ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Կյանքն ու մահը Արարչի ձեռքում են

Կյանքն ու մահը Արարչի ձեռքում են
14.09.2012 | 11:55

Խաչվերացը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից է, չնայած ժողովուրդն այն կապում է մահացածների հետ։ Ի դեպ, եկեղեցական այդ տոնակատարությունը ժողովուրդն անվանում է Սբխեչ, այսինքն` Սուրբ խաչի տոնի պարզեցված արտահայտությունը։ Հիսուսի Խաչով է, որ քրիստոնյաները հաղթեցին ամենակուլ մահվանը, որպես դրա ապացույց Ինքը` Տերը, խաչելությունից երեք օր հետ հարություն առավ մեռելներից, որպես ապացույց համայն աշխարհին, որ Աստված ի զորու է մեռածին կենդանացնելու, քանզի կյանքն ու մահը Արարչի ձեռքում են։

Պողոս առաքյալն է ասում. «Նա (Հիսուսը) ներեց մեզ մեր բոլոր հանցանքները և ոչնչացրեց հրամաններով հաստատված այն պարտամուրհակը, որ մեր դեմ էր, վերացրեց այն մեջտեղից և մեխեց Խաչափայտին» (Ա Կորնթ. 1.5)
Եվ դարձյալ. «Կորստյան մատնվածների համար Խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Կողոս. 2.17)։
Այժմ ծանոթանանք տոնի պատմական ակունքներին և հստակեցնենք, թե ինչու է կոչվում Խաչվերաց։

ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆ
614 թվականին պարսիկները գրավում են Երուսաղեմ քաղաքը և բարբարոսաբար կողոպտում թանկարժեք իրերը, սուրբ մասունքները, և որպես անարգանք քրիստոնյա աշխարհին, իրենց հետ գերության են տանում Քրիստոսի Խաչափայտը՝ Զաքարիա պատրիարքի հետ մեկտեղ։ Մահմեդականների արարքը խոցի նման ցավ էր պատճառում քրիստոնեական աշխարհին, բայց զորավոր պարսիկների դեմ ոչ ոք չէր համարձակվում պատերազմի ելնել, մինչև որ 14 տարի անց՝ 628 թվին, Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակի գլուխն անցած, հարձակվում է պարսիկների վրա, պարտության մատնում նրանց և ազատագրում սուրբ Խաչն ու տուն վերադարձնում Զաքարիա պատրիարքի ուղեկցությամբ, որը մեկ տարի անց վախճանվում է։
Որպես պատմական փաստ նշենք, որ այդ բանակի հետ կռվում էին նաև հայ քաջորդիները՝ նախարար Մժեժ Գնունու հրամանատարությամբ։ Խաչը տուն էր վերադարձվում Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանի, իսկ ավելի ճշգրիտ՝ Կարինի, այսինքն` Էրզրում քաղաքի միջով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում այդ պատվին կառուցվեց Խաչավանքի եկեղեցին, որովհետև այնտեղ Խաչի դրված տեղում վճիտ աղբյուր է բխում, և այդ տեղն իր ժամանակին մեծ ուխտավայր էր դարձել։
Հետո այն բերվեց Կոստանդնուպոլիս, որտեղ առժամանակ մնալուց հետո, Հերակլ կայսրը անձամբ այն իր ուսի վրա վերցնելով, տարավ Երուսաղեմ և զետեղեց Գողգոթայի վրա։ Այդ պատճառով էլ այս տոնը կոչվեց Խաչվերաց, այսինքն՝ սուրբ Խաչի վերադարձը ու բարձրացումը իր նախկին տեղը։

Մենք այդ օրը նշում ենք մեր հին ու նոր ննջեցյալների հիշատակի տոնը, որպես թաքուն հավատք այն բանի, որ, ըստ Սուրբ գրքի, Տիրոջ Սուրբ խաչի երևալու ժամանակ, իրենց ննջեցյալները Քրիստոսով պիտի գան ու խառնվեն կենդանիներին, որպեսզի դառնան մեկ հոտ, մեկ հովիվ (Ա. Թես. 4:13): Այդ պատճառով Սուրբ խաչի տոնը նշելու հաջորդ օրը, որ կոչվում է «Մեռելոց հիշատակի օր», մարդիկ գնում են գերեզմանատները, խնկարկում, աղոթում, կամ օրհնել են տալիս իրենց հարազատ ննջեցյալների շիրիմները:

Խաչվերացի վերաբերյալ Կիլիկյան Հայաստանում մի այսպիսի պատմական հուշ է մնացել։ Թորոս մեծ իշխանի մահից հետո սելջուկ թուրքերը` մի կողմից, խաչակիրների թափթփուկները` մյուս կողմից (թափթփուկ մականվանեցի այդ զորքին, որովհետև իսկական ասպետ խաչակիրները նման բան չէին անի), հարձակվեցին Կիլիկիայի վրա, քանզի ամբողջ Արևելքում միայն Կիլիկիայի հայերը զորավիգ և օգնական եղան խաչակիրներին, որպեսզի ջլատված ուժերը վերականգնելով` համախմբվեն և կարողանան Երուսաղեմը գրավել։
Թշնամու զորաբանակները մի քանի գյուղ ավերելուց ու թալանելուց ավելի բան չկարողացան անել, քանզի հայերը ուժգին հակահարված հասցրին։ ՈՒ թշնամին տեսնելով, որ առանձին-առանձին չի կարողանում կոտրել հայերի դիմադրությունը, որոշեց միաբանվել և սեպտեմբերի 13-ին մեկտեղ հարձակվել։ Լսելով այդ մասին` Թորոս իշխանի հետնորդը` Լևոնը, որոշում է ռազմական խորամանկություն բանեցնել. նա իր մոտ է կանչում մի քանի ծանոթ խաչակիրների և նրանց մեծ գումարներ տալով, ասում է, որ գնան իրենց բանակում այս լուրը տարածեն. «Քրիստոնյա աստվածապաշտ զինվորները, մեր դքսերն ու մարքիզները հրամայում են, որպեսզի հայերի վրա հարձակվենք սեպտեմբերի 13-ին։ Դա քրիստոնեավայել բան չէ, քանի որ դրա հաջորդ օրը` սեպտեմբերի 14-ին, Խաչվերացի տոնն է, ու բանից դուրս է գալիս, որ մենք անհավատ թուրքերի հետ պետք է այդ տոնի նախօրեին դուրս գանք կռվելու քրիստոնյա հայերի դեմ։ Մեր այդ չար արարքի համար Աստված մեր հոգիները դժոխք կուղարկի։ Ավելի լավ է, մենք չմասնակցենք այդ պատերազմին»։
Այդ լուրերի շնորհիվ Աստված քրիստոնյաների սիրտը հետ դարձրեց պատերազմելու ցանկությունից, և խաչակիրները հրաժարվեցին թուրքերի հետ միաբանվելուց։ Արդյունքը եղավ այն, որ Լևոնն իր ունեցած զորքով կարողացավ ջախջախել թուրքերին և երկրից դուրս վտարեց թշնամու զորաբանակները` Խաչի ամենահաղթ զորությամբ։
ՈՒ իր իշխանության մատենագրության մեջ Լևոն թագավորը գրել տվեց. «Եթե թուրքերին ու խաչակիրներին չանջատեին իրարից, չէի կարող հաղթել նրանց»։
Ահա այս պատմական դրվագը ևս մեկ ապացույց է այն բանի, որ Խաչվերացը մեծ ու հիշատակելի տոն է, և հարկ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հայորդի մասնակցի այդ տոնի սուրբ Պատարագին, մեղա գա ու մաքրվի իր մեղքերից, Խաչի վրա թափված Հիսուսի սուրբ Արյան քավչարար զորությամբ և սուրբ Հաղորդությամբ անմահացնի իր հոգին, քանզի կգա օր (որը միայն Աստված գիտի, թե երբ), որ մենք էլ ննջեցյալների շարքը կդասվենք։ Այդ պատճառով հարկ է, որ հոգեպես պատրաստ լինենք այդ հաշվետու օրվան, երբ յուրաքանչյուրս պետք է հաշիվ տանք Արարիչ Աստծուն մեր բոլոր արարքների համար, որ Նրանից էլ ստանանք մեր վարձքը` թե՛ չարի, թե՛ բարու համար։
Աստված օգնական լինի բոլորիս անդատապարտ կանգնելու երկնային Դատավորի առջև. ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ