Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Պետք է պայքարենք Ավետարանի ճշմարիտ ու անաղարտ խոսքը հայորդիներին հասցնելով

Պետք է պայքարենք Ավետարանի ճշմարիտ ու անաղարտ խոսքը  հայորդիներին հասցնելով
12.10.2012 | 11:35

Այս հրապարակումը սկսենք` ևս մեկ անգամ փաստելով հանրահայտ ճշմարտությունը. մուսուլմանական ազգերի տիրապետության ժամանակներում հայոց քրիստոնեական հավատը հալածվել, իսկ երբեմն էլ բռնադատվել է: ՈՒ բնական է, որ այդ խավարի տարիներին ամեն գնով արգելվել է Ավետարանի ճշմարիտ խոսքը քարոզելը: Համարձակները զանազան պատիժների էին արժանանում կամ էլ սպանվում էին:

Հայոց մատենագիրների պատմությունները լեցուն են նման օրինակներով, բայց այսօրվա մեր թեման վերաբերելու է թերևս շատերիս անհայտ քարոզչական ձևին: Հավաստիությունն առավել անաղարտ պահելու համար մեջբերում եմ մի ընդարձակ հատված Մեսրովբե արքեպիսկոպոս Սմբատյանց Նախիջևանցու «Գեղարքունի Ծովազարդ գավառի տեղեկագիր» գրքից (Վաղարշապատ, 1895 թ.). «Աշուղ Շիրինը հայերենի վերածողն էր 17-18-րդ դարերում թուրքերեն, պարսկերեն երգվող ժողովրդական երգերի, որոնց թվում էին Քեշիշ Օղլու երգերը, Նախիջևանցի Բաբուռ Ալլահվերդու, Սալմասացի Ղուլ Հարությունի և այլ նշանավոր աշուղների երգերը: Նրան այդ գործում 1860-65 թթ. օգնում էր Ստեփանոս եպիսկոպոսը: Ազգային պատմությունը և ավանդությունները մեզ տեղեկացնում են, որ թուրք և պարսից բռնություններն այն աստիճանի էին սաստկացել, կրոնական ճնշումներն այնքան էին խորացել, որ պատահական քահանաների միջոցով էին բավարարում իրենց հոգևոր պետքերը: Նաև ողջ հայոց մշակույթը վերացման եզրին էր:
Այդ ժամանակներում նույնիսկ հայոց կաթողիկոսներն էին թաքնվում պարտքերի պատճառով, իսկ ժողովրդի մեջ շրջելու և քարոզելու մասին խոսք անգամ չկար: Բայց որպեսզի մեր ժողովուրդը իսպառ չվայրենանա, փուշ ու տատասկ չտարածվի սրտերի մեջ, ու եկեղեցուց չհեռանան ու իսպառ թրքանան, նախանձահույզ վարդապետները մի ճար հնարեցին ժողովրդի մեջ քարոզելու և հավատքի մարող կանթեղը վառ պահելու համար: Օրինակ, Վարդան վարդապետը երկար ժամանակ միայնակ, 1750-ից մինչև 1830 թիվը, անձնվիրաբար մաքառել է չերքեզահայերի (Նոր Արմավիրի հայերի) հավատը լուսավոր պահելու համար, մինչև որ թույլ կտային քահանա ունենալ:
Ըստ մեր ունեցած տվյալների, այդ անձնվեր վարդապետները գյուղից գյուղ շրջել են իբրև պարզ աշուղներ հայ երգիչ ու հմուտ աշուղների հետ, որպես իրենց հետևորդ աշակերտներ, ու երբ իմանում էին թուրքեր կան, նրանք իրենց աչքերը կապում էին ու չոնգուրի (երաժշտական գործիք) օգնությամբ աշուղներին ձայն պահելով մասնակից լինում այդ պահին, իսկ երգածներն էլ աստվածաշնչային քարոզներ ու խրատներ են եղել մահմեդական ապականությունից հեռու մնալու համար: Իսկ երբ զուտ հայաբնակ գյուղեր են մտել, աչքերը բացելով ժողովրդին քարոզել, մխիթարական հոգևոր ազգային պետքերն են հոգացել, նրանց ոգևորելով պահել հայոց հավատն ու լեզուն, այսինքն` պահել ազգային ոգին, սիրել ազգն ու եկեղեցին: Այդ վարդապետների շարքում էին Ղափանցի Պետրոս վարդապետը, Համշենցի Մկրտիչ եպիսկոպոսը, որոնք Ներսես Շնորհալու նման իրենց երգերով պահում էին ազգը իսպառ տարրալուծումից: Նրանց գովեստական ու հուզիչ երգերը վերաբերել են սուրբ Աստվածածնին, սուրբ Կարապետին, Գրիգոր Լուսավորչին, իսկ մնացած թեմաները դժոխքի, դրախտի, ջրհեղեղի կամ Աստծո սիրո և խրատների մասին էին: Իսկ ինչն արգելված է եղել բացարձակորեն քարոզել, այդ արել են երգերի այլաբանությունների հնարքներով: Օրինակ, սոխակը` իբրև քարոզիչ, իսկ վարդը` որպես ժողովուրդ, որը զմայլեցնում է իր բարի գործերի բուրմունքով ու տեսքով սոխակին, որն ուրախությունից երգում է: Այդ ժամանակ ժողովրդի սիրված երգիչ-քարոզիչներից էին վաղարշապատցի աշուղ Շիրինը (1862), իսկ 1875 թ. հայտնի էր աշուղ Ջիվանին, որին մինչև Թիֆլիս ու Բաքու էին հրավիրում:
Հիմա հայի միջից մաքրվեց, գնաց կորավ մեր հոգու և մարմնի թշնամու լեզուն, մասամբ շնորհիվ այս Քրիստոսասեր Աստծո ծառաների: Նրանց տխուր ու սրտամաշ երգերը խիստ համապատասխան էին մեր ժողովրդի թշվառ վիճակին, այդ պատճառով բոլորը սրտի թախիծով ու կսկիծով լսում էին ու միտք առնում, ու Աստծուն սրտի խորքերից լացով ու հառաչանքով դիմում, որ այս վիճակից հանի Իր Հայրական մեծ ողորմությամբ»:
Հիմա վերադառնանք մեր ժամանակները, երբ ամեն մարդ կարող է թե՛ քարոզել, թե՛ տարածել իր սրտի ուզածը: Բայց արի ու տես, որ դրանից առավել ակտիվությամբ օգտվում են զանազան աղանդավորական խմբեր, քան թե մեր առաքելական եկեղեցին: Ինչի՞ց գիտենք. թեկուզ և նրանից, որ աղանդավորներն ու եհովական-ռասլականները անարգել և առատությամբ տարածում են իրենց մոլորության սերմերը տարբեր տեսակի անվճար թերթոններով ու գրքերով, իսկ մեր եկեղեցու քարոզչական թերթիկները նույնիսկ չեն բավարարում եկեղեցի հաճախողներին, էլ չեմ ասում դրսի մարդկանց: Իսկ մեր գյուղական վայրերում ապրողները, կարելի է ասել, հոգևոր սովի են մատնված, քանի որ մեր եկեղեցու ավետարանչությունն այդ վայրերը չի հասել դեռ մշակների պակասի պատճառով: Դրա վկաներն են այն հարյուր հազարավոր անկնունք մանուկներն ու իրենց հոգիների Փրկիչ Աստծո՝ Հիսուս Քրիստոսին չճանաչող հազարավոր մեծերը: Ի՞նչն է պատճառը, չգիտեմ. թող պատճառները համապատասխան պատասխանատուները գտնեն, բայց հետևանքները բոլորս ենք տեսնում. անհարկի արհամարհանք եկեղեցու և նրա քահանաների հանդեպ, կրկնամկրտություններ տարբեր տեսակի խմբավորումներում, անհարգալից վերաբերմունք ազգի երախտավոր մեծերի, նույնիսկ սրբերի հանդեպ և այլ հոգեկործան երևույթներ:
Այս ամենից հետո մի բան կարող եմ հաստատ ասել: Մենք ոչ թե պետք է պայքարենք աղանդավորության դեմ նրանց մեթոդներով, այլ Ավետարանի ճշմարիտ ու անաղարտ խոսքը ամեն գնով հայորդիներին հասցնելով:
ՈՒրեմն մեզ մնում է նախ աղոթել, որ հունձքի Տերը մշակներ հանի, իսկ յուրաքանչյուրս իր կարողացածի չափ Աստծո կենդանի վկան լինի մեր շրջապատում:
Վերջում էլ զետեղում ենք աշուղների պատվին բրոնզաձույլ արձանների լուսանկարները, որոնք գտնվում են Գյումրի քաղաքում, որտեղ մեծ հարգ ու պատիվ են ունեցել հայրենասեր երգահանները։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ