Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Աստծո անունից ամեն խոսողի որպես փրկչի մի՛ հետևեք

Աստծո անունից ամեն խոսողի  որպես փրկչի մի՛ հետևեք
13.11.2012 | 12:05

Հիշյալ հրապարակումը «Իրատես de facto»-ի ընթերցողներին է ուղղել տ. ՀՈՎՍԵՓ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆԸ, մանրամասնելով.
Հայր Կոմիտասը հիանալի պատմում է «Եհովայի վկաների» կործանարար և քայքայիչ ներկայության մասին: Այսօր հայրենիքը արդեն իսկ քաղաքական և տնտեսական դժվարին վիճակներից է անցնում: Պատկերացնո՞ւմ եք, ի՞նչ կլինի մեր ազգի ու ժողովրդի վիճակը, եթե Հայաստանյայց առաքելական եկեղեցին էլ աղավաղվի, և հայ հավատացյալը կորցնի իր երկհազարամյա հավատը: Վա՜յը եկել է մեզ տարել: ՈՒրեմն ուշադիր կարդանք հայր սուրբի այս բացատրագիր-խոսքը:
Սիրելի հայր Կոմիտաս, Ձեր այս բացատրագիրը հանձնելով «Իրատես de facto»-ի ընթերցողներին, կոչ եմ անում, որ բոլորս միահամուռ պայքարով ազատվենք Հայաստանում ցորենի հետ աճող որոմներից` «Եհովայի վկաներից»: Մենք ուժեղ ենք, սրանից շատ ավելի ծանր, դժվարին ու նույնիսկ ահավոր վիճակներից ենք դուրս եկել, սա էլ կհաղթահարենք: Օրհնյալ լինեք բոլորդ։


Հաճախ մարդիկ ինձ հարց են տալիս, թե ինչ են փորձում քարոզել աղանդավորները մարդկանց, ինչի՞ց պետք է հատկապես զգուշանանք և սթափ լինենք:
Նախ նշեմ, որ մեզ համար, այսինքն` հայերիս համար, որևէ կրոնական շարժում, որը չի պատկանում Հայ Առաքելական եկեղեցուն, պաշտոնապես եկեղեցու կողմից նզովված է: Մինչ օրս Վրաց եկեղեցին չի ճանաչում Հայաստանյայց առաքելական եկեղեցին` հայտարարելով հերետիկոս: Ինչո՞ւ, որովհետև Հայ եկեղեցին չընդունեց Քաղկեդոնի ժողովը` մնալով 431 թվականին Եփեսոսում տեղի ունեցած 3-րդ Տիեզերական ժողովի ընդունած որոշմանը հավատարիմ, որտեղ իշխողը ղպտի նշանավոր պատրիարք Կյուրեղ Ալեքսանդրացու բանաձևն էր Քրիստոսի երկու բնությունների մասին «Մի է բնութիւն բանին մարմնացելոյ», այսինքն` աստվածային ու մարդկային երկու բնությունների միություն էր դավանվում:
Հիմա նրանք մեզ մեղադրում են, թե ինչու մենք չենք ընդունում Քաղկեդոնի 4-րդ Տիեզերական ժողովի որոշումը, ուր Քրիստոսի երկու բնությունները հայտարարվեցին անջատ` «անխառն և անշփոթ», այսինքն` մարդկային և աստվածային բնությունները գործում էին իրարից անջատ, ի տարբերություն մեր դավանանքի, որի համաձայն այդ բնությունները` աստվածային և մարդկային, գործում էին միասնաբար, միասին, այսինքն, երբ Քրիստոս հրաշք էր գործում աստվածային բնության հետ, չէր դադարում և մարդկայինը գործելուց, իսկ երբ հուզված էր, ուտում էր, խմում, նրա մեջ միաժամանակ գործում էր ինչպես մարդկային, այնպես էլ աստվածային բնությունը:
Այսօր Հայաստանում գործող անորոշ դեմքով ու դիմագծով և դավանաբանական ոչ մի հիմք չունեցող կառույցները ցանկանում են, որ համարժեք աստիճանի կանգնած լինեն Հայ առաքելական եկեղեցու հետ, ինչո՞ւ, որովհետև իրենք էլ են Համաշխարհային եկեղեցիների խորհրդի անդամ: Այո՛, կարող են միջազգային որևէ խորհրդի անդամ լինել, բայց այն, որ մեր եկեղեցու համար համարվում են աղանդ, դա ինքնին փաստ է, որովհետև «աղանդ» նշանակում է առանձին կամ առանձնացած մի ճյուղ, նրանք չեն կարող Հայ եկեղեցու ընդհանուր մաս կազմել:
Ինձ զարմացնում է ինչպես Վրաց եկեղեցու, այնպես էլ վրաց ժողովրդի կեցվածքն իր եկեղեցական արժեքների նկատմամբ: Նրանք իրենցից բացի, որևէ մեկին չեն ուզում ընդունել, նույնիսկ մինչև 607 թվականը Հայ եկեղեցու ենթակայության տակ գտնված լինելով հանդերձ, մեր եկեղեցին չեն ընդունում, այդ կերպ կերտելով, ամրագրելով իրենց ազգային դեմքը, դիմագիծը, ի տարբերություն մեզ, որ մեր ժողովուրդը կարծես մեկդի թողած աստվածաշնչյան բանական ոչխարի կերպարը, պարզ ոչխարների նմանողությամբ գնում է ամեն մեկի հետևից, ով Հիսուսի անունից ինչ-որ բաներ է բարբաջում, իբրև թե փրկության ճանապարհն են ցույց տալիս:
Այս պահին ցանկանում եմ երկու կարևոր պարագա կարդալ Աստվածաշնչից, որը մեր ժողովրդին պետք է սովորեցնի վերջապես սթափ լինել և հասկանալ, որ այս մարդկանց ներկայությունը Հայաստանի տարածքից ներս ոչ թե մեր հոգու փրկության համար է, այլ մեր ժողովրդի կործանման համար: Նրանք դրսից այստեղ են եկել իրենց ֆինանսով ոչ պատահականորեն: Իսկ մենք, ինչպես ամբողջ պատմության ընթացքում եղել ենք քաղաքականությունից զուրկ, այսօր էլ մնալով նույնը, մեր իսկ ձեռքերով կործանում ենք ինչպես ինքներս մեզ, այնպես էլ մեր սրբազան երկիրը:
Քրիստոսի խոսքն է. Մատթեոսի ավետարան, 7-րդ գլուխ, 15 համար. «Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերից կճանաչեք նրանց, մի՞թե փշերից խաղող և տատասկից թուզ կքաղեն»: Դժբախտաբար, ավետարանական այս խոսքը չեղավ մեզ համար ցուցում, այլ մնաց պարզապես խոսք: Քանի որ մենք մի ժողովուրդ ենք, ում համար շատ ավելի կարևոր է երևույթը, քան իմաստը, դարձել ենք այդ երևութապաշտական զգացումներով դատարկ խոսքերի գերին: Աղանդները, որոնք ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ կամ ամենաշատը 100 տարի առաջ են ձևավորվել, կուրորեն դառնում ենք նրանց հետևորդները, առանց հասկանալու` ինչո՞ւ են նրանք հայտնվել այստեղ, ի՞նչ են ուզում մեզնից, արդյոք նրանց նպատակը մեր փրկությո՞ւնն է, թե՞ մեզնից փրկվելը: Հիշեք գեներալ Պասկևիչի խոսքը, կամ Լոուրենս Արաբացունը` «Մեզ Հայաստանը պետք է առանց հայերի»:

Այսօր շատ է խոսվում «Եհովայի վկաների» մասին: Ի՞նչ գիտենք մենք, թե այդ ուսմունքն ինչ է վերջապես: ՈՒսմունք, որի առաջին իսկ քայլերը հիմնադրվեցին քայքայման և բաժանման վրա: Հիշեք, քարոզիչ բապտիստ Բարբյուսի և տեքստիլի վաճառական Ռասսելի միությունից ձևավորվեց այդ շարժումը, որը 1874 թվականին բաժանվեց, Ռասսելը հիմքը դրեց «Սիոնի դիտարանի»: 1930-ական թվականներին նրանց քարոզիչներից մեկը, հիմք ընդունելով Եսայի մարգարեի 43 գլխի 10 համարի «Եղե՛ք ինձ համար վկաներ, ես էլ ձեզ համար վկա լինեմ»,- ասում է Տեր Աստված» տողը, շարժումը կոչվեց «Եհովայի վկաներ»: Պետք է ասեմ, նախ, որ Եհովան անուն չէ, դա տառերի հապավում է, և «ահվե» բառն է, որը ձևավորվել է 11-րդ դարում, իսկ Աստվածաշնչում նման անուն գոյություն չունի: Հրեական Աստվածաշնչում Աստծո անուն գոյություն չունի, որովհետև «Քո Տեր Աստծու անունը զուր տեղը չպիտի արտասանես» (Ելից գիրք 20.7) պատվիրանը հրեաների համար դարձավ այնպիսին, որ նրանք նույնիսկ «Աստված» բառը չեն օգտագործում, այլ նշում են «Հավիտենականը» ձևով, իսկ հայերենում այդ նույն ձևը պահպանված է գրաբարի «ես եմ, որ Է-ն», այսինքն` հավիտենականը: Դժբախտաբար, այսօր այնպիսի դեմք ու դիմագիծ է ձևավորվել մեր ժողովրդի որոշ հատվածի մեջ, որ մեկ լիտր ձեթի ու մեկ կիլոգրամ ալյուրի համար պատրատ են իրենց հոգին ծախելու: Սկզբում գնում ընկնում են թակարդը, իսկ հետո հայտնվում են դժբախտության ճիրաններում, ինչպես` ասենք, Իսպանիայում գործող «Խորան» աղանդավորական շարժման մեջ հայտնված հայերը, որոնք կողոպտվել էին իրենց կեղծ քարոզչից և նրա տիկնոջից:
Այսօր շատերին է հետաքրքրում «Եհովայի վկաներ» շարժումը, թե ինչ է այն:
Նախ` «Եհովայի վկաները» եկեղեցի չէ և նույնիսկ չունի, այն պարզապես կազմակերպություն է, իսկ իրենց հավաքավայրը կոչվում է «արքայության սրահ», որտեղ արարողություն չի կատարվում: Դա հատուկ միսիոներական ծրագիր է, և իրենք աշխատում են տեղեկություններ (ինֆորմացիա) հավաքելու վրա: Ի՞նչ է նշանակում հետախուզություն, տեղեկությունների (ինֆորմացիայի) աղբյուր: Զարմանալին այն է, որ նրանց մոտ արգելված է միանձնյա քարոզչությունը, և, ինչպես գիտեք, քարոզչություն իրականացնում են երկու հոգով, որպեսզի առաջինը հսկի երկրորդին, իսկ երկրորդն էլ առաջինին, թե ի՞նչ և ինչպե՞ս ասաց, ի՞նչ տեղի ունեցավ և այլն: Այդ բոլոր տեղեկությունները, ավելի ուշ, գրավոր տրամադրվում են իրենց կենտրոնին: Եհովայի վկան իրավունք չունի աղոթելու, նրա աղոթքը Եհովային է փոխանցում «Եհովայի խողովակ» կոչված տասներկու անդամից բաղկացած կենտրոնական կոմիտեի անդամներից մեկը: Այդ մասին մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ Գերմանիայում լույս տեսած` «Handbuch Religiose Gemeinschaften»` հրատարակված Gtersloher Verlagshaus-ի կողմից 1978 թ., ծավալուն գրքում, ուր ներկայացված են աշխարհի բոլոր կրոնական շարժումները: Որով նրանք, չունենալով պաշտամունքային կառուցվածք, դադարում են եկեղեցական, համայնքային կառույց լինելուց, և միայն քարոզչական ծրագիր իրականացնելով, իրագործում են հատուկ նպատակ, ազգերից արմատախիլ անելով ավանդությունները և ընդհանրականի սահմանագծի մեջ անորոշության դատապարտելով ազգային ամեն ինչ: Նրանց գործունեությունը սահմանափակվում է միայն քարոզչությամբ: Այդ կազմակերպության օգտագործած Աստվածաշունչը ամբողջովին աղավաղված է, քանի որ վերաշարադրված է իրենց գործելաոճին համապատասխանող տեքստով: Ցավոք, երկրաշարժից հետո տոննաներով կեղծ Աստվածաշունչ ուղարկվեց Հայաստան` իրենց կողմից հրատարակված, ուր ամեն տեղ, ամեն բառից հետո կարդում էիր Եհովա անունը: Եթե ուսումնասիրեք մեր պատմական ձեռագրերը, չեք գտնի մի Աստվածաշունչ, որտեղ գրված լինի Եհովա բառը: Եվ հանկարծ 1988-ի երկրաշարժից հետո ամբողջ Հայաստանը ողողվեց այդ կեղծ աստվածաշնչերով: Կհարցնեք` ինչո՞ւ, որովհետև հող էր նախապատրաստվում այսօրվա համար, նրանք իրենց գործած քայլերով ապացուցում են, որ կրոնի հետ ընդհանրապես կապ չունեն, դա ավելի շատ քաղաքական ծրագիր-շարժում է, քան կրոնական: Իսկ մեր միամիտ ժողովուրդը չի հասկանում, որ ամեն Աստծո անունից խոսող դեռ հավատացյալ չէ:
Երբ «Խորան» աղանդի, այսպես կոչված, քարոզիչները մարդկանց կողոպտում են հենց ուղիղ իմաստով, նրանք էլ են Հիսուս Քրիստոսի անունն օգտագործում: Ցավոք, մեր բարի, միամիտ հավատացյալները չեն կարդացել Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխի 4-րդ համարը, ուր ասվում է. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե ես եմ Քրիստոսը և շատերին կմոլորեցնեն: Զգույշ եղեք, չխռովեք, որովհետև պետք է որ այդ ամենը լինի, և դրանից հետո պետք է լինի երկրորդ գալուստը: ՈՒրեմն այդ սուտ մարգարեները եկել են ոչ թե մեր փրկությունը», այլ Տիրոջ Երկրորդ գալուստը ապահովելու: Սակայն չմոռանանք. ե՞րբ էր կատարվելու Երկրորդ գալուստը, երբ որ Նեռը (սատանան) իշխեր մեր հոգիների վրա, որից հետո միայն: ՈՒրեմն սրանք Նեռի, սատանայի քարոզիչներն են և ոչ թե Աստծու: Եվ ուրիշ մի ողբերգություն էլ է կատարվում. Հայ առաքելական եկեղեցին երբ մարդուն մկրտում է, ի՞նչ կերպ է այն անում` երեք խորհուրդների միջոցով` Սուրբ մկրտություն, Դրոշմ և Սուրբ հաղորդություն: Իսկ իրենք ի՞նչ են անում, մկրտում են միայն ջրով, այդ կերպ մեր վրայից պարզապես ջնջում են սրբազան երեք խորհուրդների զորությունը` լվանալով ջնջում են մեր վրայի ճշմարիտ քրիստոնյայի դրոշմը, այն նշանը, որը որոշիչն է մեր քրիստոնեական ինքնության: Այսինքն` հայտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ, կանգնելով Աստծու դատաստանի առաջ, ոչ մի դրոշմ չենք ունենալու մեզ վրա:

Կոմիտաս վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2360

Մեկնաբանություններ