Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Լեռնային Ղարաբաղ՝ Կրեմլը Բաքվին ու Երևանին հիշեցնում է կարգապահության մասին, իսկ Էրդողանը դեմ է խաղաղապահներին

Լեռնային Ղարաբաղ՝ Կրեմլը Բաքվին ու Երևանին հիշեցնում է կարգապահության մասին, իսկ Էրդողանը դեմ է խաղաղապահներին
15.01.2021 | 09:44

Հունվարի 11-ին Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բանակցությունները նվիրված էին երեք ղեկավարների պայմանավորվածությունների կենսագործմանը, որ նրանք առանձին-առանձին ստորագրել են նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: Հայտարարությունը ենթադրում էր ռազմական գործողությունների դադարեցում Լեռնային Ղարաբաղում և նկարագրում էր հետպատերազմյան իրավիճակի նորմալացման ուղղությունները: Չորս ժամ տևած բանակցությունների (սեպտեմբերի վերջին սկսված պատերազմից հետո առաջին անգամ՝ Ալիևի ու Փաշինյանի մասնակցությամբ) արդյունքը դարձավ նոր հայտարարությունը, որտեղ ասվում է 3 երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին: Խումբը պետք է մինչև մարտի 1-ը նախապատրաստի և հաստատման ներկայացնի միջոցառումների ցանկը և ժամանակացույցը, որ ուղղված են տարածաշրջանային բոլոր տրանսպորտային երթուղիների ապաշրջափակմանը: Հետո Պուտինը երկկողմ հանդիպումներ ունեցավ Ալիևի ու Փաշինյանի հետ՝ քննարկելու հետագա հարաբերությունները Ռուսաստանի հետ:


Հանդիպման գլխավոր նպատակը ցույց տալն էր, որ Մոսկվան մնում է Անդրկովկասում գլխավոր խաղացողը և շարունակում է ձեռքը զարկերակին պահել: Դա է վկայում բանակցությունների եռակողմ ձևաչափը (օրինակ՝ Թուրքիայի նախագահին հրավիրելու մասին խոսք չի եղել): Պուտինը ակնհայտորեն ցանկանում էր երկու ղեկավարներին կոչ անել կարգապահ լինել: Նոյեմբերյան պայմանավորվածությունների համապատասխան՝ կողմերը դադարեցրել են ռազմական գործողությունները, Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել բոլոր «օկուպացված տարածքները» (նախկին ԼՂԻՄ-ի շրջակա տարածքները, որ վերահսկում էին հայերը), կոնֆլիկտի գոտում հայտնվել են ռուս խաղաղապահները: Կատարվում է գերիների փոխանակում, իսկ ադրբեջանական Աղդամի մերձակայքում ստեղծվում է ռուս-թուրքական կենտրոն, որը պետք է հետևի հրադադարի պահպահմանը: Կողմերը, սակայն, մինրև այսօր ոչ մի քայլ չեն կատարել տրանսպորտային ինֆրակառույցների զարգացման ուղղությամբ, որ միացնում են երկու երկրները և ապահովում ազատ տարանցում տարածաշրջանային բեռնափոխադրումների շրջանակներում: Խոչընդոտը Բաքվի ու Երևանի ծայրահեղ անվստահությունն է միմյանց նկատմամբ, նաև ընդհանուր սահմանի համաձայնեցումը (Հայաստանի հարավում սահմանը հատում է առանձին ճանապարհներ, որ նախկինում հայերի վերահսկողության տակ էին, նաև բաժանում է որոշ գյուղեր արոտավայրերից, որ հարուցում է բնակչության բողոքները): Պուտինը օգտագործեց հանդիպումը՝ ցույց տալու ռուսական հաջողությունները տարածաշրջանի հետպատերազմյան վերականգնման մեջ: Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղ (հիմնական մասը մայրաքաղաք Ստեփանակերտով մնացել է հայկական ուժերի վերահսկողության տակ) արդեն վերադարձել է համարյա 50000 մարդ, որ հեռացել էին մարտական գործողությունների ժամանակ: Տարածաշրջան է բերվել 1,5 միլիոն տոննա մարդասիրական օգնություն: Տեղում աշխատող ռուս մասնագետները վերականգնում են ավերված օբյեկտները, էլեկտրաէներգիայի և այլ ռեսուրսների մատակարարումը: Շարունակվում է ականազերծումը:


Հանդիպումից առաջ Պուտւնը հեռախոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նա հավանություն է տվել ռուսական ջանքերին: Դա ամրապնդում է Մոսկվայի դիրքերը, որովհետև Ֆրանսիան Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են: Չնայած հերթական փաստաթղթի ի հայտ գալուն, որ կողմերի կոնկրետ պարտավորություններ է պարունակում, հնչող քարոզչական թեզերին, Մոսկվայի լիակատար հաջողության մասին դժվար է խոսել: Չի ճշտվել կարգավիճակը ռուս խաղաղապահների, որ գտնվում են երկու պետություններում, թեպետ Պուտինը կոչ էր անում դա անել: Ընդհանրապես չի քննարկվել «նոր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը» կամ կարգավիճակի հաստատման ընթացակարգը: Կարգավիճակի մասին չի խոսվել և նոյեմբերին, այն ժամանակ ՌԴ նախագահը հայտարարեց, որ պարտադիր չէ հարցը մոտ ժամանակներում լուծել: Փաստաթղթի ձևաչափը (ինչպես նոյեմբերին՝ հայտարարություն) վկայում է պայմանավորվածությունների ոչ պաշտոական, աշխատանքային բնույթը՝ թե Ադրբեջանում, թե Հայաստանում պայմանավորվածությունները կարող են վիճարկվել: Դատելով իրավիճակից՝ ղարաբաղյան կոնֆլիկտը ավարտող խաղաղության համաձայնագիրը հեռավոր ապագայի թեմա է:


Տարածաշրջանային տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման մեջ առաջին հերթին շահագրգռված է Ադրբեջանը, որ ցանկանում է որքան հնարավոր է արագ ցամաքային հաղորդակցություն ունենալ Նախիջևանի էքսկլավի, հետո նաև Թուրքիայի հետ: Ճանապարհն անցնում է Հայաստանի հարավով, որ տագնապում է տեղի հայերին: Այդ կետով պայմանավորվածությունները կարելի է համարել Բաքվի հաջողությունը, թեպետ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը հնարավորություն կստանա երկաթուղային հաղորդակցություն հաստատել Ռուսաստանի ու Իրանի հետ՝ Ադրբեջանի տարածքով:
Չի հաջողվել հաստատել և գերի մնացած պատանդների ու այլ պահվող անձանց փոխանակման ժամանակացույցը, որով շահագրգռված էր առաջին հերթին Փաշինյանը (Բաքուն հայերի մի մասին ռազմագերի չի ճանաչում): Համերկրացիները շարունակում են քննադատել Հայաստանի վարչապետին հրադադարի համաձայնության համար՝ գտնելով, որ Երևանը ամոթալի կապիտուլյացիայի է ենթարկվել (օդանավակայան մեկնող Փաշինյանի մեքենան նույնիսկ փորձել են կանգնեցնել): Ամբողջ ընդդիմությունը և հասարակության մի մասը պահանջում են վարչապետի հրաժարականը: Այդ գաղափարին աջակցում է նախագահ Արմեն Սարգսյանը (հայկական քաղաքական համակարգի շրջանակներում նա մեծ իրավասություններ չունի, բայց կարող է անցկացնել հասարակական խորհրդակցություններ), օրերս հրապարակված հոդվածում նա առաջարկել է մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները ազգային համաձայնության կառավարություն ձևավորել: Փաշինյանն առայժմ բացառում է իր հրաժարականի հեռանկարը և ջանում է հասնել ներքաղաքական իրավիճակի կայունացմանը: Այս պայմաններում բանակցային հաջողությունը Մոսկվայում կարող էր կանգնեցնել նրա վարկանիշի անկումը:
Վոյչեխ Գուրեցկի, OśrodekStudiów Wschodnich, Լեհաստան


Հ.Գ. Հիմա խնդրո առարկան հենց Պուտինի վարկանիշն է, որի անկման քայլեր է անում Էրդողանը: Մոսկվայում հանդիպումից հետո Պուտինի ու Էրդողանի հեռախոսզրույցին սկզբունքորեն տարբեր մեկնաբանություններ են տվել Մոսկվան ու Անկարան:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հեռախոսով տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որի ժամանակ դիտարկվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման ընթացքը», - ասված է հաղորդագրության մեջ։
«Թուրքիան ցանկանում է համակեցության պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղում՝ առանց խաղաղապահ ուժերի անհրաժեշտության»՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: «Մենք ցանկանում ենք ստեղծել պայմաններ, որոնք կապահովեն համակեցությունը Լեռնային Ղարաբաղում՝ առանց խաղաղապահ ուժերի կամ դիտորդական գործողությունների անհրաժեշտության: Երբ դա տեղի ունենա, հուսով եմ, որ մենք ևս մեկ անգամ աշխարհին ցույց կտանք թուրք-ռուսական գործընկերության կառուցողական արդյունքները», - գրել է Էրդողանը Telegram- ի իր ալիքում: Էրդողանը պատմել է, որ Պուտինի հետ զրույցի ընթացքում գնահատական է տրվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու թուրք-ռուսական համատեղ կենտրոնի աշխատանքին:


Փաստացի՝ Էրդողանը դնում է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը, և փաստը, որ հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի տեղեկության մեջ ոչինչ չկա Էրդողանի առաջարկի մասին, վկայում է, որ Պուտինը դեմ է Էրդողանի նորամուծությանը: Բաքվից առայժմ մեկնաբանություն չկա: Չի բացառվում, որ սուլթանը այդկերպ իր դժգոհությունն է բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցով քննարկմանը ինքը ներկա չէր: Բայց Էրդողանի ներկայությունը հիմնավորում չէր կարող ունենալ մի հանդիպմանը, որտեղ Մոսկվան ուզում էր ցույց տալ՝ ով է Կովկասի տերը: Իսկ հայ ռազմագերիների տունդարձին ընդդիմացող Ալիևը չի բացառվում, որ նրանց վերադարձնելու դիմաց պահանջում է Արցախից հայկական զինուժի ընդհանրապես դուրս բերումը, որ որևէ իրավական հիմնավորում չունի անգամ համատեղ հայտարարությունների մակարդակում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ