ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Փառաբանենք Աստծուն, Որն ընդունեց Նրան Իր տուն և առաջնորդեց Իր ուղիներով»

«Փառաբանենք Աստծուն, Որն ընդունեց  Նրան Իր տուն և առաջնորդեց Իր ուղիներով»
20.11.2012 | 11:11

Մեր բոլորի Մայր Մարիամ Աստվածածնին նվիրված տարվա հինգ տոներից մեկը վաղն է՝ նոյեմբերի 21-ին։ Այն կոչվում է «Ընծայումն սուրբ Աստուածածնի երից ամաց ի տաճարն»։ Ըստ այս տոնակատարության ավանդության` երեքամյա աղջնակ Մարիամն իր ծնողների հոժար կամքով հանձնվում է Աստծո Տաճարին։ Իսկ դրա նպատակն այն էր, որ ըստ Եսայի մարգարեի հետևյալ խոսքը կատարվեր. «Ահա կույսը պիտի հղիանա և Որդի կծնի ու Նրա Անունը Էմմանուել կդրվի»։ Եվ Իսրայելի ժողովրդի շատ ծնողներ իրենց մանկահասակ աղջիկներին դեռահաս տարիքում բերում և ընծայում էին Աստծո Տաճարին, որ երբ ժամանակը գա, ապա Տերն ընտրի դրանցից մեկին, որպեսզի կատարվի այդ գրված մարգարեությունը։ Ահա Մարիամի ծնողներն էլ, մեծահասակ տարիքում երեխա չունենալով, ուխտ են անում Աստծո հետ, եթե աղջիկ զավակ ունենան, ապա Տաճարին կնվիրաբերեն։ ՈՒխտն ընդունվում է, և հաջորդ տարի ծնվում է մի սքանչելի դուստր։ Երեք տարի հետո նրանք կատարում են իրենց ուխտը և կարոտի մեծ թախիծով Տաճարին են հանձնում իրենց սրտի կտորին՝ պստլիկ Մարիամին։ Իսկ դրանից հետո ծնողները շատ չանցած մահանում են, և Մարիամ կույսը, մեծանալով Տաճարի վանքում, Աստծո նախախնամությամբ տասը տարի անց երկնային մի հրաշքով ընտրվում է, որպեսզի կատարվի մարգարեաբար խոստացված այն խոսքը, և Մարիամը դառնում է այն երանելի Կույսը, Ով պետք է արժանանար Աստծո Որդուն՝ Հիսուսին ծնելուն Բեթղեհեմում։
Այս ավանդությունն ընդունում են բոլոր առաքելահիմն եկեղեցիները և ամեն տարի նշում այդ օրը։ Իսկ Մարիա Վալտորտա անունով մի երանելի քույր այս մասին տեսիլային փորձառություն է ունեցել, որի ժամանակ Տերը փոխանցել է այս եղելության հետաքրքիր մանրամասները։ Ծանոթանանք այդ տեսիլքի մի հատվածին:
«Տեսնում եմ Մարիամին, որը քայլում է հոր և մոր մեջտեղով` Երուսաղեմի փողոցներով:
Անցորդները կանգ են առնում նայելու հրաշագեղ մանկիկին, որի զգեստները ամբողջովին ճերմակ են:
Հայրը` Հովակիմը, շատ ծեր է: Յուրաքանչյուրը, նրան տեսնելով, կկարծի, թե մանկիկի պապիկն է, որը բռնել է Մարիամի թաթիկը: Դստրիկից բաժանվելու ցավն այնպես է ընկճել նրան, որ նա հազիվ է քարշ տալիս ոտքերը, նա այնքան տառապած ու թախծոտ է, որ 20 տարով մեծ է երևում, և թվում է` հիվանդ է: Նրա շրթունքները թեթև դողում են, իսկ բերանի մոտի խորշոմները այսօր ավելի են խորացել և ընդգծվել:
Երկուսն էլ փորձում են թաքցնել արցունքները: Բայց եթե նրանց հաջողվում է դա թաքցնել օտարներից, ապա Մարիամից թաքցնել չի հաջողվում: Նա նրանց է նայում վարից վեր, շրջելով դեմքը մեկ հոր, մեկ մոր կողմը: Վերջիններս դժվարությամբ ժպտում են նրան` դողդողացող շուրթերով, միայն ամուր սեղմելով նրա փոքրիկ թաթիկները ամեն անգամ, երբ աղջնակը ժպտում է նրանց:
Նրանք դանդաղ են քայլում, շատ դանդաղ: Թվում է, նրանք ուզում են, որ այդ շրջագայությունը շարունակվի անվերջ: Յուրաքանչյուր բան, որ հանդիպում է նրանց ճանապարհին, առիթ է տալիս հերթական կանգառի, և այնուամենայնիվ, նրանց ճանապարհը մոտենում է ավարտին: Հորիզոնում արդեն նշմարվում են Տաճարի պարիսպները: Աննան հոգոց է հանում, սեղմելով դստրիկի թաթիկը:
Նա լաց չի լինում, փոքրիկ խիզախ աղջնակ է: Բայց նրա շրթունքները դողդողում են, իսկ մերթընդմերթ թնկթնկոցից ընդհատվող ձայնիկը առավել, քան երբևէ, հիշեցնում է սափորից թափվող ջրի ղունղունոցը: Նրա դեմքը գունատ է, իսկ աչքերն արտահայտում են վշտի հետ համակերպումը: Ճիշտ այդպիսի հայացք, բայց ավելի խոր, կունենա Նա Գողգոթայում և Տիրոջ գերեզմանի մոտ: Սակայն այդ ժամանակ անհնար կլինի Նրան նայել առանց խորին ցավ և կարեկցանք զգալու:
Ծնողները օրհնում են Նրան և համբուրում մեկ անգամ, էլի, էլի տասն անգամ... նրանք ուժ չունեն կանգ առնելու:
Վերջապես, նրանք Տաճարի ներքին սրահում են:
Մարիամն էլ, պայծառ արևի շողերի տակ, ձյունից էլ ճերմակ է երևում: Նա կանգնած է աստիճանների շեմին, մոր և հոր միջև:
Ահա նրանք շեմին են: Նրանց առջև քահանայապետն է` փառահեղ ծերունի:
Այնուհետև նա կանչում է Մարիամին: Բաժանվելով հորից ու մորից` Նա, կարծես հմայված, բարձրանում է աստիճաններով: Եվ հրճվագին ժպտում է Տաճարի մթության մեջ, որտեղ կախված է Սրբարանի վարագույրը: Նա արդեն աստիճանների վերևում է, քահանաների առջև: Քահայանապետն իջեցնում է ձեռքերը Նրա գլխին. զոհն ընդունված է: Ընդունե՞լ է արդյոք Տաճարը երբևէ ավելի մաքուր զոհի, քան Սա է:
Այնուհետև քահայանապետը շրջվում է, ձեռքերը պահելով Նրա ուսերին և առաջնորդում է Նրան, որպես անարատ ու փոքրիկ Գառնուկի, զոհասեղանի մոտ, Տաճարի դռներից ներս: Նրան ներս թողնելուց առաջ հարցնում է, «Մարիա՛մ, Դավթի տոհմից, գիտակցո՞ւմ ես արդյոք Դու քո ուխտը», և երբ Նա իր արծաթահնչյուն ձայնով պատասխանում է. «Այո՛», քահայանապետը բացականչում է. «Այժմ մտի՛ր, եղի՛ր իմ ներկայությամբ և կատարյալ»:
Մարիամը ներս է մտնում և Տաճարի մշուշի մեջ աստիճանաբար անհետանում տեսողությունից: Մայրապետների և աղջիկների խումբը, հետևից կույսերը ծածկում են նրան տեսադաշտից ավելի և ավելի… Նա այլևս չի երևում:
Դռների վերջին քաղցրահնչյուն ակորդների հետ լսվում են ծեր ծնողների հեծկլտոցը և բացականչությունը. «Մարիա՛մ, դստրի՛կս»: Ապա երկուսն էլ արտասվելով փարվում են միմյանց. «Հովակիմ, Աննա» և մեղմ շշնջում են «Փառաբանենք Աստծուն, Որն ընդունեց Նրան Իր տուն և առաջնորդեց Իր ուղիներով»:
Այստեղ տեսիլքն ավարտվում է:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ