ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՈՐևԷ ՄԵԿԻ ՀԵՏ ԿԻՍԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՈՐևԷ ՄԵԿԻ ՀԵՏ ԿԻՍԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
23.09.2008 | 00:00

Քաղաքական գործիչներից, թե մեր մտածող այրերից մեկը (չեմ հիշում՝ ով) ասել է՝ Հայաստանում ամեն առավոտ 3 միլիոն նախագահ է արթնանում։ Թերևս «ի՜նչ մի գործ է, որ ես գլուխ չհանեմ» մտայնության պատճառով է նաև ընտրովի յուրաքանչյուր, առավել ևս փոքրիկ, զորօրինակ, թաղապետի պաշտոնն այնքան դատարկ բան թվում, որ ցանկացած մեկը կարծում է, թե ի՜նչ դժվար է, կնստի համայնքապետի աթոռին, կսեղմի այս կամ այն կոճակն ու. «Գյադե՛ք, է՛ս կողմն անցեք։ Չէ՛, գյադե՛ք»... Եվ գյադաները (անկախ շեֆի ինտելեկտուալ կարողություններից ու կրթական ցենզից, ինչի մասին այնքան շատ էին տարփողում նախորդ գումարման խորհրդարանում) հլու-հնազանդ կկատարեն, ինչպես Դանիել Երաժիշտը կասեր, «պնդուկի չափ խելք ունեցող պատրոնի» «էս» կամ «էն» կողմն անցնելու հրամանները։
«Ի՞նչ է, ըստ էության, թաղապետի աթոռը, հանուն որի շատերը պատրաստ են ոչնչի, անգամ արյունահեղության առաջ կանգ չառնել, միայն թե տիրանան դրան» հարցով սկսեցինք զրույցն անցյալի թաղապետերից մեկի՝ ՀՀՇ վարչության նախագահ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ հետ, որն առաջադրվել է Կենտրոն համայնքի թաղապետի թեկնածու։


«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ԶԵՐԾ ՄՆԱՆՔ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ»

-Ամեն մեկը յուրովի է մոտենում խնդրին,- նշեց պարոն Զուրաբյանը։- Թաղապետի պաշտոնին ձգտողներից շատերը մտածում են իրենց ընձեռվող լայն հնարավորությունների ու անձնական բարեկեցության մասին։
-Ընդհանուրից գանք մասնավորին։ Արարատ Զուրաբյանի համար ի՞նչ է նշանակում Կենտրոն համայնքի թաղապետի աթոռը։
-Հնարավորություն՝ շարունակելու պայքարը, որը սկսել ենք ուղիղ մեկ տարի առաջ՝ 2007-ի սեպտեմբերի 21-ին, մեծ քաղաքականություն Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձից հետո։ Նաև հնարավորություն՝ համաժողովրդական շարժման ակտիվացման։ Հաղթանակը Կենտրոն համայնքում ոգևորիչ կլինի մեր թիմակիցների համար, նաև հնարավորություն կտա գիտակցելու, որ դեռ տոնելու ենք հաղթանակներ, որոնք այնքան էլ հեռու չեն։
-Ընտրվելու պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր համատեղ աշխատանքը ներկա իշխանությունների հետ։
-1999-ին, լինելով ընդդիմության մեջ, ընտրվել և աշխատել եմ թաղապետ։ Ինչ խոսք, դժվար էր, որովհետև միակ ընդդիմադիրն էի Երևանի կառավարման համակարգում։ Առկա էր թաղապետի պարտականությունների կատարման և քաղաքական գիծը պահպանելու խնդիր, ինչը, կարծում եմ, լուծում էի հաջողությամբ։ Իհարկե, լինում էին հակասություններ, բայց ավելի շատ նրանց համար, ովքեր փորձում էին քաղաքական ճնշումներ իրականացնել։ Համոզված եմ` այս անգամ էլ առանձնապես բան չի փոխվել, բացառությամբ այն իրողության, որ կարճ կյանք է ունենալու թաղապետերի ինստիտուտը, որպես ընտրովի մարմին։ Մի քանի ամիս կամ մեկ տարի անց տեղի կունենան Երևանի քաղաքապետի ընտրությունները։ Իսկ թաղապետական այսօր ընթացող ընտրություններն արդեն իսկ քայլ են այդ ճանապարհին։ Այս առումով կարևորվում է Կենտրոն համայնքը, քանի որ ունի շուրջ 200 հազար բնակիչ և, կարելի է ասել, ընդգրկում է այն ամբողջը, ինչը շատերի պատկերացմամբ հենց Երևան քաղաքն է։
-Արաբկիր համայնքի թաղապետի վերջերս կայացած ընտրություններում չկարողացանք խուսափել ծեծ ու ջարդից, անգամ դանակահարությունից։ Չե՞ք կարծում, որ ամենայն պարսավելին ու արգահատելին առավել սրությամբ կդրսևորվի Կենտրոնում, որը, Ձեր իսկ բնորոշմամբ, Երևանի սիրտն է, ուր պայքարելու են գործող թաղապետն ու ՀՀՇ առաջնորդը։
-Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի զերծ մնանք բացասական դրսևորումներից։ Բայց նաև հասկանալի է, պետք է լինի և իշխանությունների կամքը, ցանկությունն ու ընդունած որոշումը՝ հեռու մնալ ապօրինություններից։ Չեմ կարծում, թե իշխանություններին այս պահին ձեռնտու է կատարել քայլեր, որոնք համապատասխան գնահատականի կարժանանան, ինչը (գնահատականը), ի դեպ, միայն ներքին չի լինի։ Մասնավորապես փետրվարի 19-ի ընտրություններից հետո, ըստ իս, իշխանությունները պետք է շահագրգիռ լինեն, որպեսզի ցույց տան աշխարհին, թե Հայաստանում ևս հնարավոր են նորմալ ընտրություններ։
Համենայն դեպս, ցանկացած պարագայում մենք փորձելու ենք այնպես տանել պրոցեսը, որ չլինեն նեգատիվ դրսևորումներ։ Բայց եթե վախենանք և մտահոգվենք այդպիսի զարգացումներով, ապա չպետք է զբաղվենք քաղաքականությամբ, որովհետև Հայաստանում ինքնաբերաբար ոչինչ չի փոխվելու։ Փոխելու են մարդիկ, փոխելու են քաղաքական ուժերը։ ՈՒստի և գոհ չլինելով երկրում առկա իրավիճակից՝ պարտավոր ենք պայքարել և անել առավելագույնը, որպեսզի հասնենք բաղձալի փոփոխություններին։ Այդ իրողությունն էլ նկատի ունենալով՝ որոշել ենք մասնակցել ընտրություններին և, իհարկե, հաղթել։

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ Է ՏԱԼՈՒ ՀՀ ՕՐԵՆՍԴԻՐ ԴԱՇՏԻՆ»
-Այսօր տպավորությունն այնպիսին է, թե ընդդիմություն-իշխանություն հակամարտությունը տեղափոխվել է խորհրդարան ու վերածվել իշխանություն-իշխանություն պայքարի՝ Տիգրան Թորոսյան և Հովիկ Աբրահամյան գործող անձանցով ու բազմաբնույթ մեկնություններով։ Ընդ որում, տարբեր վարկածներին զուգահեռ հրապարակի վրա է և այն տեսակետը, թե Հովիկ Աբրահամյան խոսնակի «հաղթանակով» հիմք դրվեց ԱԺ լուծարման գործընթացին։
-Եթե նախկինում ԱԺ-ն ամբողջությամբ չի արտահայտել այն իրական պատկերը, որը եղել է Հայաստանում, ապա այժմ նույնիսկ իշխանություններն են ընդունում, որ հասարակության մեջ առկա հաշվեկշիռն ԱԺ-ում արտացոլված չէ։ Համոզված եմ` հենց այդ պրոցեսն էլ խորհրդարանի լուծարման հիմքն է դառնալու։
Ներքին գզվռտոցը, որը սկիզբ է առել օրենսդիր մարմնում, հետզհետե ավելի է խորանալու։ Ամիսներ առաջ նույն Տիգրան Թորոսյանն ամբողջությամբ արժևորում էր քաղաքական այն գիծը, որով ընթանում է ՀՀԿ-ն ու իր հետ տանում մեր երկիրը։ Բայց առաջին իսկ պահից, հենց անդրադարձ եղավ իր անձին, գնահատականներ հնչեցրեց իր թիմի վերաբերյալ։ Ես չեմ ցանկանում անդրադառնալ այդ գնահատականներին, բայց և համոզված եմ, որ դրանք հենց այսօր չձևավորվեցին։ ՈՒղղակի այսօր անկեղծության դրսևորման պահը հասունացավ։
Ինչ վերաբերում է Տիգրան Թորոսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու փաստին, չեմ կարծում, թե դա ինչ-որ բան կարող է տալ այս երկրին։ Կարծում եմ, շատ ավելի խոհեմ կլինեն ՀՀ իշխանությունները, եթե շատ արագ անցկացնեն համապետական ընտրություններ (սկիզբը դնելով խորհրդարանական ընտրություններով)՝ դրանով իսկ պարպելով երկրում առկա հզոր լարվածության կուտակումը։
Իսկ ներկա ԱԺ-ն կարող է իրականացնել մի գործառույթ միայն՝ կատարել քայլ, որից հետո ազատ կարձակվեն քաղբանտարկյալները։ ՈՒրիշ ակնկալիք ներկա ԱԺ-ից դժվար թե որևէ մեկն ունենա։ Իսկ Հովիկ Աբրահամյանը, չեմ կարծում, թե քաղաքական այն գործիչն է, որը կարողանալու է դրական ինչ-որ բան տալ ՀՀ օրենսդիր դաշտին։ Հակառակը, առավել քան համոզված եմ, որ բացասականն ավելի շատ է լինելու։ Ընդ որում, միայն ես չէ, որ այդպես եմ մտածում։ Կարծում եմ, մեր հասարակությունը բոլորին էլ շատ լավ է ճանաչում։ Ինչևէ, տեղի ունեցածին ուզած գնահատական կարող է տրվել, ուզած վարկած կյանքի իրավունք ունի։ Ինձ, անկեղծ ասած, չի՛ էլ հետաքրքրում, թե ո՛ր վարկածն է ճշմարտությանն ավելի մոտ։ Հստակ է մի բան. ՀՀԿ-ն տվյալ հարցում եղել է անսկզբունքային, կատարել է քայլ, որը պատշաճ ձևով չի կարողանում հիմնավորել։
-Սխալվում եք։ Էդուարդ Շարմազանովը, օրինակ, այնքա՜ն պատկերավոր հիմնավորեց իրենց քայլը՝ զուգահեռներ անցկացնելով Ֆրանսիան ներկայացնող պատմական անձանց՝ Ռոբեսպիերի, Դանտոնի, Միտերանի ու Շառլ դը Գոլի և Հովիկ Աբրահամյանի միջև։
-Եթե այդ տեսանկյունից դիտարկենք խնդիրը, ապա պարտավոր ենք խոստովանել, որ Ռազմիկ Զոհրաբյանն ավելի դասական պարզաբանում-գնահատական էր տվել։ Հիշո՞ւմ եք. «ՈՒժեղներին միշտ պետք է ուժեղը ղեկավարի՝ այդպես է լինում, երբեք չի լինում, որ առյուծների բանակին ղեկավարեն խոյերը»... Այս ամենը, ըստ իս, ինչ-որ տեղ վերածվել է հեգնանքի։ Ավելի ճիշտ կլինի, եթե գիտակցեն, որ այս գումարման Ազգային ժողովը որևէ «պրոդուկտ», որպես այդպիսին, չի կարող տալ Հայաստանին։ Հետևաբար, ժամ առաջ լուծարելով ԱԺ-ն ու հայտարարելով նոր ընտրություններ, ներկա իշխանությունները գոնե դրական մեկ քայլ կկատարեն։

«ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԸՍՏՕՐԵ ՆՎԱԶԵԼՈՒ Է, ԱՅԼԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԵՂԾՎԻ»
-Ըստ Ձեզ, որքանո՞վ են հիմնավոր այն խոսակցությունները, թե Ռոբերտ Քոչարյանը ստվերային ազդեցություն ունի սկիզբ առած գործընթացների վրա։
-Քոչարյանը, կարծում եմ, ավելի շատ ցանկություն ունի ազդեցություն ունենալու, քան ունի այդ ազդեցությունը։ Նրա ցանկությունը նույնիսկ անզեն աչքով է երևում։
-Հատկապես ի՞նչն է ստիպում այդ կերպ մտածել։
-Կադրային այն քաղաքականությունը, որն իրականացվեց՝ սկսած կառավարության ձևավորումից։ Սակայն, հավատացած եմ, օրըստօրե Քոչարյանի ազդեցությունը նվազելու է, որովհետև հակառակ պարագայում Հայաստանում երկիշխանություն կստեղծվի։ Իսկ ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը պատրաստ է որևէ մեկի հետ կիսելու իշխանությունը։
-Նույնիսկ այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանը ստանձնի՞ վարչապետի պաշտոնը։
-Նման հեռանկարն առավել կուժեղացնի համաժողովրդական շարժման ակտիվությունը, ինչը շատ արագ կհասցնի վերջնակետին։ Այն է՝ Հայաստանում ավելի արագ տեղի կունենա իշխանափոխություն։
-Չմոռանանք, սակայն, որ ներկա սահմանադրության պայմաններում մաքսիմալիստական իր ձգտումներով հայտնվելով երկրի վարչապետի աթոռին, Ռոբերտ Քոչարյանն այնպիսի արագությամբ կձգի լծակները, որ շատերին կճզմի ու կհեռացնի ասպարեզից։
-Համոզված եմ՝ այդ իրողությունը շատ լավ է գիտակցում և Սերժ Սարգսյանը։ Եթե նա ցանկանում է երկրում դառնալ երկրորդ դեմք՝ լինելով նախագահ (ապօրինի, թե ոչ, դա այլ հարց է), փաստացի զբաղեցնելով նախագահի պաշտոնը, ապա այդ «հաճույքը» Քոչարյանը կարող է մատուցել նրան, եթե, իհարկե, դառնա վարչապետ։ Սակայն չեմ կարծում, թե այդ սցենարն իրականություն կդառնա, որովհետև բոլորն էլ քաջ գիտակցում են, թե ինչ կլինի նրա վերադարձից հետո, ուրեմն, նման բան թույլ չեն տա։
Գնացող նախագահին միշտ էլ թվում է, թե ի վիճակի է պահպանելու որոշակի ազդեցություն թե՛ ոլորտների, թե՛ մարդկանց կամ երևույթների վրա, սակայն գործող նախագահը միշտ էլ փորձում է ամեն ինչ հավաքել իր ձեռքը։ Հենց դա էլ, կարծում եմ, Հայաստանում տեղի ունեցող պրոցեսի տրամաբանական ընթացքն է։
-Անդրադառնանք ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին և փորձենք հստակեցնել՝ հնարավոր համարո՞ւմ եք երկխոսությունն այդ երկու բևեռների միջև։ Հատկապես, եթե նկատի ունենանք այն պնդումները, թե, այնուամենայնիվ, տեղի են ունենում Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան ստվերային հանդիպումներ ու բանակցություններ։
-Շրջանառվող նման բոլոր պնդումներն անհիմն են։ Որևէ հանդիպում կամ բանակցություն երբեք տեղի չի ունեցել։
-Բայց նկատի ունենանք, որ բոլոր նորմալ երկրներում էլ (իսկ մենք շատ ենք սիրում համեմատվել եվրոպաների ու ամերիկաների հետ) հանդիպում ու խորհրդակցում են քաղաքական դաշտի այդ երկու թևերը։
-Համոզված եղել եմ, կամ ու կլինեմ, որ իշխանությունն ինքը պետք է նախաձեռներ պրոցես, որը կհանգեցներ երկխոսության։ Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս է փաստել, որ երկխոսության գոնե մեկ նախապայման պետք է լինի, քանի որ հնարավոր չէ երկխոսություն, երբ ունես քաղաքական բանտարկյալներ։ Եթե նրանք ազատ արձակվեին, ապա այդ փաստն իշխանությանը հնարավորություն կտար երկխոսելու, իհարկե, եթե նա այդպիսի ցանկություն ունի։
Զրույցը՝ Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 4488

Մեկնաբանություններ