ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Առաջավոր և Կենտրոնական Ասիայում սահմանների վերաձևման իրատեսականության մասին

Առաջավոր և Կենտրոնական Ասիայում սահմանների վերաձևման իրատեսականության մասին
19.06.2009 | 00:00

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկացիները սիրում են ժամանակ առ ժամանակ զարմացնել հասարակ քաղաքացիներին և պահպանողական քաղաքական գործիչներին աշխարհի տարբեր տարածաշրջաններում ինչ-որ արմատական առաջարկություններով` պետական սահմանների վերաձևման, նոր պետությունների ստեղծման մասին։ Միաժամանակ այդպիսի աշխարհաքաղաքական արմատականությունը բնութագրական է ԱՄՆ-ի համար, քանի որ Վաշինգտոնը հայտնի դերակատարություն է ունեցել բրիտանական ու ֆրանսիական գաղութային կայսրությունների, ինչպես նաև ԽՍՀՄ-ի փլուզման մեջ։ ԱՄՆ-ի աճող տնտեսության համար անհրաժեշտ էին նոր շուկաներ, իսկ տարածության կայսերական կազմակերպումը, որ ձևավորվել էր 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին կեսին, ոչ մի կերպ ձեռնտու չէր ամերիկացիներին։
Սահմանները վերաձևելու և նոր պետություններ ստեղծելու մտադրություններն ու ծրագրերն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ ինքնանպատակ չեն։ Երբ գոյություն ունեցող սահմանները համարժեք են ամերիկյան շահերին, Նահանգները սիրով պաշտպանում է ստատուս-քվոն։ Սակայն, միաժամանակ, չի շտապում ջանքեր գործադրել, եթե անգամ գոյություն ունեցող սահմաններն արգելակում են իր ռազմավարության զարգացումը, նկատի ունենալով, որ դեռ չեն հասունացել արմատական միջամտության և ձևավորված իրողությունների փոփոխության համար անհրաժեշտ պայմանները։ Այնպիսի խնդիրը, ինչպիսին է աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի փոփոխությունը, բավական վտանգավոր է ու խնդրահարույց նույնիսկ գերտերության համար։ Միաժամանակ Բալկաններում և Իրաքում վերջին տասնամյակի իրադարձություններից հետո անհնար է ժխտել, որ ԱՄՆ-ը վարում է պետական սահմանների արմատական փոփոխության քաղաքականություն մի շարք տարածաշրջաններում։ Խոսքը չի վերաբերում այն պրովոկացիոն հրապարակումներին, որոնք երևան են գալիս տարբեր իրադարձությունների հետ կապված և իրենցից ներկայացնում են իրավիճակի ուսումնասիրման ու այս կամ այն գաղափարների ժողովրդականության աստիճանը պարզելու հետախուզական մեթոդներ։ Խնդիրն աշխարհաքաղաքական գիտակցության նոր «դաշտի» ձևավորումն է։
Այդ ծրագրերը համադրված են շատ էական և կարևոր գործընթացների հետ Ասիայում, որտեղ Բրիտանական կայսրությունը ձևավորել է բացարձակապես ոչ համարժեք պետական սահմաններ, ինչը հանգեցրել է շատ ժողովուրդների, էթնիկական ու կրոնական խմբերի իրավունքների կոպիտ ոտնահարման։ Ներկայումս, Եվրամիության կողմից էթնիկական և տարածաշրջանային խնդիրների լուծման մոդելների հետևողական ձևավորման պայմաններում, Ասիայում տասնյակ ժողովուրդներ և էթնոսներ շարունակում են գտնվել ճնշված վիճակում` ենթարկվելով կրոնական, սոցիալական, լեզվական խտրականության։ Առանձին դեպքերում այդ բազմամիլիոն ժողովուրդները զբաղեցնում են լայն տարածություններ, բնակվում բավական կոմպակտ և վերահսկում ռազմավարական իմաստով կարևոր տարածքները, աշխարհաքաղաքական կետերը, համաշխարհային նշանակության հումքային աղբյուրները։ Իհարկե, այդ ժողովուրդներն օբյեկտիվորեն դառնում են ԱՄՆ-ի դաշնակիցներն ու գործընկերները, քանի որ նույնպես շահագրգռված են գոյություն ունեցող սահմանների վերաձևմամբ։
ԱՄՆ-ի երեք խոշոր նախաձեռնությունները` Հարավսլավիայում, Իրաքում ու Աֆղանստանում, պայմանավորված էին ոչ միայն հումքային և կոմունիկացիոն խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։ Դրանք անմիջականորեն կապված են սահմանների վերաձևման կոնցեպտուալ ծրագրերի և նոր պետությունների ստեղծման հետ։ Ավելին, հավանաբար, ցանկացած համարժեք նախագիծ, որը պայմանավորված է մասշտաբային ռազմական միջամտությամբ, անմիջականորեն կապված է այդ խնդիրների հետ։ Աստիճանաբար, սակայն չշեշտադրելով այս աշխարհաքաղաքական գաղափարախոսությունը, ԱՄՆ-ը մղում է նշված երկրներին ու տարածաշրջաններին, ինչպես նաև համաշխարհային էլիտաներին դեպի այն իրողությունը, որ այդպիսի պրոբլեմների լուծումը, կայունության ու անվտանգության հաստատումը, քիչ թե շատ ժողովրդավարական ռեժիմների ձևավորումն ու զարգացումը հնարավոր են միայն գործող պետական սահմանները վերաձևելու և նոր պետություններ ստեղծելու ճանապարհով։ Դրա «դասական» օրինակներն են Կոսովոն ու Քրդստանը։ Դրանք միաժամանակ տարբեր ու համանման խնդիրներ են, և ամերիկացիները, այդ էքսպերիմենտներն իրագործելով, լուրջ փորձ ձեռք բերեցին։ Սակայն ԱՄՆ-ն ի վիճակի չէ այդ գործընթացը հասցնելու ավարտին ոչ միայն համաշխարհային, այլև նույնիսկ տարածաշրջանային ձևաչափում, մանավանդ որ նշված հիմնախնդիրները և նոր պետություն դառնալու հավակնորդները գտնվում են եվրասիական մայրցամաքի խորքում, ուր ամերիկացիների ու բրիտանացիների համար գործողություններ իրականացնելը բարդությունների է հանդիպում։ Հենց դրանով էլ բացատրվում է նոր և հուսալի գործընկերներ գտնելու նրանց ձգտումը։
Պատերազմն Իրաքում և հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ քրդական պետության ստեղծումը դարձել է իրականություն, ինչն էլ հանգեցնելու է նոր պահվածքի դրսևորման Մերձավոր Արևելքի պետությունների մեծամասնության կողմից։ Քրդական նախագիծն արդեն քսան տարի ամերիկյան քաղաքական վերլուծաբանների ուշադրության կենտրոնում է, նկատի ունենալով, որ այն «փոխանցվել» է Իսրայելի կողմից։ Արդեն վաղուց Իսրայելն ԱՄՆ-ի որոշակի շահերը տարածաշրջանում սպասարկող պետությունից դարձել է անվտանգության ապահովման պահանջ ունեցող երկիր։ ԱՄՆ-ին պետք է նոր «Իսրայել» տարածաշրջանում, և Քրդստանը կոչված է ապահովելու այդ խնդրի լուծումը։ Տարածաշրջանի խոշոր պետությունները, որոնք ԱՄՆ-ի հետ երկարատև գործընկերային հարաբերություններից հետո փոխել են իրենց առաջնահերթությունները` վերածվելով բացահայտ հակառակորդների կամ անհուսալի գործընկերների, պետք է մասնատվեն կամ սկզբունքորեն թուլացվեն։ Դա ամենից առաջ Իրաքն է, Թուրքիան և Իրանը, թեկուզ և այդ երեք պետությունները շատ տարբեր են, իսկ ամերիկյան մոտեցումները նրանց նկատմամբ երբեմն թվում են պարադոքսալ։
ՈՒժային գործողությունների կիրառումն այդպիսի խոշոր պետությունների նկատմամբ խնդրահարույց է, պայմանավորված մեծ ռիսկերով և անկանխատեսելի զարգացումներով։ Իրաքյան պատմությունից հետո ԱՄՆ-ի համար գնալով ավելի դժվար է լինելու ապացուցել այդպիսի գործողությունների լեգիտիմությունը։ Այդ իսկ պատճառով սպասելի է, որ փորձ կարվի ռազմավարական խնդրի լուծումն ապահովել այս երկրների մասնատման ճանապարհով։ Տարօրինակ է, բայց փաստ, որ ԱՄՆ-ն առայժմ որոշում չի կայացնում աշխարհաքաղաքական «ռևիզիան» խորացնելու մասին իր բացահայտ թշնամի Իրանի նկատմամբ։ Ամերիկյան վերնախավը դեռևս հուսով է, որ այս երկրի հետ հարաբերությունները հնարավոր է կարգավորել։ Բացի այդ, սահմանների վերաձևման քաղաքականության իրականացումն Իրանի և Թուրքիայի նկատմամբ միաժամանակ գործնականում անհնարին է։ Վաշինգտոնում շատ լավ են հասկանում, որ եթե այս երկու երկրներից մեկը դառնա այդ քաղաքականության, այսինքն` մասնատման օբյեկտ, մյուսը, անկասկած, կաջակցի այդ գործընթացին` նկատի ունենալով իրանա-թուրքական պատմական մրցակցությունը։ Բայց քանի որ ամերիկացիները կարծում են, թե Թուրքիան ավելի հասունացած է մասնատվելու համար, ապա նպատակահարմար է գործընթացը սկսել հենց նրանից։
Թուրքիան դադարել է լինել հուսալի գործընկեր ԱՄՆ-ի համար, նա գնալով դառնում է ավելի վտանգավոր ու անօգուտ ամերիկյան ռազմավարության առումով, ուստի դատապարտված է դժվար ժամանակներ ապրելու։ Ի տարբերություն Թուրքիայի, Իրանը չունի տարածաշրջանային էքսպանսիոնիստական լայն հավակնություններ և նրա հնարավորությունները Թուրքիայի համեմատությամբ տարբեր տարածաշրջաններում անհամեմատ ավելի համեստ են։ Եթե մի կողմ դրվի միջուկային վտանգի մասին առասպելը, ապա Իրանն ԱՄՆ-ի շահերի համար էական վտանգ չի ներկայացնում միջնաժամկետ հեռանկարում։ Բացի այդ, Իրանը նավթի ու գազի հուսալի մատակարար է համաշխարհային շուկա, ապագայում կարող է դառնալ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի գործընկերը Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում։ Դա է ԱՄՆ-ի վերաբերմունքի տարօրինակությունը Թուրքիայի ու Իրանի նկատմամբ այս փուլում։ Լինելով ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ-ի վաղեմի ենթակա գործընկերը, Թուրքիան վերջին ժամանակներս ցուցաբերում է Ռուսաստանի հետ հնարավոր դաշինքի ձևավորման կարողություն, ինչպես նաև հակված է կատարելու Եվրամիության ցանկությունները, ինչը ոչ միշտ է ձեռնտու ԱՄՆ-ին։ Չնայած դրան, Իրանի աշխարհաքաղաքական շրջափակման ամերիկյան քաղաքականությունն առաջիկայում ակտիվանալու է և համատեղվելու է Ռուսաստանի դիրքերի սահմանափակման քաղաքականության հետ։
ԱՄՆ-ի համապատասխան հետազոտություններ իրականացնող ինստիտուտներում ու կենտրոններում, որոնք զբաղվում են տարածաշրջանային քաղաքականությամբ, կարելի է հայտնաբերել ոչ քիչ թվով հետաքրքրաշարժ քաղաքական քարտեզներ` ինքնատիպ նախագծմամբ։ Շատ ինքնատիպ են հատկապես ԱՄՆ-ի Կոնգրեսի վերլուծական ծառայության և ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի, Վաշինգտոնի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի համապատասխան քարտեզները։ Այսինքն` այն հաստատությունների, որոնք ինտեգրացված են ամերիկյան վարչակազմի հետ։ Այդ քարտեզներում նախանշված են զգալի փոփոխություններ Առաջավոր Ասիայի շատ պետությունների ու այլ տարածաշրջանների սահմաններում։ Հավանաբար գոյություն ունի այդ պետական սահմանների փոփոխության լայնածավալ ծրագիր։ Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ այդպիսի քաղաքական-աշխարհագրական իմպրովիզացիաներից, որոնք, հնարավոր է, տարօրինակ կթվան ամերիկյան արտաքին քաղաքականության «կլասիկ կանոններին» հետևողներին։
Թուրքիան ներկայացված է երեք մասի բաժանումով։ Քրդստանը` Արևելյան Անատոլիայի տարածքի մեծ մասում, Էգեյան Հանրապետությունը` ներառելով Թուրքիայի ներկա տարածքի հինգերորդ մասը և Անատոլիական Հանրապետությունը, որ իրենից կներկայացնի տարբեր էթնո-կրոնական կազմավորումների ֆեդերացիա, ուր մեծ տեղ են զբաղեցնում շիա մահմեդական համայնքները։ Ավելի երկար պատմություն ունեն Վրաստանի քարտեզները, որտեղ վաղուց արդեն չկան Աբխազիան ու Հարավային Օսիան։ Գոյություն ունեն որոշ տեքստեր, որոնք շատ տարիներ առաջ արդեն օգտագործվում էին ամերիկյան վարչակազմի կողմից և վերաբերվում հարաբերականորեն «կոմպակտ վրացական պետությանը»։ Վրաստանի տարածքը նկատելիորեն նվազեցված է, ընդ որում, Բաթումը գտնվում է որոշակի միջազգային վերահսկողության տակ, իսկ Աբխազիան ընդգրկված է չերքեզական ժողովուրդների, այսինքն` Արևմտյան Կովկասի ժողովուրդների կոնֆեդերացիայի կազմում։ Կովկասի արևելքում ուրվագծված է Ավարա-Վայնախյան Հանրապետությունը և բոլոր այդ պետական կազմավորումները Վրաստանի հետ ունեն ասոցիացված կարգավիճակ։ Հայաստանն ունի բավական զգալի տարածք, բայց բացարձակապես անբնական և ոչ մի կերպ չի համապատասխանում հայերի պատկերացումներին իրենց պատմական հայրենիքի մասին։ Իրանը ներկայացված է իբրև տարբեր միավորումների ֆեդերացիա, որտեղ ընդգրկված է նաև ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը` երեք կողմից կտրտված։
Ապագա պետական սահմանների մասին ամերիկյան ծրագրավորողների պատկերացումները Կենտրոնական Ասիայի առումով միանգամայն բացատրում են ԱՄՆ-ի շահերն ու մտադրություններն այդ տարածաշրջանում։ Հավանաբար Վաշինգտոնը զգուշանում է միասնական տաջիկական պետության ստեղծումից, որը կգտնվի Իրանի ուժեղ ազդեցության ներքո։ Ընդհանրապես, ամերիկացիները նկատելիորեն անհանգստացած են Իրանի աջակցությամբ տաջիկների հնարավոր ազդեցության աճից Աֆղանստանում։ Ամենայն հավանականությամբ, հենց դրանով են պայմանավորված նրանց պատկերացումները միասնական ուզբեկա-տաջիկական պետություն ստեղծելու վերաբերյալ, որտեղ տաջիկները հնարավորություն չեն ունենա իրագործելու ինքնուրույն քաղաքականություն։ Ընդհանուր առմամբ, Կենտրոնական Ասիայում հիմնական հենարան է դիտարկվում ՈՒզբեկստանը, որպես մի պետություն, որն արտաքին աջակցության դեպքում ընդունակ է ընդդիմանալու Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ազդեցությանը։ Վարկածներից մեկի համաձայն, հիշյալ ուզբեկա-տաջիկական պետության հետ դաշինքի մեջ է նաև Ղրղզստանը, ինչը, հավանաբար, կապահովեր այդ երկրի վրա Ռուսաստանի ուժեղ ազդեցության բացառումը։ Որքան էլ տարօրինակ է, ենթադրվում է, որ Ղազախստանից կանջատվեն նրա հյուսիսային մարզերն ու կհանձնվեն Ռուսաստանին, ինչը կրկին կհանգեցնի նրա ազդեցության նվազմանն ընդհանուր տարածաշրջանում։ Միաժամանակ ենթադրվում է, որ Ռուսաստանի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, այսպես թե այնպես, նվազելու է, և հիմնական ռազմավարական խնդիր է դառնալու Չինաստանի էքսպանսիայի զսպումը։
Ենթադրվում է, որ Աֆղանստանը չի դիտարկվելու իբրև կենտրոնասիական պետություն, այլ մաս է կազմելու Հարավային Ասիային` աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական առումով ինտեգրացված լինելով հնդկական դաշտում։ Ենթադրվում է Աֆղանստանը վերածել խիստ ապակենտրոնացված ֆեդերացիայի, որի առանցքը լինելու է փուշտուական մեծ պետությունը, որի մեջ ներառվելու են փուշտուաբնակ լայնածավալ տարածքներ այսօրվա Պակիստանից, ինչպես նաև Հյուսիսային Աֆղանստանից, որը կատարելու է մարգինալ զանգվածի դեր Հարավային Ասիայի, Իրանի, Չինաստանի ու Կենտրոնական Ասիայի միջև։ Առհասարակ, ներկայիս ունիտար պետությունների ֆեդերալացման գաղափարը գրավիչ է ամերիկյան ծրագրավորողների համար։
Հասկանալի է դառնում, որ ԱՄՆ-ին ոչ մի կերպ ձեռնտու չեն ՈՒկրաինայի ներկայիս սահմանները` ռուսներով ու ռուսախոս ուկրաինացիներով բնակեցված մարզերով։ ԱՄՆ-ը բացարձակապես շահագրգռված չէ, որ ՈՒկրաինայի կազմում մնան նրա հարավարևելյան մարզերը։ Ամերիկացիներին խիստ հետաքրքրում է ՈՒկրաինայի վերահսկողության հաստատումը Ղրիմի և Սևծովյան առափնյա շրջանի նկատմամբ, բայց ոչ արդյունաբերական մարզերի։ Վաշինգտոնում գիտակցում են, որ հուսալի գործընկեր ու դաշնակից կարող է դառնալ միայն խիստ «ուկրաինացված» ՈՒկրաինան, որը կիրագործեր անկախ քաղաքականություն։ Նշված աշխարհաքաղաքական ծրագրավորումն առաջ է գնացել այնքան, որ Ջորջ Բուշի վարչակազմում ուկրաինական ծագում ունեցող բարձրաստիճան պաշտոնյա Պոլ Դոբրյանսկուն ժամանակին զայրացրել էր այդ «ֆանտազիան», և նա ավանտյուրա էր անվանել նշված նախագիծը։
Անշուշտ, սահմանների վերաձևման գաղափարախոսությունն ԱՄՆ-ում անմիջականորեն պայմանավորված է նեոպահպանողականների հայացքներով։ Սակայն չի կարելի չնշել, որ հոռետեսական տրամադրություններն ամերիկյան վերլուծական հանրության մեջ ուժեղանում են այն կապակցությամբ, թե ԱՄՆ-ն ընդունակ է իրականացնելու արդյունավետ քաղաքականություն մի շարք տարածաշրջաններում։ Արտաքին քաղաքականության որոշակի վերաիմաստավորումը, որ տեղի է ունեցել 2004-ի նախագահական ընտրություններից հետո, պայմանավորված էր նեոպահպանողական դոկտրինից հրաժարվելով։ Որպես արտաքին քաղաքականության նպատակ նեոպահպանողականների մշակած նոր դոկտրինը ենթադրում է գլոբալ վերահսկողության հաստատում, ինչն իր մեջ ներառում է նոր աշխարհակարգի ստեղծումը։ Ամերիկյան ռազմաբազաների ձևավորումը ծայրահեղ ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներում, ցանկացած, նույնիսկ արմատական քաղաքական ուժերի օգտագործումը պետական հեղաշրջումների իրագործման համար, խոսում է «իրական քաղաքականության» սկզբունքների ուժեղացման մասին։ ԱՄՆ-ի Արտաքին քաղաքականության խորհրդի նախագահ Ռիչարդ Հաասը համարում է, որ ԱՄՆ-ը կանգնած է Մերձավոր Արևելքից դուրս մղվելու վտանգի առջև, որովհետև այնտեղ ձևավորվում են հզոր տարածաշրջանային տերություններ, այդ թվում` Իրանը, որոնք շահագրգռված են Արևմուտքի դուրսմղմամբ այդ տարածաշրջանից և էներգետիկ ռեսուրսների օգտագործման դաշտում նոր կանոնների հաստատմամբ։ Ռիչարդ Հաասը կարևոր հանգամանք է համարում այն, որ արաբական պետություններում կառավարող ռեժիմներն ընդունակ չեն կառավարելու նախկին մեթոդներով, ավելի ու ավելի են զիջում քաղաքական դաշտը իսլամական վերնախավերին։ Ընդ որում, արաբական սոցիալիստական գաղափարախոսությունը գործնականում գոյություն չունի և իր տեղը նույնպես զիջել է իսլամիստներին։ Ըստ Ռիչարդ Հաասի, տարածաշրջանի քարտեզը վերաձևավորել միգուցե և հաջողվի, բայց դա չի հանգեցնի ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայության պահպանմանը, այլ ավելի կբարդացնի իրավիճակը։ Նրա կարծիքով, արդեն հիմա ի հայտ են գալիս ԱՄՆ-ի ներկայության սահմանափակման հեռանկարները, և այդ միտումը սահմանափակել չի հաջողվի։ Ավելացնենք, որ Մերձավոր Արևելքի խնդիրներով ամերիկյան փորձագետներ Ջուդի Կիպերը, Ջոն Չարբենկսը, Էնթոնի Կորեդսմանը, Դենիս Ռոսսը և Ռիչարդ Հաասը բոլորովին չեն ժխտում, որ հենց ԱՄՆ-ի քաղաքականությունն է շատ կողմերով նպաստել ավտորիտար ռեժիմների թուլացմանն այն արաբական պետություններում, որոնք տասնամյակներ շարունակ հաջողությամբ համագործակցել են Վաշինգտոնի հետ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2490

Մեկնաբանություններ