ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մենք դարձել ենք աբսուրդի թատրոնի հանդիսատես»

«Մենք դարձել ենք աբսուրդի թատրոնի հանդիսատես»
28.08.2009 | 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՎԱՏ ՎԻՃԱԿ Է ՀԻՄԱ, ՔԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆԸ
(սկիզբը` նախորդ համարում)
-1999-ի հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում շատ ջրեր են հոսել, փոխվել են ժամանակները, և շատ փաստեր այսօր կարելի է վերագնահատել ավելի սթափ։ Ըստ իս, սակայն, Դուք շարունակում եք կասկածել ու չհավատալ։
-Ես տասը տարի շարունակ ենթարկվել եմ տեղեկատվական ահաբեկչության։ Իմ նկատմամբ իրականացվում է ամենակեղտոտ տեղեկատվական ահաբեկչությունը` ամենաանհեթեթ ձևերով։ Օրինակ, Ավետիս Հարությունյան կեղծանունով ոմն հոդվածագիր հոդված-դիրեկտիվ է գրում իր սպասարկու մամուլին, թե ես ամերիկյան ԿՀՎ-ի ներկայացուցիչ եմ։ Տվեք ինձ փաստաթուղթ, որ ես այդ կառույցի ներկայացուցիչ եմ, գնամ նրանցից աշխատավարձ ուզեմ։ Իսկ ընդհանրապես բազում են օրինակները, թե քաղաքական պատվերի շրջանակում ինչ աստիճանի բարոյազրկման կարող է հասնել ինչ-որ մեկին (տվյալ դեպքում՝ ինձ) վարկաբեկելու պատվեր ունեցող «լրագրողը»։
Իսկ թե ինչու են այդպիսի պատվերներ տրվում, գոնե ինձ համար ակնհայտ է. իշխանությունն ինձ չի ներում իր «գործ սարքելու» մեխանիզմ-մեքենայի ու նրա գործառնության կերպի բացահայտման, իսկ ընդդիմությունն էլ՝ փաստացի պետական հեղաշրջման միտվող իրենց ջհանգիրյանական նախաքննության ծրագրի ձախողման համար։ Իսկ այդ ծրագիրը ձախողվել էր, քանի որ նույնիսկ անմարդկային խոշտանգումների տակ ես հրաժարվել էի իրենց համար նախընտրելի քաղաքական հետևանքներ բերող սուտ ցուցմունք տալուց։ Այս հանգամանքները երկուստեք ինձ չեն ներվում։
-Աներկբա է, որ հոկտեմբերի 27-ը փոխեց ո՛չ միայն առանձին անհատների, այլև, խոշոր հաշվով, երկրի ճակատագիրը։ Այդ օրը տակնուվրա արեց և Ձեր կյանքը։ Ըստ իս, Դուք չեք կարող գոնե մտովի չանդրադառնալ կատարվածին, չվերլուծել ողջ անցուդարձը և չփորձել ընկալել, թե, ի վերջո, ի՞նչ կատարվեց, ո՞ւմ էր պետք այդ ամենը և ինչի՞ առաջ կանգնեցրեց երկիրը։
-27-ը Հայաստանի զարգացման պատմությունը հետ է շպրտել 15-20 տարով։ Որպես դրա հետևանք, Հայաստան պետությունը զրկվեց իր պետական անկախության 3 հիմնական պարամետրերից՝ անկախ արտաքին քաղաքականություն վարելու ու սեփական անվտանգության անկախ համակարգ ունենալու իրավունքից և տնտեսական հզորություններից։ Մեր արտգործնախարարությունը դարձել է ՌԴ-ի արտգործնախարարության կցորդը։ Մենք նույնիսկ հարևանների հետ սահմանային ինչ-որ խնդիրներում քայլեր կատարելու ինքնուրույնությունը չունենք։ Նույնիսկ հարևան երկրների հետ հարաբերությունները չենք կարող կառուցել առանց երրորդ երկրի միջամտության։ Կարելի է եղբայրություն, բարեկամություն անել, բայց դրանք պետք է լինեն հավասար հարաբերություններ, այլ ոչ թե վասալի ու տիրոջ։ Վերջին տասը տարում Հայաստանը զրկվել է նաև սեփական տնտեսական և էներգետիկ բոլոր հզորություններից։ Ես, իհարկե, չեմ ուզում ասել, որ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը չունեին արտաքին քաղաքական համակրանքներ, սակայն նրանց հայրենասիրությունն ավելի բարձր էր: Եվ ակնհայտ է, որ նրանք երբեք չէին զոհի ազգային հետաքրքրությունները:
-Ձեր այդ բառերի ենթատեքստում այն միտքն է, թե 27-ի ահաբեկչությունը քաղաքական, նույնիսկ գեոքաղաքական պատվեր էր և ինչ-որ մեկին (երկրի սահմաններից անդին) այն շատ էր ձեռնտու։ Եթե իսկապես այդպես է, ապա հիշյալ վարկածն ինչո՞ւ չեն վերանայում շահագրգիռ կողմերն ու նման վարկածները քննարկման նյութ չեն դարձնում։
-Համամիտ չեմ Ձեզ հետ: Համապատասխան վարկածներ էին առաջ քաշվում ոչ միայն մեր երկրում, այլև երկրից դուրս: Հիշեցնեմ, ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, հանգուցյալ Ալեքսանդր Լիտվինենկոյի հաստատումն այն մասին, որ «Ռուսաստանի հատուկ ծառայության ղեկավարներից շատերին հստակ հայտնի է, որ 1999-ի Հայաստանի խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել է ԳՌՈՒ-ն»: Լիտվինենկոն այս փաստը կապում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ: (Հիշեցնենք, որ այս հաստատումը հերքել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը- խմբ.): Ընդհանրապես կան մի շարք փաստեր, որոնք մտածելու տեղիք են տալիս, որ այս ոճրագործության մեջ շահագրգռված են եղել դրսի ուժերը:
-Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ քաղաքական հանցագործությունները բացահայտվում են շատ տարիներ անց` իրավիճակի փոփոխության ու հիմնական մեղավորների մահվանից հետո։ Ավելին, այդ ժամանակ նման ոճիրներն ուսումնասիրության նյութ են դառնում պատմաբանների ու արձակագիրների համար։ Այսօր, սակայն, ժամանակն առավել է խտացած, և փոփոխություններն աշխարհում շատ արագ են կատարվում։ Այնպես որ, դեռևս հույս կա...
-Այս քրեական գործը չափից դուրս քաղաքականացված է։ Ամեն մեկն ուզում է իր քաղաքական հակառակորդի վրա տեսնել այդ բիծը։ Հաջորդ հանգամանքն այն է, որ նախաքննության և դատավարության ընթացքում գործն այնքան է շաղախվել, այնքան է խառնվել ամեն ինչ, որ ինչ երկրի ուղղությամբ ուզում ես, կարող ես հետևություններ անել, այսինքն` քաղաքական կոնյունկտուրան մշտապես գործելու է։ Սա է պատճառը, որ ցանկացած հետագա «բացահայտմանը» շատ մեծ վերապահումով եմ մոտենում։ Քանզի արդեն չկա ու դժվար թե հետագայում էլ լինի որևէ երաշխիք, որ նաև այդ հերթական «բացահայտումը» խնդրի իրավական, այլ ոչ թե քաղաքական լուծում է լինելու։
-Որքան էլ բացակայում եք Հայաստանից, այնուամենայնիվ, փաստ է, որ ակտիվորեն հետևում եք երկրում կատարվածին և աչքաթող չեք անում Ձեր հիմնական` քաղաքական լրագրողի ու վերլուծաբանի մասնագիտությունը, ըստ Ձեզ, ի՞նչ է կատարվում մեր երկրում, քաղաքական ի՞նչ գործընթացներ են անհանգստացնում։
-Իմ ասածը գուցե և շատ սուբյեկտիվ հնչի, բայց ես Հայաստանում նկատել եմ սարսափելի մի բան` պետությունը ստում է։ Իշխանությանը կա այլընտրանք, բայց նրանք էլ են ստում։ Այսինքն` ընդդիմությունը ստեղծել է ֆանտաստիկ արդյունավետ տեղեկատվական պրոպագանդիստական համակարգ, որը նույնչափ հեռու է իրականությունից, որքան իշխանական քարոզչությունը։ Երկկողմանի սուտը՝ սկսած հասկացությունների դեգրադացիայից, դարձել է կենսակերպ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ իշխանությունները, այսպես թե այնպես, սուտ են խոսում, բայց է՛լ ավելի տհաճ ու տգեղ է, երբ ստում է նաև նրա այլընտրանքը։ Մարդու իրավունքների պաշտպանության համակարգ Հայաստանում անունով կա, բայց փաստացիորեն չկա։ Կան կազմակերպություններ, որոնք «գրանտային գրդոններ» անելով` սպասարկում են ներսի քաղաքական ուժերից մեկին ու այդ կերպ դեգրադացնում «մարդու իրավունքներ» կամ «քաղբանտարկյալ» հասկացությունները։ Այդ առումով այսօր Հայաստանում ստացվել է այնպես, որ ավելի վատ վիճակ է հիմա, քան Խորհրդային Միության տարիներին։ Քանզի գոնե այն ժամանակ այս երկրորդ սուտն էր բացակայում։ Հիմա ստեղծված է մի համակարգ, որ միջին վիճակագրական հայ քաղաքացին չունի ոչ մի իրավունք, ու դրա պաշտպանության մեխանիզմներ էլ չկան։ Ջհանգիրյանի նման պրոֆեսիոնալ իրավախախտողը, որը 95-ից Հայաստանում ինչքան բացասական երևույթ կա, բոլորի կենտրոնում է հայտնվել ու բոլոր խարդախությունների, ապօրինությունների կնքահայրերից մեկն է` սկսած ընտրությունների կեղծումից մինչև այսօրվա կեղծիքները։ Կամ` Մուշեղ Սաղաթելյանի նման պրոֆեսիոնալ սադիստը, որը մարդու ոսկորը ձեռքով ջարդելու հունար ուներ, կարող է այսօր քաղբանտարկյալ հռչակվել։ Այս ամենը հնարավոր է միայն Հայաստանում։ Փաստորեն, մենք դարձել ենք աբսուրդի թատրոնի հանդիսատես։
-Բայց, կարծես, ստեղծվում են մարդու իրավունքների պաշտպանության հասարակական ու պետական կառույցներ, և դրանք բոլորն էլ ավելի կամ պակաս հաջողությամբ գործում են...
-Ինձ, որպես ՀՀ քաղաքացու, բացարձակապես չեն հետաքրքրում ո՛չ Արթուր Բաղդասարյանի, ո՛չ Տիգրան Սարգսյանի, ո՛չ Տիգրան Թորոսյանի, ո՛չ Հովիկ Աբրահամյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի, Արմեն Հարությունյանի կենսագրությունները, ինձ հետաքրքրում են Հայաստանի օրենքներն ու ստորագրած միջազգային կոնվենցիաները։ Պարզվում է, դրանց տեքստերը չկան, եղածներն էլ կիսատ-պռատ են։ Իսկ թե Հովիկ Աբրահամյանն ում հետ խոսեց, որտեղ ընթրեց, երեկոյան ում հետ է խաղալու, հետաքրքիր չէ։ Հովիկ Աբրահամյանին ու մյուսներին ընթրելու կամ խաղալու համար չէ, որ աշխատավարձ է տրվում, այլ նրա համար, որ գոնե Հայաստանի ստորագրած իրավական փաստաթղթերը դրվեն վերջիններիս ղեկավարած կայքերում։ Մի առիթով ինձ անհրաժեշտ էր Հայաստանի քրեադատավարական օրենսգրքից մի հոդվածի թարգմանություն։ Հիշեցի, որ Ազգային ժողովի կայքում այդ օրենսգրքի թարգմանությունը կա, բացեցի այնտեղ տեղադրված անգլերեն տարբերակը և անակնկալի եկա, երբ նկատեցի, որ հայերեն բնօրինակի հետ օրենսգրքի թարգմանությունը չի համընկնում՝ հոդվածի առաջին մասը թարգմանել են, երկրորդը` ոչ։ Այսինքն` ինչ-որ մեկը փող է «լվացել»՝ օրենսգրքի թարգմանության անվան տակ։ Սա է իրականությունը։ Էլ չեմ խոսում մնացած տեքստերի թարգմանության որակի մասին։
Զրույցը` Սուսան ՊՈՂՈՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1787

Մեկնաբանություններ