ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մի անգամ Դսեղում. Կարո Վարդանյան

Մի անգամ Դսեղում. Կարո Վարդանյան
20.02.2023 | 07:31

Մի քանի տարի առաջ, Թումանյանի 150 ամյակին հանդիման, որոշվեց Դսեղում կազմակերպել քանդակի սիմպոզիում և թումանյանական կերպարների քանդակներով զարդարել գյուղի հրապարակը:

Մշակույթի նախարարությունը Դսեղ տեղափոխեց տասնյակից ավելի տուֆի խոշոր կտորներ, հրավիրվեցին նորավարտ քանդակագործներ, ու մի քանի շաբաթ գյուղը լցվեց մուրճ ու հատիչի աշխույժ չխկչխկոցով:
Երիտասարդներն ազատ էին կերպարների ընտրության հարցում, և արդյունքում քանդակների մոտ կեսը Անուշ ստացվեց: Ինչ կարող էիր անել. այդ տարիքում մարդիկ սովորաբար սիրահարված են լինում, և եթե ԼԳՏՊ չեն, Անուշի կերպարը առավել հարազատ է լինում նրանց սրտին:


Ինչևէ, բացմանը նախարարով, լրագրողներով ու այլ անհրաժեշտ բաներով հասանք Դսեղ: Շրջեցինք քանդակից քանդակ, հիացանք, սելֆի արեցինք, խրախուսեցինք փոշոտ ու երջանկությունից շողշողացող քանդակագործներին: Նկատեցի, որ համընդհանուր զվարթության մեջ գյուղապետը տրտում է ու ընկճված: Մոտ հրավիրեցի ու հարցրի տխրության պատճառը: Գյուղապետը սիրտը բացեց.
- Ախր ոնց կլինի առանց Համբոյի: Էսքան Անուշ, հավուճիվ եք քանդակել, իսկ Համբոյին մտահան եք արել: Համբոն մեր գյուղի այցեքարտն ա, մեր հպարտությունը: Խնդրում եմ, էդ էլ ավելացրեք: Ես նույնիսկ մտածել եմ՝ ոնց քանդակեք: Մի խեղճ գյուղացի ունենք, որ գլխին փափախ եմ դնում, դառնում ա իսկը տանջված Համբոն:


Ասաց ու հույսով նայեց նախարարին:
Նախարարը մտքում հախուհաշիվ արեց ու խոժոռվեց: Առանց այն էլ ծրագրի բյուջեն սուղ էր, ու քանդակագործները չէին վարձատրվել: Փորձեցի փարատել անհարմար լռությունը.
- Եկեք Համբոյին առայժմ թողնենք ու Պոչատ աղվեսը քանդակենք:
- Ինչո՞ւ հենց Պոչատ աղվեսը, - տարակուսեցին բոլորը:
- Դե, աղվեսի կեսը իր պոչն է: Գուցե դա էական չէ պոեզիայի կամ երաժշտության համար, բայց քանդակագործության պարագայում շատ կարևոր է. երկու անգամ քիչ քար ու աշխատանք կպահանջվի: Այսինքն՝ կրկնակի էժան կնստի:


Կարճ քննարկում եղավ, ու գտան, որ Անուշների կողքը անպոչ աղվեսը լավ չի դիտվի: Համ էլ մարդիկ ոնց գլխի ընկնեն, որ դա Թումանյանի Պոչատ աղվեսն է:
- Լավ,- ասացի,- այդ դեպքում քանդակենք Կռնատ աղջիկը: Դա հաստատ Անուշների կողքը կնայվի:
- Ինչո՞ւ Կռնատ աղջիկը:
- Դե, թևերը չեն լինի ու ահագին էժան կնստի:
- Իսկ չի լինի՞, որ Համբոյին քանդակեք առանց թևերի,- պայծառացավ գյուղապետը: - Դա էլ էժան կնստի:
Մի քիչ քննարկեցին ու գտան, որ չի լինի:
- Այդ դեպքում,- ասացի,- եկեք քանդակենք Անգլուխ ձիավորը:
- Դա ի՞նչ կապ ունի Թումանյանի հետ, - զայրացավ մի թումանյանագետ:
- Դե հիմա ո՞վ է իմանում՝ Անգլուխ ձիավորը ինչի հետ կապ ունի: Էստեղ կարևորն այն է, որ ձիավորը առանց գլխի էժան կնստի:
- Համբոն առանց գլխի չի լինի,- նեղացավ գյուղապետը, ում բոլոր մտքերն ու հույսերը պտտվում էին Համբոյի շուրջը:
Մի խոսքով, այս գաղափարն էլ խոտանվեց:
- Լա՛վ,- գյուտ արածի պես գոչեցի,- այդ դեպքում եկեք քանդակենք Թումանյանի շաուրմա: Դա շատ էժան կնստի, համ էլ նոր քար բերելու կարիք չի լինի: Շուրջներս լիքը ավելացած քարաբեկորներ են:
- Իսկ չի լինի՞, որ շաուրման Համբոյի ձեռին լինի,- չէր նահանջում գյուղապետը:
- Չի՛ լինի,- մերժեց նախարարը:
- Շատ ա թա՞նկ,- խեղճացավ գյուղապետը:
- Համ թանկ ա, համ էլ կնայվի որպես շաուրմայի գովազդ:
... Որոշվեց հարցը քննարկել 50 տարի հետո, երբ Հայաստանում 10 միլիոն բնակիչ կլինի, բյուջեն շատ կլինի ու կնշվի Թումանյանի 200 ամյակը:

Դիտվել է՝ 12774

Մեկնաբանություններ