ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՐԵՎԱԾԱԳԸ ԾԻՐԱՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԱՐԵՎԱԾԱԳԸ ԾԻՐԱՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
22.10.2010 | 00:00

Տաթևի վանական համալիրը, այսպիսով, հռչակվելու է աշխարհում ամենաերկար ճոպանուղու գործարկմամբ։ Համենայն դեպս, սա մեր բարձրագույն, միջին ու ստորին քաղաքական և կառավարական դասերի երազանքն է, մտասևեռումը։ ՈՒ ոչ միայն Տաթևը։ Ճոպանուղին աշխարհին ճանաչելի կդարձնի Հայաստանը, հայկական մշակույթը, աշխարհում երկրորդը հանդիսացող մեր հրաշք ջուրը, կոնյակը, Սևանն ու ապարանյան անեկդոտները, որոնք... առաջինն են։ Իսկ ամենաերկար շուրջպա՞րը...
Մի խոսքով, երկրիս ղեկապետ այրերն ու այրուհիները շարժվում են հանրածանոթ Օստապ Սուլեյման Բերտա-Մարիա Բենդեր բեյի դրույթներով, այսինքն` վերակենդանացնում են «Նյու Վասյուկին»։ Հիշո՞ւմ եք, Օստապի հնարամիտ խարդավանքին զոհ գնացին Վասյուկիի շախմատասերները, հավատալով` շախմատային մի քանի միջազգային մրցաշար, և Վասյուկին կդառնա շախմատի միջազգային թատերաբեմ` իր փառահեղ հաղորդակցության միջոցներով, հետո էլ... Գալակտիկայի կենտրոնը։ Այո, ճոպանուղին Հայաստանը ճանաչելի կդարձնի աշխարհին։ Այո, «Քենդիի» շոկոլադը կցնցի աշխարհի քիմքը։
Այո, Ջերմուկը համաշխարհային առողջարանային նորագույն Մեքքան է, Դիլիջանը` ֆինանսական մեծագույն Սիթին։ ՈՒ թունդ են առնում մեր սիրտն ու թոքը, Գինեսի գրքում նորհայկական երակն ավելի ու ավելի ուժգին է տրոփում։ Ընդ որում, սա ինչ-որ թեթևսոլիկ (ի՜նչ անզուգական բնորոշիչ է` սոլերը, այս թվում` բոթասներն ու բարձրակրունկները, թեթև, հպանցիկ, սահուն) նախաձեռնություն չէ։ Հայկական տնտեսությունը մեջքը շտկելու է միմիայն զբոսաշրջության բուռն փթթմամբ։ Թե չէ, անշուշտ, ժամանակավրեպ են կոալիցիոն և հակակոալիցիոն բյուջեական բարդույթավորումները։ Ի վերջո, ՀՀ պետբյուջեն առաջինը պետք է հայտավորվի Գինեսի ռեկորդագրքում։ Զի նրա որպիսությունը կախված է ընդամենը երկրի բնակչության 0,0003 տոկոսի կամքից, քմայքից, ախորժակից և օրվա աստղագուշակից։ Ասենք 0,0003-ի ցանկում թվագրված օլիգարխի աստղագուշակները կանխագուշակում են` առաջիկա կիրակին խիստ բարենպաստ է խմբակային բաքոսախաղի համար` միջազգային չափորոշիչներով։ Օրվա միջօրեին տասնյակ լրացուցիչ ուղերթեր են ազդարարում մուտքը Զվարթնոց։ Օլիգարխ-հայորդու ռուս, բելառուս, էսկիմոս և ազերի, նաև լեհ, հնդիկ նմանակ-գործընկերները ժամանում են հանրապետություն։ Ժամանում են թիկնազորի, լրատվամիջոցների, մերսողների և վիրտուալ հարեմի ուղեկցությամբ։ ՈՒշ երեկոյան, հասկանալի է, մի «խուլիգանի քեֆ»` որևէ դղյակ-պանդոկում և հսկայական ներդրում հանրապետության տնտեսություն, պետբյուջե, մասնավոր և ստվերային հատվածներ։ Բայց, դե, ո՞վ է քո փայ-բաժին հարիֆը։ Օլիգարխ-էսկիմոսին, կներեք, հո չենք զարմացնելու մեր ազգային խոհանոցով։ Մի աննշան բաղաձայն հորանջ, և ուրարտական-կիլիկյան-դաշնակցական և նորհայկական խոհանոցը «Քոչարի» ու «Բերդ» պար կբռնի նրա սեղանին։ Էսկիմոս (նաև ուդմուրտ, հոլանդացի, չիլիացի և ուզբեկ) գերհարուստին գայթակղում են նորհայկական զբոսաշրջային-հյուրընկալական աննախադեպ փաթեթը, պայմանների ու իրավիճակների սուր հակադրությունը, քաղաքակրթական զարմանահրաշ ցատկռտուքը, մշակութային մակընթացություններն ու քաղաքական տեղատվությունները. դե, գտիր մի այլ երկիր, ուր անգամ պաթոլոգիկ ճգնաժամի էպիկենտրոնում կայուն ու գերնպաստավոր են հայրենական կուրտիզանուհիների գները։ Ընդամենը տասը ամերիկյան դոլարին համարժեք հայոց դրամանիշ և` եվրասիական արհեստավարժուհին այնպիսի՜ վարժանքի կենթարկի իր խափշիկ կամ նորվեգ պատվիրատուին, ինչն անգամ 1000 եվրոյի դիմաց նրանք չեն վայելել Պիգալ հրապարակում։ Մենք քիչ ենք, բայց դե, գիտեք էլի, մեզ հայ են ասում։ Իսկ ծունկ ծնկի, բաժակ բաժակի, բլդուղ բլդուղի միակցությունը քաղգործչի էն «անհավանական է, սակայն ակնհայտ» տեսակի հետ, ում շվեդական տաբատի աջ գրպանում կոալիցիոն հուշագրի քաղվածքն է, թուրքական խալաթի ձախ ծոցագրպանիկում երկքաղաքացիության երեք անձնագիր, սիրասուն զոքանչի կտակում էլ վավերացված` երեք գործարան Սիբիրում, չորս խաղատուն Սիցիլիայում և շան բուն հանդիսացող անավարտ շինարարությունը Զանգվի ձորում մահից հետո դառնում են Հայաստանի անխտիր բոլոր իշխանական կուսակցությունների անդամ տնփեսա փեսայի անխախտ և օրինական սեփականությունը։

Քոռանան նրանց աչքերը, ովքեր մի յոթ թաշկինակ չեն խարջում նորհայկական այս ճախրանքը տեսնելիս։ Հասկացեք, հայեր, մի քիչ էլ համբերություն և 2012-ի աշնանը միայն զբոսաշրջության հաշվին յուրաքանչյուրիս կենսազամբյուղը կավելանա երկու ձվով, նախարար Այսինչի թեզիսների բրոշյուրով և սիգի խռիկներով։ Միամիտ ենք, սակայն, ու փոքր ածու` մտոք ու մարմնոք։ Երբ Սեդրակիչը քաղաքապետարանում տարփողեց, թե «փողի վրա նստել, փո՞ղ եք խունդուրում», քչերը նրան հասկացան։ Շատերը փոր էին թափում, էլ եկվոր ու ոչ լեգիտիմ, էլ օլիգարխիայի պարագլուխ ու պարագլուխների քավոր...
Բայց ե՞րբ է նաիրցին իր հերոսին տեղին ու ժամանակին փառաբանել։ Չէ՞ որ Սեդրակիչը աշխարհի հարամ փողերի հալալացման հեռագնա ազգային ծրագիր էր գործարկել։ Տոկոսներով Հայաստանը ծաղկելու էր։ Մարդը հիմա կամենում է հայտավորվել իշխանական բուրգի մի տեսանելի հատվածում և ավարտել սկսած գործը։ Հարամում ենք, նավսում ու ոտք գցում։ Բայց նա մեր լավն է ուզում։ Չե՞ք հավատում։ ՈՒշադիր նայեք աչքերին, երբ ներկայացնում է ժողովրդավարության մասին իր մտորումները։ Նա օր օրի համազգային զարթոնք է ապրում, ինքնաբուխ ժպտում-զվարճանում է ու ներքաշում շուրջպարի երկրիս ավագանուն և ազատանուն, աշխարհիկ տիրակալներին և հոգևոր տերերին։

Եվ այսպես, երրորդ հանրապետության, երրորդ իշխանապետության գերագույն տեսլականը. ի հաշիվ ազգային յուրօրինակությունների` Հայաստանն ինքնահռչակվում է զբոսաշրջության կառամատույց (Նյու Վասյուկին, անկեղծ լինենք, գլուխը պատովն է տվել)։ Ամենաերկար ճոպանուղուն հաջորդում է Անհայտ Իշխանի և Սիգի «Սև թղթի» հուշակոթողի բացումը։ Հետո Երևանը հայտարարվում է երկիր-մոլորակի... ամենաբուրումնավետ մայրաքաղաք։ Դիցուք, զբոսաշրջիկը շրջում է քաղաքում և սուր ու բութ զգացողություններ փնտրում։ Լավ, դիտեց, հիացավ երգող շատրվաններով ու Սասունցի Դավթի ձիարձանով։ Բայց մինչ հայրենիք հասնելը հայկական հրաշքները (Մատենադարան և Զվարթնոց) հիշողությունից իսպառ կբնաջնջվեն, և նա հայկական զբոսաշրջության կենդանի ու անվճար գովազդային հոլովակը երբեք չի դառնա։ Զի աշխարհում Մատենադարանին ու Զվարթնոցին, օպերային թատրոնի ճարտարապետությանն ու Փարաջանովի կոլաժներին համարժեք բաներ, հազա՜ր ներողություն, էլի կան։ Մենք շեշտում ենք մեր եզակիությունը։ Մեր անկրկնելին, անխուսափելին։ Միակը։ Այսպես, Գինեսի ռեկորդը գրանցողին ալամ աշխարհի լրատվամիջոցների ուղեկցությամբ երգող շատրվաններից ուղեկցում ենք Արամի փողոցը մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանին ագուցող գետնուղի։ Բազմաբույր ու գունագեղ, տարասեռ և տարաշխարհիկ այս շինությունը մեր նորանկախ ազատական հայրենիքի գլխավոր հրեշապատումներից է, զբոսաշրջային կատաղի խայծ։ Ազատական տնտեսության առաջապահ հանրապետությունում (ուր ազատական են գրեթե ամեն բան և գրեթե ամենուր) հասարակական-անվճար արտաքնոց է, ժողովրդավարական ինքնիշխանության կիզակետ, հայ ոգու և մարմնի ինքնաբուխ պարպում։ Այ, սա բանի նման է։ Գայթակղիչ է, ինքնատիպ և գերշահավետ։ ՀՀ քաղաքացին պարպվում է, ինքնորոշվում և շարունակում ուղին, զբոսաշրջիկը, խենթացած նման գերմատչելի հնարավորությունից, իր պարտքն է հատուցում, դատարկում է մարմնական համապատասխան տարողությունները և զմայլանքով հիշում այս ամենը հայրենի Բոննում, Կարաչիում, Կալինինգրադում։

«Եվ ինչ է Նաիրին...», երկիրն այս դառն ու անուշ։ Մորմոքում էին մեր անզուգական պոետները նախորդ դարասկզբին։ Իզուր...
Մեր օրերի (դեռ երեկ, մեկել օրը նա իր խառնափնթոր արտաքինով ու հրեղեն մտքերով մեզ հետ էր ու դաժանորեն կտրված մեզնից) ամենաուշագրավ մտածողներից մեկը` Վարուժան Նալբանդյանը, իր էսսեներից մեկում գրում է. «Մի շարք օրինապահ պաշտոնյաներ տրամադրված են, որ նրանց ձերբակալելիս օգտագործեն ոսկե շղթաներ, որոնց նպատակահարմարությունը զգալի կլինի գաղութում»։
Կառավարությունը 20 տոկոսով բարձրացրեց կառավարության անդամների գործուղումների ծախսերը։ Համամոլորակային, դարակազմիկ որոշում։ Հայ ինքնության, ցեղատեսակի, ոգեղենության խորհրդանիշ... Դե, ո՞ւմ չենք հարեհաս եղել։ Դե, մի՞թե կարելի է թույլ տալ, որ գլխիկոր մնան հայրենակիցները Բեյրութում, Բոտսվանայում, Բիրոբիջանում ու Բոմբեյում։ Նոյն իջել է Արարատին։ Արարատը հայոց սրբազան լեռն է։ Մարդկությունը երկրորդ ծնունդով պարտական է հայոց սրբությանը։ ՈՒ, բնականաբար, Հայկազունը պարտավոր է հոգալ աշխարհի դարդն ու ցավը` համաշխարհային ճգնաժամի այս օրհասին։ Կարճ կապենք։ Կառավարության անդամների գործուղումները «թռփոշանում» են։ Նախարարներն ու այլք ճգնաժամի ենթարկված քաղաքներում ավելի հաճախ են հանգրվանում և վերահաս վտանգից փրկում համաշխարհային կենտրոնների խաղատները, հյուրատները, հասարակական տներն ու, ձեռքի հետ էլ, մեկ-երկու բիզնես-նախագիծ գրպանում։ Չէ, բարեկամներս, մեզ, իսկապես, գժի տեղ են դնում։ Հասարակությունը հուսահատ ճգնում է` ճգնաժամի դառն օրերն են... ու նրա հետույքին հերթական աքացին են հասցնում։ Բարոյական ապտակով շոյում քթարմատից աջ և ձախ։ Քորո՜ւմ-մաժում են մեր հանրային-ընկերվարական կողերն ու շլինքը, ինչպես ճարպացու խոզին` մորթից առաջ։ Ինչպես սեռահասուն տարիքի գոճուն` ամորձատելիս։ Մտաճախրանքով փայլատակեց հանրահայտ կուսակցության տնտեսական ոչ անհայտ շեփորահարը, խորհուրդ տալով գազի բարձրացող գնից խենթացած բողոքավոր քաղաքացիներին վերաբնակվել սահմանամերձ գյուղերում և աթար վառել։ Առողջարար է, շահավետ և հեռանկարային։ Իսկ մենք բողոքում ենք խորհրդարանական մտքի ճահճացումից։
Հայտնի է, իսլամի երկրներում գերուն (հատկապես անհավատին) քառատելուց ու ցցի հանելուց առաջ մեկ-երկու օր հրամցնում էին աշխարհիս բարիքները, համադամ խորտիկներ, ազնվական ու ջինջ գինի, անգամ` դրախտի փերիներ։
ՈՒ ահա նորհայկական հերթական ծուղրուղուն` ի լուր աշխարհի. «Քենդի» շոկոլադային հսկան կցնցի աշխարհի երևակայությունն ու կգուրգուրի շուրթը, լեզուն, փայծաղը...
Այո, ճոպանուղին իր վրա սևեռեց ալամ աշխարհի ուշադրությունը (Գինեսի գրքին արժանի ևս մեկ ցնցակաթված. Կարապետիչի լեզուն կապ ընկավ, ադամանդաշող ձախի փոխարեն էլ աջը լուսարձակվեց եթերում), ու նույնքան հանրահայտ է, որքան Էյֆելյան աշտարակը, Քեոփսի բուրգը, մոսկովյան Կրեմլն ու Այա Սոֆիան` Կոստանդնուպոլիս-Պոլիս-Իսթամբուլում։

Զուգահեռ երրորդ հանրապետությունն է կերտվում։ ՈՒ` կրտվում։ Եվ կայունացման ու բարգավաճման խորհրդանիշ են Կենտրոնական բանկի և ԱԺ նիստերի դահլիճի շքեղ հիմնանորոգումները։ Սա խրախճա՞նք է ժանտախտի պահին։ Գուցե թե մեր պետական այրերն ու այրուհիները բրաբիոն ծաղկի նեկտա՞րն են ըմպել ու հասու են լեռնաշխարհի գերագույն իմաստությա՞նը։
Ասում են` երկրի նահանջն անհայտություն սկսվում է այն պահից, երբ ոչնչանում է տարածքի ամենահզոր գիշատիչը։ Հայկական լեռնաշխարհի ամենահզոր կենդանին վագրն էր։ Դժվար է ասել` երբ է վագրը քաշվել Արածանիի թավուտներից, փոխարենն անկախ ժողովրդավարական մեր հայրենիքում հայտնվել են անբնական չափսերի գյուրզաներ։ Սևանը ճահճանում է, ի հեճուկս որսագողերի ազգային հրոսակախմբերի և իշխանավորների լալահառաչ ճառերի։ Լազուր երկնքի հոյակերտ անդրադարձը, կապտահուռ կոհակների չքնաղ շտեմարանը խեցգետնի բուծարան է։ Այլևս և այսուհետ։ Ինչ փույթ, զբոսաշրջությունը թափ կառնի երկրով մեկ։ ՈՒ ամենաերկար ճոպանուղուն կհետևեն ամենահրացոլք դդումները, ամենացցուն կառավարական չարաշահումներն ու ցնծուն նախարարական պորտապարը։ Եվ անհամար հյուրատներ արարատյան հովիտներում, զանգեզուրյան լեռնանցքերում և տաշիրյան անտառներում։ Եվ բյուր սպասարկող անձնակազմ։ Հարճեր ու սպասյակներ համազգային զբոսաշրջության զոհասեղանին։
ՈՒ թող Ալիև Իլհամն իր ախմախ բարձրաշեն դրոշները տնկի Բաքվի կենտրոնում։ Ծիծաղելի է։ ՈՒ թքա՛ծ, թե մենք իսկապես քիչ ենք։ Կարևորն այն է, որ մեզ դեռևս հայ են ասում։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1324

Մեկնաբանություններ