Գևորգը` Նորագավիթում։
Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցում գրանցվել է խիստ մերժելի մի դեպք. Ռուսաստանում դժբախտ պատահարից զոհվում է մի ընտանիք (չորս հոգի), աճյունները հայրենիք են փոխադրվում։ Հարազատների ցանկությամբ Նորագավթի Սբ. Գևորգ եկեղեցում են փորձում դնել այս զարհուրելի ողբերգության զոհերին, այնտեղ անցկացնել հոգեհանգիստը։ Եվ սկսվում են բանակցությունները, որոնք վերաճում են առևտրի։ Յուրաքանչյուր աճյունի մուտքը եկեղեցի «գնահատվում է» 150 հազար դրամ։ Բանակցությունների արդյունքում սույն եկեղեցու ավագ քահանա տեր Բարսեղը համաձայնում է 400 հազար դրամի դիմաց ծառայություն մատուցել, այսինքն` «մեծահոգաբար ընդառաջում է»։ Եվ այս դեպքի կապակցությամբ անտեղի է որևէ մեկնաբանություն։ Մեզ մնում էր ինչ-ինչ ճշտումներ կատարել նյութի հրապարակումից առաջ։ Կապվեցի տեր Բարսեղի հետ։ Լսեց և ասաց, որ պետք է այցելել եկեղեցի, հանդիպել իր հետ և տեղում պայմանավորվել։ Հարցս, հասկանալի է, վերաբերում էր «իմ հանգուցյալի» հոգեհանգստյան արարողությանը։ Տեր Բարսեղն այսպիսով չմերժեց, որ հոգեհանգստի արարողությունը տվյալ եկեղեցում որոշակի գումարային ներդրում է պահանջում։ Բայց եթե գումարներ են մեջտեղ գալիս, ապա, վստահաբար, դրանց դիմաց որոշակի փաստաթուղթ պիտի տրամադրվի պատվիրատուին, ասենք, թեկուզ դրամարկղային կտրոն։ Այն պարզ պատճառով, որ որոշ ավագ քահանաներ (կամ լուսարարներ) որոշակի տնտեսական գործունեություն են իրականացնում։

Իհարկե, կարող էի լիարժեք լրագրողական հետաքննություն իրականացնել և անձամբ բանակցությունների մեջ մտնել մեր հոգևոր սպասավորների հետ։ Եվ հստակեցնել, թե որ եկեղեցուց, որ լուսարարը որքանով է «լուսաբանում» հոգևոր հոտին` նրան այլևայլ ծառայություններ մատուցելով։ Աստծո Տուն։ Մի բան խանգարեց. Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ եմ և ամենևին ցանկություն չունեմ ինչ-ինչ մթին կողմեր հայտնաբերելու և տարփողելու այդ մասին` ի լուր աշխարհի։ (Ի վերջո, հավատացյալների մեջ այսօր դժվար թե գտնվի մեկը, ով գոնե մեկ անգամ դիմել է որևէ եկեղեցի և չի ներքաշվել վերոնշյալ բանակցությունների հորձանուտը)։ Աշխարհ ասելով, նախ, նկատի ունեմ Հայաստանը, ուր աղանդավորներն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում։ Այնինչ, պիտի որ զգան ինչպես ձուկը շիկացած թավայում։ «Առակս» զինչ կցուցանէ, թող որոշեն մեր հարգևոր հոգևոր հայրերը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ