Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

«Քո արյունը քո գլխին լինի»

«Քո արյունը քո գլխին լինի»
07.09.2012 | 00:44

Որն է մարդասպանի գի՞նը։ Նայած որտեղ, նայած ինչ ազգի մոտ։ Օրինակ, քնած մարդուն սառնասրտորեն, ավելի շուտ գայլային «ախորժակով» հոշոտող ադրբեջանցին մեծ գին ունեցավ «քաղաքակրտված» Եվրոպայում, այն էլ ինչպիսի՜ գին։ Կարծում եմ, երբևէ, ոչ մի ժամանակահատվածում մարդկության պատմության մեջ նման գին չի տրվել որևէ մեկին։ Թերևս եղել է մեկը՝ մարդասպան Բարաբբան, ում ազատելու համար տրվեց ամենաբարձր «գինը»` Հիսուսի կյանքը, քանզի ժողովրդին ու Պիղատոսին ընտրության հնարավորություն էր տրված, բայց… Կարծում եք` մարդկությունը դրանից հետո ավելի լավն ու ազնի՞վ դարձավ։ Ինչպես համոզվեցինք, ո՛չ, քանի որ նմանը միշտ նմանին է փնտրում, գնահատում ու սիրում։
Աստվածաշնչում «մարդասպանային աճուրդի» համանման մի դեպք է նկարագրված, որը կարծում եմ արժե կարդալ։
Դեպքը կատարվել է Իսրայելի Դավիթ թագավորի օրոք։ «Սավուղի (Իսրայելի առաջին թագավորի- հեղ.) բանակատեղիից մարդ եկավ, որի հագուստները պատառոտված էին, իսկ գլխին հող էր ածված: Երբ նա Դավթի մոտ մտավ, գետնին ընկավ ու խոնարհվեց նրա առաջ: Դավիթը հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»: Նա պատասխանեց. «Փախել եմ Իսրայելի բանակատեղիից»: Դավիթն ասաց. «Ի՞նչ է պատահել, պատմի՛ր ինձ»: Մարդն ասաց. «Ժողովուրդը պատերազմի դաշտից փախավ, շատերը վիրավոր ընկան ու մեռան: Մեռան նաև Սավուղն ու Հովնաթանը»: Դավիթն իրեն լուր բերող երիտասարդին հարցրեց. «Ի՞նչ գիտես, որ Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»: Լուր բերող երիտասարդն ասաց. «Դիպվածով Գեղբուա լերան վրա էի գտնվում և ահա տեսա, որ Սավուղն ընկել էր իր նիզակի վրա, և թշնամու մարտակառքերն ու հեծյալների զորավարները հասել էին նրան: Նա հետ նայեց և ինձ տեսնելով՝ իր մոտ կանչեց: Ասացի. «Ահա այստեղ եմ»: Նա ասաց ինձ. «Ո՞վ ես դու»: Ասացի՝ «Ամաղեկացի եմ»: Նա ասաց ինձ. «Խոցի՛ր ու սպանի՛ր ինձ: Խավարն է պատել ինձ, բայց շունչս դեռ վրաս է»: Խոցեցի ու սպանեցի նրան, որովհետև գիտեի, որ նիզակի վրա ընկնելուց հետո չէր ապրելու: Առա նրա գլխից թագը, ապարանջանները՝ նրա բազկից, և դրանք բերեցի այստեղ՝ իմ տիրոջը»: Դավիթն իր հագուստները բռնելով՝ պատառոտեց: Իրենց հագուստները պատառոտեցին նաև նրա մոտ գտնվող մարդիկ: Նրանք ողբացին, լաց եղան ու մինչև երեկո ծոմ պահեցին սրով ընկած Սավուղի, նրա որդի Հովնաթանի, Հուդայի երկրի ժողովրդի ու Իսրայելի տան համար:
Դավիթն ասաց իրեն լուր բերող երիտասարդին. «Որտեղի՞ց ես դու»: Մարդն ասաց. «Մի պանդուխտ ամաղեկացու որդի եմ ես»: Դավիթն ասաց նրան. «Ինչպե՞ս չվախեցար ձեռք բարձրացնել ու սպանել Տիրոջ օծյալին»: Դավիթն իր ծառաներից մեկին կանչելով՝ ասաց. «Մոտեցի՛ր ու սպանի՛ր սրան»: Նա հարվածեց, ու մարդը մեռավ: Դավիթն ասաց նրան. «Քո արյունը թող քո գլխին լինի, քանզի քո բերանը քո մասին վկայություն տվեց՝ ասելով. «Ես սպանեցի Տիրոջ օծյալին» (Բ Թագավորների 1.1.13):
Ահա մարդասպանի արդար դատը, որ կատարեց Դավիթը, չնայած այդ ժամանակներում Սավուղ թագավորը հալածում էր Դավթին ու նրա մարդկանց և ուզում էր սպանել նրան, բայց դա չխանգարեց, որ Դավիթն ըստ արժանվույն հատուցեր օծյալ թագավոր սպանող անթլպատ ամաղեկացուն։
Իսկ ահա անկողնում քնած ու խաղաղ ժամանակ պատերազմի արյուն թափած մարդասպանի համար ազերիները մեծ գին են վճարել, քանզի իրենց ազգային ոգուն հարազատ զավակ են գտել։ Ինչ եղավ, եղավ։ Ցավալի է, բայց փաստն իրականություն է դարձել։ Հիմա եղածի հոգևոր արժեքին գնահատական տանք։ Այո՛, եղածն արժևորվում է, նայած ինչ տեսանկյունից կնայենք։ Ասվածը հաստատելու համար կարդանք հոդվածի շարունակությունը։
Ինչպես հայտնի է, ազերներն աշխարհին ամեն գնով (նաև դրամական մեծ ներդրումներ անելով) համոզում են, որ հայերն ագրեսոր մարդասպաններ են, որոնք եկել ու զավթել են ազերիներին պատկանող հողերի մի մասը, այդ թվում և` Ղարաբաղը։ Աշխարհն էլ իր աջն ու ձախը չիմացող երեխայի նման ականջը կախում է այդ ասածներին ու դեռ ավելին, ամեն բան անում է, որ այդ «գրավված» տարածքները վերադարձվեն «իրենց տերերին»։ Բայց ահա այս վերջին դիպվածի շնորհիվ կատարվեց մի բան, որ մենք՝ հայերս, եթե տասնյակ միլիարդներ ծախսեինք, այդքան իրական բացահայտման չէինք հասնի, որ վերջապես մարդիկ հասկանային, թե ովքեր են «խեղճ» ազերիներն ու «ագրեսոր» հայերը։ Իսկ որ Եվրոպան ազգերի վրա տարածված «մեծ պոռնիկն» է, դրան քչերն էին հավատում, բայց հիմա բոլորն էլ համոզվեցին, որ ամեն բան վաճառվում է ու գնվում, այդ թվում և` «ազգային նամուսը», եթե այն դեռևս մնացել է։ Որպես վերջաբան ավելացնենք. «թանկարժեք» մարդասպան Սաֆարովը մարդկային դատից միլիարդավոր դոլարների օգնությամբ ազատվելով, ընկել է Աստծո դատաստանի տակ, Ով անաչառ է ու վրեժխնդիր յուրաքանչյուր մեղավորի հանդեպ։ Կապրենք, ու ինքներդ կհամոզվեք, որ կլինի այնպես, ինչպես Դավիթն ասաց. «Քո արյունը քո գլխին լինի…»։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ