ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՈՒ ԴՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ` ՀԸՆԹԱՑՍ ՈՒ ՀՊԱՆՑԻԿ

ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՈՒ ԴՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ` ՀԸՆԹԱՑՍ ՈՒ ՀՊԱՆՑԻԿ
17.01.2012 | 00:00

Աշխարհին սեփական պատուհանից նայելը բնական ու տրամաբանական է բոլոր ժողովուրդների համար և ենթադրում է ինքնության առանձնահատկությունների պահպանություն, սեփական շահերի պաշտպանություն ու նպատակների իրագործում` համադրելով այլ ժողովուրդների ինքնության առանձնահատկությունների, շահերի պաշտպանության ու նպատակների հետ: Այսինքն` ենթադրում է համադրում և ընդհանրականության առանցքի վրա փոխհարաբերությունների կառուցում: Իսկ գուցե ոչ. աշխարհին սեփական պատուհանից նայելն ընդամենը նշանակում է միայն սեփականի իմացություն և գնահատում ու վերջ: Այսինքն, ենթադրում է հակադրում և ընդհանրականության շրջանցում: Կա և երրորդ տարբերակը` ոչինչ չի նշանակում, բանաստեղծների հնարած գեղեցիկ խոսքն է` աշխարհին նայել սեփական պատուհանից, պատուհան բացել դեպի չգիտես ուր, կարծես աշխարհում վերացել են դռները:
Եվ քանի որ աշխարհում դռների փոխարեն օգտագործվում են նաև պատուհանները, մի քանի պատուհան բացենք դեպ հարևան երկրներ:


ԱԴՐԲԵՋԱՆ
Փորձագետների գնահատականով` 2011-ը ներքաղաքական կտրվածքով հակասական տարի էր. մի կողմից ավտորիտար իշխանության ուժեղացում և հեռացում ազատական, ժողովրդավարական նորմերից, մյուս կողմից` քաղաքական ակտիվության և հասարակության հեղափոխական տրամադրությունների աճ: Արաբական իրադարձությունների և ներքաղաքական կյանքի զարգացումների արդյունքում հասարակության մեջ խորացան հեղափոխական փոփոխությունների, նվազագույնը` իրավիճակի դեմոկրատական վերափոխման անհրաժեշտության գաղափարները: Հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածը համոզվել է երկրում արմատական դրական փոփոխությունների անհրաժեշտության մեջ: 2011-ին այդ գաղափարները ճախրում էին ոչ միայն օդում, այլև իրական հող էին գտնում. այդ մասին խոսում էին արտասահմանցի փորձագետները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, իշխանական, ընդդիմադիր և չեզոք գործիչները: Ապրիլին Ադրբեջանի Հասարակական պալատը հասարակությանը ներկայացրեց «Դեպի ժողովրդավարություն անցնցում անցման ճանապարհային քարտեզը»` քաղաքական, սոցիալական, տնտեսական ու օրենսդրական բարեփոխումների շարքը, որ քննարկվեց բոլոր խավերում: Այնուհանդերձ, իշխանությունն ամբողջ տարին հասարակությանը պարտադրեց քաղաքական, տնտեսական, սոցիալական, պատմամշակութային կյանքի իր կանոնները, ներկայի ու ապագայի իր պատկերացումները, որոնցում ո՛չ ժողովրդավարական բարեփոխումները, ո՛չ էլ հեղափոխությունը տեղ չունեն: Փորձագետները հույս ունեն, որ աշխարհում իրադարձությունների զարգացման տրամաբանությունը, արաբական գարունն ու հատկապես ռուսական ձմեռը, խորացող ճնշումը ավտորիտար, կոռումպացված վարչակարգերի վրա արդիական են դարձնում երկրի ժողովրդավարացումը: Վերջապես ընկալվում է, որ ժողովրդավարական բարեփոխումները ժամանակի, հասարակության ու իրավիճակի թելադրանք են: 2012-ը ցույց կտա` այդ բարեփոխումները էվոլյուցիո՞ն, թե՞ հեղափոխական ճանապարհով կիրականացվեն, եթե ընդհանրապես իրականացվեն: Համենայն դեպս արդեն տեղի է ունեցել «Դիմադրության շարժում հանուն ժողովրդավարական հասարակության» շարժման սահմանադիր ժողովը, որին մասնակցել են Լիբերալ-ժողովրդավարական, Բաց հասարակության, Դասական ժողովրդական ճակատի, քաղաքացիական շարժման ֆորումի, «Այդինլար», «Ազադլիգ» կուսակցությունները, հասարակական ու երիտասարդական կազմակերպություններ: Շարժման հայտարարությունը նշում է, որ ծանր հասարակական-քաղաքական և տնտեսական իրավիճակը, տոտալ կոռուպցիան, ժողովրդավարական ինստիտուտների բացակայությունը, քաղաքացիների իրավունքների ոտնահարումը, չինովնիկական ամենաթողությունը, ազատ և արդար ընտրությունների բացակայությունը պահանջում են միավորել ջանքերը: Շարժման մասնաճյուղեր են ստեղծվելու երկրի տարածքում ու արտասահմանում:
Պաշտոնական Ադրբեջանի գնահատականով` 2011-ը նշանավորվեց բազում հաջողություններով, այդ թվում` 155 ձայնով ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամի ընտրությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական հանձնաժողովի փոխնախագահությամբ: Արտգործնախարար Էլմար Մամեդյարովի կարծիքով` այդ հաջողությունները մեծացնում են իր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում իբրև հուսալի գործընկերոջ, որը բաց է տնտեսական, առևտրական, մշակութային, հումանիտար համագործակցության համար: Ի դեպ, Ադրբեջանը ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության կապերի ամրապնդման կողմնակից է, որի մասին Էլմար Մամեդյարովն ասել է ՄԱԿ-ի ԱԽ նիստում հունվարի 12-ին. Ադրբեջանը մտադիր է Աֆրիկյան միության հանձնաժողովի հետ կապերն ամրապնդել, բարձր մակարդակով միջազգային կոնֆերանսներ կազմակերպել` աֆրիկյան խնդիրների լուծման համար: Ականապատված տարածքների ականազերծման իր հարուստ փորձը Ադրբեջանը պատրաստ է կիրառելու Աֆրիկայում:
Նախագահական ընտրությունները Ադրբեջանում նախատեսված են 2013-ի հոկտեմբերին, և հնարավոր է, որ կառավարող կուսակցությունն այս անգամ առաջարկի ոչ թե Իլհամ Ալիևի, այլ Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը: Նախագահական երկու ժամկետներից հետո Իլհամ Ալիևի առաջադրման իրավական սահմանափակումներ չկան` 2009-ի մարտին Սահմանադրության լրացումով հանվեցին գործող նախագահի վերընտրվելու խոչընդոտները: Ընդդիմությունը քննարկում է միասնական թեկնածուի առաջադրման հարցը, ամենայն հավանականությամբ` գիտնական Ռաֆիկ Ալիևի:

ԹՈՒՐՔԻԱ
Թուրքիայի նախկին փոխարտգործնախարար Օզդեմ Սանբերկը նշում է, որ Անկարայի հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ամենադժվար ժամանակներն են ապրում, հասարակական կարծիքում գերիշխում են հակաամերիկյան և հակաեվրոպական տրամադրությունները: Այդ միտումը հետևանք է Հյուսիսային Իրաքում ահաբեկչական սպառնալիքների վերացման համար ռազմական գործողությունների ծավալման հարցում Թուրքիային աջակցություն ցուցաբերելու լիակատար բացակայության: Բացասական ազդեցություն ունեն ԱՄՆ-ի ու Արևմուտքի ճնշումները հայերի ցեղասպանության ճանաչման հարցում, Իրաքի բաժանման դեպքում երկրի համար հնարավոր հետևանքների գիտակցումը, այդ երկրի հյուսիսում քրդական պետության ստեղծման հնարավորությունը, Քիրկուկում հանրաքվեի անցկացման հետաձգումը, կիպրոսյան հարցի չլուծվածությունը և բազում այլ հարցեր, որ կան փոխհարաբերությունների օրակարգում: Փորձագետների կարծիքով` երկրի արդյունավետ կառավարմանը խանգարում է ինստիտուցիոնալ անկայունությունը, որը խոչընդոտում է պետական և ներկուսակցական դեմոկրատիայի զարգացմանը: Հնարավոր չէ արագ և ճկուն արձագանքել սոցիալական փոփոխություններին, քանզի պետական կառավարման արևելյան բյուրոկրատական ու հիերարխիկ կառույցները խանգարում են արդյունավետ գործելուն:
Թուրքական խորհրդարանական հանձնաժողովը, կառավարող կուսակցության պատգամավոր Մուստաֆա Շենտոպի գլխավորությամբ, առաջարկել է սահմանադրական լրացում` 2014-ին նախագահ Աբդուլլահ Գյուլի լիազորությունների ավարտման վերաբերյալ: Աբդուլլահ Գյուլը նախագահ ընտրվեց 2007-ին` նախքան հանրաքվեն, երբ նախագահին ընտրում էր խորհրդարանը` 7 տարով, առանց վերընտրության իրավունքի: Կատարված փոփոխություններից հետո նախագահն ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ` 5 տարով, վերընտրվելու հնարավորությամբ: Գործող նախագահի առնչությամբ սահմանադրական դրույթների տարածման հարցը պարզաբանված չէ: Շենտոպը կարծում է, որ Գյուլի լիազորությունները 7 տարի ժամկետով են սահմանափակվում, և նա չի կարող վերընտրվել: Առաջարկը պետք է հաստատի Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը 2011-ի առնչությամբ մնում է նույն, անխաթար ու անհեռանկար դիրքորոշմանը, այն է` Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների ու նախագահների մի շարք հանդիպումները ռեալ արդյունքներ չեն ունեցել հայկական կողմի ապակառուցողական վերաբերմունքի պատճառով. «Օկուպացված տարածքներից առանց հայկական զորքերի դուրսբերման, այսինքն, նրանց ազատագրման, հակամարտության հաղթահարման մեջ առաջընթաց լինել չի կարող: Դա նորացված մադրիդյան սկզբունքների անբաժանելի մասն է, ցավոք, հայկական կողմն այդ առաջարկներին պատասխանատվությամբ չի վերաբերվում: Հայաստանի ապակառուցողական վերաբերմունքը բարդացնում է հակամարտության խաղաղ ճանապարհով հաղթահարումը: Օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը կարագացնի վստահության միջոցների անցկացումը, հաղորդակցուղիների վերականգնումը և տարածաշրջանի զարգացումը: 21-րդ դարում անթույլատրելի է, որ մի պետություն զենքի ուժով վերահսկում է այլ պետության տարածքը: Իրավիճակն արդեն անընդունելի է, ինչպես նշում են ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների ղեկավարները»: Ի դեպ, Մամեդյարովը չի բացառում հարցի քննությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում, նշելով, որ պետք է համաձայն լինեն նաև մյուս անդամները:
2012-ին ԵԱՀԿ նախագահությունն ստանձնած Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և առևտրի նախարար Էյմոն Գիլմորը հայտարարել է, որ իր երկրի նախագահության շրջանում կարևորագույն խնդիրն ընդհանուր գերակայությունների վերհանումն է, որոնք կօգնեն դիմակայելու գլոբալ մարտահրավերներին: Գիլմորը կարծում է, որ շարունակվելու է հավասարակշռված մոտեցումն անվտանգության, ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական ու մարդկային չափումներում: Իր ծրագրային ելույթում Իռլանդիայի փոխվարչապետը նշել է, որ ԵԱՀԿ երկրներում մարդու հիմնական ազատություններին ու իրավունքներին առնչվող դեռևս գոյություն ունեցող սպառնալիքն իրական անհանգստություն է առաջացնում: Իռլանդական նախագահության ընթացքում կարևորվելու են խոսքի ազատությունը թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և գործարար աշխարհի հետ աշխատանքը, որպեսզի այդ ազատությունները նաև «օնլայն» ոլորտում ապահովվեն: Իռլանդիան ուշադրությունը կենտրոնացնելու է սպառազինությունների վերահսկման, հակամարտությունների կանխման և հաղթահարման վրա: Պարոն Գիլմորը ԵԱՀԿ-ում իր երկրի նախագահության համար կարևորել է առաջընթացը սառեցված հակամարտությունների հաղթահարման գործում: Նա անդրադարձել է մերձդնեստրյան հակամարտության հաղթահարման 5+2 ձևաչափով բանակցություններին, 2008-ի օգոստոսին վրացական հակամարտությանը վերաբերող ժնևյան միջազգային քննարկումներին, իր լիակատար աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին: «Մենք Իռլանդիայում չափազանց լավ գիտենք կործանարար կոնֆլիկտների գինը: Բանակցությունների և փոխզիջումների որոնման ճանապարհով, շնորհիվ երկու կողմերի ստեղծագործական մոտեցման և հաստատակամության` հնարավոր դարձավ հասնել երկարատև կարգավորման Հյուսիսային Իռլանդիայի հարցում: Այդ փորձը կարող է օգտակար լինել ԵԱՀԿ տարածքում գոյություն ունեցող հակամարտությունների հաղթահարմանը, օգտագործելով խաղաղ բանակցությունները` համաձայնեցված ձևաչափերով ու միջազգային իրավունքի սկզբունքների լիակատար պահպանմամբ»,- ասել է Էյմոն Գիլմորը:
ԱՄՆ-ը հետայսու էլ աջակցելու է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը` հանդես գալով Բեռլինի Կորբերի հիմնադրամում: Նրա խոսքով` ԵՄ-ի և միջազգային մյուս գործընկերների համատեղ ջանքերով տարածաշրջանային խնդիրներում առաջընթաց է գրանցվել. «Մենք շարունակելու ենք պնդել ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և քաղաքական տարածքի ստեղծման անհրաժեշտությունը, որտեղ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները լիակատար հարգանքի են արժանանում: Մենք նպաստելու ենք Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների նորմալացմանը, շարունակելու ենք Մինսկի խմբի համանախագահության միջոցով բարձրամակարդակ երկխոսությունը` աջակցելով Հայաստանին ու Ադրբեջանին գտնելու հուսալի, խաղաղ կարգավորման տարբերակ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում»:
«Թուրքիան և Իրանը մուսուլմանական, եղբայրական ու բարեկամ պետություններ են, ուստի անհրաժեշտ է տարածաշրջանային բոլոր խնդիրների լուծման կոորդինացում», Թուրքիա այցից առաջ հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` Լարիջանին ասել է, որ կոնֆլիկտով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և որ տարածաշրջանային խնդիրներն ավելի լավ կլուծեն տարածաշրջանի երկրները։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերածվել է միջազգային խնդրի, բայց Իրանը պատրաստ էր և հիմա էլ պատրաստ է իր ներդրումն ունենալու կոնֆլիկտի հաղթահարման գործընթացում: Շատ կարևոր է, որ որևէ կողմի շահերը չոտնահարվեն, և կոնֆլիկտը լուծվի երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքով»,- ասել է Ալի Լարիջանին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. -Աշխարհին սեփական պատուհանից նայելը, իհարկե, հարմար է, բայց նվազագույնը պետք է պատուհան ունենալ, իսկ ավելի լավ է դուռ, որովհետև երթուդարձը պատուհանով նախ այնքան էլ հարմար չէ, հետո` կարող են չհասկանալ:

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ