ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Անդրադարձ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի օրերս արված հայտարարությանը

Անդրադարձ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի օրերս արված հայտարարությանը
01.10.2024 | 20:09

Այսօր արդեն տեղին է ավելի ընդարձակ անդրադառնալ, թեև հայաստանյան մամուլում լայն տարածում չգտած, բայց ընթացիկ զարգացումների համատեքստում բավականին խնդրահարույց մի հարցազրույցի։ Ավելի ճիշտ, այդ հարցազրույցում տեղ գտած առաջին հայացքից մի քանի արատավոր ձևակերպումների, որոնք, հուսով եմ, անզգուշության կամ չիմացության, բայց ոչ երբեք մեր առաջատար կուսակցություններից մեկի քաղաքական համոզմունքի կամ նորովի դիրքավորման դրսևորումն էին։ Խոսքն օրեր առաջ «Երկրի հյուրասրահը» հաղորդաշարի տաղավարում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հարցազրույցում տեղ գտած մի քանի ապակողմնորոշիչ ու հիմնազուրկ ձևակերպումների մասին է։ Անշուշտ, կրկեսի վերածված հայաստանյան քաղաքականության պարագայում նման ձևակերպումները հազիվ թե հատուկ ուշադրություն ու արձագանք պահանջեին, եթե հնչեցված չլինեին ՀՅԴ բարձրագույն ներկայացուցչի կողմից։

Այսպես, Հակոբ Տեր-Խաչատուրյանն այդ հարցազրույցում, քննադատելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Փաշինյանի քաղաքականությունը, այն որակում է որպես «ոչ աննախընթաց երևույթ», մատնանշելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման Սերժ Սարգսյանի դիվանագիտական նախաձեռնությունը, և զարմանալիորեն իր միտքն ավարտում «հիմա նույն կացության մեջ ենք» ձևակերպմամբ։

Միանգամայն ըմբռնելի կլիներ նման ձևակերպումներ լսել սփյուռքահայ որևէ դաշնակցական գործչի շուրթերից այն ժամանակ, երբ «ֆուտբոլային դիվանագիտությունը» դեռ ընթացքի մեջ էր, իսկ դրա շատ հարթություններ ու ելևէջներ՝ ոչ այնքան հայտնի ու հասկանալի հանրության լայն շրջանակներին։ Սակայն, այսօր արդեն գաղտնազերծված մեծածավալ նյութերի առկայության պայմաններում, օրվա հեռավորությունից ու տեղի ունեցած աղետալի զարգացումների լույսի ներքո, վառ երևակայություն, մակերեսայնություն ու երևի նաև քաղաքական շահախնդրություն է պետք նման սխալ ու վտանգավոր պնդում կատարելու համար։

Ֆուտբոլային դիվանագիտությունը հայաստանյան նախաձեռնություն էր. իր էությամբ՝ կանխարգելիչ դիվանագիտական նախաձեռնություն։ Բացի Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու հռչակված խնդիրը, ինչն անլուծելի է մնում նաև այսօր, այն նպատակ ուներ հեռու պահելու Թուրքիային արցախյան ճակատում ընթացող դիվանագիտական ու ռազմական միջամտությունից, ինչին անթաքույց ձգտում էր այդ երկիրը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմության գիտակներն ու տեղեկացված շրջանակները շատ լավ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը և կփաստեն, որ հենց այդ նախաձեռնության ու դրա արդյունքում ձևավորված միջազգային համախոհության ուժով է, որ Թուրքիային այդպես էլ չհաջողվեց տարիներ շարունակ ստանալ միջազգային հանրության համաձայնությունն ու շահերի համադրումը՝ ապահովելու իր դիվանագիտական ու ռազմական ուղիղ ու կոշտ միջամտությունն արցախյան ճակատում։ Օձի խելք պետք չէ հասկանալու համար, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության ու անզգույշ քայլերի արդյունքում տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ հայության համար աղետալի հետևանքներով։ Եթե ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն այս գերառանցքային հակադրությունը չտեսնելու է տալիս, միայն պարզ հարցեր չէ, որ առաջանում են։

Ի միջի այլոց, աքսիոմատիկ ճշմարտություն է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եղել և մնում է մեր պետականության գոյության, նրա անվտանգության, հարատևության ու ինքնիշխանության երաշխավորման առանցքային խնդիրներից մեկը։ Ինչպես բոլոր համադրելի պետությունների պարագայում է, երբ հարևանների հետ հարաբերությունները մնում են չկարգավորված։ Միայն այս պարզ իրողությունն է պատճառը, որ միմյանց հաջորդած հայաստանյան բոլոր իշխանությունները՝ Տեր-Պետրոսյանից մինչև Սարգսյան, յուրաքանչյուր վարչակարգ ըստ այդ շրջափուլում առկա ելակետային իրողությունների ու առկա ռեսուրսների, ջանքեր են գործադրել լուծումներ գտնելու այդ առաջնահերթությանը: Ելնելով, իհարկե, սեփական համոզմունքներից, բայց և գործելով բացառապես սեփական շահերի թելադրանքով ու սեփական կամքով։ Անհավատալի է, բայց Հակոբ Տեր-Խաչատուրյանի համար այս առանցքային հանգամանքը ևս նկատելի կշռաքար չէ։

Մի՞թե նույն կշիռն ու իմաստն ունեն ԱՄՆ-ի, շահագրգիռ այլ գերտերությունների և միջազգային կազմակերպությունների ակտիվ միջնորդությամբ ու չափելի երաշխիքներով ընթացող հրապարակային բանակցությունները և մինչև վերջ ոչ պարզ տրամաբանությամբ և անհասկանալի ձևաչափով ընթացող ստվերային գործընթացը, ինչն ունենք այսօր։ Համեմատելի՞ են ստորագրված ու հրապարակված կոնկրետ փաստաթղթերը, որում թուրքական կողմն այդպես էլ չկարողացավ հասնել իր հետապնդած նպատակներից և ոչ մեկի համաձայնեցմանն ու հստակ արձանագրմանը և այսօր ընթացող «բանակցությունները», երբ նախկինում հայտնի թուրքական բոլոր նախապայմաններն արդեն իսկ բավարարված են Հայաստանի կողմից, անգամ էականորեն գերակատարված։

Ֆուտբոլային դիվանագիտության ողջ ընթացքում թուրքական կողմի և միջնորդների հետ տեղի ունեցած բարձր մակարդակի տասնյակ հանդիպումներից ու բանակցություններից ո՞ր մեկում է Բյուրոյի հարգարժան ներկայացուցիչը տեսել թուրքական կողմի «մի շարք նախապայմաններ, որ ի հայտ եկան հակառակ Թուրքիո տված խոստումներին»։ Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարո՞ղ է վկայակոչել ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում տեղի ունեցած գեթ մեկ հանդիպում կամ անգամ մեկ կիսադրվագ, որտեղ ՀՀ նախագահը, արտգործնախարարը կամ որևէ այլ հայ դիվանագետ բանակցել է թուրքական նախապայմաններից որևէ մեկի շուրջ կամ կես սանտիմետր նահանջել «հարաբերությունների հաստատում առանց նախապայմանների» հիմնարար մոտեցումից։ Լինի հայ-թուրքական բանակցություններում թե միջնորդների հետ տեղի ունեցած շփումներում։

Այդ որտե՞ղ կամ ինչպե՞ս է Թուրքիային հաջողվել «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում արձանագրել իր նախապայմանները՝ «Ադրբեջանի պահանջները, հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներից վեր կենալը, Թուրքիո հետ սահմանազատման ․․․ Մոսկվայի ու Կարսի դաշնագրերու պահանջը ու ինչպես սփյուռքում են ասում, որպես աղ ու պղպեղ, Ցեղասպանությունից հրաժարելու խնդիրը»։ Մի՞թե Հակոբ Տեր-Խաչատուրյանի համար զարմանալի է, որ Թուրքիան, որպես տարածաշրջանային ազդեցիկ խաղացող, ձգտելով ստանալ այդ ամենը, ձախողվել է Սարգսյանի նախագահության շրջանում ու հաջողել այսօր։ Որքան կարելի է ակամա թելել Փաշինյանի քաղաքական ասեղը՝ փաստերի ուժն ու տրամաբանությունը փոխարինելով մակերսային դատողություններով ու անգիտակից զգացմունքներով։ Ի վերջո, եթե Թուրքիան ստորագրված արձանագրություններով ստացել էր իր նախապայմանները, ապա ի՞նչն էր խանգարում նրան արագ վավերացնել այդ արձանագրությունները և այդ ձեռնտու իրավական հիմքի վրա կառուցել Հայաստանի հետ իր քաղաքականությունը։ Կամ եթե ստորագրված արձանագրություններից դուրս, քաղաքական առավել լայն համապատկերում է, որ Թուրքիային հաջողվել էր ստանալ միջազգային հանրության համախոհությունն իր ունեցած նախապայմանների շուրջ, ապա ի՞նչն էր նրան խանգարում իր համար ցանկալի արդյունքները գրանցել մինչև 2018 թ․։

Կամ որքանո՞վ են հիմնավոր ցեղասպանության վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի դատողությունները։ Քանի՞ պետություն ու միջազգային կառույց է հենց այդ գործընթացի արդյունքում ճանաչել Հայոց Ցեղասպանություն (միջանկյալ խորհուրդ՝ խոսեք իսկապես տեղեկացված անձանց հետ ու լավ փորփրեք ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ակունքներն ու մայր գործոնները․ զարմանալիորեն կգնաք կհասնեք այնտեղ, ինչից դժգոհում եք)։ Երբևէ թուրքական հասարակությունն ինքն ավելի բարձրաձայն խոսե՞լ է Հայոց Ցեղասպանության խնդրի մասին, քան հենց այդ շրջանում էր: Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարո՞ղ է նախընթաց 33 տարիներից վկայակոչել մեկ այլ համազգային միջոցառում կամ իրադարձություն, որն իր համամարդկային ընդգրկմամբ, միջազգային ամենաբարձր ներկայացուցչությամբ ու ունեցած քաղաքական ազդեցությամբ համադրելի լինի Ցեղասպանության 100-րդ տարելիցին տեղի ունեցած պետական միջոցառումների հետ։ Պարդոքսալ է սա մատուցել հենց պարոն Տեր-Խաչատուրյանի ուշադրությանը, բայց նույնը վերաբերում է նաև հենց հայկական Սփյուռքի դերակատարությանն ու ակտիվությանը՝ այն ժամանակ և հիմա:

Եթե խիստ մակերեսորեն ներկայացված այս վիթխարի հակադրությունը ՀՅԴ Բյուրոյի ներկյացուցչին, այդուհանդերձ, թույլ է տալիս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման Սարգսյանի նախաձեռնությունն անգամ հետին մտքով համեմատել Փաշինյանի ձախորդ քաղաքականության հետ և որակել «նույն կացության մեջ ենք», ապա հիասթափությունից զատ մնում է ընդամենը զարմանալ։ Զարմանալ, որ անգամ ազգային նման աղետից հետո, գոյութենական մեծ վտանգի առջև կանգնած, անցյալն իրենց պատկերով կերտելու ոմանց մղումը գերադասվում է ճշմարտությունից, քաղաքական կոռեկտությունից ու միաբանության պահի թելադրանքից։

Այս ամենով հանդերձ, Հակոբ Տեր-Խաչատուրյանի հայտարարությունները բնավ չեն ստվերում Սարգսյանի նախաձեռնության ողջ ընթացքում մեր ազգային-պետական շահերի սպասարկմանը միտված ՀՅԴ-ի բացառիկ դրական դերակատարությունը։ Հիմա, տարիների հեռվից այս մասին կարելի է ասել նաև հրապարակայնորեն․ ՀՅԴ-ի և սփյուռքահայ այլ կառույցների դիրքորոշումն այդ ընթացքում մեծապես օգնել է հայաստանյան իշխանություններին՝ բանակցային գործընթացում հանդես գալու առավել ուժեղ դիրքերից, և մենք, գուցե բացառիկ դեպք մեր ազգային-պետական նորանկախ կյանքում, այդ հարցում կարողացանք իսկապես հանդես գալ որպես հասուն ժողովուրդ ու պետական մտածողությամբ օժտված համակարգ՝ յուրաքանչյուր օղակ իր տեղում փայլուն կատարելով իր գործը։

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ