ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԻՆՁՆԻՑ ԱԶԱՏՎԵԼԸ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ»

«ԻՆՁՆԻՑ ԱԶԱՏՎԵԼԸ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ»
09.11.2010 | 00:00

Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովն իր առաջին հարցազրույցն է տվել արևմտյան մամուլին, որը տպագրվել է նոյեմբերի 7-ին The Sunday Telegraph լրագրում` «Ես վախենում եմ ընտանիքիս համար» վերնագրով։ Նախկին քաղաքապետը պատմել է, որ ընտանիքի անվտանգության համար երկյուղներն իրեն ստիպել են երկու դուստրերին մշտական բնակության տեղափոխել Լոնդոն։ 18-ամյա Ելենան և 16-ամյա Օլգան ստիպված էին թողնել ուսումը Մոսկվայի պետհամալսարանում և 5-6 տարով մեկնել Լոնդոն, որպեսզի նախ անգլերեն սովորեն, իսկ հետո բուհ ընդունվեն, որի անվանումը դեռ չի հրապարակվում։ Լուժկովի դուստրերն այժմ ապրում են քաղաքի արևմտյան մասում վարձակալած բնակարանում։ Լուժկովի խոսքերով` ինքն ու իր կինը` Ելենա Բատուրինան, երկյուղ էին կրում, որ «Ռուսաստանի թշնամիները» կցանկանան իրենց երեխաներին օգտագործել` ճնշում գործադրելու նպատակով։ Լուժկովը հայտնել է այն մասին, թե իրեն ինչպես են հարկադրել հեռանալ իր պաշտոնից։ «Ինձ խնդրեցին, որ ես հեռանամ անաղմուկ։ Բայց ես հրաժարվեցի պաշտոնաթող լինելուց։ Հաջորդ տարի իմ լիազորությունները սպառվում են, և ես հանգիստ կհեռանամ` պատասխանեցի ես։ Դուք ոչ մի իրավունք չունեք ինձ ազատելու»,- պատմել է Լուժկովը` հիշեցնելով, թե ինչպես էին իրեն մեղադրում այն ճգնաժամային իրավիճակում, որն անցած ամռանը ստեղծվել էր Մոսկվայում։ Նա իր և իր կնոջ հետ տեղի ունեցածն անվանել է «դավաճանություն», սակայն հավաստիացրել է, որ իրենց ընտանիքը մտադիր չէ հանձնվել։ «Մենք չենք հանձնվի։ Կինս կպայքարի իր բիզնեսի համար և կպաշտպանի իր պատիվը»,- հայտարարել է նա։ Լուժկովն ընդգծել է, որ ինքը մտադիր չէ փախչել Լոնդոն, ինչպես Բորիս Բերեզովսկին, դրա համար չտեսնելով ոչ մի հիմք։ «Նրանց, ովքեր ինձ քաղաքական վտանգավոր դեմք են համարում, դուր կգար, եթե մեկնեինք ապրելու որևէ տեղ Եվրոպայում։ Մենք դրա համար փող ունենք։ Բայց ոչ մի նման բան տեղի չի ունենա,- հայտարարել է Լուժկովը։- Ես մոսկվացի եմ, ես ծնվել եմ Մոսկվայում, ես իմ երկրի հայրենասերն եմ։ Ինձնից ազատվելը դժվար կլինի»։ Այնուհետև նա ընդգծել է, որ Ռուսաստանն արդեն վերածվել է «հավաքական ավտորիտար պետության», և որ ժողովրդավարության նույնիսկ այն ոչ բարձր մակարդակը, որ գոյություն ուներ երկրում, օրեցօր նվազում էր։ Դրա հետ մեկտեղ, նախագահ Մեդվեդևի հասցեին արտահայտվելիս, նախկին քաղաքագլուխը բարեհաճ չի եղել. «Նա փորձում է Արևմուտքին ցույց տալ, թե ինքը ժամանակակից մարդ է, ժողովրդավարական մտածելակերպով։ Բայց իրավիճակը զարգանում է այլ ուղղությամբ։ Լիակատար ամբողջատիրական վարչակարգ դեռևս չի ձևավորվել, բայց միտումը պարզ է»։ Այն հարցին, թե ով կընտրվի հաջորդ նախագահ 2012-ին, նախկին քաղաքագլուխը հայտարարել է. «Նախագահ կդառնա միայն այն մարդը, որին նրանք` էլիտայի ներկայացուցիչները, կհամաձայնեցնեն միմյանց միջև։ Ի՞նչ ընտրություն ունի երկիրը։ Ոչ մի»։ Թերթն ընթերցողներին հիշեցրել է, որ Լուժկովին աշխատանքից ազատելն Արևմուտքում շատերն ընկալել են որպես տարածաշրջանային իշխանության մնացուկների հետ հաշվեհարդար տեսնելու Կրեմլի ձգտման հետևանք։
Անի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 1025

Մեկնաբանություններ