Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Եթե ուզում ենք ապրել իբրև հայ ժողովուրդ, իբրև հայոց երկիր

Եթե ուզում ենք ապրել իբրև հայ ժողովուրդ, իբրև հայոց երկիր
24.11.2023 | 16:08

Հայրենիքը միայն հող ու քար, լեռ ու հովիտ չէ, նա ամենից առաջ ոգի է ու լեզու:

Ես միշտ կարկամել եմ հայոց լեզվի առեղծվածի առաջ։

Այդ ինչպե՞ս է, որ գրավոր դառնալուց առաջ նա ուներ ադամանդե այն փայլը, որ ցոլում է մեր գողթան երգերի մեջ։ Այդ ինչպե՞ս է, որ գրավոր դառնալուց անմիջապես հետո նա կարողացավ թարգմանել մի այնպիսի վիթխարի ու բարդ գործ, ինչպիսին Աստվածաշունչն է։ Եվ ոչ միայն պարզապես թարգմանել, այլ այնպես թարգմանել, որ, աշխարհի խոշորագույն լեզվաբանների կարծիքով, դառնա թարգմանությունների թագուհին։

Ես հաճախ եմ հայերենի բառարաններ կարդում։ Դա իմ ամենամեծ հետաքրքրություններից ու վայելքներից է։ Ես ասես քիմքով վայելում եմ բառեր, որոնց մեջ դարերի համն ու հոտը կա։ Հինավուրց բառեր եմ վայելում, որոնք ի զորու են արտահայտել ժամանակակից գիտական ու փիլիսոփայական մտածողության ամենաբարդ հասկացություններն ու ամենատարբեր երանգները։

Կարդում եմ ու վայելում, նորից սիրահարվում նրան ու խորհում մեր գոյության ու հարատևության գաղտնիքի մասին։

Մեր ժողովրդի գոյության դարավոր հենասյուները՝ մայրենի լեզվի պաշտամունքն ու պահպանումը, մեր պատմության հայրենասիրական ոգին, հոգու և խղճի նարեկյան մաքրությունը, առողջ կենսափիլիսոփայությունը օդի ու ջրի նման պետք են մեզ այսօր, եթե ուզում ենք ապրել իբրև հայ ժողովուրդ, իբրև հայոց երկիր:

Վահագն Դավթյան

1982 թ․

Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 11449

Մեկնաբանություններ