ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Միքայել Մինասյան․ Սերժ Սարգսյանին ներողություն են պարտք էլիտաներն ու ժողովուրդը

Միքայել Մինասյան․ Սերժ Սարգսյանին ներողություն են պարտք էլիտաներն ու ժողովուրդը
17.02.2021 | 21:53

Հայաստանը երկու օր շունչը պահած լսում էր Սերժ Սարգսյանի հարցազրույցը։
Ճակատագրի հեգնանք է, որ մարդուն, ով 10 տարի իշխանության էր և անընդմեջ բոլորի աչքի առաջ էր, սկսեցին լսել պաշտոնավարումից հետո։


Հարցազրույցից հետո մտածում էի, որ չնայած ոչ հեշտ ճակատագրին, իր նկատմամբ բացահայտ անշնորհակալ վերաբերմունքին, Սերժ Սարգսյանը շարունակում է որպես մարդ լինել բարի, որպես գործիչ՝ հավասարակշռված և առանց որևէ ագրեսիայի ու հիշաչարության, փորձում է ծառայել հայրենիքին։ Այս պահվածքը ամաչեցնում է, թարմացնում հիշողությունը և ստիպում ներողություն խնդրել։


Ես մեկ անգամ իրենից ներողություն խնդրել եմ՝ 2018-ին։ Ես ասել եմ, որ չնայած շարունակում եմ իր որոշումների մի մասի հետ համաձայն չլինել, բայց ներողություն եմ խնդրում, որ հեռացա՝ իրեն թողնելով մենակ։
Երեք տարի անց հետադարձ հայացք նետելով՝ ուզում եմ ներողությունս խնդրել հրապարակային։


2012թ.-ին ես գնացի իմ ճակատագրի հետևից, որպեսզի կայանամ, որպես անհատ, որպես դիվանագետ ու նաև վերանայի Հայաստանի ներքաղաքական կյանքից, որի հետ ունեի սկզբունքային անհամաձայնություններ։ Հաջողվե՞ց ինձ դա, առաջին մասով՝ այո, երկրորդ մասով՝ ոչ։ Ես հիմա եմ հասկանում, ինչ էր ուզում Սերժ Սարգսյանը. նա պաշտպանում էր պետությունը և որքան էլ տարօրինակ հնչի, այդ թվում՝ սեփական ժողովրդից։ Երևի թե սա է պատճառը, որ նա մնաց մենակ։


Գրածս ամենևին էլ չի նշանակում, թե Սերժ Սարգսյանն անթերի է, իսկ իր կառավարման տարիները՝ հեքիաթային։ Այսօրվա վիճակի մեղավորներից է նաև ինքը, բայց երեք տարի համադրելով փաստերը՝ հասկանում ես, որ մեծ հաշվով ինքը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալվեցինք։
Իսկ բանական մարդը պետք է ներողություն խնդրի իր սխալների համար։


Սերժ Սարգսյանին ներողություն են պարտք շատերը։ Իր կուսակիցները, որոնք երկրի կառավարման ժամանակ ամբողջ պատասխանատվությունը դրեցին մեկ մարդու վրա, շատ անգամ չհամարձակվեցին լինել անկեղծ, չխախտել կուսակցական ունիսոնը, ադեկվատության փոխարեն ընտրեցին հնազանդությունը, ճշմարտախոսության փոխարեն՝ ջայլամությունը։ Բայց հանուն արդարության պետք է նշեմ, որ Հանրապետականն այս երեք տարիների ընթացքում իր քավարանով անցել է պատվով՝ ցույց տալով, որ գիտակցել է իր մեղքի բաժինը, մաքրել է իր շարքերը և իշխանական ուժից դարձել է Հայաստանի ամենամեծ, ամենակուռ ու կազմակերպված ազգային-քաղաքական ուժը։


Սերժ Սարգսյանին ներողություն են պարտք էլիտաներն ու ժողովուրդը։ Նա գուցե սխալ էր հաշվարկել կամ թերի, բայց բոլորը դուրս եկան նրա դեմ, որովհետև մտածում էին, որ Սերժ Սարգսյանին պաշտպանելը ամոթ է։ Ու որքան էլ տարօրինակ է, բայց հիմա ամենաշատը քարկոծում են նրանք, ովքեր դավաճանել են իրեն, իրենց և արդեն երկրին։ Նրանք հիմա ասում են, թե խաբվել են Նիկոլի կողմից ու դրա մեղավորը Սերժ Սարգսյանն է (ու ոչ ոք մինչև հիմա չի հարցնում, թե ինչո՞ւ է մեղավոր, եթե իրենք որոշեցին սիրել ու կուրորեն հավատալ անգրագետ ոչնչությանը)։
Սերժ Սարգսյանին քարկոծում են Ռոբերտ Քոչարյանի ներկայիս հետևորդներից ոմանք՝ փորձելով այդ աղմուկի մեջ մոռացության մատնել 2018-ի ապրիլ-մայիսին իրենց մշտական և հպարտ ներկայությունը Նիկոլի հանրահավաքներին, որտեղ որքան ուժ ունեին գոռում էին «դուխով», իսկ հիմա ակնարկում են, թե «Նիկոլը Սերժի պրոյեկտն է»։ Եվ այստեղ բնական հարց է ծագում՝ իրենց էլ էր Սերժն այնտեղ ուղարկե՞լ։


Ներողություն պիտի խնդրեն Լևոն Տեր-Պետրոսյանի «ձագերը», որոնք տարիների ընթացքում վերածվեցին «աբիժնիկների սեկտայի» և մոռացան, որ իրենց ղեկավարին ու իրենց մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը վերադարձրեց հասարակություն։ Սերժ Սարգսյանը փորձեց վերականգնել հանրային համերաշխությունը՝ տեղ տալով Վաղարշակ Հարությունյաններից մինչև Անդրանիկ Քոչարյաններ, որոնք ընդամենը 10 տարի անց նորից ապացուցեցին իրենց պոռնկությունը և ամեն գնով իշխանության հետույքում մնալու իրենց կյանքի ցանկությունը։ Ճի՞շտ է արել Սերժ Սարգսյանը, ըստ իս, մարդու տեսանկյունից՝ ոչ, նախագահի տեսանկյունից՝ այո։
Ներողություն են պարտք արցախցիները, որոնք երկիր պահող հպարտ ժողովրդից ընդամենը մեկ օրում վերածվեցին ստրկամիտ ժպիտով Նիկոլին ծաղիկներով դիմավորողների ու ամեն անհեթեթություն ծափահարողների, իսկ հիմա ծեծված երեխայի պես իրենց շուրջն են նայում, թե ինչպես պիտի ապրեն այս ավերակի մեջ։


Սերժ Սարգսյանին ներողություն են պարտք արվեստագետներն ու շոու բիզնեսի աստղերը, որոնք իրենց ինստագրամյան, յութուբյան ու ֆեյսբուքյան հաշվիներով քարոզում էին «սեր ու հեղափոխություն»։ Իսկ այսօր նոր Հայաստանի քարոզիչները ինքնամոռաց փորձում են մաքրել իրենց վրայից Արցախի ու տղաների արյունը, արտագաղթի գարշահոտը՝ լավագույն դեպքում հայտարարելով, թե իրենք հիասթափվել են ու այլևս քաղաքականությամբ չեն զբաղվում։
Ներողություն պիտի խնդրեն ՏՏ ոլորտի տղաներն ու աղջիկները, որոնք ծրագրեր էին գրում Նիկոլի էջին ֆեյք լայքեր ավելացնելու համար, քուչի լավ տղերքը, որոնք փողոց էին փակում, հայոց պատմության ուսուցիչները, որոնք երեխաներին տանում էին հանրահավաքի, իսկ հիմա խոնավ աչքերով պատմություն են խմբագրում։ Ներողություն պիտի խնդրի այն հոգևորականը, որը եկեղեցին սարքել էր միտինգի հրապարակ, տնտեսագետները, որոնք ինքնամոռաց քարոզում էին տնտեսության թռիչքաձև աճ իսկ հիմա ահաբեկված նայում են պետական պարտքի աճին։ Ներողություն պիտի խնդրեն սփյուռքահայ պալատական կենացասածները, որոնց խնջույքների սեղանի գլխավոր թեման՝ Արցախը այլևս չկա։ Ներողություն պիտի խնդրեն անցյալ և ներկա օլիգարխները։ Բոլոր այս մարդկանց միավորում է, որ իրենք Սերժ Սարգսյանի ժամանակ ապրել են անհամեմատ ավելի լավ և իրենք իրենց ձեռքով մերժեցին իրենց կյանքը ու սարքեցին իրենց դժոխքը։ Եվ այդ դժոխքը շարունակվելու է այնքան, քանի դեռ նրանք գոնե իրենց ներսում ներողություն չեն խնդրել։


Այս ցանկն իրականում շարունակելի է։ Անշնորհակալների ու դավաճանների պակաս չկա։
Գուցե Սերժ Սարգսյանը ինչ-որ բաներ էր արել արժանանալու այդ վերաբերմունքին, վստահ նաև շատ սխալներ էլ է թույլ տվել, գուցե նաև իրեն մերժելու պատճառներ ունեիք։
Բայց ում ինչի հետ փոխեցիք։ Եվ ամենակարևոր երկու հարցը՝ ինչի՞ հասաք և ինչո՞ւ եք շարունակում ձեր սխալի հետ ապրել։
Ավելին, նույնիսկ հիմա՝ պատերազմից հետո ցավի, Նիկոլից հիասթափվածների հեկեկոցի, նիկոլակականների աներես ու անպատկառ աղմուկի մեջ ոչ ոք չի կարողանում կամ չի ցանկանում նկատել մի անհերքելի ճշմարտություն. Սերժ Սարգսյանը պահում էր Հայաստանն ու Արցախը՝ լավ, վատ, բայց անվտանգ ու ապահով, բարեկեցիկ, որքան կարողանում էր։ Հարգում էր յուրաքանչյուրին, հանդուրժում էր ամեն մեկին, ճակատագրական պահին, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրեն պահեց ժողովրդավար առաջնորդի պես, երբ հասկացավ, որ իր ժողովուրդն այլ բան է ուզում, քան ինքը՝ ի հեճուկս այն բանի որ քաջ գիտակցում էր, որ ժողովրդի ուզածը սխալ է, բայց նույնիսկ այդ դեպքում ժողովրդի կամքին դեմ չգնաց։


Այլ հարց է, որ ժողովուրդն ինքն էլ չգիտեր ինչ էր ուզում ու պետք եղավ 3 տարի, 5000 զոհ, Արցախի անկում, ինքնիշխանության կորուստ, որ համեմատության մեջ տեսնի տարբերությունը՝ մարդու և կենդանու։ Գործչի և դավաճանի։ Տղամարդու և տականքի։ Նախագահի ու վիժվածքի։

Դիտվել է՝ 6318

Մեկնաբանություններ