ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Գայլերը գառան մորթիներով պտտվում են ամենուր

Գայլերը գառան մորթիներով  պտտվում են ամենուր
06.11.2012 | 11:30

Էս մեր խեղճ ազգը ոչ միայն աղանդակալել է, այլև մոլորվել ու անմտացել է, և ինչ դիվահար բախտագուշակների, պառավական ու տգետ հեքիմների, ճակատագրապաշտների դուռն ասես որ չի գնում, միայն թե օգնություն գտնի։

Գիտուն հայրերից մեկն ասել է. «Տգիտությունը մարմնավոր կուրությունից էլ վատթար է»։
Ահա մեր խեղճ ժողովրդի տգիտության պատճառով էլ բազում մոլորեցնողներ են հայտնվում տարբեր գյուղերում, իսկ մեծ մասամբ էլ մայրաքաղաքում, որոնք օր ու գիշեր փող են «սարքում» իրենց աջն ու ձախը չիմացող տգետների հաշվին։ Սրանց ուղեցույցը տարբեր հեքիմական միջոցներ, հորոսկոպներ, աստղաբանական աղյուսակներ, էֆեմիրետե՝ աստղագուշական գրքեր, մաղեր, հալված մոմեր, հիմա էլ ժամանակակից բյուրեղներն են և այլ միջոցներ։
Այս ամենի պատճառը մեկն է՝ հեռացումը միակ ճշմարտությունից։
Երբ իր ժամանակին Պիղատոսը պատրաստվում էր խաչելու Հիսուսին, վերջին հարցը տվեց մեր Տիրոջը. «Ի՞նչ է ճշմարտությունը», և պատասխան չստացավ, որովհետև հարցն էր սխալ, քանի որ ճշմարտությունը ոչ թե ինչ է, այլ Ով է, քանի որ ճշմարտությունն Ինքը՝ Հիսուսն է, որովհետև մի անգամ Նա այդպես էլ ասաց. «Ես եմ ճշմարտությունը և Կյանքը»։ ՈՒրեմն, Ճշմարտությունից և Նրա խոսքից դուրս, ըստ բանականության, ամեն բան սուտ է կամ, մեղմ ասած, ոչ ճիշտ։ Իսկ սուտն ու անճշտությունը, որ խաբեություն են կոչվում, ինչպես հայտնի է, խավարի գործակիցներն են։ Ահա նման անձնավորված գործակիցներին է լսում մեր ազգի մեծամասնությունը, որովհետև Ճշմարտությունից՝ Հիսուսից են հեռացել նրանք։ Այդ պատճառով էլ մեր Բարի հովիվը ասում է իրեններին. «Եկե՛ք Ինձ մոտ…», եկեք, որովհետև գայլերը գառան մորթիներով պտտվում են ամենուր, մոլորվածներին հափշտակելու համար։
Եթե նմանները գոնե մեկ անգամ կարդացած լինեին Ճշմարտության խոսքը՝ Աստվածաշունչը, ապա այս խոսքերը նույնպես կարդացած կլինեին. «Սիրելիներ, ամեն հոգու մի՛ հավատացեք, հապա հոգիները փորձեք, թե արդյո՞ք Աստծուց են» (Ա Հովհ. 4.1)։ Իսկ Եսայի մարգարեն զգուշացնում է. «Երբ ձեզ ասեն թե՝ վհուկներին ու նշանագետներին հարցրեք, դուք պատասխանեք. «Մի՞թե ժողովուրդը իր Աստծուց չպետք է հարցնի. կենդանիների համար մեռածների՞ն պիտի հարցնի» (Եսայի 8.19)։ ՈՒ հենց նման «մեռածների»՝ բախտագուշակների մոտ են գնում կենդանի Աստծուն մոռացած մոլորյալները, ու դրա վախճանը անկասկած չար է լինելու։ Ինչպես գրված է Սուրբ գրքում, երբ Իսրայելի Մանասե թագավորը կենդանի Աստծուն թողած, կուռքերի պաշտել տվեց իր ժողովրդին. «Մանասեն իր որդիներին հրի միջով անցկացրեց, հմայություն արեց, թռչուններին նայելով գուշակություններ արեց, վհուկներ ու նշանագետներ պահեց: Տիրոջ առջև շատ չարիքներ գործելով՝ նա բարկացրեց Նրան:
Տերը, խոսելով Իր ծառա մարգարեների միջոցով, ասաց. «Քանի որ Մանասեն այս գարշություններն արեց Իմ առջև, առավել չարիք գործեց, այդ պատճառով այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. «Ահա ես այնպիսի չարիք պիտի բերեմ Երուսաղէմի ու Հուդայի երկրի վրայ, որ ամէն ոք երբ լսի, նրա երկու ականջները խշշան…: Երուսաղեմը պիտի ջնջեմ… Իմ ժողովրդի մնացորդը պիտի լքեմ ու նրանց իրենց թշնամիների ձեռքը պիտի մատնեմ, որպեսզի նրանք ավար ու հափշտակություն դառնան իրենց բոլոր թշնամիների համար» (Դ Թագավ. 21.1-14):
Այսինքն, ըստ այս խոսքի, գուշակների, կախարդների, բախտագուշակների և այլ գարշությունների համար Աստծո արդար բարկությունն է գործում տվյալ անձի ու այդ ժողովրդի վրա։ Եթե հասկացանք, զգուշանանք, որովհետև այդ Մանասե հզոր թագավորին Տերը գերության ու անարգանքի մատնեց իր թշնամիների ձեռքով, մինչև որ նա հասկացավ իր անօրենությունների հետևանքը, ու մեծ զղջումով ապաշխարեց Տիրոջ առաջ։ Մանասե թագավորի զղջման աղոթքը մինչև հիմա մեր առաքելական եկեղեցին օգտագործում է յուրաքանչյուր անձի ապաշխարության համար, որպես կենդանի օրինակ։
Վերջերս տեղական հեռուստահաղորդում տեսա, որտեղ գուշակության ոլորտի տարբեր «մասնագետներ» իրենց կարծիքներն էին հայտնում բախտագուշակության, աստղագուշակության և այլ «գիտական» կանխատեսումների մասին։ Թող Աստված ինձ ների, բայց նրանք նման էին մանկապարտեզի չար երեխաների, որոնք իրենց ընտանիքներում սխալ դաստիարակություն էին ստացել ու իրենց չիմացած բաների մասին էին բարբառում, մոլորեցնելով հազարավոր դիտողների։
Տխուր վիճակ էր, բայց դա մեր ազգի վիճակն էր, մեր մեջ պակասել է ճշմարտության լույսը։ ՈՒ զավեշտն այն էր, որ այդպես էլ Հայ առաքելական եկեղեցուց ոչ մեկին չհրավիրեցին ստուդիա, որ գոնե նրա միջոցով բացահայտվեին այդտեղ տիրող խավարի գործերը։ Այսինքն, կույրերը կույրերին առաջնորդեցին, ու պարզ է, թե ուր կընկնեն բոլորը։
Հիմա մի իրական պատմություն կարդանք հայորդի մոլորյալների մասին, որոնք դեռ հավատում էին զանազան հեքիմների ու գուշակների։
Մանկապարտեզում հինգ տարեկան տղաս ինչ-որ կերակուրից ալերգիա ընկավ, ու ամբողջ մարմինը դուրս տվեց: Տարանք զանազան բժիշկների մոտ, բայց ոչ մի արդյունքի չհասանք, երեխայի մարմինը, «մոլոքորից» ու անընդհատ քորելուց, արդեն արյունոտվելու աստիճանի էր հասել: Այդ օրերին բնական է, որ ամեն մեկն իր իմացած դարմանելու միջոցները խորհուրդ տար, բայց ոչ մեկն էլ չօգնեց: Մի անգամ էլ ամուսնուս մի դիվապաշտ խորհրդատու ասել էր, որ եթե երեխային տանես յոթ կնիկ առած ու բաց թողած մեկի տանիքին շորով փաթաթես ու գլոր-գլոր անես, կբժշկվի: (Երբ այս «խորհուրդը» լսեցի, ներքուստ մտածեցի, թե դեռ ի՞նչ սատանայական մոլորության մեջ են գտնվում հայորդիներից շատերը):
Ամուսինս էլ, անհավատ լինելով եկեղեցու և Աստծո հանդեպ, գնաց ու փնտրեց, Երևանի Կոնդի թաղամասում գտավ մի այդպիսի «հերոսի», որ յոթ կնիկ է ունեցել, ու մեր երեխային տարավ նրա տան հողե ու տափակ տանիքին թավալգլոր արեց մի քանի անգամ, բայց, իհարկե, ոչ մի օգուտ չունեցավ այդ «բժշկարար» միջոցը, այլ ընդհակառակը՝ երեխայի վիճակը բարդացավ: Այդ ժամանակ ես դեռ հիվանդանոցում էի երեխայի հետ, բժիշկների հսկողության տակ։ Մի գիշեր էլ երազիս սպիտակամորուս մի սուրբ երևաց ու ասաց, որ երեխային անպայման հանեմ հիվանդանոցից:
Ես միգուցե չհամարձակվեի հիվանդ երեխայիս հանել բժիշկների հսկողությունից, բայց նույն սուրբը նաև մորս այցելեց ու բժշկության միջոցն էլ ասաց: Ըստ այդ խոսքի, մենք պետք է երեխային տանեինք Էջմիածին ու երեք անգամ սուրբ Խաչի տակով անցկացնեինք: Ճիշտ այդ ժամանակ Սփխեչի, այսինքն` Սուրբ Խաչի տոնն էր, որ միշտ սեպտեմբերին է լինում: Երբ ուզում էինք մեքենա նստել ու գնալ, հանկարծ երեխան կանգնած տեղում ճչաց ու ոտքը ոլորված ընկավ: Մինչ մենք կապում էինք ոտքը, ամուսինս ասաց, որ չարժի այդպես գնալ, բայց մայրս ասաց, որ դա անօրենի սարքած բանն է, որ երեխային Էջմիածին չտանենք. ուրեմն Տերն ուզում է, որ երեխան հաստատ բժշկվի: ՈՒ երեխային գրկած, վեր կացանք, գնացինք։ Առավոտ շուտ էր, ժամերգությունից հետո եկեղեցականները թափորով, շարականներ երգելով սուրբ Խաչը հանեցին Մայր տաճարից ու երեք անգամ պտտեցնում էին Մայր տաճարի շուրջը: Այդ օրն այնքան ժողովուրդ կար, որ մենք չէինք կարողանում մոտենալ Խաչին, բայց քանի որ տղաս ճարպիկ էր, մենք ասացինք` դու մի կերպ խցկվիր արանքներով ու գնա Խաչի տակ մտիր: Նա էլ մարդկանց ոտքերի տակով մի կերպ մոտեցավ Տիրոջ սուրբ Խաչին, և կարողացավ երեք անգամ անցնել տակով: ՈՒ երբ նորից մեզ մոտ վերադարձավ, բոլորս նկատեցինք, որ երեխան այլևս չի կաղում, իսկ մի քանի օր անց ամբողջ մարմինը ցանից մաքրվեց և լրիվ անցավ հիվանդությունը:
Ահա այսպես Տերը մեզ փրկեց Իր ճշմարտության սուրբ Խաչով:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ