ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
14.01.2011 | 00:00

«Միացյալ Նահանգներն անտարբեր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինչը խարխլում է Վաշինգտոնի դիրքերը և կարող է նպաստել ռազմական գործողությունների վերսկսմանը»,- գրում է Փենսիլվանիայի հետազոտական կենտրոններից մեկի փորձագետ Ստեֆան Բլանկն ամերիկյան National Review հեղինակավոր հանդեսում։
Ամերիկացի փորձագետը նշում է, թե այդ հակամարտությունը հատկապես ինչով է կարևոր ԱՄՆ-ի ռազմավարական շահերի համար։ «Այդ հարցին չմիջամտելով` Վաշինգտոնը ոչ միայն ամրապնդում է Հայաստանի կախյալությունը Մոսկվայից և օտարացումը Թուրքիայից ու Եվրոպայից, այլև խարխլում է այն հաջողությունը, որը փաստում է Ադրբեջանը` ամրապնդելով Եվրոպայի դիրքերը էներգետիկ ոլորտում։ Ադրբեջանի և Անդրկովկասի նկատմամբ մշտապես դրսևորվող անուշադրությունը կարող է սոսկ խարխլել Միացյալ Նահանգների դիրքերը, վարկաբեկել երկրի հեղինակությունը տարածաշրջանում, մյուս կողմից էլ ամրապնդել Ռուսաստանի այն համոզվածությունը, որ ինքն է գլխավոր դերակատարը նախկին Խորհրդային Միության տարածքում»։
Վերլուծաբանը համոզված է, որ արդյունավետ բանակցությունների բացակայությունը կարող է բարերար հող ստեղծել հակամարտությունը պատերազմի միջոցով կարգավորելու համար։ Ընդգծելով, որ ռազմական գործողությունների վերսկսումը հասարակական աղետ կլինի, ամերիկացի վերլուծաբանը ներկայացնում է իրադարձությունների զարգացման սեփական սցենարը։
«Չնայած Ադրբեջանի պատկառելի ռազմական բյուջեին, փորձագետների մեծամասնությունն առայժմ կարծում է, որ Բաքվի ռազմական ներուժը համաչափ չէ Հայաստանի հնարավորություններին, և որ Ադրբեջանը սկզբնական գրոհիչ հարվածից հետո, ամենայն հավանականությամբ, պարտություն կկրի, եթե, իհարկե, չսահմանափակվի նեղ ճակատով հարձակմամբ (թեև Հայաստանը կարող է և թույլ չտալ, որ ռազմական գործողություններն ընթանան նեղ ճակատով)։ Դեռ ավելին, շատ հնարավոր է, որ Մոսկվան միջամտի, ինչպես դա եղավ 1990-ականներին, որպեսզի կասեցնի ադրբեջանական կողմի հաղթանակը, ինչն իր հերթին բավականին բարդ իրավիճակի մեջ կդնի Թուրքիային, որը, ի տարբերություն 90-ական թվականների, ներկայումս բավականին լավ հարաբերությունների մեջ է ոչ միայն Ադրբեջանի, այլև Ռուսաստանի հետ»,- շարունակում է վերլուծաբանը։
Վերլուծելով տարածաշրջանային զարգացումները` փորձագետը նշում է, որ 2010-ը Ադրբեջանի համար բավականին լավ տարի էր միջազգային հանրակցության հետ հարաբերությունների ամրապնդման, էներգետիկ ոլորտում մի շարք պայմանագրերի կնքման տեսանկյունից։ «Ռազմավարական առումով Ադրբեջանն այժմ ավելի կարևոր գործընկեր է դարձել Արևմուտքի, այդ թվում` Միացյալ Նահանգների համար, մինչդեռ Հայաստանը, ընդհակառակը, շարունակում է կախված մնալ Ռուսաստանից և, վերջին հաղորդումների համաձայն, զենք է վաճառում Իրանին, ինչը հազիվ թե հարուցի Արևմուտքի համակրանքն այդ երկրի հանդեպ»,- եզրահանգում է Ստեֆան Բլանկը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ