ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Քաղաքակրթությունը ստեղծել է Աստված, հավատում եք դուք նրան, թե ոչ

Քաղաքակրթությունը ստեղծել է Աստված, հավատում եք դուք նրան, թե ոչ
02.11.2012 | 12:02

Առնո Բաբաջանյանին երբ հարցնում էին` երաժշտություն ինչպե՞ս եք գրում, պատասխանում էր` լսում եմ: Միլիոնավոր մարդկանցից մի քանիսին տրված լսելու այդ ունակությունը կոչվում է հանճար: Աստված ընտրում է նրանց, որպեսզի պարգևի ոչնչից ԻՆՉ ստեղծելու կարողություն: Աստված նրանց հետ կիսում է իր զորությունը, որպեսզի մարդկանց կյանքում լինեն լույս, խոսք, մեղեդի, կտավ ու արձան: Աստված պարզապես չի ուզում մարդկանց մենակ թողնել: Միլիոններից մի քանիսը լսում են, տեսնում են, զգում են, հասկանում են այն, ինչ մյուսներին տրված չէ, բայց կարող է հասու դառնալ: Եվ այդ մյուսների ընկալումից է կախված, թե ինչ ու ինչպես կհասկանան: Նրանց տրված է կատարելության ճանապարհը, և կատարելության ճանապարհի ուղենիշները նույնպես տրված են, որովհետև մարդը ստեղծվել է Աստծո պատկերով ու նմանությամբ:
Աստվածաշունչը դարերով անվանվել է Գրքերի գիրք, և եթե նույնիսկ նկատի չառնենք Վերածննդի սքանչելի մշակույթը, որ արմատներով գալիս էր ոչ միայն անտիկ արվեստից, այլև գաղափարախոսությամբ ու մարդու ստեղծարար ուժի փառաբանությամբ ուղղակի Աստվածաշնչի շարունակությունն էր, Սուրբ գիրքը եղել ու մնում է միակ իրողությունը, որ իր բազմադարյա գոյությամբ մարդը չի կարողացել անգամ կասկածի տակ առնել: Որովհետև անհնար է հերքել Լույսը:


Մարդու ընդունված բնորոշումը` հոմո սափիենս: Բանական մարդ: Բայց և այլ բանականներ կան` մեղուները, դելֆինները, շները, ագռավները...
Մարդու գլխավոր տարբերությունը մնացած ամբողջ աշխարհից բանականությունը չէ: Գլխավորը` նա մեջբերումներ անող մարդ է: ՈՒրիշների բառերը կրկնող մարդ, ուրիշների բառերը գրի առնող մարդ, ուրիշների բառերը կարդացող:
Տաճարները, նավերը, մեքենաները, համակարգիչները` ամեն ինչ ստեղծել է մարդը, որ գիտի կարդալ: Այսինքն` մեջբերումներ անող մարդը:
Համատեղ գործողությունները, սննդի, վտանգի ու սիրո մասին տեղեկատվության փոխանցումը հասու է շատ կենդանիների: Բայց մտքերը գրի է առնում միայն մարդը: Քաղաքակրթությունը մտքերի գրառումն է:

ՎԱՅՐԵՆԻՆԵՐԸ
... Իմ դաստակերտի գրքերն այրեցին:
Ալեքսանդր Բլոկ

Մաուգլի` այսպես են անվանում երեխային, որ մանկուց (նորածին) հայտնվել է գայլերի կամ կապիկների մեջ և մեծացել նրանց հետ: (Հիշեցնեմ` Մաուգլի անունը չեն հնարել ոչ կենդանաբանները, ոչ հոգեբանները, ոչ սոցիոլոգները: Նա Կիպլինգի հեքիաթից է):
Այդ մաուգլիները (6-7 տարեկանում գտնված և մարդկանց վերադարձված) երբեք չեն խոսում: 10-20-30 տարի ապրում են մարդկանց հետ և չեն կարողանում խոսել սովորել:
Այսինքն` եթե կյանքի սկզբում երեխան ոչ մեկից չի կարող պատճենել խոսքը, նա երբեք չի խոսի: Եթե լքված նորածիններին հավաքեն և մեծացնեն մարդկային խոսքից լիակատար մեկուսացման մեջ, նրանք երբեք չեն խոսի (19-րդ դարի վերջին նման փորձեր արվել են): Նրանք ուտում են, մեծանում, իրենց ժամանակին բազմանում են, ատամներն են կրճտացնում, բառաչում ու մռնչում են:
Ոչինչ չեն ասի մեծերից կտրված նորածինները: Ոչ մի «նոր բառ»: Նոր բառ ասելու համար պետք է շատ լավ իմանալ հին բառերը: Զրոյից անհնար է:
Այսինքն` ամեն ինչ որոշում են երեխային շրջապատող մեծերը` ինչ են խոսում, ինչպես են իրենց պահում:
...Մարդը խոսում է մեջբերումներով: Բայց քեզ պետք է ճիշտ հասկանան: Առավոտյան փողերը` երեկոյան աթոռները, բարձեք նարինջները տակառներով... Այս արտահայտությունները հասկանալի են միայն ռուսերենի ու սովետական սերունդների սահմաններում: Խեցիները փող են միայն վայրենիների կղզիներում:
Համաշխարհային փոխարկելի տարադրամ` «Դոն Կիխոտ», Շեքսպիր, Դոստոևսկի, Չեխով: Բայց նրանց համար, ովքեր կարդացել են: «Համլետը» չկարդացածի համար «Լինել, թե չլինելը»-ը դատարկ բառեր են, հնչյունների համադրում, խեցի:
...Հիանալի գիտնական, ծեր ֆիզիկոսը հպարտ հայտարարում էր, որ աթեիստ է և հիմարություն ու զառանցանք է Աստծուն հավատալը: Վիճելն ապարդյուն է, ամեն մեկն իր կարծիքին է մնում: Բայց այդ գիտնականը նաև ասել է, որ կյանքում ոչ մի անգամ չի կարդացել Աստվածաշունչ ու Ավետարան:
Նրան սարսափ է պատճառում Ռուսաստանում ու աշխարհում կատարվողը: Նա ասում է` «Չեմ հասկանում»: Բայց ֆիզիկայի դասագրքից դա հնարավոր էլ չէր հասկանալ: Քաղաքակրթությունը ստեղծել է Աստված, հավատում եք դուք նրան, թե ոչ: Քաղաքակրթությունը ստեղծել է Աստված, նույնիսկ եթե ինքը չկա: Ամբողջ գիտությունը ստեղծել են մարդիկ, որ գնում էին տաճար (նույնիսկ եթե չէին հավատում): Քաղաքակրթությունը կառուցված է բարոյականությունից ու հոգուց, որ նետվում է դեպի աստղերը, այլ ոչ թե աղյուսներից: Իսկ ծեր ֆիզիկոսը չէր կարդում: Ոչ Աստվածաշունչ, ոչ Կանտ: Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականը ոչինչ չգիտի աշխարհի հիմքի մասին, որտեղ ապրում է:
Ֆիզիկոսը նայում է մանրադիտակով, ավելի ու ավելի մեծ մանրադիտակը տեսանելի է դարձնում ավելի ու ավելի փոքր մասնիկները: Թվում է` մի քիչ էլ ու մենք կհասկանանք, թե ինչպես է աշխարհը կառուցված: Ավելի ճիշտ` ֆիզիկոսը կհասկանա, իսկ մենք նրան պիտի հավատանք:
Շատերն են հավատում ֆիզիկային, թեպետ չեն կարդացել և չեն կարդալու ծանրակշիռ մենագրությունները և ոչինչ չեն հասկանում քվանտային մեխանիկայից, ալիքների տեսությունից, սև մատերիայից...
Մարդիկ հավատում են ֆիզիկոսների խոսքին: Էլեկտրոններ, պոզիտրոններ, մյու-մեզոններ, քվարկներ... Մարդիկ հավատում են, թե ֆիզիկոսներն իրենց ձեռքում ունեցել են այդ ամենը կամ գոնե տեսել են: Բայց նրանց ոչ ոք երբեք չի տեսել: Որոշ գիտնականներ, տեսնելով որոշ հետքեր որոշ լուսանկարների վրա, գեղեցիկ անուններ են տվել նրանց, ովքեր, իրենց կարծիքով, թողել են այդ հետքերը:
Բնավ պարտադիր չէ հավատալ Զևսին, Ապոլոնին, Աթենասին: Բոլորովին կարևոր չէ` եղե՞լ են նրանք, թե՞ ոչ: Բայց հունական դիցաբանությունը պիտի իմանաս, այլապես ոչինչ չես հասկանա: Ճակատագիր, Էդիպոս, մուսաներ... Որտեղի՞ց մեզ այս բառերը: Մեջբերումներից: «Ստրուկը թիանավի վրա» ` ծիծաղելի է հնչում, բայց միայն նրանց համար, ովքեր գիտեն` ինչ է թիանավը: Արդեն երկու հազար տարի է, որ նրանք անհետացել են, բայց մենք գիտենք այդ գոյություն չունեցող իրերը, անիմաստ բառերը և նրանցով հատկանշում ենք կարևորագույն հասկացություններ: Աստված տեսանելի չէ: Բայց կան նրա հետքերը:
Ֆիզիկոս աթեիստը Աստվածաշունչ չէր կարդում: Նա ուղղակի չի հավատում: Ինչպես նա կզայրանա, եթե ինչ-որ մեկն ասի, որ չի հավատում տիեզերական ձգողականությանը, որ հիմարություն է, թե Երկիրը պտտվում է Արևի շուրջը, իսկ միասին նրանք երկու հյուլե են, որ թռչում են հայտնի չէ որտեղից ուր: Նա կկատաղի.
-Դուք գոնե դպրոցում սովորե՞լ եք: Կարդացե՞լ եք Նյուտոնին, Էյնշտեյնին:
-Ոչ:
-Ինչպե՞ս եք հանդգնում դատողություններ անել, եթե ոչինչ չեք կարդացել:
-Իսկ դո՞ւք:
***
Մենք մեջբերում ենք (այսինքն` կրկնում ենք ինչ-որ մեկի խոսքերը) «Վիճակը նետված է», «Հետ տար այս գավաթը», բայց ոչ միշտ գիտենք հեղինակին: Մարդիկ մեջբերում են Լենինին` «Սովորել, սովորել, սովորել», թեպետ նա երբեք դա չի ասել:
Ի՞նչ տարբերություն` որտեղի՞ց է մեջբերումը` Շեքսպիրի՞ց, թե՞ օդից:
Սկզբնաղբյուրը փակ է: «Եկա, տեսա, հաղթեցի» տղամարդն ընկերներին պատմում է` ինչպես է ծանոթացել պատրաստակամ տիկնոջ հետ, բայց գիտի՞, որ մեջբերում է Հուլիոս Կեսարից: Հազիվ թե նա կարդացել է նշանավոր «Գալլական պատերազմի նոթերը» (51 թ. մինչև Քրիստոսի ծնունդը): Մեջբերումը նրան է հասել հազարավոր շուրթերով:
Օրինակներն անթիվ են: Դուք կրկնում եք բառը ոչ այն պատճառով, որ կարդացել եք հեղինակի գրքում, այլ որովհետև լսել եք էկրանից կամ ինչ-որ մեկից մանկության օրերին, ով ինքն էլ ինչ-որ մեկից է լսել:
Բայց ո՞վ է հնարել այն ամենը, ինչ մենք կրկնում ենք: Ամեն արտահայտություն հեղինակ ունի, պետք է միայն պեղել:
Հնարում են բանաստեղծները: Օրինակ` Գրիբոյեդովը. «Խելքից պատուհասը»-ի տեքստի կեսը ասացվածք է դարձել ու մենք 200 տարի կրկնում ենք. «Ինչ կոմիսիա է, Արարիչ, մեծ աղջկա հայր լինել» (թեպետ կոմիսիան հիմա քննչական խումբն է կամ ստուգիչը, իսկ եղել է «բարդ գործ»):
Ինչպե՞ս են բանաստեղծները հնարում: Ինչպե՞ս են նրանք նորը հնարում: Համառ աշխատում են, նստում են սպիտակ թղթի առաջ, կրծում են գրիչը, գրում են, գրում... Համարյա հայր Կառլոյի պես, որ տաշեց-տաշեց ու Բուրատինո սարքեց:
Փորձենք: Տաշում ես, տաշում ես, արդեն բոլոր փայտերը տաշեղի ես վերածել, օգո՞ւտն ինչ, բուրատինոները չկան:
Բայց չէ՞ որ գերանն էր կախարդական: Բուրատինոն արդեն այնտեղ էր, մնում էր միայն դուրս բերել գերությունից: Եվ շատ կարևոր է` հայր Կառլոն կախարդական գերան չէր որոնում, նույնիսկ չէր էլ երազում: Իսկ ստացավ: Անվճար:

ՆԵՐՇՆՉԱՆՔ
Բանաստեղծները գործընթացն այլ կերպ են նկարագրում: Ոչ մի ռանդա, դուր, տաշիչ:
«Բանաստեղծությունները գոյություն ունեն նախքան գրվելը: Հնարելու ամբողջ գործընթացը լարված ընկալումն ու վերարտադրությունն է արդեն գոյություն ունեցող և հայտնի չէ, թե որտեղից փոխանցվող ներդաշնակ ու իմաստային միասնության: ՈՒնկերումդ հնչում է սկզբում չձևակերպված, հետո արդեն ճշգրիտ, բայց դեռ անբառ երաժշտություն: Ինչ-որ պահից երաժշտության միջից հանկարծ հայտնվում են բառերը»։ Օսիպ Մանդելշտամ (գրի է առել Նադեժդա Մանդելշտամը):
Այսինքն` սկզբում հայտնվում է կակուղ «անբառ երաժշտական դարձվածքը», այսինքն` նույնիսկ ոչ միտքը (որի համար պետք է որոնել առավել արտահայտիչ բառեր), այլ անիմաստ հնչյուններ: Բայց դա բավական է, որ բանաստեղծը մոռանա աշխարհում ամեն ինչ:
«Ես քայլում եմ և թափահարում եմ ձեռքերս ու մռլտում եմ համարյա անբառ քայլերիս տակտով... Աստիճանաբար այդ գվվոցից սկսում ես դուրս քաշել առանձին բառեր: Որտեղի՞ց է գալիս այդ հիմնական գվվոց-ռիթմը, հայտնի չէ»: Վլադիմիր Մայակովսկի
1926 թվական, եկեղեցին կործանված է, կրոնը` նզովված: Գրում է անաստվածն ու աստվածանարգը, և գրաքննադատությունը չի նկատում իդեալիզմն ու միստիկան. «Ինչպես բանաստեղծություններ սարքել» հոդվածը տպագրում են «Լենինգրադսկայա պրավդան» և «Կրասնայա նով» ամսագիրը:
Մանդելշտամը բացատրում էր (փորձում էր բացատրել) կնոջը, Մայակովսկին` ժողովրդին: Բանաստեղծները դա միմյանց մասին չգիտեին: Երկուսից ում էլ ասես` «Դուք նկատի ունեք Մ-ի ասածը»: Երկուսն էլ կզայրանան:
Միտքը որսվում է, ուրեմն պետք է լարել հոգու թակարդները: Եվ պետք է աղմուկ չլինի, գլխավորը` մարդիկ: Քանի որ նույնիսկ մետրոյի հռնդյունը ավելի քիչ է խանգարում, քան ծանոթների շշուկը: Հռնդոցը սպիտակ աղմուկ է, իսկ շշնջոցը կամ խոսքը` իմաստային, սև:

***
Մեծ հեղինակները միանգամայն լրջորեն (ոչ հանուն պերճախոսության, ոչ կատակով) հաստատում էին` տրվում է վերուստ:
Պուշկինը, Մոցարտը մշտապես հիշատակում էին ներշնչանքը: (Մոցարտն ասում էր, որ վայրկյանի մեջ ամբողջ սիմֆոնիա է լսում, և մնում է միայն գրի առնելը):
Սոկրատեսը մշտապես հիշատակում էր դևին, որ իրեն հուշում է իմաստուն, բացարձակապես անհերքելի մտքեր:
Բանաստեղծները, արվեստագետները ասում են` մուսա: Գիտնականները` ներըմբռնում: Աստվածաբանները` բացահայտում:
Դա միշտ ակնթարթորեն է տրվում, որ հետո երկար գրի է առնվում` տառապելով, որ թղթի վրա այնքան գեղեցիկ չէ, ինչպես... Ինչպես որտե՞ղ: Մտքո՞ւմ: Հոգո՞ւմ: ՈՒղերձո՞ւմ:
Բոլոր ստացողներին ապշեցրել է արագությունը: Հայտնվում է ու անհետանում: Ախ, ու` մոռացար:
Ի՞նչ մոռացար: Մոռանալ կարող ես բանալիները, կնոջդ տարեդարձը և այլն: Դու գիտեիր ու մոռացար: Բայց դա (ակնթարթում տրվածը) դու երբեք չես իմացել: Դա ընդհանրապես երբեք չի եղել` այդ նոտաները, այդ մեղեդիները, բանաստեղծությունները, Մենդելեևի աղյուսակները:
Այդ արագությունը շատ խոսուն է ուղարկողի մասին:
Պուշկինի Մոցարտը բացատրում է Սալիերիին նոր երաժշտության ծագումը.
Անքննությունն իմ տանջում էր ինձ
Եվ գլուխս եկան երկու-երեք մտքեր:
Սա ստեղծագործական գործընթացի շատ ճշգրիտ նկարագրություն է. մտքերը չեն ծնվում գլխում (սրտում, այլ տեղերում), այլ գլուխն են գալիս` դրսից:
Բայց հասկանալ է պետք` նրանք իրե՞նք են քայլում: Ատոմների քաո՞ս: Թափառում են օդում, դեգերում` ինչպես փոշեհատիկները արևի ճառագայթի մեջ: Թե, այնուամենայնիվ, արդեն ձևակերպված են: Իրե՞նք են քաոսից հունցվել, թե՞ ինչ-որ մեկը հունցել է և ուղարկել:
«Գաղտնագործությունը կատարվեց. ծածկոցը հանված է, խորքը բացված, ձայնն ընդունվել է հոգում: Ապոլոնի երկրորդ պահանջը, որ խորքից (հոգուց) բարձրացածը և արտաքին աշխարհին օտար ձայնն ամփոփվեն բառի հաստատուն և շոշափելի ձևում. ձայները և բառերը միասնական ներդաշնակություն պիտի կազմեն»:


ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿ

Այսինքն` բանաստեղծները չեն հնարում, այլ փորձում են լսել ուրիշի բառերը, հասկանալ, գրառել: Նրանց տառապանքը (բանաստեղծական)` հնարավորինս ճշգրիտ գրառել լսածը:
«Էվրիկա», և մերկ Արքիմեդը դուրս է նետվում լողատաշտից` գրի առնելու հայտնագործած, ոչ, նոր բացահայտված օրենքը: Եվ Մենդելեևը, արթանանալով, շտապում է գրի առնել «Մենդելեևի աղյուսակը», քանի դեռ երազը չի անհետացել: Իսկ հապաղես` կանհետանա, ու չես հիշի:
«Պուշկին, մի խանգարիր քնել»,- թոնթորում էր Նատալին, երբ նա գիշերվա կեսին փորձում էր մոմը վառել, որ գրի առնի: Իսկ առավոտյա՞ն: Գլուխգործոցն անհետ կորած էր:
Եվս մի կարևոր պայման (որի մասին Մոցարտը, Պուշկինը, Մայակովսկին և մյուսները չեն խոսում, որովհետև նրանց համար ինքնին հասկանալի է)` մենակությունը: Միայնակ ճամփա եմ ընկնում, գիշերը խաղաղ է, անապատը Աստծուն է ունկնդրում` այս պայմանները ոչնչացված են:
***
...Շատերին թվում է, որ ամեն ինչ հնարել են գրողները: Բայց նրանք աշխարհում ամենից շատ մեջբերումներ անողներն են: Նրանք կարողանում են տեսնել Աստծո պարգևը և վերցնում են` թույլտվություն չհարցնելով: («Ես իմը վերցնում եմ այնտեղ, որտեղ գտնում եմ»։ Մոլիեր): Վերցնում են ամենատաղանդավորներից և չեն ամաչում, որովհետև նրանք էլ ձրի են ստացել: «Կապույտ լեռը» ձեռքից ձեռք է անցնում:
«Մինչև Կապույտ լեռը, թանկագինս, մինչև Կապույտ լեռը»: Օկուջավա
«Կապույտ լեռից ուրիշ գործեր սկսվեցին»: Վիսոցկի
...Գուցե այնտեղից լսվում են մտքեր, ոչ թե բառեր: Համընդհանուր միտք` հասկանալի նույնիսկ նորածնին (և նա խոսակցության մեջ է մտնում երկնքի հետ` բու-բու-բու, գղա-գղա, իսկ հետո նա սովորում է մեծահասակների լեզուն, լեզվի տեղական, ազգային տարբերակը):
Պետք է լսել և որսալով` տառապել հարազատ լեզվով թարգմանելու վրա: Ո՞րն է հեշտ` գերմաներենից ռուսերե՞ն, թե՞ Նրա լեզվից` մարդկային:
Կոմպոզիտորների համար հեշտ է` պետք է միայն լսել ուղարկված երաժշտությունը և գրի առնել (երաժշտական լեզվով, նոտաներով):
Աստված խոսում է: Բանաստեղծն ու մարգարեն ունկնդրում են ու թարգմանում: Մարգարեն` հրեերեն, Հոմերոսը` հունարեն, Դանտեն` իտալերեն, Պուշկինը` ռուսերեն: Երաժշտությունը մեկն է:
Մուսայի ձայնը երբեք չի լսվում ներքնահարկից, միշտ երկնքից (կամ ձեղնահարկից), և նույնիսկ Պեգասը թևավոր ձի է, ոչ թե կուղբ, դեպի երկինք, այլ ոչ թե բույն:
«Ներշնչանքն իջավ». սա բառացի արտահայտություն է` իջավ, այսինքն` վերևում էր: Իսկ եթե «զայրույթի ալիք բարձրացավ» (կամ կատաղության), իհարկե, ներքևից, ներսից: Մութ մտքերը նույնպես գիտակցվում են ներքևից եկած, դժոխքից, իսկ փայլատակեց միայն վերևից: Իմանալով ուղղությունը` հեշտ է ճանաչել աղբյուրը: Ի դեպ, այն ուղղակի անվանված է.
Բայց հենց աստվածային խոսքը
Զգոն ականջին է հասնում,
Թրթռում է բանաստեղծի հոգին:
Եվ ականջը սովորական չէ (զգոն), և հոգին է հատուկ (բանաստեղծի), բայց կարևորը` ո՞ւմ խոսքը:
«Աստվածային է»: Այս բացականչությունը, այս գնահատականը ճշգրիտ արտահայտում է մեր ընկալումը: Մենք ուզում ենք ասել, որ հեղինակին հաջողվել է առավելագույնս ճշգրիտ գրառել «գաղափարը», «ուղերձը»:
Ներշնչանքը միշտ դրսից է: Դա ներշնչում է: Ներշնչում` դեպի ներս Տիեզերքից: Ոչ մի արտաշնչում չկա: Ավելի ճիշտ` արտաշնչումները շատ են, բայց ոչինչ աստվածային չունեն:
...Անկասկած գոյություն ունի արտաշնչված մտահղացված գրականություն, և շատ ուժեղ: Օրինակ` աբսուրդի թատրոնը, Բեկետը Նոբելյան մրցանակակիր է: Նշանավոր պիեսները ստիպում են մտածել, սարսափել, երբեմն ծիծաղել, բայց նրանց գլխավոր տարբերանշանը` հանդիսատեսը երբեք լաց չի լինում: Այնտեղ կան տաղանդ, հաշվարկ, բեմի իմացություն, ամեն ինչ, բացի ներշնչանքից:
Զգոն ականջ և բանաստեղծի հոգի` հոմանիշներ չեն: Որովհետև եթե ականջը զգոն է, իսկ հոգին բանաստեղծական չէ, ներշնչվածը միայն մռլտալու է: Դա շատերին է ծանոթ` գլուխն է գալիս անարտահայտելի սքանչելի միտք, որը հատկապես չես կարողանում արտահայտել:
Եվ ոչինչ, որ մռնչում է ներշնչված դռնապանը: Բայց դա բանաստեղծի հետ էլ է կատարվում:
Մայակովսկին, պատմելով, թե ինչպես է «մռնչում առանց բառերի», հավելում է. «Ռիթմը բանաստեղծության հիմնական ուժն է: Բացատրել հնարավոր չէ: Ռիթմը կարող է այնքան բարդ ու դժվար ձևակերպվող լինել, որ նրան չես հասնի մի քանի մեծ պոեմներով»: Նա գոնե փորձում է, ֆրանսիացին այդ իրավիճակում հանձնվում է:
Ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Վալերին գրում է օրագրում. «Ես քայլում էի փողոցում, երբ անսպասելի ինձ նվաճեց ինչ-որ ռիթմ, որ ինձ հանգիստ չէր տալիս: Հետո այդ ռիթմին ավելացավ երկրորդը: Այդ կոմբինացիան անընդհատ բարդանում էր և շուտով իր բարդությամբ գերազանցեց ամեն ինչ, որ կարող էին ինձ թույլ տալ իմ ռիթմային ընդունակությունները: Խորթության զգացումը համարյա տանջագին էր: Ես կոմպոզիտոր չեմ, երաժշտական տեխնիկային բոլորովին տեղյակ չեմ, և ահա ինձ տիրում է բազմաձայն թեմա այնպիսի բարդության, որ բանաստեղծը չի էլ կարող երազել: Ես ինձ ասում էի, որ թյուրիմացության զոհ եմ դարձել, որ ներշնչանքը սխալվել է հասցեով, քանի որ այդ պարգևն իմ ուժից վեր էր»:
Վալերին հրաժարվել է նվերից` «ուժից վեր էր»: Վալերին ցնցված է, քանի որ այդ տեղի է ունեցել անձամբ իր հետ, այլապես կնկատեր, որ նորություն չէ: Այնտեղ, որտեղից ուղարկում են, այդպիսի հումորի զգացում կա: Մովսեսին (թլվատ) նշանակում են համաշխարհային պատմության գլխավոր մարգարե:
ՏԵՐ- Գնա և փարավոնին ասա...
ՄՈՎՍԵՍ- Տե՛ր, մինչև օրս ես պերճախոս չեմ եղել, ոչ իսկ երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ, որովհետև անվարժ եմ խոսում, ծանրախոս եմ:
ՏԵՐ- Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կույրին։ Մի՞թե ոչ ես` Աստվածս։ Արդ, գնա՛, ես կբացեմ քո բերանը, քեզ կսովորեցնեմ, որ ասես այն, ինչ պետք է ասել։
ՄՈՎՍԵՍ- Աղաչում եմ քեզ, Տե՛ր, մի այլ կարող մարդու ընտրիր, նրան ուղարկիր։
ՏԵՐ (զայրացած)- Ես կբացեմ քո բերանն ու նրա բերանը, ձեզ կսովորեցնեմ այն, ինչ պետք է անեք։
(ԵԼԻՑ, 4:10):
Խուլ Բեթհովենին ուղարկում են աստվածային սիմֆոնիաներ ու սոնատներ: Անկիրթ ձկնորսները նշանակված են առաքյալներ: Քրիստոնյաների կատաղի հալածիչ (կարելի է ասել` գլխավոր դահիճ) Պողոսը դառնում է Եկեղեցու հիմնադիր:


ՀԱՐՑԻ ԱՐԺԵՔԸ
...Մի այլ տեղում Պոլ Վալերին գրում է. «Ներշնչանքի գաղափարը պարունակում է հետևյալ գաղափարները. 1) այն, ինչ տրվում է անվճար, առավել արժեքավորն է, 2) այն, ինչ առավել արժեքավորն է, պետք է տրվի անվճար»:
Պուշկինյան Սալիերին, որ տարիներով համառորեն գերան էր տաշում, մինչև հոգու խորքը (ավելի ճիշտ` մինչև աղիները) խոցված է գլուխգործոցների այդ ընծայումից: Բայց և նա («անթև»` իր իսկ արտահայտությամբ) չի կասկածում երաժշտության ակունքի վրա:
Որտեղ է արդարությունը, երբ սրբազան ձիրքը,
Երբ անմահ հանճարը` տրվում է ոչ
Ջերմ սիրո, ինքնազոհաբերման,
Աշխատանքի, ջանքերի, աղոթքների ի պատասխան,
Այլ լուսավորում է խելագարի ու
Թեթևսոլիկի գլուխը...
Օ՜, Մոցարտ, Մոցարտ:
Պուշկինի այս հերոսը խոսում է ինչպես Վալերին` առավել արժեքավորը (գին չունեցողը) տրվում է անվճար:
Այս «հիմարության» (Պուշկինի արտահայտությամբ) մասին առավել հայտնի մեջբերումը` «Ներշնչանքը չի վաճառվում, բայց կարելի է ձեռագիրը վաճառել»: Համարժեք ընկալումը` որ արվեստագետի խիղճը նրան թույլ չի տա... Սկզբունքայնությո՞ւն: Բայց ձեռագիրը նա վաճառում է:
Բանաստեղծը չի կարող ներշնչանքը վաճառել, որովհետև նրա տերը չէ: Եվ չի կարող գնել: (Սալիերին ինչքան էր ձգտում, աղոթում, չարչարվում): Ներշնչանքը չի վաճառվում, քանզի այնտեղ, որտեղից իջնում է, մեր խեցիների կարիքը չունեն: Նա անվճար է տրվում: «Ձիրք» բառն իսկ ասում է, որ հնարավոր չէ ձեռք բերել. ո՛չ գնել, ո՛չ աշխատել: Ընծան նվիրողի կամքով է: ՈՒրիշ ոչինչ: Կարելի է միայն արժանանալ:

ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ
Առանց բառի շնչառության աշխարհում ոչինչ չի պահպանվում:
ԹՈՄԱՍ ՄԱՆ, «Իոսիֆը և նրա եղբայրները»

Աղոթքները մեջբերումներ են: Օրենքները մեջբերումներ են: Վճիռները և դատավճիռները մեջբերումներ են: Երգում ենք` մեջբերում ենք: Անեկդոտ ենք պատմում` մեջբերում ենք:
Բայց ո՞ւմ են առաջինը մեջբերել: Նախքան Շեքսպիրը: Նախքան Հոմերոսը:
Հին Կտակարանը համատարած մեջբերում է: Մարգարեներն ուղղակի հայտարարում են. «Տերը հրամայեց ինձ հետևյալն ասել...», իսկ հետո` Աստծո ասածները... Նոր Կտակարանը համատարած մեջբերում է: Պողոս առաքյալի ուղերձը համարյա լրիվ մեջբերում է: Հենց այդ գրքերի վրա (ձեր սրտով է, թե ոչ) կառուցված է մեր քաղաքակրթությունը:
Պողոս առաքյալը մեջբերումներով ապացուցում է իր քարոզի ճշմարտացիությունը: Ավետարանիչների աշխարհում (մեր թվարկության առաջին դար) Սուրբ գիրքը բոլորը գիտեին (երեխաները Թորան անգիր էին սովորում), և մեջբերումները ճշմարտության ապացուցման միակ միջոցն էին: Առաջին իսկ Ավետարանում (Մատթեոսի), առաջին իսկ գլխում, որտեղ կանխագուշակվում է Հիսուսի ծնունդը` հապացույց, որ նա ապագա փրկիչն է, մեջբերվում է. «Մարգարեների միջոցով Տիրոջից անվանված»: Ահա մեջբերման ուժը: Բառերը, որ ասվել ու գրվել են իրադարձություններից հազարավոր տարիներ առաջ, նորածնի սրբության անվիճելի ապացույց են:
Նրանք (և երկու, և երեք հազար տարի առաջ) ապրել են աշխարհում, որտեղ արդեն ամեն ինչ գրված է, այսինքն` ասվել է ու գրի է առնվել: Եվ կատարվում է, կատարվում է, կատարվում է:
...Կան ոչնչի չհավատացողներ: Նրանք մարգարեին համարում են ապուշ կամ խաբեբա: Լերմոնտովյան մարգարեին դիմավորում են քարերով (Բլոկն անվանում էր «բանաստեղծի բախում ամբոխի հետ»).
Ես ազդարարել սկսեցի սիրո
Եվ ճշմարտության մաքուր ուսմունքներ,
Իմ բոլոր մերձավորներն ինձ վրա
Քարեր նետեցին կատաղի:

Եվ ճանապարհում են հեգնանքով`

Տխմար, ուզում էր մեզ հավատացնել,
Թե իր շուրթերով Աստված է խոսում:

Սա ցինիկների ճշգրիտ նկարագիրն է: Իբր մենք ավելի խորամանկ ենք` սո՞ւրբ ես ձևանում: Մեզ չես խաբի: Նրանց խլության պատճառը նրանց հիմարությունն է` նրանք ամենուր տեսնում են տխմարն ու ստորը: Գորշությունը:
Դալտոնիկը գույները չի տեսնում` վարդը մոխրագույն է, խոտերը մոխրագույն են: Իսկ չկա՞ն հոգևոր դալտոնիկներ: Հոգով կույրը ոչ մեկի մեջ հոգի չի տեսնում և չի հավատում հոգու գոյությանը:

***
Քաղաքակրթությունը ստեղծել է մեջբերող մարդը:
Մարդիկ մեջբերում են Աստծուն (Մովսեսի գրառումներով)` մի սպանիր, մի գողացիր, հարգիր հորդ ու մորդ: Մարդիկ մեջբերում են Պոնտացի Պիղատոսին: Գուցե նրանք երբեք չեն իմացել նրա մասին կամ վաղուց մոռացել են, բայց երբ չցանկանալով մասնակցել անարժան գործին, ասում են` ես լվանում եմ ձեռքերս` Պիղատոսն է:
Մեր ամբողջ խոսքը, հենց դուրս է գալիս մարմնական ցանկությունների սահմաններից (ուտել, խմել, գգվել)` համատարած մեջբերում է: Ինչ-որ մեկն արդեն դա ասել է: Մենք լեզուն ստանում ենք պատրաստի բանաձևերի տեսքով` բրոնզե, ոսկյա, մարմարե... Թեպետ իրականում բառերը շատ ավելի ամուր են: Անձեռակերտ հուշարձան: Մարդկության բառարանը բուրգերից բարձր է և ամուր է պղնձից (Հորացիոս):
Եվ երբ ինչ-որ մեկը քչփորում է լեզուն, աղավաղում մեջբերումը, մենք ֆիզիկական զզվանք ենք զգում, ինչպես կեղտոտ սպասքից:
Արյունարբու մարդասպան, արյունարբու դահիճ և արյունոտ զոհ` բոլորին հայտնի կերպարներ են` տարածված, ճշգրիտ արտահայտություններ: («Արյունարբու սրիկաները» ավելի հարմար անվանում է Տարանտինոյի ֆիլմի համար, քան «Անփառունակները»):
Բայց ուժեղ մեջբերումն ակնթարթորեն ավերում է բոլոր կանոնները, սամումի նման ջնջում է դասագրքերը: Ասա (Ռուսաստանում) «արյունոտ աչքերով տղաներ», ոչ մեկի մտքով չի անցնի, որ դա առևտրականի սարսափն է, որին (երազում, թե արթմնի) այցելել են տամբովականները կամ իզմայլովականները: Ոչ ոք չի մտածի նշանավոր մարտաֆիլմերի արյունարբու մարդասպանների մասին: Ռուսների համար «արյունոտ տղաները» խղճի խայթն է, Գոդունովը, որ հանուն թագի սպանել է տղային: Արքայազն Դմիտրին, իհարկե, ընկած էր արյան մեջ: Բայց Պուշկինը գրել է «արյունտո տղաները», և` վերջ: Լեզուն հպատակվել է:
Մեր գլխում, սրտում պատրաստի կերպարներ են: Հոգու բարությունից մենք մարդկանց մասին դատում ենք ոչ այնքան մեզնով (մենք այնքան էլ բարի, ազնիվ ու խիզախ չենք), որքան գրքերի հերոսներով: Եվ հիասթափվում ենք, եթե չեն համընկնում:
***
ՈՒմի՞ց են խոսքը պատճենել կապիկները, երբ սկսել են մարդանալ: ՈՒմի՞ց են խոսքը պատճենել փոքրիկ նեանդերթալցիները, փոքրիկ կրոմանյոնցիները, homo-ի բոլոր այդ զավակները` տարբեր ցեղերի ու տարբեր դարերի:
Երբ երեխան, հուրախություն ընտանիքի, ասում է առաջին բառը, ի՞նքն է այդ բառը հնարել: Նա ինչ-որ կերպ ջանում է կրկնել այն, ինչ մի հազար անգամ արդեն կրկնել են իր համար: Նա մեջբերում է: Իսկ գղգղոցն ու թլվատությու՞նը: Մենք էլ ոչ միշտ ենք ի զորու ճշգրիտ կրկնելու լսածը:
Երեխան իր լսածը փոխադրում է մանկական թոթովանքի լեզվի: Հեռախոսը, օրինակ, կարող է դառնալ եռախոյիկ: Պատկերացրեք` ինչ փոփոխություններ են կրում Աստծո խոսքերը, որ փոխանցում են մարգարեները (թարգմանում, վերապատմում), հատկապես` թլվատ: Մարդիկ լսում են տարակուսած` զառանցանք է, ինչպե՞ս կարող է...
...Մեր ամբողջ խոսքը մեջբերում է:
Մարդը սկսվել է գրքից: Քաղաքակրթությունը սկսվել է Գրքից: Ամենաառաջին, ամենանշանավոր բառեր-մեջբերումը.
Եվ Աստված ասաց` «Թող լույս լինի»:
Ձևով սա բացարձակ դասական մեջբերում է` ձախից` ո՞վ ասաց, աջից` ի՞նչ ասաց (հետաքրքիր է` իսկ ո՞վ լսեց ասվածը):
Մեջբերումն անառարկելի հեղինակություն է:
Եվ միայն մարդիկ են գրի առնում (կենդանու տեսակետից` ապարդյուն) մտքերը` փիլիսոփայությունը, կրոնը, պատմությունը:
Ոչ ձայներով, պատկերներով, այլ տառերով (կեռիկ-գծիկներով) մարդու մեջ զգացումների փոթորիկ հարուցել (մինչև հեկեկոց): Կեռիկ-գծիկների մի շղթայով փոխել կյանքը, զղջալ... Դժվար է հավատալ, բայց դա ամեն քայլափոխին է: Ո՞վ չի հեկեկացել գրքի վրա: Եթե ձեզ թվում է, որ ձեզ հետ չի կատարվել, դուք ուղղակի մոռացել եք մանկությունը կամ մանկությունն անցել է գայլերի ոհմակում:
Դպրությունը ծնեց դետեկտիվներ, պոռնոգրաֆիա, բայց մարդկության մեծագույն հայտնագործությունները միշտ էլ օգտագործվել են զվարճանքների համար:
Նույնիսկ երբ մեզ թվում է, թե մենք շատ խելացի միտք ենք հայտնել, նոր, ավաղ, քիչ կարդալուց ու մոռացկոտությունից է: Ամեն ինչ գրված է: Գրքերի մեջ մեզ ապշեցնում է հենց դա` ախ, ախր ես էլ եմ այդպես կարծում, բայց արդեն գրված է:
...Երեխան լեզու սովորում է ոչ դասագրքերով: Ծնողներից, տատիկ-պապիկներից: Լավ է, եթե նրա համար կարդում են ձկնորսի ու ձկան մասին հեքիաթը: Իսկ եթե ո՞չ: Եթե այն ամենից, ինչ նա լսում է տանը, վայելուչ են միայն շաղկապները` և, ու: Գուցե մեծերը գիտեն հիանալի բառեր, բայց այդ բառերը բարձր չեն արտաբերում, բարձրաձայնում են միայն հիշոցները, գներով, լիտրերով ու սպառնալիքներով ցողված: (Հայհոյանքը նույնպես մեջբերում է: Արդեն մեկ հարյուրամյակ ոչ ոք նոր հիշոցներ չի հնարել): Եվ երեխան մեծանում է` սահմանափակված ոչ միայն բառերի մեջ, այլև հասկացությունների ու զգացումների:

***
«Ներշնչանք» հասկացությունը սրընթաց արժեզրկվում ու անհետանում է: Դա հատկապես ակնհայտ է, երբ թերթում ես բառարանները:
Բրոկհաուզի և Էֆրոնի հանրագիտարան, 1892 թ., «Ներշնչանք»-160 տող:
Հանրագիտարանային բառարան, Պետգիտհրատ, 3 հատորով, 1953 թ., 40000 բառահոդված, «Ներշնչանք»-7 տող:
Սովետական հանրագիտարանային բառարան, 1978, 80000 բառահոդված-0 տող:
Ռուսաստանի հանրագիտարանային մեծ բառարան, 2005, 100000 բառահոդված: Նախաբանում ասված է. «Իրեն հավասարը չունի թեմաների ընդգրկունությամբ և բովանդակության արդիականությամբ»: «Ներշնչանք»-0 տող: Ներշնչանքը կամ հնարված էր, կամ եկավ-անցավ: Կորցրեց արդիականությունը:
Իսկ որ եղել է, անտարակույս է:
***
Ընթերցողն ապրում է վիթխարի աշխարհում և գիտի կանոնները, պատմությունը, մարգարեությունները: Պահպանո՞ւմ է: Մեծամասնությունը` ոչ: Մեծամասնությունը խախտում է: Բայց կարևորն իմանալն է:
Բոլոր քաղաքաբնակները գիտեն` կարմիր լույս է` կանգնիր, կանաչ` գնա: Գիտեն բոլորը, այդպես են վարվում ոչ բոլորը: Իսկ վայրենին չգիտի: Եվ երբ նա խախտում է, մեղավոր չէ: Եվ մարդ չէ: Գայլերի ոհմակում մեծացած Մաուգլին խելացի էր, բարի, գեղեցիկ, բայց մարդ չէր: Կամ ավելի մարդ չէր, քան խելացի, գեղեցիկ, բայց ոչ այնքան բարի Բաղիրան:
Վայրենուց ի՞նչ պահանջես, իսկ գրագետից կպահանջես:
Ի՞նչն են առավել հաճախ մեջբում. «Հայր մեր»-ը (աղոթքը), թե՞ «սնիկերսիր»-ը (ամենատխմար բառը լեզվում, նույնիսկ սխալ կառուցված):
Տվերյան զբոսայգում հնգամյա աղջնակը տիկնիկին քնեցնում է. «Պառկիր, բոզիկ: Քնիր, բոզիկ»: Անկասկած` մեջբերումներ են: Բայց ո՞վ է սկզբնաղբյուրը: Մա՞յրը: Հա՞յրը: Պա՞պը: Տա՞տը: Մանկապարտեզի դայա՞կը:
Երեխան մեջբերում է շրջակա միջավայրը, շրջապատող կյանքը: Նա շրջապատման մեջ է: Կճեղքի՞: Թե՞ կխրվի (իր ապագա բոլոր զավակների հետ):
Աշխարհում չկային հեռախոսները, ռադիոն, հեռուստատեսությունը, ինտերնետը, իսկ այս հարցն արդեն տանջում էր մտածող մարդկանց: Իր նշանավոր «Երեք քույրերի» կենտրոնում Չեխովը դնում է նրանց եղբորը` նա երեք լեզու գիտի, երազում է Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր լինել, իսկ դարձավ նահանգային մանր չինովնիկ:
ԱՆԴՐԵՅ. Ինչո՞ւ մենք հազիվ կյանքը սկսելով դառնում ենք ձանձրալի, գորշ, անհետաքրքիր, ծույլ, անտարբեր, անօգուտ, դժբախտ... Միայն ուտում են, խմում, քնում, հետո մեռնում են... Ծնվում են ուրիշները և նույնպես ուտում են, խմում, քնում և, ձանձրույթից չբթանալու համար, բազմազանում են իրենց կյանքը ճղճիմ բամբասանքով, օղիով, կանայք խաբում են իրենց ամուսիններին, ամուսինները ստում են` ձևացնելով, թե ոչինչ չեն տեսնում ու չեն լսում, և անդիմադրելի գռեհիկ ներգործությունը տանջում է երեխաներին, Աստծո կայծը մեռնում է նրանց մեջ և նրանք էլ դառնում են նույնքան խղճուկ, միմյանց նման դիակներ, ինչպես իրենց հայրերն ու մայրերը:
Հիմա այդ անդիմադրելի գռեհիկ ներգործությունը միլիոն անգամ հզորացել է: Երեխան շրջապատված է ագրեսիվ ճչացող գովազդով, ամեն ճեղքից դուրս է հորդում քրեական նորությունների ալիքը: Իսկ մի՞թե երեխայի հոգին 21-րդ դարում ավելի դիմացկուն է դարձել: Երեխաները տուժում են մեծերի անասնությունից, իսկ հետո ընտելանում են` դա արդեն ավանդույթ է: Եվ որքան քիչ են կարդում մեծ գրքերը, այնքան ավելի շատ են մեջբերում (կրկնում) անասնությունը: Սկզբում բառերով, հետո` գործերով:
Արժանի վախճան մարդու համար` քնիր, բոզիկ:
...Բայց այնտեղ, որտեղից Երկիր են հորդում մեկ համաշխարհային ջրհեղեղը, մեկ ներշնչանքը, կարող են այլ որոշում ընդունել: Մեզ դեռ ժամանակ կտան ապրելու:

Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 5987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ