Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հետպատերազմյան առաջին սամիթը Լեռնային Ղարաբաղի հարցով՝ Պուտինի հովանու ներքո

Հետպատերազմյան առաջին սամիթը Լեռնային Ղարաբաղի հարցով՝ Պուտինի հովանու ներքո
15.01.2021 | 09:37

Կրեմլի ներսում մթնոլորտը նույնքան սառն էր, որքան դրսում: Հունվարի 11-ին Վլադիմիր Պուտինը Մոսկվա էր հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հայտարարության կատարման ընթացքը, որ վերջ դրեց 6000 մարդու կյանք խլած և Հայաստանի կործանիչ պարտությանը հանգեցրած 6 շաբաթյա մարտական գործողություններին՝ գրում է Պոլ Գոգոն Le Monde-ում:

Երկուշաբթի օրվա հանդիպումը լուրջ հարցերի չէր վերաբերվում, պարզապես Կրեմլին հնարավորություն տվեց հիշեցնել, որ ինքն է վերահսկում իրավիճակը իր շահերի շրջագծում Հարավային Կովկասում: ՌԴ նախագահը էնտուզիազմով սկսեց բանակցությունները. «Այսօր կարելի է գոհունակությամբ արձանագրել, որ եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն կատարվում են: Համոզված եմ, դա անհրաժեշտ նախապայմաններ է ստեղծում հնացած կոնֆլիկտի երկարաժամկետ ու լայնաֆորմատ կարգավորման համար արդարացի հիմքերի վրա՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների»: ՌԴ նախագահը ողջունեց 48000 փախստականների վերադարձը իրենց տները, ականազերծման և ճանապարհների վերականգնման գործընթացները: Ոչ պաշտոնապես՝ հանդիպումից մի քանի ժամ առաջ պատվիրակությունների հայտարարությունների համաձայն՝ ստիպված էին քննարկել հացեր, որ շրջանցված էին 2020-ի նոյեմբերին, որ խուսափեն մարտական գործողությունների վերսկսման ռիսկից: Նախագահ Պուտինը քննարկումը նախապատրաստել էր ԱԳ և ՊՆ նախարարների, ՌԴ հատուկ ծառայությունների՝ (ԱԴԾ) և արտաքին հետախուզության ղեկավարների հետ տեսակոնֆերանսով: Սակայն հայաբնակ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կամ նույնիսկ Ադրբեջանին հատկացված վերահսկողության, Կրեմլի տվյալներով չի քննարկվել: Չորս ժամ տևած բանակցություններից հետո համատեղ հայտարարությունում նշվում է, որ բանակցությունները հիմնականում կենտրոնացած էին տարբեր տարածքներում առևտրական ու մարդկային հոսքերի կազմակերպման վրա, մասնավորապես՝ խոսքը ծրագրված միջանցքի մասին է Ադրբեջանի և Հայաստանի հարավում նրա անկլավ Նախիջևանի միջև, որի անվտանգությունը պետք է ապահովի ԱԴԾ-ն: Ադրբեջանի մեծ դաշնակից Թուրքիան, որ չէր մասնակցում այդ բանակցություններին, այդ միջանցքի շնորհիվ դե ֆակտո կապվում է Բաքվի հետ: Կրեմլը հայտարարեց աշխատանքային խմբի ստեղծման մասին, որ կզբաղվի երկաթուղային և ավտոմոբիլային ինֆրակառույցների ստեղծումով՝ տարածաշրջանի երկրների միջև տեղաշարժը հեշտացնելու նպատակով:


Բանակցություններում ևս մեկ բացակայող կողմ էր երկրորդ պլան մղված Մինսկի խումբը, որի համանախագահները Ռուսաստանից բացի Ֆրանսիան և ԱՄՆ-ն են, որը 1992-ից պատասխանատու է խաղաղ բանակցությունների անցկացման համար: Իհարկե, Վլադիմիր Պուտինը կիրակի զանգահարել է Էմանուել Մակրոնին, որ հաղորդի առաջիկա բանակցությունների մասին, որոնց օրակարգը կազմել է Կրեմլը: Վաշինգտոնի մասին ռուս քաղաքագետ Վլադիմիր Դուբնովը երկուշաբթի առավոտյան Эхо Москвы ռադիոկայանի եթերում ասել է, որ Ջո Բայդենի ընտրությունը ԱՄՆ նախագահ, հավանաբար, դրդել է Կրեմլին արագացնել իր գործողությունները: «Մոսկվայում հույս ունեն, որ բանակցությունները բավարար արդյունավետ կլինեն, որպեսզի կանխեն ԱՄՆ նոր վարչակազմի միջամտությունը ղարաբաղյան կոնֆլիկտին: Այդ պատճառով այստեղ շտապում են բոլոր հիմնական հարցերը լուծել մինչև հունվարի 20-ը, երբ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը կստանձնի պարտականությունները»: Եռակողմ հանդիպումից հետո նախագահ Պուտինը առանձին բանակցություններ է ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ: Փաշինյանը մամլո ասուլիսում տրտնջաց, որ «ցավոք, այսօր չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը» և վստահեցրեց, որ «դեռ շատ հարցեր են մնում, որ պետք է լուծվեն»: Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հրադադարի համաձայնագիրը հաջողությամբ է կատարում՝ «բացառությամբ փոքր միջադեպերի, անհանգստության լուրջ առիթներ չեն եղել»:
Պոլ Գոգո, Le Monde


Հ.Գ. Մոսկովյան բանակցությունների մեխը Հայաստանի ու Արցախի համար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հայտարարություն, որ հնչեց Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է՝ հայտարարությունից հետո, որին չարձագանքեցին ոչ Ադրբեջանի, ոչ Ռուսաստանի նախագահները: Փաստացի՝ 4 ժամյա բանակցություններում այդ հարցի լուծման ուղիների վերաբերյալ պայմանավորվածություն չի եղել:


Հունվարի 13-ին Բաքուն նորից խախտել է հրադադարը, Շուշիի ուղղությամբ կրակելով հայկական դիրքերի վրա և ծանր վիրավորելով հայ զինծառայողի: Բաքուն փորձում է հասնել նրան, որ հայկական զորքը դուրս բերվի Արցախից՝ դրանով պայմանավորելով գերիների հարցը: Նա գերիներին ներկայացնում է դիվերսանտ-ահաբեկիչներ իր պահանջը «հիմնավորելու» համար: Կա նաև ռուս խաղաղապահների մանդատի հարցը, որը Բաքուն չի ստորագրել: Խաղաղապահները Արցախում են Հայաստանի գրավոր ու Բաքվի «բանավոր» համաձայնությամբ, գերիների հարցն օգտագործվում է նաև այս համատեքստում:
Շարունակվող կրակոցները նշանակում են, որ Բաքուն շարունակելու է գերել ու թիրախավորել հայ զինվորներին՝ հայկական զորքի դուրսբերմանը հասնելու նպատակով: Բաքվի այդ պահանջը հակասում է եռակողմ հայտարարությանը, ըստ որի՝ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած էին ստորագրման պահին: Դա նշանակում է, որ Բաքուն ճանաչել է հայկական բանակի ներկայությունը Արցախում:


Եռակողմ հայտարարությունը չեղարկված չէ, նշանակում է այդ կետը շարունակում է գործել:
Կրեմլը անհանգստացած է նաև Արցախի կարգավիճակի հարցով և ակնհայտորեն փորձում է կանխել կարգավիճակի հարցի քննարկմանը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մասնակցությունը: Դա է վկայում ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 4-ի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին։ Իգոր Պոպովը հերքում է Փաշինյանի պնդումը, որ՝ ղարաբաղյան կարգավորման ռուսական առաջարկները չեն առնչվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին և հանգեցրել են Ադրբեջանին 7 շրջան վերադարձնելու թեմային։ Իգոր Պոպովը նշում է՝ «Ռուսական առաջարկների ներքո, հնարավոր է, նկատի է առնվում փուլային կարգավորման ծրագիրը, որի վերջին խմբագրումը կողմերին փոխանցվել է 2019-ի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Այդ պլանի հիմքում, որը հիմնականում համընկնում է կազանյան փաստաթղթին, ընկած են ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց թվում են առաջին փուլում Ադրբեջանին 5 շրջանների վերադարձը, իսկ երկրորդում՝ երկուսը, ընդ որում, հատուկ ընդգծեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հետ կապակցված։ Առաջին փուլի՝ Երևանի շահերն արտացոլող տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքի ճանաչումը, որը կապահովի այնտեղի բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, կողմերի՝ ուժի չկիրառման պարտավորության ստանձնումը և այլն։ Այդ պատճառով, պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է «հենց այնպես» վերադարձնել 7 շրջան, մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»։

Ձևականորեն Պոպովը ճիշտ է, բայց փաստացի նա հաշվի չի առնում պատերազմից հետո ՌԴ նախագահի հայտարարությունը, որ կարգավիճակի հարցը կլուծեն հաջորդ սերունդները: Կրեմլին ձեռնտու է կարգավիճակին անդրադառնալ 5 տարի հետո, երբ կքննարկվի խաղաղապահների տարածաշրջանում մնալու հարցը: Եվ միայն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջամտության հնարավորությունն է Մոսկվային ստիպում պաշտոնապես չհայտարարել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ավարտել է առաքելությունը՝ ինչպես պնդում են Բաքուն ու Անկարան: Կրեմլին ձեռնտու է հարցը «փակել» տարածաշրջանում և Անկարայի հետ բազմակողմ պայմանավորվածությունների շրջանակում լուծել, իսկ դա դեմ է Հայաստանի ու Արցախի շահերին: Եթե Ռուսաստանը պնդի, որ Մինսկի խումբը գոյություն չունի այլևս, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որի խորհրդարանը ճանաչել է Արցախի Հանրապետությունը, կարող են սկսել Արցախի միջազգային ճանաչում, իսկ դա իրավիճակ է փոխում:


Պոլիշինելի գաղտնիքը չէ, որ եռակողմ հայտարարությունը հենց Լավրովի պլանն է՝ վերաճած Պուտին-Ալիևի պլանի, որտեղ հայտնվեցին և Շուշին ու Հադրութը: Ստացվում է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը դեմ է գնում ՌԴ նախագահին ու ՌԴ ԱԳ նախարարին, որ, իհարկե, աբսուրդ է: Պարզապես՝ ոչ միայն Հայաստանում, Ռուսաստանում էլ են հասկանում, որ գործնականում Մոսկվան «գցեց» իր դաշնակցին, և փորձում են արդարացնել իրենց քաղաքականությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 13926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ