ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՄԱՆՑ ԲԱԽՏԸ ՉԻ ԲԵՐՈՒՄ, ՆՈՒՅՆԻՍԿ ԵՐԲ ԺՊՏՈՒՄ Է ԱՐԵՎԸ

ՈՄԱՆՑ ԲԱԽՏԸ ՉԻ ԲԵՐՈՒՄ, ՆՈՒՅՆԻՍԿ ԵՐԲ ԺՊՏՈՒՄ Է ԱՐԵՎԸ
14.12.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում իրադարձությունները Հայաստանում ապացուցեցին քարերը նետելու և քարերը հավաքելու ժամանակի գոյությունը. պարզվեց` շահում է նա, ով քարերը նետում է, և կորցնում է նա, ում քարերը դիպչում են:
Վերջին քառօրյայում Ազգային ժողովն ընդունեց 2011 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Մեկ տրիլիոնանոց բյուջեին դեմ քվեարկեցին «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն, կոալիցիոն ուժերը կողմ էին:
Թուրքիայի «Ժողովրդի ձայն» կուսակցության առաջնորդ Նուման Քուրթուլմուշը խոստանում է. «Իշխանության գալու դեպքում մեր կուսակցությունը կարգելի «գյավուր» նվաստացուցիչ արտահայտության օգտագործումը»: Նա նախընտրական հանդիպում է ունեցել Ստամբուլի Եդիկուլե թաղամասում գտնվող «Սուրբ փրկիչ» հայկական հիվանդանոցում: Թուրքական մամուլում այցը բացատրում են Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններով, որոնց շրջանակներում քաղաքական ուժերը հետաքրքրություն են դրսևորում ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Նույն հիվանդանոցում եղել է նաև վարչապետ Էրդողանը: Քուրթուլմուշը խոստացել է իշխանության գալու դեպքում ապահովել սահմանադրական դրույթի գործունեությունը, ըստ որի Թուրքիայի բոլոր քաղաքացիներն օժտված են հավասար իրավունքներով:
Ասում էին, չէ՞, որ ԱԺ նախկին փոխնախագահ Արևիկ Պետրոսյանին չեն նեղացնի: Անցյալ շաբաթ նա դարձավ Սահմանադրական դատարանի անդամ, հիմա արդեն իրավական գիտելիքներն ու քաղաքական փորձը կարող է անվտանգ կիրառել:
ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնանկել է 15 նախարարների և փոխվարչապետների: Նախագահական բարեփոխումների միջոցով կառավարության անդամների թիվը 24-ից դարձել է 16, վարչապետ Նիկոլայ Ազարովը պաշտոնը պահպանել է:
15 նախարարների պաշտոնանկությունը Կիևում այն աղմուկը չառաջացրեց, ինչ մեկ նախարարի ու մեկ քաղաքապետի պաշտոնանկությունը Երևանում: Իրադարձությունների զարգացումն ակնհայտ է դարձնում, որ Երևանի վերջին երջանիկ քաղաքապետը եղել է Արտաշես Գեղամյանը, մյուսների բախտը բոլորովին չի բերել: Գագիկ Բեգլարյանն ընդհանրապես երջանիկ աստղի տակ էր ծնվել, բայց նրան չէին զգուշացրել, որ հակացուցված են իսպանացի տենորներն ու շփումները նախագահի արարողակարգի աշխատակիցների հետ: Դե, արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն էլ իրականում ոչ թե սեփական մարդասիրության զոհը դարձավ, այլ սայթաքեց մարտի 1-ի հետքերի վրա: Այդ ճանապարհին նա միակը չէր, ոչ էլ վերջինն է լինելու:
Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները տեղեկացնում են, որ արևը սկսել է ժպտալ` ամբողջ սկավառակով մագնիսական դաշտի անմիատարրությունից: Մոտ 600000 կիլոմետր երկարությամբ ժպիտը և 200000 կիլոմետր երկարությամբ աչուկները գոյացել են մագնիսական դաշտից. սև հատվածները բացասական բևեռայնության դաշտն են, սպիտակները` դրական: Արեգակի բիբերը 15 անգամ մեծ են Երկիր մոլորակի տրամագծից: Փաստորեն, մագնիսական դաշտն էլ բանաստեղծական հակումներ ունի` այդ աչքերում, իրոք, կարելի է անհետ կորչել: Արևային ժպիտը կանհետանա, երբ արևը, պտտվելով իր առանցքի շուրջը, Երկիր մոլորակից շրջվի: Ափսո՜ս:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին «Ժառանգության» օրինագիծը վերջապես քվեարկվեց Ազգային ժողովում` 13 կողմ, դեմ և ձեռնպահ չկար: Կողմ էին «Ժառանգության» 6 և ՀՅԴ-ի 6 պատգամավորները, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, կոալիցիայի անդամ կուսակցությունների պատգամավորները քվեարկությանը չմասնակցեցին: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, թեպետ 100 տոկոսով գիտեր` ինչ է լինելու, բայց դառնացած էր։ «ԼՂՀ ճանաչման հարց երբևէ չի քննարկվելու և չի քվեարկվելու ՀՀ Ազգային ժողովում: Այդ հարցերը քննարկվելու են Ակվիլայում, Մուսկոկայում` առանց մեզ և մեր շահերի դեմ հայտարարությունների տեքստով, կամ` մեր ներկայությամբ Աստանայում, բայց կրկին մեր շահերի դեմ»,- ասաց նա քվեարկությունից հետո:
Ստյոպա Սաֆարյանն ակներևաբար սխալվում էր: Մոսկվայում Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ելույթ ունենալով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթի վերջում հարկ է համարել ասել. «Հայաստանը կտրականապես դեմ է հարցը ռազմական ճանապարհով լուծելուն, և, Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման դեպքում, Հայաստանն այլ ընտրություն չի ունենա, քան դեյուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ապահովել նրա բնակչության անվտանգությունը բոլոր հասանելի միջոցներով»: Այսինքն, ի վերջո այդ հարցը լուծվում է Բաքվում կամ այն մայրաքաղաքներում, որտեղ Բաքվին թույլ կտան նորից պատերազմ սկսել:
Բրյուսելում Եվրամիություն-Ռուսաստան գագաթնաժողովում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: «Մենք ընդգծել ենք, որ շատ կարևոր է, որ Ղարաբաղի հարցով ուսումնասիրվեն Մինսկի խմբի առաջարկները` խնդիրն իսկապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Մենք շատ կցանկանայինք, որ նախագահ Մեդվեդևը նպաստեր խնդրի խաղաղ կարգավորմանը»,- ասուլիսում ասել է ԵՄ նախագահ Հերման վան Ռամպոյը: Եթե Ռամպոյի խոսքերն ասված չեն հավուր պատշաճի և իրոք արտահայտում են ԵՄ-ի դիրքորոշումը, ուրեմն Եվրամիությունը քարտ բլանշ է տալիս Դմիտրի Մեդվեդևին: Հետաքրքիր է` ինչի՞ դիմաց և որքա՞ն ժամանակով: Համենայն դեպս, ՌԴ նախագահն ասել է. «Մենք իսկապես խոսել ենք Մերձդնեստրի և Ղարաբաղի մասին, անպայման կշարունակենք քննարկումները: Հուսով եմ, որ քննարկումները կմոտեցնեն այդ բարդ խնդիրների կարգավորումը»:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2185

Մեկնաբանություններ