ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԵԿԵԼ ԵՆ` ՈՐ Ի՞ՆՉ

ԵԿԵԼ ԵՆ` ՈՐ Ի՞ՆՉ
08.10.2010 | 00:00

Եկել են, որ մեծ քաղաքականություն խաղան նույնքան մեծ նշանակության այս տարածաշրջանում, որը պայթուցիկ տակառի պես կանգնել է աշխարհի կոկորդին` ուրանացվող Իրանով, Թուրքիայի իսլամիստական ամբիցիաներով, ղարաբաղյան չսառեցված կոնֆլիկտով:
Փաստահավաք, քաղաքագիտորեն ձևակերպած` դաշտային, առաքելությունն ազատագրված տարածքներ է ժամանել մաքսիմում-մինիմում ծրագրերով: Գլխավոր խաղացողների` ԱՄՆ-ԵՄ-Ռուսաստանի համար: Իսկ թե այդ ծրագրերի մեջ որքան փայ կմտնեն բուն հակամարտող կողմերը, բանեցրած «հունարից» է կախված:
Այնպես որ, «գիտահետազոտական-միտահետազոտական»` վերաբնակեցման տեմպեր, բուն իրավիճակի հետ տեղում ծանոթացում, ՄԱԿ-ի ամբիոնում հարցի արծարծում, Ղարաբաղի հարցի արագ լուծում ու փախստականների նույնքան արագ վերադարձ այդ տարածքներ փիլիսոփայությունը լրիվ «թիթիզություն» է, որովհետև նանո և կիբեր տեխնիկայի զարգացման այս օրերին հեչ պետք չէր, որ փափկասուն արևմտացիք (ՌԴ-ն էլ ներառյալ) 10 օր շարունակ քարշ գային ազատագրված տարածքներով, երբ կարելի է փափուկ-կարմիր «ադյալով, կամինի կողքին, լափ-թոփը` գրկում», նստել ու ինտերնետով հատ-հատ դիտել տիեզերական արբանյակի ցուցանածը, գրավյալ տարածքների տեղանքը` տուն առ տուն, գյուղ առ գյուղ սոցիոլոգիայով հանդերձ, մանավանդ որ մի քանի տարի առաջ եկան-տեսան-գնացին:
Այսպիսով, ինչո՞ւ հենց այս պահին որոշվեց, որ դաշտային առաքելություն պետք է իրականացվի: Մինչ հարցին պատասխանելը հիշենք, որ նմանատիպ առաջին առաքելության ժամանակ աղմուկն ընդհանրապես մեծ էր: Ընդդիմությունն էլ ավելի կազմակերպված ասում էր` հրես, ահավոր պատժամիջոցներ կկիրառվեն Հայաստանի նկատմամբ, հրես, հարցը կտեղափոխեն ՄԱԿ, հրես, մի երկու ժամից ղարաբաղյան հարցը լուծվում է, ու դրա համար է փաստահավաք խումբն ուշի ուշով չափ ու ձև անում էդ կողմերում: Հրե՜ս: Արդյունքում` ոչ մի լուրջ հետևանք: Բացառյալ մեկից. փաստահավաք այդ խմբի այցի ընթացքում առանց այն էլ վերաբնակեցման ահավոր դանդաղած տեմպերն առավել դանդաղեցին: Ընդամենը:
Այս անգամ դաշտային առաքելությունը, իսկ առավել ճշգրիտ` համանախագահող երկրներն ընկել են Ղարաբաղի սարերն ու ձորերը նախ և առաջ մեկ պատճառով. ցույց տալու, որ խնդրի նկատմամբ միջազգային հանրությունը ծայրահեղ զգայուն և ուշադիր է. իրենց ձեռքը երակի վրա է և թույլ չեն տալու ռազմական-պատերազմական որևէ գործողության վերսկսում: Այդ իսկ պատճառով առավել ճշգրիտ կլիներ առաքելությունն անվանել «խաղաղության ֆլատիլիա»:
Այս հարցում ու այս պահին համանախագահող երկրները, միջազգային հանրությունը` ի դեմս ՄԱԿ-ի և Ղարաբաղ ժամանած նրա փորձագետների, խիստ միակարծիք են:
Նրանց կենդանի քայլարշավը ղարաբաղյան սարերով ու լայն դաշտերով զգուշացում էր Ադրբեջանին, որը վերջին շրջանում ռազմական ռիտորիկայից սահուն անցում կատարեց դիվերսիոն գործողությունների:
Զգուշացում էր Թուրքիային, որ վերջինս ջուր չածի Ադրբեջանի ռազմական երազկոտության այդ ջրաղացին:
Մասամբ զգուշացում էր նաև Ռուսաստանին:
Այստեղ պետք է «պաուզան» ձգենք: Այո, որքան էլ պարոն Ռոբերտ Սիմոնսը (Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը) կարծում էր, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ իրենք խիստ բալանսավորված են գործում, այդ թվում և` Հայաստանում ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարացումից հետո, որքան էլ վերջին շրջանում այնպիսի խոր «վերաբեռնում» է տեղի ունենում ռուս-ամերիկյան հարաբերություններում (որ էլ դու` սուս). բանը նույնիսկ հասել է Նահանգների կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի առջև կանաչ լույս վառելուն, Իրանի մասով համաձայնեցված գործողությունների մասին բոլորս գիտենք, իսկ նոյեմբերին ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, ըստ ամենայնի, բեկումնային կլինի երկու երկրների հարաբերությունների տեսանկյունից. հիշենք, որ ինչ-ինչ մակարդակներում քննարկվում է անգամ ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցության հարցը և այդպես շարունակ, այնուհանդերձ, կան հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս չի կարող լինել:
Արձանագրենք, որ «ռեստ» արվող վերը նշված գործընթացների ֆոնին Հարավային Կովկասում և մասնավորապես ղարաբաղյան խնդրում ԱՄՆ-ը համագործակցում է Ռուսաստանի հետ` «խաղաղության ֆլատիլիայի» հարցով, իսկ պատերազմի վերսկսմանը կտրուկ ու սկզբունքորեն «ո՛չ» է ասում:
Ընդ որում, այս խնդրում ԱՄՆ-ն իր անկեղծության մեջ այնքան հեռուն է գնացել, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի ժամկետի երկարացումից հետո, այնուհետև Ադրբեջանին C-300 հրթիռների վաճառքի մասին նախնական պայմանավորվածությունների ֆոնին ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավար միստր Բլերը խոսեց Ղարաբաղում հնարավոր պատերազմի մասին... Ո՛չ, ոչ Ադրբեջանի ձեռնարկած, այլ Ռուսաստանի: Ասպարեզ նետված միտքը շարունակաբար զարգացրին արևմտյան տարբեր ռանգի փորձագետներ` արձանագրումով, որ Ռուսաստանը դեմ չի լինի արագ պատերազմի, ուր հնարավորություն կունենա իր խաղաղապահներին նույնքան արագ տեղակայելու գրավյալ տարածքներում:
Եթե մեզ եք հարցնում, մենք պատասխանում ենք` դժվար: Այս պահին` դժվար: Սակայն ինչ-որ «իքս» պահի` ամենուր «սապոգով ու մոչիտ» անելով առաջնորդվող Ռուսաստանը դժվար դիմանա գայթակղությանը (երբ վերցրած կլինի Ադրբեջանի ողջ գազն ընդդեմ «Նաբուկոյի», երբ C-300-ներն Իրան առաքելու փոխարեն առաքած կլինի Ադրբեջան, փողը գրպանը դրած կլինի, երբ 2012 թ. Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հարցերը վերջնականապես լուծած կլինի)։ Ի դեպ հիշենք, որ այդ թվին էլ գրեթե ավարտվելու է Իրանի միջուկային երկիր դառնալու դիլեման, և Իրանն արդեն ռեալ սպառնալիք է լինելու ԱՄՆ-ի համար, այդ ընթացքում կամ դրանից առաջ, թերևս, Ռուսաստանը փորձի տարածաշրջանը վերցնել փաթեթով և խաղաղապահներ տեղակայել այնտեղ:
Մի խոսքով, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները հնարավորություն են տվել, որ Ռուսաստանը, ինչպես Աբխազիայում և Օսիայում եղավ, իր ձեռքը վերցնի բլիցկրիգի բանալին:
Այդ հեռանկարը ժխտելու համար էլ Արևմուտքը դուրս եկավ առաքելության` դաշտային, ասելու, որ ինքը կա, ինքը դաշտայնորեն նայում է «զոնը»: Եվ ոչ միայն:
Հասկանալի է, որ բլիցկրիգը հենց այն կլինի, ինչ երազում և սկուտեղի վրա ստանում է Ադրբեջանը` յուր Ալիև-պուճուրով` Ռուսաստանից մատուցված: Թուրքիայով «սոուսված»:
Ահա և, դաշտային առաքելությունից, ադրբեջանական ընտրություններից ժամեր առաջ, Օբաման, որը մինչ այդ հարկ էր համարել հանդիպել տարածաշրջանում միայն Սերժ Սարգսյանի հետ, ՄԱԿ-ի շրջագծում հանդիպեց նաև նավթադոլարավոր Ալիևի հետ: Եվ ինչպես գնահատում են փորձագետներն այդ հանդիպման քաղաքական-միջազգային նշանակությունը` ելնելով Սպիտակ տան կայքի հաղորդագրությունից, «Ալիևի նանը լացացնելու համար»:
Չերկարացնենք. Օբաման հարկ է համարել պուճուր Ալիևի հետ խոսել ժողովրդավարությունից (որի լացը Ադրբեջանում նույնպես գալիս է. ավելի, քան Հայաստանում), խոսել է Ղարաբաղից` նշել երեք հայտնի սկզբունքները. մեզ թերևս հետաքրքրի վերջինը` ուժ չկիրառելուն վերաբերողը (շատ փորձագետներ էլ համոզված են, որ Օբաման «ասել» է. գլխիս Սաակաշվիլի չխաղաս, հա՜. էն, որ նա նույնիսկ մեր Սամոսան է` շանորդի Սամոսան, իրեն չներեցինք ավանտյուրայի մեջ քաշվելու, պատերազմ սկսելու համար, քեզ չենք ների ու չենք ների, Իլհամ` Հեյդարի. դե` էլի, մոտավորապես):
ՈՒ թե այս ամենին էլ գումարում ես այն դիտարժան հանգամանքը, որ ադրբեջանական ընդդիմությունն ընտրություններից առաջ միավորվում է, ու նրան «սնաբժատ» է անում նույն Նահանգները, հասկանալի է դառնում, որ Ռուսաստանի հետ իր վերջին սիրախաղերում, Թուրքիայի հետ պայմանավորվածություններում հեռուն գնալ փորձող Ադրբեջանին չափի մեջ են բերում, խելոք մնալու զգացողություն ներշնչում:
ՈՒ թե այս ամենին էլ գումարում ես դաշտային առաքելությունից ժամեր առաջ, Ալիևի հետ հանդիպումից հետո, Ղարաբաղի ԱԺ նախագահի ղեկավարությամբ Նյու Յորք, ապա Վաշինգտոն` Կոնգրես այցելած Աշոտ Ղուլյանի հսկա «վոյաժը», հանդիպումները Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ, ղարաբաղյան ժողովրդավարությամբ հիացած կոնգրեսականների ասքը, հասկանում ես, որ ինչ-որ առումով ճիշտ են այն փորձագետները, ովքեր կանխատեսում են բավականին անսպասելի զարգացումներ, իսպառ բացառում բլիցկրիգի հնարավորությունը:
Ավելին, ինչ-որ պահից սկսած, եթե իրադրության «հետաքրքիր» զարգացում սկսվի, հնարավոր է և Ղարաբաղի անկախության ճանաչումը: Իհարկե, ոչ ԱՄՆ-ի կողմից: Մի ինչ-որ «իքս» երկրի, ասենք, փոխադարձաբար, Հայաստանը` Կոսովոյի, Կոսովոն` Ղարաբաղի (բայց զիլ էր, չէ՞, որ Աբխազիայի անկախությունը ճանաչեց Արևմտյան Սահարան. էդ երկիրն ինքը ճանաչված չէ. բայց էդ մասին թող դարդ անի Ռուսաստանը):
Բա կարծում եք` ինչո՞ւ մեկ էլ հայաստանյան պառլամենտում սկսվեց Ղարաբաղի անկախության հարցի արծարծումը: Թեման տաք է պահվում: Թե՛ բլիցկրիգի, թե՛ դաշտային առաքելության տեսանկյունից: Բան է, հանկարծ այդ այցից հետո այնպիսի զեկույց գրվի, որ մեզ ձեռ չտա, անկախության ճանաչման հարցը չի քվեարկվի, բայց դեռ տևական ժամանակ մանևրի տեղ կտա և կմնա հայկական կողմի համար որպես պահեստային քայլ` հարկավոր ժամին, հարկավորն անելու համար:
Հայաստանյան պահեստային քայլերն այդքանով չեն ավարտվում (մերոնք իսկապե՞ս ամերիկյան և բրիտանական կողմին ցույց են տվել մեր Ս-300-ները, «Երկիր-Երկիրն» էլ: Ինչն էլ «զայրացրել է» ռուսներին: Եսի՞մ):
Բայց որ Հայաստանը պահեստում է պահում Ղարաբաղի հետ ռազմական միություն կազմելու փաստաթուղթը, դա արդեն փաստ է, սակայն մեկ այլ անգամվա խոսակցություն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ