Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Նա վարքով խիստ ճգնող էր, պաս պահող, մտքով սրբախորհուրդ, աղոթքներում անձանձիր

Նա վարքով խիստ ճգնող էր, պաս պահող, մտքով սրբախորհուրդ,  աղոթքներում անձանձիր
02.10.2012 | 11:22

Ամենայն հայոց կաթողիկոսների քսանդարյա անքակտելի շղթա ունի Հայաստանյայց եկեղեցին իր 132 կաթողիկոսներով։ Ամեն մեկը յուրովի հետք է թողել ազգիս պատմության մեջ, բայց նրանցից շատերն այնպիսի լուսաշող հետագիծ են թողել, որ այն մինչ օրս էլ պատմում է նրանց կենդանի ներկայության մասին։ Նրանցից շատերի մասին բազմիցս ենք լսել. Գրիգոր Լուսավորիչ, Ներսես Մեծ, Սահակ Պարթև, Ներսես Շնորհալի և այլ ազգընտիր սուրբ կաթողիկոսներ։ Այսօր ընթերցողներին ուզում ենք ներկայացնել շատերիս քիչ հայտնի, բայց մեծությամբ ու գործերով անմահացած կաթողիկոսներից մեկին՝ ՓԻԼԻՊՈՍ Ա ԱՂԲԱԿԵՑԻ հայրապետին, ով գահակալել է 1633-1655 թվերին, երբ մեր ազգը գտնվում էր մահմեդականների իշխանության ներքո։
Ըստ Առաքել Դավրիժեցու մատենագրության, Տերը հարատև Փիլիպոս հայրապետի հետ էր, քանզի նա վարքով խիստ ճգնող էր, պաս պահող, մտքով սրբախորհուրդ, աղոթքներում անձանձիր, խոսակցությունը աստվածաբույր:
Մարդիկ ականատես են եղել, որ բազում դիվահարներ նրա աղոթքներով առողջացել են, հիվանդներ, պես-պես ցավագարներ, անդամալույծներ` բժշկվել, ամուլ կանայք նրա աղոթքներով զավակներ են ծնել:
Նրա միջոցով կատարված հրաշագործ բժշկություններից հիշենք երկուսը:
Սուրբ Էջմիածնում Փիլիպոս կաթողիկոսի ժամանակ միաբանների մեծ բազմություն կար բնակվող, ու պատահեց այնպես, որ այդ միաբաններից մեկն այսահարվեց (դիվահարվեց): Չարն այնքան ուժեղացավ, որ մինչև անգամ նրան տանում էր շինությունից դուրս՝ դաշտ ու հանդեր, այստեղ-այնտեղ մարդկանցից հեռու շրջեցնում էր, որին միշտ բռնում, բերում էին վանքը: Նրա ոտքերին երկաթյա ոտնակապեր դրին և այդպես պահելով ամեն օր քահանաներն Ավետարան էին կարդում. և երկարեց այսպես մինչև հիսուն օր: Ապա մի օր, որ կիրակի էր, փրկչական խորհրդի սուրբ պատարագը մատուցելուց հետո, երբ ողջ ժողովուրդը եկեղեցուց դուրս գնաց, տեր Փիլիպոս հայրապետը հրամայեց այսակիր միաբանին եկեղեցի բերել, որպեսզի պատարագիչ քահանան ատյանի մեջ սրբության զգեստով նրա վրա Ավետարան կարդա: Տեր Փիլիպոսն այս ասաց և ինքը ելավ, գնաց տուն, որովհետև անհրաժեշտ գործ ուներ, պատվավոր ինչ-որ մարդիկ նրան հյուր էին եկել: Գնաց նրանց մոտ, սեղան բացեց և մի քիչ մնաց այնտեղ` նրանց սիրտը շահելու համար, ապա թողեց նրանց հացկերույթի սեղանի մոտ, ինքը վերադարձավ եկեղեցի: Արևմտյան դռնից հանդարտ մտնելով, խաղաղորեն եկավ մինչև ատյանի մոտ և այնտեղ ընկավ ծնկներին՝ իր դեմքը պահելով Սուրբ սեղանի հանդեպ: Մի գողբայի (սաղմոսների մի քանի հատվածներ կազմում են մի գողբա, իսկ ամբողջ սաղմոսարանը բաղկացած է 56 գողբայից) չափով սաղմոսի սրտառուչ պաղատանքով և հորդ արտասուքով աղոթեց հայրապետը: Այդ ժամանակ այսակիր մարդը կամենում էր ազատվել, փախչել բռնողների ձեռքերից:
Երբ չկարողացավ ազատվել, այդ ժամանակ ուժգին բարձրաձայն գոչումով ընկավ գետնին ու փսխեց և դարձավ ինչպես մեռել: Այնուհետև տեր Փիլիպոսը դադարեց աղոթելուց և մոտականերին հրամայեց վերցնել նրան և տուն տանել: Այդ օրից և հետագայում Քրիստոսի շնորհներով և Աստծու մարդ տեր Փիլիպոսի աղոթքներով այդ միաբանն ազատվեց հիվանդությունից:
Ազատված միաբանը հետագայում ինքն էր վկայում. «Մինչ միաբանները ինձ բռնած պահում էին Ավետարանի ներքո, որ ժամարարը կարդում էր, տեսնում էի, որ մի ահագին սև վիշապ օձ պատել էր իմ մեջքը, պարանոցս և ամբողջ մարմինս:
Նաև տեսա Փիլիպոս հոգևոր տիրոջը, որ իր ձեռքում բռնել էր խիստ մեծ մերկ սուսեր, սրընթաց հարձակումով մտավ եկեղեցու դռնով և հասավ ինձ մոտ. այդ սրով զարկեց օձին, որ փաթաթվել էր ինձ, և կտրատելով ինձնից ցած թափեց օձի գլուխը, և կտորները մեծ շտապանքով փախուստի դիմելով ելան եկեղեցուց ու կորան»։
Պատմեմ նաև մյուս հրաշքը: Երբ տեր Փիլիպոս կաթողիկոսը քարոզությամբ շրջում էր օսմանցիների երկրում, Անկարա քաղաքում Զատկի մեծ տոնի կիրակի օրը այսպիսի բան պատահեց. մինչ տեր Փիլիպոս հայրապետը առանձնացած նստած էր, իսկ իր աշակերտներից Հովհաննես անունով մի վարդապետ՝ երևելի մի մարդ, կանգնած էր նրա առջև, տեսան, որ մոտ տասնհինգամյա մի պատանի եկավ, որ մեջքին ուներ մի փոքրիկ, մոտ յոթնամյա մանուկ, որին բերեց, դրեց հայրապետի առջև: Նույն պատանին նաև իր ձեռքում բռնած էր իր գլխարկով լիքը խնձոր և ներկած ձու: Այդ էլ դրեց հայրապետի առջև ու աղաչանքով և աղերսանքով խոսեց և ասաց նրան. «Քո ծառան եմ, տեր հոգևոր, այս երեխան, որ դրի քո սրբության առջև, իմ եղբայրն է. այսքան տարի, ինչ ծնվել է, ոչ կարողանում է խոսել, քանզի համր է, և ոչ կարողանում է կանգնել, քանզի ոտքերը թույլ են: Դրա համար մեծ պաղատանքով խնդրում եմ քո սրբությունից, որպեսզի սրա վրա աղոթք անես, և ես հավատամ Տիրոջը, որ քո աղոթքով առողջություն լինի իմ եղբորը»: Իսկ մեր հայրը և սուրբ հայրապետը ծնկի եկավ, ձեռքերը վեր բարձրացրեց և իր մեջ հավաքելով մտքերը և իր մտքի տեսողությունը հառելով բոլոր սրտերը տեսնող Աստծուն, աչքերից արտասուք հոսեցնելով աղոթք արեց բավական ժամեր. աղոթքից հետո, երբ ասաց «Հայր մեր, որ երկնքում ես…», առավ խնձորից, գլորեց հեռու և խանդաղատական խոսքով ասաց փոքրիկ մանկանը. «Վեր կաց, որդյակ, վեր կաց և գնա այն խնձորը բեր»: Այն ժամանակ շնորհներով ու ողորմությամբ բարերար Աստծու մանուկը ոտքի ելավ, գնաց վերցրեց խնձորը, բերեց հայրապետի մոտ: Այս անգամ հայրապետը մանկանն ասաց. «Վերցրի՞ր խնձորը, որդյակ»: Այն ժամանակ Աստծո շնորհներով համր մանուկը պատասխանեց. «Այո, վերցրի, և ահա այն»: Սուրբ հայրապետն ասաց. «Այժմ փա՜ռք տուր Աստծուն, որդյակ, և գնա գոհացած Նրանից»: Մանուկն ասաց. «Փա՜ռք Աստծուն»: Ապա մանկանը տվեց եղբորը, որն առավ ու գնաց, փառավորելով հրաշագործ Աստծուն, որ զորության շնորհ է տալիս իր ծառաներին:
Եվ զուր չէր, որ հենց Փիլիպոս կաթողիկոսի օրոք հայտնաբերվեցին սուրբ Գայանյանց ու Հռիփսիմյանց նահատակ կույսերի նշխարները, որոնք իր ձեռքով ամփոփել ու կնքել էր Գրիգոր Լուսավորիչ հայրապետը։
Մեզ մնում է ավելացնել, որ հենց այս օրհնյալ ծառայի՝ Փիլիպոս կաթողիկոսի միջոցով է Գրիգոր Լուսավորչի աջը Սպահանի Նոր Ջուղայից բերվել Էջմիածին, իսկ հետագայում էլ նրա ջանքերով է կառուցվել Սուրբ մայր տաճարի հրաշակերտ զանգակատունը։
Հայոց հայրապետի մահից հետո այդ ժամանակվա մահմեդական կառավարիչ Մահմուդղուլի խանը արգելեց նրան թաղել Սբ. Էջմիածնի տաճարի զանգակատան մոտ, քանի որ Փիլիպոս հայրապետը նրա կամքին հակառակվելով էր կառուցել զանգակատունը։ Եվ, ի վերջո, որոշվեց նրան թաղել սուրբ Հռիփսիմեի տաճարի ներսում, խորանի հյուսիսային կողմում։
Այսքանն իմանալուց հետո, սիրելի ընթերցող, կարծում եմ, որ այդտեղ այցելելիս կգտնես այդ օրհնյալ հայրապետի գերեզմանն ու խոնարհություն անելով իր ազգընտիր ու աստվածահաճո գործերի համար, մի օրհնության խոսք կասես ու աղոթք կկարդաս նրա համար։ Իսկ եթե պատահի, որ հիվանդության պատճառով այնտեղ գնացած լինես, խնդրիր նրա բարեխոսությունը, քանզի այն իր զորությունը չի կորցրել, քանզի նա Հիսուս Տիրոջը փառավորող ընտրյալ զավակներից մեկն է եղել ու հիմա էլ պատրաստ է մեզ համար աղաչանք ներկայացնելու երկնավոր Թագավորին։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2919

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ