ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան, որ տնտեսական անբարվոք իրավիճակը քաղաքական իրավիճակի ուղղակի հետևանքն է»

«Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան, որ տնտեսական անբարվոք իրավիճակը քաղաքական իրավիճակի ուղղակի հետևանքն է»
28.08.2009 | 00:00

«ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՈՐԻ ՎՐԱ ՀԵՆՎՈՒՄ Է ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԲԵՎԷ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼՈՒ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԳՈՐԾԵԼ»
Աշնան ընթացքում սպասվող քաղաքական զարգացումների և այդ գործընթացներում Հայ ազգային կոնգրեսի գործունեության հետ կապված` «Իրավունքը de facto»-ի հարցերին է պատասխանում ՀԱԿ-ի ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
-Պարոն Խաչատրյան, աշնան հետ քաղաքական ակտիվացման «սեզոնն» ավանդաբար բացվում է։ Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, լինելու արմատական ընդդիմության քաղաքական օրակարգը։ Ի՞նչ միջոցառումների ծրագիր կա, և ի՞նչ խնդիրներ է դնելու իր առջև ՀԱԿ-ն այս փուլում։
-Մեր քաղաքական օրակարգը մնում է նույնը` իշխանափոխություն։ Ամռան անցած ամիսներն էլ ցույց տվեցին, որ նախկինում հնչեցրած և հանրությանը ներկայացրած մեր բոլոր մտահոգություններն ավելի քան հիմնավոր են։ Իշխանությունները շարունակում են գործել բացառապես օրվա խնդիրներ լուծելու տրամաբանությամբ։ Այսօրվա իշխանությունը ռազմավարական հարցեր իր առջև ընդհանրապես չի դնում, քանի որ ակնհայտորեն ի վիճակի չէ լուծելու կուտակված քաղաքական, տնտեսական, սոցիալական պրոբլեմները։ Վերջին երեք ամիսները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ սրանք սոսկ խոսքեր չեն։ Այսինքն` ընդդիմությունը չի այդպես ներկայացնում, այլ իշխանությունը չի կարողանում իր շարքերում գործող կրիմինալ խմբավորումներին պատժել, կարգավորել տնտեսական համակարգը` առաջին հերթին հարկային դաշտում հավասարություն սահմանելու ճանապարհով։
Այն համակարգը, որի վրա հենվում է այս իշխանությունը, երբևէ թույլ չի տալու դրական փոփոխություններ իրագործել, քանի որ այն նախատեսված է միայն մարդկանց առանձին խմբերի շահերի բավարարման, բայց ո՛չ հասարակության, ո՛չ էլ Հայաստան պետության համար։ Ըստ այդմ, իշխանափոխության խնդիրը մնում է հրատապ ու օրակարգային, նպատակների ու մեթոդների մասին էլ մենք շատ ենք խոսել։ Կարծում եմ, մեր ջանքերը կուղղվեն այն ուղղությամբ, որ աշխատենք ընդլայնել մեր շարքերը, ավելացնել համախոհների թիվը և շարժվել այն ճանապարհով, որը, եթե ոչ այսօր, ապա վաղը մեզ կբերի ցանկալի հանգրվանին։ Մեզ պետք չէ, որ մարդիկ ընդդիմության շուրջը համախմբվեն օրախնդիր հարցեր լուծելու համար։ Նրանք, ովքեր իրական փոփոխություններ են ուզում Հայաստանում, պետք է նաև համբերություն ունենան, վստահեն Հայ ազգային կոնգրեսին, դառնան նրա շարքերում ընդգրկված կուսակցությունների իրական համակիրը։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր Հայաստանում ստեղծել ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն։
-Մինչդեռ տնտեսական ճգնաժամը շարունակվում է և իր օբյեկտիվ հետևանքներն է ունենում Հայաստանում։ Գործազրկությունն ավելանում է, տրանսֆերտները դրսից կրճատվում են, կառավարությունը, փաստորեն, գործում է անհրաժեշտ նվազագույն խնդիրները լուծելու ռեժիմում։ Եվ նման տնտեսական իրավիճակում ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ մշակել այլընտրանքային տնտեսական ծրագիր, դա ներկայացնել հանրությանը։ Այլ կերպ ասած, օգտվել տնտեսական ճգնաժամի ստեղծած իր համար բարենպաստ առիթից։ Ինչո՞ւ։
-Համամիտ չեմ, որ ընդդիմությունը Հայաստանի տնտեսական կյանքի վերաբերյալ ծրագրեր չունի և իր մոտեցումները չի ներկայացրել։ Անցած տարվա նոյեմբերից սկսած մենք հանդես ենք եկել բազմաթիվ հայտարարություններով, ուր մատնանշել ենք տնտեսական ճգնաժամի հաղթահարման հիմնական ուղիները։ Առաջիկայում կամփոփենք այն, ինչ արվել է այս ուղղությամբ և այս աշնան ընթացքում մեր ամփոփ տեսակետը կներկայացնենք հասարակությանը։ Մեծ տնտեսագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ Հայաստանում տնտեսական կյանքի կարգավորման իրական նպատակ ունենալու դեպքում կան շատ հստակ ու երևացող քայլեր, որ կարող էր անել իշխանությունը, բայց չի անում։
-Օրինա՞կ։
-Վերցնենք թեկուզ այսօր տիրող տնտեսական ակնհայտ պասիվությունը։ Իշխանությունների հավաստմամբ էլ ֆինանսական միջոցների պակաս, կարծես, չի զգացվում, բայց բիզնեսի միջավայրում որևէ ակտիվություն չկա։ Որովհետև տնտեսական դաշտում բացարձակ անարդարություն է, մրցակցային պայմանները հավասար չեն։ Այսօր Հայաստանի վերաբերյալ ցանկացած միջազգային կառույցի ներկայացրած զեկուցագրերում կամ ուսումնասիրություններում առաջին հերթին դա է շեշտվում, որ մրցակցային դաշտում տնտեսավարողների միջև պայմանները հավասար չեն, անհրաժեշտ է լուրջ բարելավում։ Տնտեսությունն օլիգարխիկ կառուցվածք ունի, և դա հրապարակավ ընդունում է նույնիսկ գործող վարչապետը։ Ցանկացած փոքր բիզնես սկսելու համար դարձյալ օլիգարխ պետք է լինի դրա գլխին կանգնած։
Իսկ տնտեսական իրավիճակը չի կարգավորվի, որովհետև նման քաղաքական որոշում այս իշխանությունը չի կայացնի։ Իշխանությունը կայացրել է ճիշտ հակառակ որոշումը, որ պետական համակարգը ծառայելու է օլիգարխներին, ոչ թե միջին ու փոքր բիզնեսի զարգացմանը։ Բացատրությունը պարզ է. այսօրվա իշխանությանը պետք չէ միջին խավի ձևավորում, պետք չեն անկախ մարդիկ։ Նրան պետք է կառավարելի զանգված, որի ձայնը ցանկացած ընտրության ժամանակ 5 հազար դրամով կարելի է գնել։ Այլ բան է, որ մենք այս հանգամանքը չենք օգտագործել քաղաքական նպատակներով։ Թեպետ ակնհայտ իրողություններ կան, երբ գյուղերը քայքայման եզրին են, բացակայում են ճանապարհներն ու ենթակառուցվածքները, գյուղացին չի կարողանում իր արտադրած մթերքն իրացնել, չարչարվելուց հետո պոմիդորի կիլոգրամը հանձնում է 35 դրամով։ Կարող եք հարցադրում առաջ քաշել, թե ինչու ՀԱԿ-ն այդ ամբողջ դժգոհ զանգվածին իր համախոհը չի դարձնում, բայց մենք չենք ուզում դա անել մարդկանց սոցիալական վիճակը շահարկելու միջոցով։ Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան, որ տնտեսական անբարվոք իրավիճակը քաղաքական իրավիճակի ուղղակի հետևանքն է։ Իրադրությունը կփոխվի, երբ այսօրվա իշխանությունը կհեռանա ասպարեզից, այլ ճանապարհ չկա։ Հակառակ դեպքում, մենք շարունակաբար նույն ցիկլի մեջ ենք հայտնվելու։
-Մինչդեռ ընդդիմության շարքերում էլ ամեն ինչ, կարծես, անամպ չէ։ Մամուլում եղավ տեղեկատվություն, որ ՀԱԿ-ի կազմում ընդգրկված կուսակցությունների միջև տարաձայնություններ կան, և որ Լևոն Տեր-Պետրոսյանը նեղ շրջանակում հայտարարել է, թե ընդդիմության ներսում իշխանություններն «ականներ» են ստեղծել ու պետք է դրանցից ձերբազատվել։
-Եթե չեմ սխալվում, այդ հայտարարությունն ընդդիմության առաջնորդն արել էր վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ։ Ինչ վերաբերում է տարակարծություններին, ապա ՀԱԿ-ը կազմված է 18 կուսակցություններից և մի շարք հասարակական կազմակերպություններից։ Այսինքն կա բնական բազմակարծություն, այդպես էլ պետք է լիներ, կոնգրեսի հետ համագործակցում են ուրույն մտածողություն ունեցող անհատներ։ Այսինքն` տեսակետների պակաս չի զգացվում, բայց մինչ օրս այդ բազմակարծությունը երբևէ չի վերածվել այնպիսի տարակարծության, որ հնարավորություն չտար կոնգրեսին որոշումներ ընդունելու։
Իշխանությունը, իհարկե, փորձում է պառակտել ընդդիմությունը, և դա նրա գործելաոճի պայմաններում տրամաբանական է։ Որովհետև այսօրվա իշխանությունը Հայաստանում որևէ կառուցողական դերակատարում չունի, այն հենված է դեստրուկտիվ գործոնների վրա ու այդ ձևերով էլ փորձում է խնդիրները լուծել։ Այն իշխանությունը, որ լեգիտիմության ամենացածր մակարդակն ունի և բազմաթիվ պրոբլեմներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքական դաշտում, այլ կերպ գործել չի կարող։ Լավագույն օրինակը. բազմիցս, երբ խոսք է եղել իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին, ՀԱԿ-ը երբեք չի բացառել դրա հնարավորությունը։ Մենք պարզապես ասել ենք, որ դրա համար նախադրյալներ պիտի ստեղծվեն, իշխանությունը վստահություն ներշնչող քայլեր կատարի երկրում ժողովրդավարության բարելավման ուղղությամբ։ Բայց իշխանությունը շարունակում է նույն ոգով։ Վերցնենք Նիկոլ Փաշինյանի ձերբակալության փաստը։ Նա ինքնակամ ներկայացավ, կարող էին, չէ՞, չձերբակալել և դրանով իսկ ցույց տալ, որ հակված են ընդդիմության հետ իրական երկխոսության հաստատման։ Կամ` մեր երիտասարդների նկատմամբ սկսված հետապնդումները։ Նրանք ակտիվություն են դրսևորում, և դրա դիմաց իշխանությունը փորձում է ուժ ցույց տալ և, այդ տրամաբանությամբ գործելով, կորցնում է մարդուն իբրև քաղաքացու։
-Բայց ընդդիմությունն իր հերթին իշխանությունը պառակտելու փորձեր չի՞ արել։
-Մենք դրա անհրաժեշտությունը չունենք։ Մենք խնդիր ենք դրել թույլ չտալ իշխանությանը, որ նա շարունակի հասարակության հետ գործել իրեն բնորոշ «մեթոդաբանությամբ»։ Ամեն մեկն իշխանության ներսում պիտի հասկանա դրա անհեռանկարայնությունը։ Ինքս իշխանական ճամբարում ունեմ ծանոթներ ու ընկերներ և, խոսակցության առիթ ստեղծվելու դեպքում, միշտ ասում եմ. ինքներդ կողմնորոշվեք, թե իշխանության այս գործելաոճով երկիրն ինչ է ձեռք բերում հասարակական, պետական, ազգային կամ թեկուզ Հայաստանի սովորական քաղաքացու շահերի տեսանկյունից։ Իշխանության և պետության պառակտումն իրարից տարբեր բաներ են։ Որևէ հակապետական քայլ մեր կողմից չի եղել, որքան էլ փորձեն այդպիսի վերագրումներ անել։ Իսկ իշխանության ներսում համախոհներ գտնելու փորձեր եղել են, և դա շատ նորմալ է։
-Եվ այսօ՞ր էլ կան այդ համախոհները։
-Չբացահայտված շատ կան և բոլոր ոլորտներում, կառավարման ստորին ու միջին օղակներում։ Ամենավերին օղակների մասով խիստ կասկածում եմ, որովհետև այդ շերտը խիստ հսկողության տակ է և չի կարող առանց համապատասխան ծառայությունների գիտության ինքնուրույն որոշումներ կայացնել ու քայլեր անել։ Նույնը վերաբերում է խորհրդարանին։ Բացի մի տասը մարդուց, մյուսներից ոչ ոք ինքնուրույն որոշում կայացնել չի կարող։ Եթե այդպիսի կյանքը բավարարում է իրենց, դա իրենց անձնական գործն է։ Սակայն այդ իրավիճակը միարժեք վնասակար է Հայաստանի համար։ Եվ երկար շարունակվել չի կարող։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, թե ինչպիսին է լինում ստրուկների վերջը։
-Ամեն դեպքում, վերջին մեկ տարում ընդդիմադիր դաշտը որոշ փոփոխություններ կրեց։ ՀՅԴ-ն դուրս եկավ կառավարող կոալիցիայից, «Ժառանգությունն» ավելի տարաբաժանվելով ՀԱԿ-ից` սեփական քաղաքական գիծն է առաջ տանում։ Փորձում է ակտիվանալ ՆԺԿ-ն։ Միաժամանակ ՀԱԿ-ի առաջնորդն ընդդիմությանը համագործակցության կոչ արեց 12 կետերից բաղկացած հայտարարություն հրապարակելով։ Սակայն, ինչպես տեսնում ենք, համագործակցությունը հայտարարությունից այն կողմ չգնաց։
-Ես ընդունելի կհամարեի, որ ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունները փոխադարձ շփումների միջոցով ճշտեին իրենց դիրքորոշումները և ձևավորվեր որոշակի խնդիրների շրջանակ, որը բոլորի համար ընդունելի կլիներ իբրև համագործակցության դաշտ։ Այսինքն` յուրաքանչյուրը հանրությանը ներկայացներ, թե իրենք ինչ ելք են տեսնում այս իրավիճակից։ Մեր կարծիքով` ոչ մի խոսակցություն արժեք չունի, եթե մի կողմ է դրվելու իշխանափոխության հարցը, որովհետև առանց դրա երկրում արագ ու դրական փոփոխություններն անհնարին են։
Մինչդեռ դաշնակցությունն այդպիսի խնդրի մասին ընդհանրապես չի խոսում, խուսափում է այս կապակցությամբ վերաբերմունք արտահայտելուց։ ՆԺԿ-ի նոր մոտեցումներին ես ծանոթ չեմ, եթե այդպիսիք կան։ Սակայն եթե Արամ Կարապետյանը մնում է այն նույն դիրքորոշման շրջանակում, որ առկա էր նախագահական ընտրությունների ժամանակ, ապա դա միայն ողջունելի է։ «Ժառանգության» պարագայում, կարծում եմ, խնդիր չկա, որովհետև դա ընդդիմադիր ուժ է։ Ընդդիմությանը համախմբող հանգամանք պետք է դառնա նոր իշխանության ձևավորումն արդար ընտրությունների միջոցով, և տվյալ պարագայում բոլորովին պարտադիր չէ, որ ՀԱԿ-ը գա իշխանության։ Պարզապես այս անիմաստ, ճահճացած, ապագա չունեցող, իր մեջ զարգացման որևէ նշույլ չպարունակող համակարգը պետք է փոխել։ Եթե այդ գաղափարի շուրջ համախմբվել ցանկացողներ կան, մենք պատրաստ ենք և նույնիսկ պարտավոր ենք նրանց հետ համագործակցելու։
Թեպետ ընդդիմադիր դաշտում անցած տարվա ընթացքում մի այլ փոփոխություն էլ տեղի ունեցավ։ Կային կուսակցություններ, որ 1,5 տարի առաջ այդ դաշտում էին փորձում հանդես գալ, բայց 2008-ի փետրվարից հետո պարզվեց, որ բացառապես անձնական խնդիրներ լուծելու նպատակ ունեին ու, ըստ այդմ, հայտնվեցին իշխանական ճամբարում։
-ՕԵ՞Կ-ը նկատի ունեք։
-ՕԵԿ-ը, ԱԺՄ-ն, Գեղամյանի կուսակցությունը և ուրիշներ։ Իհարկե, այդ բոլորի մեջ ՕԵԿ-ն այլ «կատեգորիայից» է և գտնվում է պետությունը հիմնովին քանդող կառույցների շարքում, նրա ստեղծման նպատակն էլ, թերևս, դա է եղել։ Այդ կուսակցություններն այսօր նույնիսկ իշխանական էլ չեն, այլ ստեղծված արատավոր համակարգը սպասարկողի ֆունկցիա են կատարում։ 2008-ի ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտում այս իմաստով շատ բան հստակեցվեց, և ես դա դրական փոփոխություն եմ համարում։
-Անդրադառնանք ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին։ Սկզբում մեծ ակտիվություն կար` Հայաստանի և ԼՂՀ-ի համար մտահոգիչ միտումներով։ Հիմա, կարծես, գործընթացը լճացավ, համանախագահներն ընդմիջում վերցրին մադրիդյան սկզբունքները լրամշակելու համար։ Ըստ այդմ, այս հարցն ընդդիմության աշնանային օրակարգում արդիական չի՞ լինի։
-Չեմ կարծում, թե գործընթացը գնում է դեպի լճացում։ Իտալիայում, «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ երեք համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը ցույց տվեց, որ արտաքին դաշտում համապատասխան ակտիվություն ու ցանկություն կա ղարաբաղյան հարցում ինչ-որ հանգուցալուծման հասնելու։ Համանախագահների ընդմիջում վերցնելը չեմ դիտում իբրև հարցի երկարատև սառեցում կամ, առավել ևս, մադրիդյան սկզբունքների մերժում։ Ադրբեջանի շահերն այդ սկզբունքներում բավականաչափ լավ են արտահայտված, և նրանք դեմ լինելու սկզբունքային պատճառ չունեն։ Հայաստանի իշխանություններն էլ ջանք չեն խնայում այդ սկզբունքները գովաբանելու համար` զուգահեռ վարելով նաև հասարակության մեջ պատերազմի նկատմամբ վախի սերմանման քարոզչություն։ Ըստ այդմ, հարցը յուրաքանչյուր ընդդիմադիր ուժի համար պետք է մնա առաջնային պլանում։ Մանավանդ որ իշխանությունը նոր մարդկանց է ասպարեզ բերում` հասարակությանը համոզելու համար, թե սա լավագույնն է, ինչ մենք կարող ենք ստանալ կարգավորումից։
Միաժամանակ կարգավորման փաստաթղթի մասին ամբողջական պատկերացում այդպես էլ չձևավորվեց, որովհետև իշխանությունն այն չներկայացրեց հանրությանը։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե յուրաքանչյուր ինտերնետային կայքում կարելի է այդ սկզբունքներին ծանոթանալ, բայց պարզվեց, որ ոչ մի կայքում էլ դրանք չկան, մինչև ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական կայքում չհրապարակվեցին 6 կետերը։ Միաժամանակ կա տեղեկություն, որ փաստաթուղթն իրականում բաղկացած է 13-15 կետից, և դրանք կողմերի միջև արդեն համաձայնեցված են։ Այսինքն, բոլորովին էլ հստակ չէ, թե ինչ վերջնական համաձայնություններ են ձևավորել և դրանց համատեքստում ինչքանով են Հայաստանի կամ ԼՂՀ-ի շահերը պաշտպանված։ Սա արդեն իսկ մտահոգիչ է։ Սեպտեմբերին համանախագահները կրկին, կարծես, մտադիր են այցելելու Երևան և Բաքու, կտեսնենք, թե ինչ բացահայտումներ կլինեն այդ այցելությունից հետո։ Բայց Ղարաբաղի հարցը մեր քաղաքական օրակարգի առաջնային խնդիրներից է մնալու։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ