ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
04.02.2011 | 00:00

Պետությանը քաղաքական ու տնտեսական վնաս հասցնելը պահանջում է հետևողական ու համակարգային քաղաքականություն։ Վերջին տարիներին Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը, անտարակույս, համակարգային բնույթ է կրում, թեպետ տարբեր միջոցառումների իրականացումը բախվում է այդ ասպարեզում բավարար փորձի բացակայությանը, ինչպես նաև սահմանափակ հնարավորություններին (նկատի ունենք Ռուսաստանի միջազգային պարտավորությունները)։ Ի տարբերություն ԱՄՆ-ի, որն արտաքին քաղաքականության մեջ կիրառում է սահմանակարգային մոտեցումներ, նախ և առաջ՝ պատժամիջոցներ, Ռուսաստանը փորձում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դիմել վարչական կամ տնտեսական գործողությունների, որոնք կարող են արդյունավետ լինել։
Ներկայումս որևէ պետության, այդ թվում՝ Վրաստանին, քաղաքական ու տնտեսական վնաս պատճառելու եղանակների և ուղղությունների մշակումը որոշակիորեն ուշացած խնդիր է թվում, քանի որ Ռուսաստանն արդեն կիրառել է որոշ եղանակներ։ Վարչական եղանակների թվին պետք է դասել վրաց քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնելը, ինչ-որ չափով նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին քաղաքացիություն տրամադրելը։ Անուղղակի վարչական եղանակներից է Ռուսաստանում, նախ և առաջ Մոսկվայի տարածաշրջանում, ԱՊՀ-ի քաղաքացիների համար անձնագրային ռեժիմի խստացումը։ Արտաքին շուկաների շրջափակման եղանակների թվին կարելի է դասել վրացական գինեգործական արտադրանքի ներմուծման սահմանափակումը, այն դեպքում, երբ դա Վրաստանից արտահանվող հիմնական արտադրանքներից մեկն է։ Տնտեսական ոլորտում Ռուսաստանը փորձում է «հետադարձ» միջոցառումներ իրականացնել, ներառյալ իր ներկայության ուժեղացումն էներգետիկ, վառելիքափոխադրական, հանքարդյունահանման համակարգում։ Քաղաքական ոլորտում Ռուսաստանն ընդդիմությանը աշխուժացնելու և ուժեղացնելու համար բավականին ակտիվ է աշխատում զանազան խմբավորումների, կազմակերպությունների և կուսակցությունների հետ։ Թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտում Ռուսաստանը քիչ հաջողությունների չի հասել իր դիրքերն ուժեղացնելու գործում, բայց ԱՄՆ-ի և հենց իր՝ Վրաստանի վարած քաղաքականությունը սահմանափակում է Ռուսաստանի հնարավորությունները։ Անգամ երբ Վրաստանն արմատապես շահագրգռված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ, նա ի վիճակի չէ իրականացնելու այդ պլանները` ամերիկացիների և նրանց գործընկերների վերահսկողության պատճառով։
Վրաստանի պետականությանն ու տնտեսությանը վնաս հասցնելու համադրույթի մշակումը պահանջում է հասկանալ Վրաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունների ներկայիս վիճակն ու հեռանկարները։ Տեղի ունեցող իրադարձություններն այն աստիճանի անհեթեթ ու հատվածային են թվում, որ դրանք մշակողներին հեռացնում են խնդիրները ճիշտ ըմբռնելուց։
Եթե Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը որոշում ընդունի ավելի լուրջ մասնակցություն ունենալ Վրաստանի տնտեսական զարգացման գործում, ինչը կնշանակեր ռազմավարական որոշում, ապա առաջնային ուղղությունը կլիներ փոխադրական համակարգը։ Դրա համար կան լայն, բազմատարբերակ հնարավորություններ։ Այդ առնչությամբ անխուսափելիորեն ծագում է տվյալ գործընթացներին Ռուսաստանի մասնակցության հեռանկարների հարցը (նրա դերն առայժմ արտահայտված է բավական թույլ, ինչը բնավ չի համապատասխանում ինչպես երկրի հնարավորություններին, այնպես էլ նրա ազգային շահերին)։ Երկաթուղային մայրուղու Աբխազիայով անցնող հատվածը, եթե այն գործարկվի հնարավորինս շուտ, վերստին կդառնա տարածաշրջանի փոխադրական համակարգի կարևորագույն մասը։ Մինչդեռ հենց միայն Ռուսաստանը, չխոսելով արդեն Վրաստանի և մյուս պետությունների մասին, այդ հատվածի չաշխատելու պատճառով տարեկան միլիարդավոր ռուբլիներ է կորցնում։ Այդ ուղեհատվածի շահագործումը կարող է զգալիորեն աշխուժացնել տրանսպորտային փոխադրումները Հյուսիս-Հարավ ուղղությամբ, քանի որ եվրասիական տարածքի յուրացման հեռանկարի առնչությամբ Ռուսաստանի վարած զուսպ քաղաքականությունը համապարփակ և տարածաշրջանային նախագծերի իրացմամբ շահագրգռված երկրներին հարկադրում է հնարավորություններ որոնել Արևելք-Արևմուտք ուղղությամբ։
Վրաստանի քաղաքական ու գործարար շրջանակները, հաշվի առնելով այս բոլորը, հաճախ հարց են տալիս, թե որքան են իրավացի Ռուսաստանի քաղաքական վերնախավի այն ներկայացուցիչները, որոնց կարծիքով` Հարավային Կովկասով տարանցման նախագծերը չեն բխում Ռուսաստանի շահերից։ Կարծում ենք` իրականում ամեն ինչ այլ է։ Ռուսական ընկերությունների համար այսօր իրական և առավելագույնս բարենպաստ հնարավորություն է պահպանվում ամենաեռանդագին մասնակցությունն ունենալու Հարավային Կովկասի տարածաշրջանում իրականացվող ծրագրին։ Դրանով իսկ ոչ միայն հնարավոր կլիներ նշանակալից տնտեսական շահութաբաժիններ հայթայթել նման մասնակցությունից ու համագործակցությունից, այլև հասնել քաղաքական շահերի իրականացման միանգամայն ընդունելի մակարդակի։ Այս հանգամանքները հաշվի առնելով` ռուսական զսպվածությունը լիովին հասկանալի չի թվում։
Մինչդեռ կարևոր է ընդգծել, որ տնտեսական միասնացման գործընթացները զարգանում են հանուն ժողովուրդների, այդ թվում և` նորանկախ պետությունների ժողովուրդների բարեկեցության, որոնց համար անվտանգությունն ու կայունությունը պետք է գերիշխող գործոններ դառնան։ Ահա թե ինչու անչափ հրատապ է առավել ազդեցիկ պետությունների ներկայությունն ու եռանդուն մասնակցությունը այն գործընթացներին, որոնք տարածաշրջանային համապարփակ համագործակցությանը հուսալի և երկարաժամկետ բնույթ կարող են հաղորդել։ Այսպիսով, հեշտ է հիմնավորել եվրասիական միջանցք Ռուսաստանի մուտք գործելու նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը` Վրաստանի և տարածաշրջանի մյուս պետությունների շահագրգռվածությունը հաշվի առնելով։ Արևմտյան պետությունների մշակած նախագծերն այդպես էլ շոշափելի եկամուտներ չբերեցին Վրաստանին և դրդում են նրան մասնակցության կոչ անել Ռուսաստանին։ Միաժամանակ փորձ է արվում Ռւսաստանին շահագրգռել` ապաշրջափակելու Սուխումի փոխադրական ուղղությունը, անշուշտ նկատի առնելով Վրաստանի հսկողության վերահաստատումն Աբխազիայի նկատմամբ։ Այսպես թե այնպես Վրաստանը պետք է ջանքեր գործադրի կարգավորելու հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ օգտագործելով մի շարք հրատապ նախագծեր։
Քաղաքագետները պատշաճ ուշադրություն չեն դարձնում մի այնպիսի անչափ կարևոր գործոնի, ինչպիսին ԱՄՆ-ի պլանների որոշակի ձախողումն է Կենտրոնական Ասիայում, ինչը նշանակում է Ռուսաստանի դիրքերի վերականգնում տարածաշրջանում և վստահ ներթափանցում Չինաստանի տարածաշրջան, նախ և առաջ՝ էներգետիկայի ոլորտ։ Դա չէր կարող չանդրադառնալ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի դերի ու նշանակության վրա։ ԱՄՆ-ի դիրքերի կորստի հետ մեկտեղ Վրաստանը բախվեց իր տարանցման գործառույթների էական կրճատման խնդրին։ Կովկասա-կասպյան տարածաշրջանում միջտարածաշրջանային նշանակություն ունեցող էներգապաշարների մենաշնորհացման ԱՄՆ-ի նախագծերի ձախողումից հետո Միացյալ Նահանգների և Արևմուտքի քաղաքական ներթափանցումն զգալիորեն կորցրեց իր առարկայնությունը։ Նոր նախագծեր մշակելու համար ժամանակ կպահանջվի։ «Եվրասիական միջանցք» ընդհանուր համապարփակ նախագծի շրջանակներում իրականացվող հաղորդակցական նախագծերն իրենց ռազմավարական բովանդակությամբ չեն կարող փոխարինել էներգահաղորդակցական նախագծերին։ Դա զգալիորեն ազդեց Ադրբեջանի և հատկապես Վրաստանի արտաքին քաղաքականության վերաիմաստավորման վրա։ Ադրբեջանը միշտ էլ այլընտրանք ունի` ի դեմս Թուրքիայի։ Վրաստանը նման կողմնորոշիչ չունի։ Ընդհակառակը, Թուրքիան հետզհետե ավելի վտանգավոր է դառնում Վրաստանի համար, չնայած նրա նկատմամբ վարվող կոռեկտ քաղաքականությանը։ Հասել է պահն աշխուժացնելու Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը՝ կիրառելով աշխարհատնտեսական նախագծեր, որոնցով առավելագույնս շահագրգռված է Վրաստանը։
Մյուս ուղղությունը Իրանի հետ համագործակցությունն է` ինչպես աշխարհատնտեսական, այնպես էլ զուտ քաղաքական ասպարեզներում։
ԱՄՆ-ի վերահսկողության ներքո Թբիլիսին փորձում է տնտեսական ակտիվ հարաբերություններ հաստատել Իրանի հետ, քանի որ հետզհետե տնտեսական գործընկերության ավելի մեծ պահանջ է զգում։ 2006-2010 թվականներին Վրաստանը համառորեն փորձում էր պարզել Իրանի հետ հեռանկարային աշխատանքի հնարավորությունները, ճշտել, թե որքան է Իրանին հետաքրքրում վրացական ուղղությունը։ Վրաստանում Իրանի դեսպանությունը նույնպես այդ տարիներին մեծ աշխատանք էր կատարել հարցն ուսումնասիրելու համար, և Իրանի ղեկավարությունը մի շարք կարևոր որոշումներ էր կայացրել` հաղորդակցական ու տնտեսական զարգացման ծրագիր մշակելու նպատակով։ Իրանական արտադրանքի ներմուծումը և սեփական արտադրանքի արտահանումը Իրան մեծացնելու մտադրությունները միանգամայն զուրկ էին հիմքից։ Նախ՝ սարքավորումների և նյութերի մեծ մասը Վրաստանը ձեռք է բերում եվրոպական երկրներից, այն վարկային պայմաններով, որոնք թելադրում են դրանք տրամադրող տնտեսապես զարգացած երկրները։ Վրաստանը հազիվ թե միջոցներ ունի ոչ էժան և ոչ այնքան որակյալ իրանական արտադրանքի ձեռքբերման համար։ Երկրորդ՝ Վրաստանն ինքը արտադրանքի ինչ-որ էական ծավալներ չունի, որով շահագրգռված լինի Իրանը։ Առայժմ Իրանը շահագրգռված է ընդամենը ցեմենտ և մետաղաջարդոն ձեռք բերելու խնդրով։ Վրաստանը նպատակ ունի ստանալու իրանական նավթամթերք ու գազ՝ սպառման, իսկ ավելի շուտ՝ վերաարտահանման համար։ Դա շատ լավ են հասկանում իրանցիները, բայց փորձում են հաստատել իրենց տնտեսական ներկայությունը Վրաստանում, ապահովել իրենց գազի տարանցումը Եվրոպա, ինչպես նաև ջանում են նշել իրենց քաղաքական շահերը։ Հարավկովկասյան այդ երկրի վրա ազդեցությունը, որը ՆԱՏՕ-ի մեջ մտնելու հնարավորություններ ունի, Իրանի համար հետաքրքրություն է ներկայացնում։ Իրանցիներին հետաքրքրում է նաև վրացական նավահանգիստներով իրենց նավթաբեռների փոխադրումն ապահովելը։ Տարանցիկ երկրները Իրանը համարում են կարևոր «ռազմավարական բեռնափոխադրող»։ Նկատի առնելով տվյալ հեռանկարը և Ռուսաստանի դերը Իրանի միջազգային կապերում, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը կկարողանա Իրանի միջոցով լրացուցիչ ազդեցություն ունենալ Վրաստանի վրա՝ նրան զրկելով հաղորդակցական այն այլընտրանքից, որը վերջինս նախագծում է։ «Հյուսիս-Հարավ» փոխադրական սխեմա ձևավորելու Ռուսաստանի պլանները, որին մասնակցում են Իրանը, Ադրբեջանը և վերջին ժամանակներս նաև Հայաստանը, կարող են Վրաստանի վրա ազդելու կարևոր գործոն դառնալ։ Տվյալ սխեման կարող է շրջանցել Վրաստանը, բայց կարող է նաև լրացուցիչ եկամուտներ բերել նրան։ Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների զարգացումը հետևողականորեն կնվազեցնի աբխազական հարցի սրությունը, և հնարավոր է, որ ապագայում փոխզիջումային համաձայնագիր ձեռք բերվի։ Ռուսաստանի համար աբխազական խնդրի իմաստը հանգում է ավելի շուտ ոչ թե Վրաստանում ազդեցության պահպանմանը (ինչը միանգամայն անհիմն է ու, փաստորեն, չարդարացված), այլ աբխազական առափնյա շրջանի պահպանմանը Ռուսաստանի համար այն պայմաններում, երբ սևծովյան առափնյա շրջանի մեծ մասը կորսված է։ Ներկայումս թշնամական պետությունների (Իրանի, Իրաքի, Լիբիայի) նկատմամբ վարվող քաղաքականության մեջ ԱՄՆ-ը հաջողությամբ է կիրառում միջնորդավորված գործընկերության եղանակը՝ օգտագործելով երրորդ պետությունների հնարավորությունները։ Այդ մոտեցումը միանգամայն հնարավոր է Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար, առավել ևս, որ իրական հնարավորություններ կան։ Այս առումով Հայաստանը պետք է և կարող է ավելի կարևոր դեր խաղալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ որպես խմբավորումների կապակցման մասնակից։ Կովկասում հայկական գործոնը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան կարող է թվալ։ Ըստ էության, Հայաստանի միջոցով Ռուսաստանը ձախողեց միանշանակ և անարգել Հարավային Կովկաս ներթափանցելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պլանները։ Հայաստանը մշտապես զգացել է ԱՄՆ-ի, Եվրամիության և Թուրքիայի լուրջ ճնշումը, բայց, օգտագործելով քաղաքական ռեսուրսները, կարողացավ պահպանել հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ, ինչը չհաջողվեց, օրինակ, Բելառուսին։
Այսպիսով, չնայած այն միտումի հիմնարար թվացող նշանակությանը, ինչպիսին ՆԱՏՕ-ի ազդեցության տարածումն է դեպի Արևելք, Եվրամիության հետ տարածաշրջանի երկրների միասնացումը, Հարավային Կովկասում քաղաքական նոր իրավիճակ գոյացավ, որն ամենևին էլ կապված չէ արևմտյան ուղղության հետ, այլ այն խնդիրների հետ, որոնք ծագել են էներգետիկ և տարանցման գործառույթների իրացման ակնհայտ անբավարարվածությունից։ Դա հատկապես դրսևորվում է Վրաստանի օրինակով, որը, լինելով Արևմուտքի հովանու ներքո, հայտնվել է տնտեսական զարգացման շատ լուրջ խնդիրների առջև։ Սակայն այս նյութի մեջ առաջադրված նպատակին համապատասխան մենք բերեցինք միայն էներգահաղորդակցական գործոնը, այն դեպքում, երբ կան այլ գործոններ։ Այսպիսով, Ռուսաստանի առջև խաղային բնույթի բարդ խնդիր է ծառացել՝ կապված Հարավային Կովկասի նկատմամբ իր ռազմավարությունը զարգացնելու հետ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ