ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ժամանակն է ազատվելու բդեշխներից, թագավորիկներից, հաբռգած, հղփացած, անգրագետ, կաշառակեր պաշտոնյաներից

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ժամանակն է ազատվելու բդեշխներից, թագավորիկներից, հաբռգած, հղփացած, անգրագետ, կաշառակեր պաշտոնյաներից
22.10.2015 | 12:48

Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը սկսվել է, աչքներս թարթենք` կգա քվերակության օրը:
Ի՞նչ ունենք քաղաքական դաշտում, ովքե՞ր կան, ի՞նչ ուժեր, ի՞նչ պայքար ու քարոզարշավ է սպասվում:
Բոլորդ տեսած կլինեք, երբ հող կամ ավազ ես լցնում ջրով լցված դույլի մեջ, ծանր, պինդ մարմինները նստում են ջրի հատակին, մնացյալ խառուխշտիկ` փայտ, ծղոտ, թուղթ, աղբ, այլ թեթև մարմիններ, մնում են ջրի երեսին: Հիմա մեր քաղաքական դաշտն էլ է այդպես: Ժիրոմիրոները, քամուց քշվածները, մարդ-կուսակցությունները, ՀԱԿացուցվածները, իրենց ստեղծած վարդանհարությունյանները, որոնք փորձում են քաղաքացիական պայքարի իմիտացիա ստեղծել, նաև Բաղրամյան փողոցը փակողների փշրանքները, որոնք արագ դեղնեցին, թոշնեցին, չորացան այդպես էլ չծաղկելով` քաղաքական դաշտի խառուխշտիկներն են:
Դե հայ ենք, թիմային ոչ մի բան մեզանում չի ստացվում, նույնիսկ մարզախաղերը: Ոգևորվում ենք խաղասկզբին, թռվռում, փորձում անհատապես աչքի ընկնել, ու… Ու առաջին իսկ անհաջողությունից հուսահատվում, թուլանում, մասնատվում, դառնում կամազուրկ ու անդեմ:
Իսկ հանրաքվեին գնացող մյուս ուժերին, որոնք, ի տարբերություն իշխանությունների, ամեն ինչում պարտադիր հակադրվելու մարազմատիկ հիվանդությամբ տառապողների, կայուն պահպանեցին իրենց քաղաքական որոշումն ու կամքը` հարգում եմ: Հարգում եմ դաշնակցականներին, իզուր չէ, որ հարյուրամյա պատմություն ունեն և, մոռանալով տարաձայնությունները, կանգնեցին ու պաշտպանեցին իրենց տարիներ ի վեր պահանջած սկզբունքները` առանց մանրախնդրության ու թշնամանքի: Մյուսներին ևս, որոնք իրատեսորեն, առանց շահարկումների, առանց անպայմանորեն հակադրվելու ասացին «Այո»:
Իսկ իշխող կուսակցությունը, իշխանությունները, ի վերջո, պետք է առարկայական, երևացող ու խորքային քայլեր անեն: Հավատացեք, որ դա խիստ օրակարգային է, օրախնդիր: Դրանից մեր հայրենիքի, մեր պետության, մեր ժողովրդի ապագան է կախված:
Ի վերջո, ժամանակն է ազատվելու բդեշխներից, թագավորիկներից, հաբռգած, հղփացած, անգրագետ, կաշառակեր պաշտոնյաներից:
Քվեարկենք, ասենք «Այո», ինքնամաքրվենք, նոր, վերափոխված Սահմանադրությամբ պետական մտածողություն, նոր ապրելակերպ, նոր բարոյական մթնոլորտ և նոր արժեհամակարգեր ստեղծենք, ձևավորենք ու զարգացնենք:
Դա մեզ խիստ անհրաժեշտ է:

Դիտվել է՝ 2274

Մեկնաբանություններ