ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՐԱՄԸ ՎԱՆՈՅԻ ԸՆԿԵՐՆ Է, ԱՐԱՄԸ ԱՐՈՅԻ ԸՆԿԵՐՆ Է, ԱՐԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ԼԵՎՈՆԸ...

ԱՐԱՄԸ ՎԱՆՈՅԻ ԸՆԿԵՐՆ Է, ԱՐԱՄԸ ԱՐՈՅԻ ԸՆԿԵՐՆ Է, ԱՐԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ԼԵՎՈՆԸ...
20.07.2010 | 00:00

Քոքոբելյան Խաչիկը չկար համագումարում: Նրան մանդատ չէին էլ տվել: Հարցին` ինչո՞ւ, ասել էին` «մոռացել» են:
Համենայն դեպս, ՀՀՇ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հայոցյանն էր այդպես շփոթված պատասխանել: Թողնենք ՀՀՇ-ինը ՀՀՇ-ին: Չխորանանք «լինչ անելու» նրա կարողականությունների վրա ու չտանք հարցը. դե եթե այդպես է, իշխանություններից բա ո՞նց եք պահանջում հանդուրժող լինել, լինել քաղաքակիրթ` մոռանալ դրսևորված «դավաճանությունները» և այդպես շարունակ: Եվ դա այն դեպքում, երբ «Քոքոբը» եղել է ոչ միայն ՀՀՇ-ի առանցքում, այլև այսքան տարի «պահել» է կուսակցությունը (հիմա՞ ով է պահելու, էլի՞ Արոն, որ «մտավ» «Սովնարկոմ»` վարչություն, թե՞ այլ լուծումներ էլ կան): Թողնենք այս հարցերի պատասխաններն իրենց, մենք արձանագրենք` համագումարում մթնոլորտը ցավոտ էր, շփոթվածություն ու անորոշություն էր ամենուրեք, բոլորի դեմքներին սպասում կար, և դիսկոմֆորտ էր (օրվա միակ հարազատը շեփորն էր, որ հնչեց ու ավելի խտացրեց մթնոլորտում առկա անորոշությունն ու ցավը):
Բոլոր դեպքերում, ՀՀՇ-ի շուրջ տեղի ունեցող այս անցուդարձում ոչ ոք չհաղթեց (իշխանությո՞ւնը. նրա ինչի՞ն էր պետք այս կարգի ու այսպիսի հաղթանակը` Անկախության 20-ամյակի նախաշեմին)։
Անցնենք համագումարյան դետալներին, որոնք առավել խոսուն էին, քան գաղափարախոսական ու բարոյախրատական բոլոր մնացած ելույթները միասին:
ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ
ՀՀՇ 16-րդ համագումարը նախանշեց ընդդիմադիր դաշտի, հատկապես ՀԱԿ-ի համար նոր փուլ (սրան երբևէ առանձին կանդրադառնանք): Բայց դրանից առավել «նշագծային» էր այն մթնոլորտը, որ կար մերձՀԱԿ-ական և ՀՀՇ-ական այդ համագումարում:
Ներկա-բացակաները: Բոլոր ՀԱԿ-ականները կային: Եկավ Լևոնը: Դահլիճը ոտքի կանգնեց, ծափողջույններ ու վանկարկումներ եղան, սակայն դահլիճն իրական զարթնեց Լևոնի ելույթից հետո, երբ կրկին Լևոնին հաջողվեց վերցնել ՀՀՇ-ն ու դահլիճը` «հոգեխանգարմունքի» հասցնել նրան` իր հմայքով ու համոզիչ, տպավորիչ խոսքով: Ոտքի կանգնել, բոլորի հետ ոգևորված ու շենշող ծափահարում էր նաև «Նաուման» հիմնադրամի Յոնը. Հարավային Կովկասի ներկայացուցիչ պարոն Վոլֆանգ Յոնը համագումարի միակ արտասահմանցի հյուրն էր, որը գովերգեց լիբերալ ՀՀՇ-ին, հայոց իշխանություններից պահանջեց ազատել քաղբանտարկյալներին, Նիկոլ Փաշինյանին: Յոնի կենդանի ներկայությամբ էլ Տեր-Պետրոսյանն ահագին հետաքրքիր իր ելույթում գովերգեց մայր Ռուսաստանին` համարելով, որ Ռուսիո ձեռքին է տարածաշրջանային խնդիրների բանալին, և պետք է «ստիպված» կամ ռեալությունները հաշվի առնելով` «պրիզնատ» գալ այդ մայր Ռուսաստանին:
Իսկ ընդհանրապես, ողջ դահլիճը (նաև նվաստիս) ոտքից գլուխ առած այդ անչափ հետաքրքիր ելույթում Տեր-Պետրոսյանը ոչ միայն բացահայտ մեսիջներ ուղարկեց գրեթե բոլորին` Արևմուտքին, իշխանություններին, նրանց ասելով, որ ԼՂ և հայ-թուրքական հարցերը պետք է շուտ լուծվեն, որ, ի պատիվ Հայաստանի ու Ադրբեջանի, այս երկու հարևանները պատերազմ չեն ուզում, պատերազմ կլինի, բայց չասաց` ում ջանքերով (իհարկե, Ռուսաստանի, չէ՞ որ բանալին նրա ձեռքում է), շատ հակասական էր Լևոնի այդ օրվա ելույթը, որովհետև ցանկացել էր ամբողջը և հիմա կարգախոսը կյանքի կոչել:
Չենք ծանրանալու ելույթի վրա, որովհետև ելույթից կարևոր մեսիջներ կային օդում:
Ասինք` ամբողջ ՀԱԿ-ը գրեթե ներկա էր ու ողջույնի խոսք ասաց: Չկար Հովհաննես Հովհաննիսյանը: Չկար Սեֆիլյանը: Կային Գագիկ Ջհանգիրյանը, «Հանրապետություն» կուսակցությունը, Բաբկեն Արարքցյանը` մի շարք արմատականներով:
Եկել էր Դավիթ Շահնազարյանը, որն այդպես էլ չմտավ դահլիճ` նույնիսկ Տեր-Պետրոսյանի ելույթի ժամանակ. միջանցքում էր այն լսում:
Չէր եկել Ալիկ Արզումանյանը: Ասե՞նք ինչու, թե՞ ինքնին հասկանալի է: Նա այն մարդկանց թվում էր, որ դեմ էր այն ամենին, ինչ կատարվում էր ՀՀՇ-ում. որովհետև և ըստ ամենայնի համոզված էր, որ եթե Արոն չի վերընտրվում, ապա կարող էր ինքը կամ մեկ ուրիշը, բայց որ Արամը դառնար ՀՀՇ նախագահ...
Չէր եկել նաև Վահագն Խաչատրյանը: Նա էլ ցանկանում էր, որ ՀՀՇ նախագահ դառնա Դավիթ Շահնազարյանը:
Չէր եկել նաև Վանոն: Բառի ամենալայն ու ամենասիմվոլիկ նշանակությամբ, չնայած Արամ Մանուկյանն իր ելույթի (նկատեցի՞ք` Արոն հաշվետվություն չներկայացրեց, այն «կարդում» էր Արամը) մի պահի փորձ արեց կարծես թե Վանոյին «բերելու» (Ստեփան Դեմիրճյանը լրիվ դեմ էր. նա ոտքի չկանգնեց, չծափահարեց):
Իսկ ընդհանրապես, արդեն քանի հազար տարի ՀՀՇ-ի ներսում, անգամ Էդիկ Եգորյանենց օրերից, կռիվը «Վանո & մնացածներ» տանդեմում է եղել, սակայն ջինը պահվել է շշի մեջ, և խաղն ու կուսակցությունը խոշոր հաշվով չեն տուժել: Անգամ Բաբիկ-Վանո, Դավիթ-Վանո համագումարային ու վարչության նախագահների երբեմնի և նույնատիպ «քննարկումների» ու ընտրությունների ժամանակ:
«Առանցքը» պտտվել է Լևոնի շուրջը. այո, եղել է վեճ (ասենք` Լևոնը երկու համագումար առաջ ահավոր շատ էր ցանկանում Դավիթը` Շահնազարյան, դառնա վարչության նախագահ, սակայն Արոն անցավ, և Լևոնն ընդունեց խաղի այդ տարբերակը), սակայն կոնսենսուսը հաղթել է` տղերքը «խարոշի» տոնը պահել են: Քիչ հետո կանդրադառնանք, թե ինչ կոնֆիգուրացիա խաղարկվեց այս համագումարում, մինչ այդ ասենք, որ թերևս առաջին անգամ Վանոն «անտարբեր» մնաց այն ամենի նկատմամբ, ինչ տեղի ունեցավ ՀՀՇ-ում:
Բայց նախ նրա վերջին` Արոյին ուղղված նամակի մասին: «Շարքերում» ու ՀՀՇ էլիտայում ահավոր տարակուսած էին` ինչպե՞ս է հայտնվել, ինչո՞ւ է այդպես տիրաժավորվել նամակը, երբ այդ մասին պետք է իմանային երկու հոգի` Արոն և Լևոնը: «Շարքերը» այս և մնացած «բաների» մեղավորը համարում են Լևոնի մերձավոր «սարատնիկին»: Նրանք համոզված են, որ համագումարից ժամեր առաջ, ամենևին էլ հենց այնպես չէր նամակի քսերոկոպիայի տարածումը, ուր Վանոն ասել էր` Արո, դու պիտի որ լավ գիտենաս, ՀՀՇ հավերժ նախագահը Լևոնն է:
Վանոն նամակից հետո ասել էր բոլորին. «Ինձ այլևս հանգիստ թողեք» (գրողի-մարդկային ի՜նչ մեծ ողբերգության մասին է խոսում այս փոքրիկ նախադասությունը, բայց այսօր դրան ևս չենք անդրադառնա):
Այսպիսով, ՀՀՇ-ն «սահուն» կերպով անցում կատարեց նոր` ապաՎանոյական էրայի (՞):
Չնայած փորձագետների մի մասն էլ այն կարծիքին է, որ Արարատ Զուրաբյանի այդքան ձայն ստանալը (400-ից ավելի) և մնացած «դետալներն» ապացուցում էին (այս մասին` ներքևում), որ, բոլոր դեպքերում, Վանոն հաղթել է:
Հա, ի դեպ. իշխանական ճամբարից մեզ տեղեկացրին, որ չի բացառվում առաջիկայում նույն իշխանական ուժերից-անհատներից ոմանք Սերժ Սարգսյանի առջև բարձրացնեն Վանոյին` «Արի տուն» ծրագրի շրջանակներում տուն կանչելու ծրագիրը, ինչի մասին կարծես թե վաղուց մտմտում է ինքը` Սերժ Սարգսյանը... Սա, ինչպես տեսնում եք, նույնպես ահագին հետաքրքիր է:
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ «ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Կարելի է կարծել, դե, Արամն արդեն ընտրվել է, էլ ի՞նչ դարման ենք քամուն տալիս: «Նադո, Ֆեդյա»:
Դե հենց միայն նրա համար, որ երբեք հնարավոր չէ բացառել, որ ՀՀՇ նորընտիր վարչությունը (ընդ որում, կանոնադրական փոփոխությամբ վարչությունը 25 անդամից «անցել» է 31-ի. փոփոխությունն արվեց նույնպես հասկանալի նպատակով, սակայն ասել, որ վարչությունում բոլորը Լևոնի թիմի անդամներն են, դժվար է) մի օր էլ, հենց թեկուզ Լևոնի կամ մեկ ուրիշի ցանկությամբ, ինչ-որ իքս պահի հավաքվի ու վարչության նոր նախագահ ընտրի:
Անցանք թեկնածուներին: Դավիթ Շահնազարյան: Այս տարբերակը Լևոնի համար ամենաընդունելին էր, սակայն նա միանգամից դեմ է եղել. Դավիթը փոփոխված (ու ոչ միայն) վարչությունում բավարար ձայներ չէր ստանա:
Լևոնի համար ընդունելի թեկնածու է եղել նաև Վահան Փափազյանը: Ըստ «շարքերի»` նա միակ թեկնածուն էր, որը հարցեր չէր առաջացնի ոչ մի թևի մոտ: Սակայն Վահանը հրաժարվել է: Մեր հարցին, թե ինչո՞ւ, նա, իհարկե, դեկլարատիվ պատասխան տվեց` նոր սերունդ է պետք ՀՀՇ-ին, երիտասարդ մեկը պետք է դառնա ՀՀՇ նախագահ: Սակայն, մեր տեղեկություններով, նրա հրաժարվելու պատճառն այն է, որ ինքը թե՛ Վանոյի, թե՛ Արոյի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է, և չի ցանկացել «մխտռել» ընկերությունը: Եվ ապա` նրան հեչ պետք չէր ՀՀՇ նախագահ դառնալը, «իր ինչի՞ն է պետք» մոտիվն է իշխել:
Հաջորդիվ` ընտրությունը կանգ է առել Վահագն Հայոցյանի վրա: Այս Հայոցյան (շարժո՞ւմը) Վահագնը մի առանձին խոսակցության թեմա է: Նախ` ասենք, որ վերջինս խիստ կտրուկ հրաժարվել է: Վահագնը այնքան էր նիհարել, որ համագումարի առիթով առած նոր կոստյումը գրեթե լող էր տալիս նրա վրա: Նա ծերացել էր աննկարագրելի, ամբիոնում նստած` մեկ էլ վերանում էր (հենց միայն իր ամենամոտիկ ընկեր «Քոքոբին» մանդատ չտալու անհրաժեշտ-պարտադրված քայլը նրան հերիք էր, որ նա «լիներ» այդքան բացակա):
Ընտրությունը մի պահ կանգ է առել Գագիկ Ջհանգիրյանի վրա: Հետո հասկացվել է` ՀՀՇ-ն այդ դեպքում կպայթի:
Համագումարից վայրկյաններ առաջ որոշվել է Արամ Մանուկյանի «մասին»: Մինչև վերջին վայրկյանը Լևոնը դեմ է եղել: Արամը Լևոն Զուրաբյանի թեկնածուն է, ասին շարքերում:
Եթե որևէ մեկը մեզ հարցնելու լիներ, մենք պիտի ասեինք, որ ՀՀՇ այս համագումարն ամենևին էլ տեղին չէր` նույն ընդդիմության և ՀԱԿ-ի խաղի տեսանկյունից. այն արագացրեց պրոցեսները, որոնք, ըստ ամենայնի, եթե ոչ ֆիզիկական, ապա ենթագիտակցական և «ներ» առումներով արագացրին ՀԱԿ-ի ռեսուրսաթափումը, ասել է` ջինը շշից դուրս հանվեց: Ընդ որում, Տեր-Պետրոսյանի` ՀՀՇ-ի պառակտման գործում իշխանությունների և Արևմուտքի «մատիկը` տոտիկը, թևիկը» տեսնելու անչափ ճակատային մեղադրանքը (Տեր-Պետրոսյանի ելույթի ժամանակ Արարատ Զուրաբյանը դուրս էր եկել դահլիճից, իսկ երբ խոսում էր Լևոն Զուրաբյանը` դահլիճից դուրս եկավ Վահագն Հայոցյանը, իսկ համագումարը վարող Արամ Մանուկյանն իջել «տրիբունայից», երկար խոսում էր Տեր-Պետրոսյանի հետ, և այդ պահին դեֆակտո «տրիբունան դափ-դատարկ էր), բացի նրանից, որ արձանագրումն էր` իշխանություններին ու Արևմուտքին հաջողվել է «խառնշտորել» ՀՀՇ-իր «փորոտիքը», ինչն էլ ահավոր զայրացրել է Տեր-Պետրոսյանին, իր ազդեցությունն է թողնելու ՀԱԿ-ի հետագա պայքարի ու ճակատագրի վրա:
Կարծում ենք նաև, որ, ըստ ամենայնի, եղել է նաև գեոպոլիտիկ շահագրգռություն դեպ Ռուսաստան կամ Ռուսաստանի կողմից. վերջ տալ Յովանովիչի հետ ՀՀՇ-ական խաղերին, սիրել Սեչինին ու Նարիշկինին (եթե նրանք ցանկանան):
Այսպիսով, անցավ Արամը: Նա եղածների մեջ Լևոնի համար կոմպրոմիսային ֆիգուր էր: Ընդ որում, Լևոնը մասնակցել է վարչության նիստին (այդ ուշ ժամին` ժամը 21-ի մոտակայքում, նա դեռ ՀՀԿ-ին մերձ` Մելիք-Ադամյան դահլիճում էր), ինչն արդեն ասում է շատ բան, եթե ոչ ամեն ինչ: Նա չէր ցանկացել նախորդ համագումարի (երբ ցանկանում էր, որ Դավիթն ընտրվեր) սխալը կրկնել, երբ, մասնակցելով համագումարին, մտածել էր, որ իր ներկայությունը բավարար է պատվիրակների վրա ազդելու և Դավթին «անցկացնելու համար», չէր մասնակցել վարչության նիստին: Այս անգամ մասնակցեց, ու դրանով ամեն ինչ ասված է:
Նա չպետք է թույլ տար, որ Արոն հանկարծ «ձայներ» ստանար և կրկին դառնար ՀՀՇ նախագահ:
Այո, «հաջորդ» և խիստ ռեալ թեկնածուն եղել է Արարատ Զուրաբյանը, որը նույնքան էլ ռեալ շանսեր է ունեցել կրկին դառնալու ՀՀՇ նախագահ. համագումարի միջանցքում մեզ հետ զրուցող ՀՀՇ էլիտան ևս մեծ մասամբ դա էր ուզում և սպասում էր «սահուն ու թավշյա» հեղաշրջման, սպասում էր, որ վարչությունը երեկոյան կգնա դրան ու մեզ զգուշացնում էր` ՀՀՇ-ին այդպես մի նայեք, այն ահավոր անկանխատեսելի, քյալլա տվող կուսակցություն է. պետք է սպասել վարչության նիստի արդյունքներին:
Արդյունքը չուշացավ: Արոյի թեկնածությունը ոչ ոք չառաջադրեց:
Բոլոր դեպքերում, պետք է նաև ասել, որ Արամ Մանուկյանը կոմպրոմիսային և գրեթե ընդունելի տարբերակն էր առկա իրավիճակում: Այն «լավագույն» ու տխուր ավարտն էր` ՀՀՇ-ում վերջին շրջանում տեղի ունեցողի. Արամը Վանոյի ընկերն է, Արամը Արոյի ընկերն է, Արամի թեկնածությունը պաշտպանել է Լևոնը...
Եվ դա ՀՀՇ-ն է: Այնպիսին, ինչպիսին են այս հայրենիքն ընդհանրապես, մեր անկախությունն ինքնին:
Գուցե շատ հետաքրքիր ու անչափ միստիկ մի բա՞ն կա այս ամենում. 20 տարի անց նույն դահլիճում հնչած Հռչակագրի և այս օրերին տեղի ունեցածի միջև:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1201

Մեկնաբանություններ