ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱԶԵՐԻՆԵՐԻ ԽԱՌՆՎԱԾՔԻ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱԶԵՐԻՆԵՐԻ ԽԱՌՆՎԱԾՔԻ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
06.04.2010 | 00:00

Քաղաքական բարեկրթությունը, որպես հասարակական գիտակցության ու ճանաչողության ձև, անտարակույս, քաղաքական գործընթացների կառավարման ամբողջատիրական միջոց է: Այն կեղծ լիբերալ ամբողջատիրության տարր է և շփվելու յուրահատուկ, խեղաթյուրված ձև, ինչը նախատեսված չէ ո՛չ քաղաքական հետազոտությունների, ո՛չ էլ ազատ հասարակական բանավեճի համար: Ժխտելով քաղաքական կոռեկտությունը, որպես անազատության ու խեղաթյուրվածության արտահայտություն, համենայն դեպս, փորձենք ղեկավարվել այդ մոտեցմամբ` վերհանելու շատ նուրբ մի խնդիր: Այն է` կոնկրետ երկրում ազգային ճգնաժամի թեման:
1918 թ. Արևելյան Հայաստանի և նախկին պարսկական խանությունների տարածքում, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ջանքերով, բացահայտ քաղաքական նկատառումներով ստեղծվեց Ադրբեջանի Հանրապետությունը: 1920 թ. բոլշևիկյան Ռուսաստանի, քեմալական Թուրքիայի ու միջազգային վերազգային կենտրոնները կերտեցին արդեն սովետական Ադրբեջանը, որի տարածքն ընդլայնվեց Հայաստանի ու Վրաստանի շնորհիվ: Մինչ այդ երբևէ գոյություն չունեցող ադրբեջանական պետականությունը ծլեց ոչ թե տեղի մուսուլմանական բնակչության ազգային ազատագրական պայքարի արդյունքում, այլ առաջացավ ի շահ արտաքին ուժերի, որոնց հետաքրքրում էր նավթի արդյունահանումը և Եվրասիայի կենտրոնական շրջանների ու Անատոլիայի միջև անջրպետի ստեղծման հնարավորությունը: Յուրաքանչյուր արհեստական պետական կազմավորում կարող է գոյատևել որոշ ժամանակ, բայց, ի վերջո, դատապարտված է փլուզման: Այսպես կոչված ադրբեջանական պետականությունը գոյություն ունի սոսկ արտաքին քաղաքական օգնության շնորհիվ: Ադրբեջանական պետականությունը վերապրում է նաև ազգային ճգնաժամ, ինչը դրսևորվում է նրանով, որ բացակայում է ազգը որպես այդպիսին:

ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՊԱՍԻՈՆԱՐՈՒԹՅՈՒՆ
Այն իրողությունը, որ ադրբեջանցիներին խորհրդային պետությունը որպես ազգ ճանաչել է 1934 թ. մարդահամարից հետո, ստեղծել է թյուր կարծիք, իբր «ադրբեջանցիները» երիտասարդ ազգ են: Իրականում ադրբեջանցիների էթնոգենեզը մեծ մասամբ իրականացել է հին ու շատ հին ցեղերի մասնակցությամբ: Պասիոնարության վերջին ցնցումները տվյալ ժողովուրդները վերապրել են ոչ թե 11-րդ դարում, թուրք սելջուկների օրոք, այլ շատ ավելի վաղ, արաբ զավթիչների ժամանակաշրջանում: Թուրքերենը, որը ներմուծվեց այս տարածք 11-րդ դարում, ընդամենը քողարկեց այստեղ ապրող ժողովուրդների խայտաբղետ ազգային ու լեզվաբանական ծագումնաբանությունը: Նշույլ անգամ չկա, որ 11-րդ դարից ի վեր Կուր-Արաքսի հարթավայրում և Շիրվանում պասիոնարության ցնցումներ են եղել: Տեղի բնակչությունը, որն իրականում տարբեր ցեղերի հավաքածու է, քաղաքական ակտիվություն էր դրսևորում միայն Անատոլիայից, Հայաստանից, Վրաստանից, Իրանից ու Ռուսաստանից եկող արտաքին ազդեցությունների պարագայում: Մյուս ազգերի սոցիալական ակտիվությունը որոշ ժամանակով ադրբեջանական էթնոսի ակտիվության պատրանք էր ստեղծում, բայց շատ արագ մարում էր, և բնակչության մեծամասնությունը, զուրկ լինելով իրական առաջնորդներից, նորից հայտնվում էր շփոթված ու քնաթաթախ վիճակում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի (որում ադրբեջանցիները շատ համեստ մասնակցություն են ունեցել) և ԽՍՀՄ-ի փլուզման ընթացքում պարզվեց, որ Խորհրդային Ադրբեջանի տարածքում առավել մեծ պասիոնարությամբ են օժտված հայերը, հրեաները, լեզգիները և քրդերը: Պասիոնարության առավել ցածր մակարդակն առկա էր Լեռնային ու Նախալեռնային Շիրվանում և Կուր-Արաքսի հարթավայրում: Համեմատաբար ավելի պասիոնար են Նախիջևանի և մասամբ Գյանջայի ազերիները: Պասիոնարության ցածր մակարդակ է գրանցվել Մուղանի և Ապշերոնի հարթավայրերում ապրող թալիշների և պարսկալեզու մյուս ժողովուրդների մոտ: Դա ձևավորվել է պատմականորեն, քանզի Հարավային Կովկասի թուրք մահմեդական բնակչությունն առաջացել է քրդերից, դաղստանցիներից, ղփչաղներից, Հյուսիսային Իրանի թուրք ցեղերից, թուրքմեններից, իրանական ազգություններից: Նախիջևանի և Գյանջայի ազերիները գերակայում են ադրբեջանական քաղաքականության մեջ: Իսկ Շիրվանի ու Ղարաբաղի ազերիները ոչ մի հնարավորություն չունեն որոշակի տեղ գրավելու քաղաքական ղեկավարությունում: Ի հակադրություն դաղստանցի ժողովուրդների, որոնք բավականին կարևոր դիրքեր են զբաղեցնում բանակում և իրավապահ մարմիններում:
Այս հատվածայնությունը թույլ չի տալիս Ադրբեջանի բնակչությանը հանրագումարի բերել իր հավակնություններն ու իրական հնարավորությունները: Դա բավականին մեծ սպառնալիք է այդ էթնոսի համար, քանի որ թույլ չի տալիս միավորվել ու ձևավորել ազգային գաղափարախոսություն:
ԷԹՆԻԿԱԿԱՆ «ՊԱՏԱՌՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ»
Ժամանակակից ադրբեջանական ազգությունը ոչ միայն ունի տարբեր ցեղային արմատներ, այլև այսօր բաղկացած է բազում (մի քանի տասնյակ) ազգերից, էթնիկական խմբերից և ինքնուրույն էթնոսներից: Կուր-Արաքսի հարթավայրի բնակչությունը, որը ադրբեջանական ազգության հիմքն է, բաղկացած է 30-40 ցեղերից, որոնք ունեն թուրքմենական, խազարա-թուրքական, խազարա-հուդայական, իրանական, քրդական, դաղստանյան ծագում: Ադրբեջանի հարավ-արևելքը բնակեցնում է վաղուց ձևավորված ու բավականին բարձր ինքնագիտակցության տեր թալիշ-մուղանյան ժողովուրդը, որը դասվում է իրանական աշխարհի ամենահին ու մշակութային առումով հարուստ ժողովուրդների շարքին: Ըստ ամենահավանական գնահատականների, նրանց թիվն անցնում է 1,5 մլն-ից, ինչը Ադրբեջանի բնակչության իրական թվաքանակի շուրջ 30 տոկոսն է: Հայաստանի սահմաններին հարող շրջաններում ապրում են ինքնատիպ այրումները, որոնք, անկասկած, ունեն հնդեվրոպական ծագումնաբանություն: Նրանց ընդհանուր թիվը մոտ 200 հազար է, Գետաբեկը կենտրոնն է: Հարթավայրային Ղարաբաղի բնակչությունն ունի հույն-իրանական և հին սեմական խառը ծագումնաբանություն: Նրանց պայմանական կենտրոնը Աղջաբեդին է: Բավականին ընդարձակ Քյուրդամիրի տարածքի բնակչությունը քրդական ծագում ունի: Նախիջևանի բնակչությունը 60-70 տոկոսով նույնպես քրդական է: Գործնականում ամբողջ Լեռնային Շիրվանը բնակեցված է լեզգիների ու դաղստանցիների 8-9 ցեղերով, 600-700 հազար ընդհանուր բնակչությամբ: Քաղաքական ու տնտեսական առումով կարևոր ու խիտ բնակեցված Ապշերոնի տարածաշրջանում, որտեղ գտնվում է Բաքուն, բնակչության 90 տոկոսը կազմում են իրանալեզու մահմեդական թաթերը:
Հետաքրքիր է, որ Ադրբեջանի քաղաքական ու տնտեսական վերնախավը գոյացել է խառը ամուսնությունների արդյունքում: Այդ մարդկանց համար Ադրբեջանի շահը գերակայող չէ և շատ հեռու է խմբային և անձնական նպատակներից: Ասվածը մասնավորապես վերաբերում է նրանց, ում մայրերը ռուս էին, հայ կամ հրեա: Բայց Ադրբեջանի քաղաքական կյանքում շատ մեծ դեր ունեն քրդերը: Գոյություն ունեցող այն տեսակետը, թե նախիջևանյան կլանը թուրքական է, անհիմն է: Դա քրդական շիաների տոհմ է, որի գլխին կանգնած են Հեյդար Ալի Ռզա-օղլի Ալիևի և Ռասուլ Գուլիևի ընտանիքները և էլի քսան քրդական ընտանիքներ, որոնք չեն ինտեգրվել ադրբեջանական քաղաքական ու կառավարական ոլորտներում: Պետք է նկատել, որ Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը (Ալիև) նույնպես քրդական ծագում ուներ: Չի բացառվում, որ առկա է քրդական ազնվականության բազմածավալ դավադրություն, որի նպատակն է Ադրբեջանը հետևողականորեն վերածել քրդական պետության: Գուցե դա իրանա-քրդական դավադրություն է: Վերջերս ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ Իրաքի ժողովրդավարական կուսակցությունն ու Իրանում նրա բաժանմունքները որոշակի կապեր ունեն Նախիջևանի որոշակի շրջանակների հետ: Ադրբեջանական փորձագետների տվյալներով, երկրում բնակվում են մինչև 200 հազար քրդեր: Չնայած ավելի հավանական է, որ այդ թիվը հասնում է 600 հազարի: Խորհրդային ողջ շրջանում ակտիվորեն ասիմիլացվող քրդերը զբաղեցնում էին կարևոր պաշտոններ ներքին գործերի նախարարությունում, պետանվտանգության կոմիտեում, դատախազությունում, հանրապետական կառավարման մարմիններում: 1989-91 թթ. իրադարձություններից հետո քրդերը մի պահ կորցրին դիրքերը, բայց հետո նորից գրավեցին կարևոր պաշտոններ թե՛ քաղաքականության, թե՛ կառավարման ոլորտներում: Բազմաթիվ քրդեր կան Ադրբեջանի ձախ ու ձախ-կենտրոնամետ կուսակցություններում, բայց ներկայության դրսևորումներ կան և աջ ազգայնական «Մուսավաթ» կուսակցությունում: Մի խոսքով, Ադրբեջանի քաղաքական ու հասարակական կյանքը մասնատված է: Ազգային հիմքի վրա խմբավորումներ կան նաև զինված ուժերում: Ադրբեջանում գոյություն ունեն լեզգիների, մուղանցիների, ավարների, թալիշների, քրդերի, նախիջևանցիների հակակառավարական շարժումներ:
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Ազգային գաղափարախոսություն մշակվել է տարբեր, նաև նորանկախ երկրներում: Բայց Ադրբեջանում մտավոր գործունեության այդ ուղղությունն իր զարգացումը չի ստացել: Ադրբեջանցիները չեն դասվում այն «ընտրյալ» ժողովուրդների շարքին, որոնք այդպիսի գաղափարախոսության կարիքը չունեն, քանի որ ժամանակին ստացել են Աստծո պատգամները: Վերջերս ադրբեջանցի քաղաքագետները փորձեցին վերլուծել այդ խնդիրը, բայց ամեն ինչ վերջացավ ամենապարզունակ տարբերակով` ազգային գաղափարախոսությունը հանգեց նավթին` որպես հարստության, բարեկեցության ու բարգավաճման խորհրդանիշի: Մերձավոր Արևելքի նավթահանող ոչ մի երկրում այդպիսի գաղափար չի ծնվել: Իսկ Ադրբեջանում տվյալ գաղափարախոսությունն ընկալվեց դրականորեն, առանց որևէ կասկածի: Ոչ ռացիոնալ գաղափարների ժխտումը և ազգային գիտակցության տնտեսականացումը խոսում են հասարակական ու քաղաքական կյանքում կարևոր գաղափարական բաղադրիչների բացակայության մասին:
ԿԵՂԾԻՔԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Խորհրդային տարիների` պատմական ու մշակութային փաստերը կեղծելու սովորության շնորհիվ որոշ ժողովուրդներ հնարավորություն ստացան կերտելու իրենց չեղած պատմությունը, ավելի ճիշտ, այդ պատմության կեղծ վարկածները: Պատմական ու մշակութային կեղծիքները դարձան ադրբեջանցիների աշխարհայացքի ու ազգային գիտակցության մասը: Նման վիճակում ադրբեջանցիները գտնվում են արդեն մի քանի տասնամյակ, ինչը մեծ վնաս է հասցրել այդ ազգությանը, դարձնելով նրանց ծաղրի առարկա միջազգային հարթակում ու իմաստազրկելով այն ամենը, ինչը իրականում ստեղծված է նրանց կողմից: Ըստ էության, Կուր-Արաքսի հարթավայրը բնակեցնող քոչվոր ցեղերը սեփականացրել են այլ ժողովուրդների ու քաղաքակրթությունների պատմաճարտարապետական ու գրական կոթողները: Ադրբեջանական պատմագրությունը, արվեստը, ընդհանրապես մշակույթը ստեղծված են բանագողության ու կեղծիքի հիման վրա: Այդ երևույթը լուրջ չի ընդունվել ո՛չ ԽՍՀՄ-ում, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից: Կեղծիքի թիրախ դարձան հայկական ու պարսկական մշակույթի կոթողները: Ադրբեջանցիները սեփականացրել են գործնականում պարսիկ բոլոր մեծ բանաստեղծներին (բացառությամբ Հաֆեզի ու Սաադիի)` Նիզամիին, Խաքանիին, Նասիմիին, Ֆիզուլիին, Սաբիրին: Պետական սահմանների փակ լինելու պայմաններում ադրբեջանցի երաժիշտ ՈՒզեիր Հաջիբեկովը փոխառել է իրանական երաժշտությունը, հայտարարելով այն ադրբեջանական: Հայկական միջնադարյան պատմագրության հիմքի վրա Ադրբեջանում ստեղծվել է վիթխարի պատմական կեղծիք ի դեմս Աղվանքի, որն իբր թե նախորդել է Ադրբեջանին: Ադրբեջանական է հայտարարվել նաև թալիշների ու լեզգիների ստեղծած նյութական մշակույթը: Այնուհանդերձ, հենց այդ հուշարձանները Ադրբեջանի տարածքում հետևողականորեն ոչնչացվում են: Դա, իհարկե, անդրադառնում է ադրբեջանցիների ինքնագիտակցության վրա, առաջացնելով սեփական թերարժեքության զգացում: Ինֆորմացիայի ազատության պայմաններում երիտասարդ շատ ադրբեջանցիներ գալիս են այն եզրակացության, որ անհրաժեշտ է վերանայել սեփական ազգի և սեփական երկրի պատկերը: Կեղծիքը չի կարող դիմակայել համացանցի քննությանը: Ժամանակակից Շիրվանի բնակիչների նախնիները ստեղծել են բավականին թվով մշակութային արժեքներ: Ազերիները կարիք չունեն դիմելու կեղծիքների: Նրանք կարող են դիմել սեփական մշակութային արժեքներին, պահպանելով առողջ ազգային հոգեբանությունն ու չմատնելով իրենք իրենց ծաղրանքի: Բայց խնդիրն այն է, որ սեփական իրական մշակույթի վրա հիմնվելով, նրանք չեն կարող հավակնել այն ընդարձակ տարածքներին, որոնք այսօր Ադրբեջանի կազմում են: Դամասկոսի, Սպահանի, Բաղդադի, Կոստանդնուպոլսի, Վիեննայի, Պետերբուրգի և անցյալի այլ մեծ մայրաքաղաքների մասին խոսելիս, փորձագետները շեշտում են, որ այդ քաղաքների պատմաճարտարապետական արժեքները ստեղծել են տարբեր ազգերի ստեղծագործ անհատները: Պաշտոնական կեղծիքն առաջանում է, երբ ազգը դուրս է բերվում իր բնական պատմամշակութային միջավայրից և հայտնվում արհեստականորեն ստեղծած միջավայրում:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՖԵՆՈՄԵՆԸ
Միասնական ինքնագիտակցությունից զուրկ, իրանական և ռուսական ազդեցության տակ գտնվող, տարբեր ազգերից բաղկացած ժողովրդին փորձում են դասել անատոլիական աշխարհին, որը ներկայացված է այլ ազգերով: Գործնականում դա չստացվեց, քանզի Թուրքիան չկատարեց ու չէր էլ պատրաստվում կատարել իր «պատմական» պարտքը: Իրականում գոյություն չունի մի ժողովուրդ` երկու պետականությամբ: Եվրոպականացված Թուրքիան Ադրբեջանը դիտարկում է որպես էներգետիկ ու հումքային գավառ, առանձնապես չմտահոգվելով նրա խնդիրներով և ժխտելով Ադրբեջանի ազգային շահերի առկայությունը: Ադրբեջանի ներկայիս տարածքները միացվել էին Ռուսաստանին որպես հայկական ու պարսկական գավառներ, որտեղ իշխում էր հայկական կամ պարսկական մշակույթը: Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերից բավականին հետո ռուսներն ընկալում էին տեղի մահմեդական ժողովուրդներին որպես պարսիկների, վախենալով նրանց պարսկական կողմնորոշումից: Այդ պատճառով ռուսական քարոզչությունը խրախուսում էր հակապարսկական ու թուրքամետ տրամադրությունները: Պարսկաստանը ներկայացվում էր որպես թույլ պետություն, ինչից հետևում էր, որ պարսկական աշխարհին ձգտելը վայել չէ: Այսպիսով, թուրքալեզու բնակչությունը, քաղաքական փնտրտուքների մեջ լինելով, ընտրեց ոչ թե Ռուսաստանը, այլ Օսմանյան Թուրքիան: 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին Թուրքիան արդեն կարևոր դեր էր խաղում Հարավային Կովկասի արևելյան մասի և ընդհանրապես ողջ Կովկասի մահմեդական բնակչության կյանքում: Այսպիսով, «հանճարեղ» ռուսական քաղաքականությունը մեկ անգամ ևս ընկավ սեփական ծուղակը: Միևնույն ժամանակ Ադրբեջանում ընդունված են ոչ թե անատոլիական, այլ իրանական մշակութային ձևերը, ինչն արտահայտվում է անուն-ազգանուններում, գրականության ու երաժշտության մեջ, կրոնական գիտակցությունում: Անատոլիայի թուրքերի համեմատությամբ սոցիալական ակտիվությունն այստեղ ավելի ցածր է, ադաթի արտահայտությունները` ուրիշ: Մշակութային առումով Ադրբեջանն իրանական գավառ է: Քաղաքական ու մշակութային կողմնորոշումների այս հակասությունը ևս ճգնաժամ է առաջացնում Ադրբեջանում:
Պետք է նշել, որ անատոլիական ազգի ու ազերիների ձևավորման գործընթացին մասնակցել են բոլորովին տարբեր ազգային խմբեր: Առաջինները բյուզանդական աշխարհի հետնորդներն են: Եվ չեն ընկալում ազերիներին որպես արյունակից եղբայրների: Ազերիները Թուրքիայի կողմից դիտարկվում են ընդամենը որպես կովկասյան աշխարհ ներխուժելու պատրվակ ու միջոց:
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1942

Մեկնաբանություններ