ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«Նրա հանգիստը փառավոր պիտի լինի» (Եսայի ԺԱ 10)

«Նրա հանգիստը  փառավոր պիտի լինի» (Եսայի ԺԱ 10)
25.01.2013 | 13:06

(սկիզբը` այստեղ)

ՀՐԱՇՔՆԵՐ ՏԱՃԱՐՈՒՄ
Գերեզմանամատուռը հսկայական, մեր Զվարթնոցի տաճարի անսյուն կառույցի նման ոսկեզօծ ճառագայթներով գեղեցիկ գմբեթածածկ կառույցի ներքո է, որի բարձրությունը մոտավորապես 50 մետր կլինի: Ամենավերևի մասում կլոր պատուհան կա լույսի համար, որից վեր կանգնած է աշխարհի բոլոր խաչերի Խաչը. քրիստոնյաների պահապանն ու հաղթության զենքը:
Այժմ մի ուրիշ խորհրդի մասին, որ գործում է այս սուրբ վայրում: Ինչպես գիտենք, բազում բժշկումներ ու հրաշագործություններ են լինում սրբերի գերեզմանների մոտ, ուրեմն այս տեղում առավել պիտի լինեն։ Բայց նախ պատմենք մի քանի հիշատակելի ավանդությունների մասին։ Ասում են` ամեն կիրակի պատարագներից հետո բոլոր եկեղեցիների հրեշտակները միասին երկինք են բարձրանում` բովանդակ աշխարհի երախտագիտությունը Աստծուն մատուցելու` անարյուն Զոհի համար: Եվ քանի որ Երուսաղեմը համարվում է աղոթքի մայրաքաղաք, Տիրոջ սուրբ Գերեզմանի հրեշտակը միայն իրավունք ունի այդ հրեշտակների թափորը գլխավորելու և մարդկության շնորհակալությունը Բարձրյալին մատուցելու: Եվ որպեսզի հրեշտակները չուշանան, Զաքարիա պատրիարքը (609-632) հրամայել է սուրբ Հարության տաճարի պատարագները առավոտյան շուտ կատարել:
Ավանդություններից մեկն էլ պատմում է, թե մի անգամ սուրբ Գերեզմանի առջև զառամյալ ու սպիտակափառ մազերով մի մարդ էր ջերմեռանդությամբ աղոթում: Պետրոս պատրիարքը (524-552), տեսնելով ծեր վանականի սրտառուչ բարեպաշտությունը, իր սենեկապետի միջոցով նրան եպիսկոպոսական ճաշի է հրավիրում: Բայց ծերունին փոխանակ հրավերն ընդունելու, մրմնջալով ասում է. «Տիրոջ կամքը թող լինի», ապա խոնարհվում ու աներևութանում է: Հետո տեղեկանում են, որ այդ ծեր վանականը Սինայի անապատի հրաշագործ հարյուրամյա ճգնավոր Գևորգն է եղել, որն այդ պահին բոլորովին էլ իր խցից դուրս չի եկել զառամյալ տարիքի պատճառով, այլ հոգու անդիմադրելի փափագով հայտնվել է սուրբ Գերեզմանի առջև: Երբ պատրիարքի պատվիրակները գնում են ծեր վանականի մոտ և հարցուփորձ անելով համոզվում են, որ այդպես է եղել, սուրբն իր մոտ եկածներից մեկին այսպես է ասում. «Գնա՛, ասա՛ քեզ ուղարկող պատրիարքին, որ վեց ամիս հետո կհանդիպենք Հիսուսի առջև՝ դատվելու համար...»: Եվ իսկապես, վեց ամիսը լրանալուց հետո նույն օրը, նույն ժամին Պետրոս պատրիարքն ու սուրբ Գևորգ վանականը ավանդում են հոգիները:
Երրորդ ավանդությունը վերաբերում է Սալահադդին սուլթանին, որը երկար տարիներ իշխում էր սուրբ քաղաքում: Նա մի անգամ իր շքախմբի հետ գնում է սուրբ Հարության տաճար՝ մասնակցելու Լույսի օրվա արարողությանը: Եվ նրա մուտքի պահին հանկարծ տաճարի բոլոր կանթեղները վառվում են երկնային հրաշքով: Իր հետ եղող թերահավատ մուսուլմաններն ասում են, թե քրիստոնյաները խաբեություն արեցին: Սալահադդինը մարել է տալիս բոլոր կանթեղները, որոնք հրաշքով նորից բոցավառվում են: Բայց չհավատալով՝ երկրորդ անգամ է մարել տալիս կանթեղները, որոնք նորից բռնկվում են երկնային լույսով: Արքան, ականատես լինելով աստվածային այդ հրաշքին, մարգարեանում է ինքն իր մասին. «Կամ պիտի շուտով մեռնեմ, կամ պիտի Երուսաղեմը կորցնեմ»: Կատարվում է առաջինը. Մեծ պահքի օրերը չլրացած ՝ նա մեռնում է, որով և կատարվում է երկրորդ մարգարեությունը, այսինքն՝ կորցնում է նաև Երուսաղեմը:
Մարդկանց մի մասը այս երկիր գալիս է լոկ զբոսաշրջիկի հետաքրքրությունից մղված, ոմանք էլ ծերունական մայրամուտից առաջ ուզում են Սուրբ երկրում քավել իրենց ապրած կյանքի մեղքերը: Սա երևում է այն բանից, որ այցելուների ստվար մասը զառամյալ է, իսկ մեծ մասն էլ սրբատեղիներում իր հոգսերն ու «դարդերն» աղոթքով ու խնդրանքով մատուցելու համար է եկել այս երկիրը: Մի անգամ այստեղ հանդիպեցի տարօրինակ արտաքինով երիտասարդի, որը մի արաբ էր վարձել, որպեսզի սա ցույց տա Հիսուս Քրիստոսի հետ կապված սրբատեղերը: Արաբ «գիդն» էլ սրան բերել էր այստեղ, որ լուսավորի իր «գիտելիքներով»: Երբ հայ միաբանների հետ նստած էինք սուրբ Հարության տաճարի մեր տեսչարանում, այս երկուսը մտան, գլխարկները գլխներին, ինչն այստեղ խստիվ արգելվում է: Երբ մենք առաջարկեցինք գլխարկները հանել, քանի որ այստեղ սրբավայր է, երկուսն էլ չհնազանդվեցին, իսկ արաբը հանդգնաբար ասաց, որ սրբավայրը մզկիթն է, իսկ այստեղ ընդամենը տուրիստական վայր է: Տաճարի հայ միաբանը, որ լավ գիտեր այդ անպատկառի հետ ինչպես խոսել, նրան դուրս վռնդեց, իսկ երբ անգլախոս զբոսաշրջիկին հարցրինք Երուսաղեմ գալու նպատակը, պատասխանեց, թե հեռավոր, անծանոթ երկրից մի խումբ մարդկանց դրդմամբ է եկել այստեղ, որ Աստծուն գտնի, եթե գոյություն ունի, որովհետև նրանք լսել են, որ Երուսաղեմում Աստված կա՝ Հիսուս անունով: Մենք զարմացած նայում էինք նրան ու մտածում` կա՛մ ցնորված է, կա՛մ էլ կատակում է: Այս դարում ի՞նչ ազգ պիտի լինի, որ լսած չլինի Հիսուսի Ավետարանի մասին, եթե միայն աֆրիկյան ինչ-որ վայրի ցեղից չէ: Բայց տեսանք, որ միանգամայն լուրջ մարդ է, խոսում է մաքուր անգլերենով, հետն էլ տեսախցիկ է բերել, որ Երուսաղեմից «վավերագրական ապացույց» տանի Աստծո մասին: Մենք էլ հարմար առիթը բաց չթողեցինք ու վկայեցինք Աստծո Որդու մասին: Ցույց տվեցինք սուրբ Հարության տաճարում գտնվող բեկորը այն սյան, որին Պիղատոսի պալատի բակում Հիսուսին կապել ու գանահարել են, Գողգոթան, որտեղ խաչել են մեր Տիրոջը և սուրբ Գերեզմանը, ուր ամփոփել էին Նրա անշնչացած մարմինը: «Աստծուն փնտրողը» մանրամասն նկարահանում էր սրբությունները և ձայնագրում մեր ասածները՝ որպես ապացույց, որ իսկապես Աստված կա, որը մեր Արարիչն է: Նա շատ ուրախ էր լսածների ու տեսածների համար։ Վերջում խորին հարգանքով շնորհակալություն հայտնեց իրեն օգնելու համար: Երբ ուզում էր հեռանալ, նրան ասացինք, որ մենք՝ հայերս, որ իր հետ խոսում ենք, մարդկանց մեջ առաջիններից մեկն ենք եղել, որ փնտրել ու գտել ենք ճշմարիտ Աստծուն, իսկ ազգերի մեջ անդրանիկն ենք, որ 17 դար առաջ Քրիստոսին ընդունել ենք որպես Աստծու: Նա զարմանքից ապշած՝ մի քանի րոպե լուռ էր, հետո մի կողմ դնելով տեսախցիկը, խոնարհվեց մեր առաջ, ապա նորից ձեռքն առնելով այն՝ սկսեց նորից մեզ նկարահանել: Այս անգամ արդեն ինքն էր խոսում ձայնագրելով. «Որպես ապացույց Աստծո գոյության, ահա ձեր առջև են հայերը, որոնք արդեն 1700 տարի է, ինչ գտել են կենդանի Աստծուն, ու մինչև հիմա այս ազգը կա և գոյություն ունի: Եվ հենց դա էլ ամենամեծ ապացույցն է, որ այդ Աստվածը ճշմարիտ ու միակ Աստվածն է»: Եվ ուրախությունից ու երջանկությունից խոնավացած աչքերով դուրս եկավ սուրբ տաճարից:
Հանդիպել եմ մարդկանց, որոնք, լսած լինելով Հիսուսի մասին, որ Նա բոլոր հիվանդությունները բժշկել է, իրենց հիվանդներին, որոնց մեջ հաճախ անհույս դիվահարներ, հոգեկան հիվանդներ են լինում, անձամբ բերել են այստեղ, որ բուժվեն:

ՂՊՏԻՆԵՐԻ ՄԱՏՈՒՌԸ
Տիրոջ սուրբ Գերեզմանի ճիշտ հետնամասին կպած, մի քանի քառակուսի մետրանոց փոքրիկ խորան-մատուռ կա, որը պատկանում է ղպտիներին:
Փաստենք, որ ղպտիները հին եգիպտացիների սերունդներն են: Արաբներն այդպես են կոչել քրիստոնյա եգիպտացիներին. Աստվածաշնչում ամենահին և առավել հաճախ հիշատակվող ազգերից մեկն են:
Ղպտիները Երուսաղեմի սուրբ Հարության տաճարում երեք առաջնորդող եկեղեցիներից հետո, իրենց ունեցած սրբատեղերի սեփականությունների թվով ու կարևորությամբ չորրորդն են, և իրավունք ունեն իրենց մասում պատարագներ և ժամերգություններ կատարելու: Ճիշտ է, արարողության ժամանակ միայն պատարագիչն ու ժամարարն են հազիվ տեղավորվում փոքրիկ խորանում, իսկ մնացածները կանգնում են արտաքին մասում, բայց դա նրանց չի խանգարում հոգեշահ աղոթքներով Տիրոջը փառաբանելու, որ բազում դարեր հետո այդ ողորմությունն է արել իրենց ազգին: Հաճախ եմ դիտել ղպտիների արարողությունները և նկատել եմ, որ նրանք մյուս ազգերից ավելի երկյուղածորեն են մասնակցում պատարագներին, իսկ երբ մոտենում է սուրբ Հաղորդության պահը, համեստ հագնված բոլոր տղամարդիկ և կանայք հանում են իրենց կոշիկներն ու սառը քարեհատակին խոնարհաբար կանգնած սպասում իրենց հերթը հասնելուն:
Ավելացնեմ, որ այս կարևոր մատուռը ղպտիներն ունեն հայոց շնորհիվ, քանզի 13-րդ դարում այն կառուցել է տվել Կիլիկիայի Հեթում թագավորը: Հետագայում, Եգիպտոսի իրենց Ս. Մինաս եկեղեցին տալով տեղի հայ համայնքին, ղպտիները Երուսաղեմում ստացան Տիրոջ սուրբ Գերեզմանին կից այդ շատ կարևոր խորանը, որտեղ նրանք չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին անարգել ժամերգություն և հետո պատարագ են մատուցում: Հայերս եղբայրաբար նրանց մի փոքրիկ սենյակ էլ ենք տվել մեր տեսչարանին կից, որ կարողանան իրենց եկեղեցական սպասքները պահել:

ՀՈՎՍԵՓ ԱՐԻՄԱԹԱՑՈՒ ՄԱՏՈՒՌԸ
Ղպտիների խորանի ուղիղ դիմաց, մի քանի մետր հեռավորության վրա, գտնվում է Հովսեփ Արիմաթացու և Նիկոդեմոսի գերեզման-մատուռը: Այն պատկանում է հայոց ազգին, բայց մենք այդտեղ պատարագ չենք մատուցում, այլ իրավունք ենք տվել ասորիներին այստեղ իրենց կիրակնօրյա պատարագները մատուցելու: Սրահը շրջանաձև է ու բավականին մեծ տարածություն ունի, որի հարավային մասում ժայռափոր ու մութ մի խորշ կա, որը Աստծո ընտիր ծառաների` Հովսեփ Արիմաթացու և Նիկոդեմոսի գերեզմանն է: Իսկ ընտիր կոչեցի այն պատճառով, որ Հիսուսի խաչվելու ժամանակ ամենամերձավոր մարդիկ փախել էին, մնացել էին մի քանի կանայք, Տիրամայրն ու երիտասարդ Հովհաննեսը: Հիսուսի անշնչացած մարմինը խաչից իջեցնելուց հետո պետք է թաղեին, բայց չգիտեին որտեղ: Հովսեփ Արիմաթացին Պիղատոսին աղաչեց, որ թույլ տա մարմինը վերցնել, որ թաղեն նրա համար փորված գերեզմանում: Իսկ Նիկոդեմոսի հավատի ապացույցն այն եղավ, որ նա, 100 լիտր զմուռս գնելով, մասնակցեց Հիսուսի թաղմանը: Իսկ երբ այս երկու ընտիր այրերը ննջեցին ի Քրիստոս, ապա նրանց գերեզմանները փորել տվեցին Տիրոջ Գերեզմանից ոչ հեռու՝ այս նկարագրված տեղում:
Այս սրահը, ի տարբերություն մյուսների, իր տեսքով շատ անխնամ ու անբարեկարգ է: Պատճառն այն է, որ ասորիներն ուզում են զարտուղի ձևով տիրանալ այս մատուռին, այսինքն՝ ուզում են իրենք վերանորոգեն սրահը, այդպիսով դրա սեփականության իրավունքը ստանան: Եվ այժմ նրանք զանազան արգելքներ են ստեղծում, որ հայերը վերանորոգման ծախսերի մեծ մասը չանեն, քանի որ դրանով կվերահաստատվեն մեր իրավունքները: Ահա այս ոչ եղբայրական հարաբերություններն են, որ մատուռը լքված ու անմխիթար վիճակի են հասցրել:
Այժմ փա՜ռք տանք Աստծուն։ Ի՜նչ զորավոր ու աշխարհասասան ազգեր եկան ու գնացին, իսկ մեր փոքրաթիվ ազգը մնաց աշխարհի թատերաբեմում: Քանի որ Աստված Ինքն է անձամբ ընտրել մեր ազգը, որ նա բոլոր ազգերից առաջինն իրավունք ունենա Իր Որդու անունը կրելու, ուրեմն նա պիտի մնա մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը: Իսկ այդ երբեմնի ամենազորավորների մնացորդները այժմ սուրբ Երկրում պատսպարվելով հայոց ազգի թևերի հովանու տակ, ամեն կերպ աշխարհին ուզում են հիշեցնել, որ այդպիսի ազգեր էլ են գոյություն ունեցել:
Իսկ վերջում մեկ անգամ ևս փաստենք. սուրբ Հարության տաճարի ամեն մի մանրուք իր թաքնված բազմադարյան խորհուրդն ունի, որի խորախորհուրդ արմատներից է իր կյանքի ապրեցնող ավիշն առնում Հայոց ազգը մեր:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի ուսուցիչ

Դիտվել է՝ 2255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ